Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.44, EUR 525.85, RUB 7.42, GBP 598.27
+16 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ալբոմ» գոյականի ստուգաբանությունն ու ալբոմի շատ համառոտ պատմությունը
21:22, 03.10.2019

«Album» գոյականը գոյացել է լատիներեն «albus» ածականից, որը «սպիտակ» է նշանակում:

Հին հռոմեացիներն այս բառով անվանել են հայտարարությունների այն գիպսապատված տախտակը, որի վրա գերագույն քուրմը գրել է ամբողջ տարվա պաշտոնական քրոնիկոնը, նորընտիր պրետորը՝ իր տարեկան էդիկտը, մյուս պաշտոնատար անձինք՝ սենատորների ու դատավորների ցուցակները:

Ուշ միջնադարում «ալբոմ» բառը եվրոպական լեզուներում նորից է շրջանառվում. «ալբոմ» են անվանվել սպիտակ թղթերից կազմված այն գրքերը, որոնք նախատեսված են եղել անձնական գրառումների համար: «Ալբոմ» անունն են կրել նաև ընտանիքների տոհմաբանության գրքերը, իրենց գործընկերների կամ նշանավոր անձանց մասին գիտնականների կամ նկարիչների կազմած գրքերը:

Այս բառը Ֆրանսիայում «վերածնվել է» 18-րդ դարում, երբ հորինվել է «Ոսկե գիրք» -ը, որի հեղինակները, վերցնելով անձնավորությունների ցուցակագրման` հռոմեական «album» -ի գաղափարը, դրան «album amicorum» («բարեկամների ալբոմ») անունն են տալիս: Հետագայում պահպանվում է միայն «ալբոմ» -ը:

Նույն 18-րդ դարում «ալբոմ» -ը նոր նշանակություն է ձեռք բերում` կապված գիտական կամ ստեղծագործական նպատակներով հաճախակի իրականացվող ճանապարհորդությունների հետ: Ալբոմներում փակցվում են գիտական ու գեղարվեստական արժեք ունեցող նկարներ: Ալբոմը դառնում է լուսավորյալ ճանապարհորդների անբաժանելի ուղեկիցը, որտեղ նրանք գրառումներ ու նկարազարդումներ է կատարում:

Ռոմանտիզմի դարաշրջանում (18-րդ դ. վերջ – 19-րդ դ. առաջին քառորդ) ալբոմն առանձնահատուկ մշակութային երևույթ է դառնում. յուրաքանչյուր ազնվազարմ օրիորդ դրանում զետեղել է իրեն դուր եկած բանաստեղծություններն ու այլ տեքստեր, այն վերածել է իր ինտիմ զգացմունքների գանձարանի: Ի տարբերություն օրագրերի` ալբոմների տեքստերն այլոց խոսքերից են քաղված եղել:

Հետո` «սալոնների դարաշրջանում», ալբոմները հայտնվել են հյուրասենյակների սեղաններին: Տանտիրոջ պատկերով ալբոմում հյուրերն էքսպրոմտներ են գրել: Հանրահայտ սալոնների ալբոմներում նկարել են ժամանակի լավագույն նկարիչները, իսկ ժամանակի լավագույն բանաստեղծները բանաստեղծություններ են գրել, սիրո խոստովանություն են արել ու կատակել են: Ահա այդպես են ի հայտ եկել «ալբոմային բանաստեղծություն» -ն ու «ալբոմային նկարչություն» -ը:

Այդ ժամանակներում են ի հայտ եկել նաև զինվորական ստորաբաժանման կամ ուսումնական հաստատության ստեղծման հոբելյանին նվիրված ալբոմները: Դրանցում պատկերվել են սպաները կամ դասախոսները, համազգեստները, մեդալները և նրանց կենցաղի առանձին տեսարաններ:

Երբ լուսանկարն է աշխարհ մուտք գործում, ալբոմը վերստին դառնում է հյուրասրահի զարդը. այն արդեն տպարանում են պատրաստում ու գեղազարդում են նկարիչների ստեղծագործություններով: Շնորհիվ բարձր որակի` «լուսանկարների համար ալբոմ» -ը նվերի առարկա է դառնում: Այդ ժամանակից սկսած` ալբոմը դառնում է ընտանեկան իրադարձությունների, հարազատների ու ծանոթների մասին պատմող ժողովածու: Ավելի ուշ մեծ տարածում են ստանում նաև «Դեմբելի» (զորացրվող զինվորի), «Հարսանեկան», «Ավարտական» ալբոմները:

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
17:21, 09.10.2019
13:40, 08.10.2019
22:21, 06.10.2019
դեպի վեր