ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Տխմար, զավեշտալի մարդկանցով հռչակված քաղաքի բնակիչների մասին մի քանի պատում
16:17, 28.11.2019
3379 | 0

Հին Հունաստանում երկու քաղաքներ են եղել, որոնց բնակիչների մասին շարունակ զվարճալի անեկդոտներ են պատմել: Այդ քաղաքներից մեկը Աբդերան է, որտեղ փիլիսոփա Դեմոկրիտեսին խելագարի պիտակ են կպցրել, մյուսը՝ Փոքր Ասիայի ծովափնյա Կումե քաղաքն է: Երբ Հոմերոսը երգ ասելով շրջագայել է Հունաստանում, Կումեում նրա տաղանդը չեն գնահատել, և «Իլիական» ու «Ոդիսական» պոեմների հեղինակը հետևյալ խոսքերով է նզովել այդ քաղաքը. «Թող այստեղ ոչ մի մեծ մարդ չծնվի»: Բայց աստվածները թույլ չեն տվել, որ այդ անեծքն իրականանա: Կումեում է ծնվել հնագույն ժամանակներից մինչև իր օրերի Հունաստանի պատմությունը շարադրած պատմիչը՝ Էֆորոսը՝ հռչակավոր փիլիսոփա Իսոկրատեսի աշակերտը: Նա շատ է սիրել իր ծննդավայրը և բազում հիշատակություններ է թողել, թե այսինչ թվականին ինչ իրադարձություն է տեղի ունեցել Կումեում, իսկ եթե հիշատակության արժանի իրադարձություն տեղի չի ունեցել, ապա գրել է. «Այս տարի Կումեում ոչինչ տեղի չի ունեցել»:

Երկու կումեցի մեկական կարաս չոր թուզ են գնում, բայց, փոխանակ ամեն մեկն իր կարասի թուզն ուտի, նրանք թաքուն մեկը մյուսից թուզ են գողանում: Դատարկելով մեկը մյուսի կարասը՝ նրանք բացում են իրենց կարասները, բայց տեսնում են, որ դրանք դատարկ են: Նրանք երկուսն էլ իրար դատի են տալիս: Դատավորն ուշադիր լսում է նրանց ու կարգադրում է փոխանակել դատարկ կարասներն ու մեկմեկու տուգանք վճարել:

Կումեում մեծահարուստ մեկին են թաղում: Մի անցորդ մոտենում է ու հարցնում. «Ո՞վ է մեռել»: Կումեցիներից մեկը շրջվում է ու ասում. «Պատգարակին պառկածը»: Կումեցի մեկը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում է ապրելիս եղել, ու այնտեղ նրա հայրը մահացել է: Նա հոր դին հանձնել է զմռսողին ու սահմանված ժամկետը լրանալուց հետո խնդրել է վերադարձնել հոր դին: Զմռսողի մոտ ուրիշ դիակներ էլ են եղել, և այդ պատճառով նա կումեցուն հարցրել է. «Քո հայրն ի՞նչ նշաններ է ունեցել»: Կումեցին պատասխանել է. «Նա հազում էր»:

Ինչո՞ւ է Կումեն այդպիսի զավեշտալի, տխմար մարդկանց քաղաքի համբավ ունեցել: Բարեբախտաբար, դրա բացատրությունը կա՝ մեկի փոխարեն՝ երկուսը:

Առաջին բացատրությունը շատ հասարակ է. թեպետ Կումեն ափամերձ քաղաք է եղել, նրա բնակիչները տուրք չեն գանձել քաղաքի մոտով անցնող նավերից, ու բոլոր հույները ձևացրելեն, թե կումեցիները երեք հարյուր տարի չեն նկատել, որ իրենց քաղաքը ծովի ափին է:

Երկրորդ բացատրությունը տրամաբանական է: Քաղաքային խորհուրդը փող չի ունեցել և ստիպված է եղել քաղաքի հարուստներից փող խնդրել՝ քաղաքի գլխավոր հրապարակի հասարակական սյունասրահնեըը գրավ դնելով: Քաղաքային խորհուրդը երկար ժամանակ պարտքը չի կարողացել վերադարձնել, և սյունասրահներին տիրացել են հարուստները, որոնք էլ արգելել են դրանց միջով անցնել: Բայց անձրևների ժամանակ խիղճը հարուստների տանջել է, ու նրանք հրապարակ են ուղարկել մունետիկի, որը բարձրաձայն ազդարարել է. «Մտե՛ք սյունասրահներ»: Քաղաքի հյուրերն էլ դրանից եզրակացրել են, թե Կումեում այնպիսի տխմար մարդիկ են ապրում, որ նույնիսկ չգիտեն, որ անձրևի դեպքում պետք է սյունասրահների ծածկի տակ մտնել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
161 | 0
դեպի վեր