ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց. Վահան Բաբայան
18:02, 13.11.2019
2198 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց

Երեկ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդես է եկել բոցաշունչ հայտարարությամբ: Ամեն ինչ շատ ճիշտ է գրել, ԲԱՅՑ... Այդպիսի հայտարարությամբ նա պետք է հանդես գար քաղաքական հակառակ ճամբարի կողմից:
Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի և բերում է Վայմարյան հանրապետության օրինակը: Հարգարժան ԱԽՔ, կեցցե՜ք, որ ձեր հայտարարությունը գրելուց առաջ ձեզ նեղություն եք տվել և մեկ-երկու տեսանյութ եք դիտել Յութուբով և Վիքիպեդիայում մի քանի հոդված եք ընթերցել: Սակայն թույլ տվեք հիշեցնել, որ Վայմարյան հանրապետության իր ժամանակաշրջանի թերևս ամենաժողովրդավարական պետություն լինելու հիմնական գրավականն այն էր, որ Պարլամենտում ներկայացված ոչ մի քաղաքական ուժ չուներ բացարձակ մեծամասնություն և այդպիսով ապահովվում էր ընդունվող օրենքների իրապես ժողովրդավարական լինելը: Այսքանով արժեքազրկվում են ձեր փորձերը՝ նոր Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը նմանացնել Վայմարյան հանրապետության ժողովրդավարությանը: Այս երկու երևույթները միմյանց հետ աղերս անգամ չեն կարող ունենալ: Դուք դա կիմանայիք, եթե հարցը իրոք խորությամբ ուսումնասիրած լինեիք: Միայն այն հանգամանքը, որ այն քաղաքական ուժը, որը դուք եք ներկայացնում, ՀՀ Ազգային Ժողովում ունի բացարձակ մեծամասնություն բացառում է ԱԺ-ում որևէ ժողովրդավարական գործընթացի իրականացման հնարավորությունը: Այնպես որ զերծ մնացեք նման համեմատություններից, դրանք բացարձակապես տեղին չեն և չեն արտացոլում ներկա քաղաքական իրավիճակը Հայաստանում: Մասնավորապես, պարոն ԱԽՔ, անհնարին է պատկերացնել, որ Վայմարյան հանրապետությունում կանցլեր Ֆրիդրիխ Էբերտը կոչ աներ քաղաքացիներին շրջափակել դատարանները:
20-րդ դարի սկզբին Գերմանիայում առկա էր մի իրավիճակ, որը բավարար հիմքեր էր տալիս Գերմանիայի սահմանադրական դատարանին՝ գալ Ձեր կողմից հիշատակված եզրակացությանն ու փորձեր կատարել «պաշտպանելու ժողովրդավարությունը այն խմբերից, որոնք ցանկանում են վերացնել այն»: Այսօրվա Հայաստանում իրավիճակն այլ է:
Հասկանալի է, որ շատ հարմար է վկայակոչել այս բոլոր պատմական փաստերը՝ մեկ-երկու անգամ հիշատակելով Ադոլֆ Հիտլերին, ինչը ձեր վրիպակին յուրահատուկ պոստապոկալիպտիկ ժանրին հատուկ շարմ է հաղորդում: Սակայն մի արեք այդպիսի բան, պարզապես մի արեք:
21- դարում անթույլատրելի է առաջ բերել և փորձել իրականացնել ժողովրդավարությունը վերահսկելու թեզեր: Ավելին, զավեշտալի է, որ Դուք ակնարկում եք, որ ժողովրդավարական երկրներում ահաբեկչության քարոզն արգելված է: Մի՞թե Դուք կարծում եք, որ հասարակությունը համընդհանուր ամնեզիայով է տառապում և չի հիշում, որ հենց Ձեր քաղաքական ուժի իշխանության գալուց հետո մեր երկրում ահաբեկչական գործողություններ կատարած անձանց խումբը Ձեր իշխանության թողտվությամբ դարձավ կուսակցություն և մասնակցեց պարլամենտական ընտրություններին:
