ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Առակ այն մասին, թե ինչպես է իմաստուն թագավորը դաստիարակել ինքնահավան գիտունին
19:17, 21.11.2019
4722 | 0

Գիտուն բրամինը (կամ բրահման – Հնդկաստանում բարձրագույն սոցիալական խմբի անդամ) մի օր գալիս է իմաստուն թագավորի մոտ ու ասում.

«Ես ինչպես հարկն է յուրացրել եմ սրբազան գրքերի գրվածքները և ուզում եմ քեզ ճշմարտությունն ուսուցանել»:

Թագավորը նրան պատասխանում է.

«Ես կարծում եմ՝ դու դեռ բավարար չափով խորամուխ չես եղել սրբազան գրքերի ասելիքի մեջ: Գնա և ջանա ճշմարիտ, կատարյալ ըմբռնման հասնել, և այդժամ ես քեզ իմ ուսուցիչը կընտրեմ»:

Բրամինը գնում է ու ինքն իրեն ասում.

«Այսքան տարի սուրբ գրություններն եմ ուսումնասիրել, իսկ նա ասում է, թե իրեն չեմ հասկանում: Թագավորի ասածն ուղղակի անհեթեթություն է»:

Չնայած թագավորից հիասթափությանը՝ նա նորից ուշադիր կարդում է սրբազան գրքերը, բայց երբ դարձյալ գալիս է թագավորի մոտ, նրանից նույն պատասխանն է ստանում: Երկրորդ մերժումից հետո բրամինը գալիս է տուն, առանձնանում է իր խցում ու նորից սկսում է վերընթերցել սուրբ գրքերը: Երբ նա, ի վերջո, սկսում է հասկանալ գրությունների ներքին իմաստը, միտքը պայծառանում է, ու նա սկսում է գիտակցել, որ հարստությունը, պատիվները, արքունական կյանքն ու երկրային բարիքները ոչինչ են: Այդ ըմբռնելուց հետո նա նվիրվում է ինքնակատարելագործմանը, իր մեջ աստվածային նախասկիզբն արթնացնելուն ու այլևս չի վերադառնում թագավորի մոտ:

Անցնում է մի քանի տարի, և թագավորն ինքն է գալիս բրամինի մոտ, ու այս անգամ տեսնում է բոլորովին ուրիշ բրամինի, տեսնում է իմաստությամբ ու սիրով լի մի ծերունու: Թագավորը ծնկի է իջնում նրա առաջ և ասում է.

«Հիմա ես տեսնում եմ, որ դու լիովին ըմբռնել ես սուրբ գրության ճշմարիտ էությունն ու իմաստը և հիմա, եթե հաճես, պատրաստ եմ լինել քո աշակերտը»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
406 | 0
11:39, 08.04.2024
405 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր