Նախ՝ ֆրանսիական հումոր տրանսսեքսուալի մասին: Ծնողներին հյուր եկած երիտասարդ կինը մի քանի օր անց մտնում է իր կրտսեր եղբոր սենյակն ու ասում է. -Պո'լ, հանի'ր հագիցդ, խնդրո'ւմ եմ, զգեստս: Պոլը կատարում է պահանջը: -Իսկ հիմա հանի'ր գիշերանոցս: Պոլը լռելյայն կատարում է նաև այդ պահանջը: -Հիմա հանի'ր կրծքակալս ու վարտիքս: Պոլն այդ պահանջը ևս կատարում է: -Այլևս չտեսնեմ, որ իմ շորերն հագնես, - ասում է քույրը: Բժշկությունը «տրանսսեքսուալիզմ» երևույթը հիվանդություն, հորմոնների հավասարակշռության խաթարման արդյունք է համարում: Այս հիվանդությունն ունեցողները հակառակ սեռին պատկանելու անզսպելի ցանկությամբ են համակված լինում, նրանք համոզված են, որ իրենք հակառակ սեռին են պատկանում և ջանում են ապրել որպես այդ սեռի ներկայացուցիչ: Հաճախ, եթե նյութական միջոցները բավում են, նրանք վիրահատությամբ փոխում են իրենց սեռը: Տրանսեքսուալությունը հաճախ շփոթում են նույնասեռականության (հոմոսեքսուալիզմ) հետ, մինչդեռ դրանք իրարից ամբողջովին տարբեր հասկացություններ ու վարքի տարբեր դրսևորումներ են: Իրեն տղամարդ զգացող տրանսսեքսուալը կանացի մարմնակազմվածք ու սեռական օրգաններ ունի, բայց նա սեռական հակում է դրսևորում կանանց նկատմամբ, որը համարժեք է սեփական սեռի հոգեբանական զգացմունքին: Նրան չի կարելի նույնասեռական համարել հենց միայն այն պատճառով, որ նրա սեռական հակման ուղղվածությունը չի համապատասխանում սեռական օրգանի կառուցվածքին, որը, ի դեպ, տրանսսեքսուալն իրեն «օտար» ու «գարշելի» է համարում և այդ իսկ պատճառով ուզում է դրանից ազատվել: Տրանսսեքսուալին այլասերված համարելը ևս ճիշտ չէ: Տրանսսեքսուալը նաև տրանսվեստիտ ու կանացիացած նույնասեռական չէ: Ի տարբերություն դրանց՝ տրանսսեքսուալներն էրոտիկ հաճույք չեն զգում հակառակ սեռի հագուստը կրելիս: |