ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով / Միհարկանի Ամերիկան-3
03:04, 29.11.2019
5949 | 0

սկիզբը`
https://my.mamul.am/am/post/89462
Գլուխ քառասունվեցերորդ — Անհանգիստ կյանք
Ճանապարհորդությունը մոտեցավ իր վախճանին։ Երկու ամսվա ընթացքում մենք քսանհինգ նահանգում և մի քանի հարյուր քաղաքում շնչեցինք անապատի և տափաստանի չոր օդը, անցանք Ապառաժ լեռների վրայով, տեսանք հնդկացիներին, զրուցեցինք երիտասարդ գործազուրկների, ծեր կապիտալիստների, արմատական մտավորականների, հեղափոխական բանվորների, պոետների, գրողների, ինժեներների հետ։ Դիտեցինք գործարաններն ու զբոսայգիները, հիացանք ճանապարհներով ու կամուրջներով, բարձրացանք Սիեռա֊Նևադա և իջանք Կառլսբադի անձավները։ Մենք անցանք տասը հազար մղոն։
Ամբողջ ճամփորդության ընթացքում մեր մտքում Սովետական Միությունն էր։
Սովետական հողից մեզ բաժանող հսկայական տարածության վրա մենք այն պատկերացնում էինք առանձնահատուկ հստակությամբ։ Պետք է տեսնել կապիտալիստական աշխարհը, որպեսզի նորովին գնահատվի սոցիալիզմի աշխարհը։ Մեր կյանքի սոցիալիստական կառուցվածքի բովանդակ արժանիքը, որի հետ ամեն օր շփվելուց մարդ դադարում է նկատելուց, հեռավորության դեպքում առանձնապես նշանակալից է թվում։ Մենք հասկացանք Մաքսիմ Գորկու տրամադրությունը, որը երկար տարիներ արտասահմանում ապրելուց հետո Միություն գալով, անդուլ կերպով, օրը օրին կրկնում էր միևնույն բանը․ «Հիանալի գործ եք անում դուք, ընկերներ, մե՜ծ գործ» ։
Մենք շարունակ խոսում էինք Սովետական Միության մասին, զուգահեռներ էինք անց կացնում, համեմատություններ անում։ Մենք նկատել էինք, որ սովետական մարդիկ, որոնց հաճախ էինք հանդիպում Ամերիկայում, համակված էին նույն զգացմունքներով։ Չէր լինում մի խոսակցություն, որը վերջ ի վերջո չհանգեր Միությունը հիշելուն․ «Իսկ մեզ մոտ այսպես է», «իսկ մեզ մոտ այնպես է», «լավ կլիներ այս բանը մեզ մոտ մտցնել», «այս բանը մեզանում ավելի լավ են անում», «այս մեկը մենք դեռ չենք կարողանում անել», «այս բանը մենք արդեն յուրացրել ենք» ։ Սովետական մարդիկ արտասահմանում պարզապես ուղևորներ, գործուղված ինժեներներ կամ դիվանագետներ չեն։ Դրանք բոլորն էլ սիրահարված, իրենց սիրո առարկայից կտրված և յուրաքանչյուր րոպե նրան հիշող մարդիկ են։ Դա մի հատուկ հայրենասիրություն է, որ հասկանալի չի կարող լինել, ասենք, ամերիկացուն։ Ամերիկացին, ամենայն հավանականությամբ, լավ հայրենասեր է։ Եվ եթե նրան հարցնելու լինես անկեղծորեն կասի, որ սիրում է իր երկիրը, ընդ որում կպարզվի, որ նա չի սիրում Մորգանին, չգիտե և չի ուզում գիտենալ այն մարդկանց ազգանունները, որոնք նախագծել են Սան֊Ֆրանցիսկոյի կախովի կամուրջները, չի