ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Գիտե՞ք արդյոք, թե ինչպես է ծնվել «սիլուետ» հասարակ գոյականը, և ով է դրա «կնքահայրը»
13:18, 26.11.2019
4123 | 0

Քանի որ մեզանում շատերն այսօր էլ գործածում են «սիլուետ» եզրույթը, որովհետև այդ եզրույթի ամբողջ խորությունն ընդգրկող հայերեն մեկ բառով հնարավոր չէ փոխարինել ու տարբեր իրավիճակներում պետք է գործածել «ուրվապատկեր», ուրվանկար «, ուրվագիծ», «ստվերանկար», «ստվերապատկեր» եզրույթները, ապա, կարծում եմ, արժե անդրադառնալ «սիլուետ» -ի ծագմանը:

Այսպես, ուրեմն, 18-րդ դարի կեսերին Օռլեանի դքսի (միապետական Ֆրանսիայում, 14-րդ դարից սկսած մինչև 1790 թվականը, թագավորի կրտսեր եղբայրն Օռլեանի դուքս է համարվել) կանցլեր Էթիեն դը Սիլուեթը 1759 թվականին նշանակվում է թագավորության գլխավոր ֆինանսական վերահսկիչ: Այս պաշտոնում աշխատելու առաջին ամիսներին (նա պաշտոնավարել է ընդամենը ինը ամիս) Սիլուեթը բավականին լավ համարում է ձեռք բերում՝ փորձելով առավել շատ հարկ գանձել ամենահարուստներից ու արտոնյալներից: Քանի որ ազնվականությունն ու եկեղեցին ազատված են եղել հարկերից, դը Սիլուեթը սահմանել է հարստության արտաքին նշանների (շքեղ դռներ, լուսամուտներ, ճոխության առարկաներ, ծառաներ, կառքեր, եկամուտ) հարկ: Բայց երբ դը Սիլուեթը, պետության եկամուտներն ավելացնելու նպատակով, որոշում է ընդունում մասնավոր անձանց ստիպել, որպեսզի պետական դրամահատարանին հանձնեն ոսկյա և արծաթյա իրերը, դրանք հալելու և փող հատելու համար, նրա հեղինակությունը կտրուկ նվազում է: Նրան նույնիսկ Վոլտերն է սկսում քննադատել: Թագավորն ստիպված է լինում Սիլուեթին պաշտոնանկ անել: Եվ փարիզցիներն սկսում են ծաղրել շնորհազրկված պաշտոնատարին՝ երգիծանկարելով նրան գրպաններ ու որևէ ծալք անգամ չունեցող երկար տաբատ հագած (այդ ժամանակներում ազնվականները կարճ տաբատ են հագել), որպեսզի ընդգծեն, որ նա այլևս չի կարողանա փող կուտակել: Այս ոճի նկարները մի որոշակի ժամանակ մոդայիկ են դառնում, և ուրվական հիշեցնող նրա սև կիսադեմի նկարներն սկսում են «սիլուետ» անվանել:

Բայց որոշ հետազոտողներ էլ այն կարծիքին են, թե Էթիեն դը Սիլուեթը սովորություն է ունեցել իր հյուրերի ուրվապատկերները նկարել ու փակցնել իր դղյալի պատերին, և այդ է պատճառը, որ սև ուրվապատկերով նկարները «սիլուետ» անունն են ստացել:

Դը Սիլուեթի «կծծիությունը» պատճառ է դարձել «à la Silhouette» դարծվածքի ծնունդին, որ նշանակել է էժանագին, ցածրորակ իրեր:

Թե այս պատմություններից որն է ճիշտը, հիմա արդեն դժվար է ասել, բայց միանշանակ է, որ սև պատկերներին տրված անունն ու «սիլուետ» եզրույթը նրա անունից են ծնունդ առել:

Նկարում՝ Էթիեն դը Սիլուեթի դղյակը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
209 | 0
դեպի վեր