Այն, ինչը Դուք անվանում եք հակաժողովրդավարական ուժեր, իրականում ոչ այլ ինչ է, քան իրական ժողովրդավարական ճակատ, որը պայքարում է Ձեր քաղաքական ուժի կողմից ձևավորված և խրախուսվող վախի մթնոլորտի դեմ, որը անցած տարվանից ի վեր օգտագործվում է իշխող քաղաքական ուժի կողմից՝ այլախոհության և դժգոհության ձայնը լռեցնելու համար: Ուղղակի ծիծաղելի է, որ Դուք մի քանի անգամ օգտագործել եք «հանրային համերաշխություն» եզրույթը: Հարգելիս, Ձեր քաղաքական ուժը արեց ամեն ինչ հասարակությունը պառակտելու և հանրային համերաշխությունը խաթարելու համար՝ հայ ժողովրդին բաժանելով «սևերի» և «սպիտակների», «ղարաբաղցիների» և «հայաստանցիների», «հետադիմականների» և «առաջադիմականների», գործի դնելով «Բաժանի´ր, որ տիրես» սկզբունքը:
Հատկանշական է նաև, որ Դուք մի քանի անգամ օգտագործում եք «ավտորիտար կամ տոտալիտար համակարգ» եզրույթը: Հիշեցնեմ, որ հենց Ձեր քաղաքական ուժն է, որ արդեն մեկ տարուց ավելի փորձում է վերահսկողության տակ վերցնել ողջ դատական համակարգը, ինչը անթույլատրելի է իրապես ժողովրդավար երկրում և խորհրդանշական է ավտորիտար կամ տոտալիտար երկրների համար:
Ձեր հայտարարության յուրաքանչյուր պարբերությանը կարելի է անդրադառնալ քննադատաբար և հատ առ հատ հերքել դրանք, քանի որ Ձեր կողմից բերվող բոլոր փաստարկները ճշմարիտ են միայն այն դեպքում, եթե փոխենք նշանները: Այդ ձեր քաղաքական ուժն է եկել իշխանության ամբոխահաճո հայտարարություններ և անիրական խոստումներ տարածելով, գործի դնելով ողջ ռեսուրսները քարոզչամեքենան աշխատացնելու համար և ձեր կողմից վերահսկվող լրատվամիջոցներով ատելություն և պառակտում տարածելով: Այս ֆոնի վրա ծայրահեղ մտահոգիչ է, որ դուք ձեզ թույլ եք տալիս պիտակավորել մեդիադաշտում գործող լրատվամիջոցները: Հայաստանի Հանրապետությունում, որքան ինձ է հայտնի, օրենք է գործում և եթե դուք ունեք հստակ տեղեկություններ այն մասին, որ որոշ լրատվամիջոցներ չարաշահում են խոսքի ազատության իրավունքը, ապա հորդորում եմ հաղորդում տալ համապատասխան մարմիններին, այլ ոչ թե զրպարտել բոլորին:
Ձեր հայտարարությունը ակներև է դարձնում այն հրապարակելու իրական նպատակը՝ 8 պարբերություն ստեղծագործել եք միայն մեկ բանի համար՝ որպեսզի 9-րդ պարբերության մեջ հիշատակեք ձկան փշի պես ձեր իշխանական ուժի կոկորդին մնացած Հրայր Թովմասյանին: Այն հետևողականությունը, որով ձեր քաղաքական ուժը անդադար թիրախավորում է օրենքով սահմանված կարգով ընտրված ՍԴ նախագահին, երիցս ապացուցում է, որ դուք առհասարակ իրավունք չունեք խոսել ժողովրդավարության մասին:
Առավել վտանգավոր է, որ այսպիսի հայտարարությամբ հանդես եք եկել դուք, պարոն ԱԽՔ, որ ի պաշտոնե պիտի զերծ մնաք նմանօրինակ գնահատականներից: Եզրափակելով մի հարց ուղղենք ձեզ, պարոն ԱԽՔ՝ այդ ումի՞ց եք դուք ուզում պաշտպանեյ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում: Ժողովրդի՞ց: Եթե դուք հավակնում եք նոր փիլիսոփայական դոկտրին ստեղծողի տիտղոսին, ապա պետք է մի այլ բան մտածեք, քանզի ժողովուրդը ժողովրդավարության կրողն է, ժողովրդավարությունը ժողովրդից պաշտպանվելու կարիք չունի»:





Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
466 | 0
դեպի վեր