հետաքրքրվում, թե ինչու Ամերիկայում տարեցտարի ուժեղանում է երաշտը, ով և ինչու է կառուցել Բոուլդեր֊դամը, ինչու Հարավային նահանգներում լինչի են ենթարկում նեգրերին, և թե ինչու ինքը պետք է սառեցրած միս ուտի։ Նա կասի, որ սիրում է իր երկիրը։ Բայց նա միանգամայն անտարբեր է գյուղատնտեսության հարցերի նկատմամբ, քանի որ ինքը գյուղացի չէ, արդյունաբերության հարցերի, քանի որ ինքը արդյունաբերող չէ, ֆինանսական հարցերի, քանի որ ֆինանսիստ չէ, արվեստի հարցերի, քանի որ արտիստ չէ և ռազմական հարցերի, քանի որ զինվորական չէ։ Նա աշխատավոր մարդ է, շաբաթական ստանում է իր երեուն դոլարը և թքել է Վաշինգտոնի ու նրա օրենքների վրա, Չիկագոյի և իր բանդիտների, Նյու֊Յորքի՝ իր Ուոլ֊սթրիթով հանդերձ։ Իր երկրից նա միայն մի բան է խնդրում․ հանգիստ թողնել իրեն և չխանգարել ռադիո լսելուն և կինո գնալուն։ Ա՛յ, երբ նա գործազուրկ կլինի, այդ դեպքում ուրիշ բան։ Այդ դեպքում նա կսկսի մտածել այդ ամենի մասին։ Ո՛չ, նա չի հասկանա, թե ինչ բան է սովետական մարդու հայրենասիրությունը, որը սիրում է ոչ թե իր իրավաբանական հայրենիքը, որը միայն քաղաքացիության իրավունք է տալիս, այլ շոշափելի հայրենիքը, ուր իրեն են պատկանում հողը, գործարանները, խանութները, բանկերը, դրեդնոուտները, սավառնակները, թատրոններն ու գրքերը, որտեղ ինքն է այդ ամենի քաղաքագետն ու տնորենը։
Միջին ամերիկացին տանել չի կարող վերացական խոսակցություններ և չի շոշափում իրենից հեռու թեմաներ։ Նրան հետաքրքրում է միայն այն, ինչ անմիջականորեն կապված է իր տան հետ, ավտոմոբիլի կամ մերձավոր հարևանների հետ։ Երկրի կյանքով նա հետաքրքրվում է չորս տարին մի անգամ՝ նոր պրեզիդենտի ընտրության օրերին։
Մենք չենք պնդում, թե հոգեկան կյանքի այդ բացակայությունը ամերիկյան ժողովրդի օրգանական հատկությունն է։ Չէ՞ որ մի ժամանակ հյուսիսային բանակները գնացել են նեգրերին ազատագրելու ստրկությունից։ Մարդկանց այդպիսին է դարձրել կապիտալիզմը, որը ամեն կերպ պահպանում է նրանց մեջ հոգեկան այդ թմրածությունը։ Ահավոր են ամերիկյան կապիտալիզմի ոճրագործությունները, որը զարմանալի ճարպկությամբ ժողովրդին դեմ է արել գռեհկագույն կինոն, ռադիոն և շաբաթական ժուռնալների լափը, թողնելով իր համար Տոլստոյին, Վան֊Գոգին ու Էնշտեյնին, բայց որոնց նկատմամբ խորապես անտարբեր է։
Աշխարհում, ըստ էության, մարդկային միտքը միայն մի ազնիվ ձգտում ունի ― հաղթահարել հոգեկան և նյութական աղքատությունը, երջանիկ դարձնել մարդկանց։ Եվ Ամերիկայում այն մարդիկ, որոնք իրենց առջև նպատակ են դրել հասնել այդ բանին՝ առաջավոր բանվորները, արմատական մտավորականները, լավագույն դեպքում համարվում են վտանգավոր խենթուկներ, իսկ վատագույն դեպքում՝ հասարակության թշնամիներ։ Ստացվել է այնպես, որ մարդկության երջանկության համար անուղղակի պայքարողներն անգամ՝ գիտնականները, գյուտարարները, կառուցողները Ամերիկայում ժողովրդականություն չեն վայելում։ Նրանք իրենց աշխատանքով, գյուտերով և հիանալի կառուցումներով մնում են ստվերում, ամբողջ փառքը բաժին է ընկնում բռնցքամարտիկներին, բանդիտներին և կինոաստղերին։ Իսկ ժողովրդի մեջ, որը տեսնում է, որ մեքենաների թվի զուգընթաց կյանքը չի լավանում, այլ ավելի է վատանում՝ նույնիսկ ատելություն գոյություն ունի տեխնիկական առաջադիմության նկատմամբ։ Կան մարդիկ, որոնք պատրաստ են ջարդուփշուր անել մեքենաները, այն խեղդվող մարդու նման, որը ջրից դուրս գալու հուսահատ ցանկությունից բռնում է իրեն փրկողի կոկորդից և քարշ է տալիս հատակը։
Արդեն ասվել է, որ ամերիկացին, չնայած իր գործարար ակտիվությանը, պասսիվ անձնավորություն է։ Որևէ Հերստի կամ հոլլիվուդյան գործամոլի հաջողվում է լավ, ազնիվ, աշխատասեր միջին ամերիկացիներին իջեցնել վայրենու հոգեկան մակարդակին։ Սակայն այդ ամենազոր մարդիկ անգամ ի վիճակի չեն ժողովրդից դուրս քաշել կյանքի բարելավման վերաբերյալ միտքը։ Այդ միտքը շատ ժողովրդականություն է վայելում Ամերիկայում։ Եվ, ահա, մեծ ու փոքր Հերստերը համոզում են իրենց ընթերցողներին, թե ամերիկացիները հատուկ բնավորության մարդիկ են, որ «հեղափոխությունը, դա միայն արտասահմանում հնարավոր կառավարման ձև է» ։ Իսկ ընտրողի վզին փաթաթում են քաղաքական գաղափարներ, որոնց մակարդակը չի բարձրանում հոլլիվուդյան միջին նկարի մակարդակից։ Եվ նման գաղափարները հսկայական հաջողություն ունեն։
Քաղաքական այդ բոլոր գաղափարները, որոնք բարեբարություն են լինելու ամերիկյան ժողովրդին, անպայման մատուցվում են երրորդ դասարանի աշակերտին վայել թվաբանական թեթև խնդրի ձևով։ Գաղափարը հասկանալու համար ընտրողը վերցնելու է միայն մի թերթ թուղթ, մատիտ, մի փոքրիկ հաշվարկում կկատարի՝ և ամեն ինչ պատրաստ է։ Ճիշտն ասած, դրանք ոչ թե գաղափարներ են, այլ միայն ռեկլամի համար պիտանի տրյուկներ։ Եվ դրանց մասին արժեր հիշատակել, եթե նրանցով հափշտակված չլինեին տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ։
Ինչպե՞ս փրկել Ամերիկան և բարելավել կյանքը։
Հյու֊Լոնգը խորհուրդ է տալիս բաժանել հարստությունը։ Հրապարակ են գալիս մի թերթ թուղթն ու մատիտը։ Ընտրողը, փնչացնելով, գումարում է, բազմապատկում, հանում և բաժանում։ Դա խիստ հետաքրքիր զբաղմունք է։ Ա՛հ, կեցցե այդ Հյու֊Լոնգը։ Յուրաքանչյուրը մեծ գումար կստանա։ Մարդիկ այնպես են տարված այդ տարրական թվաբանությաբ, որ բնավ չեն մտածում, թե ինչպես վերցնել այդ միլիոնները։
Ինչպե՞ս բարելավել կյանքը։ Ինչպե՞ս փրկել Ամերիկան։
Հանդես է գալիս Սոկրատի կամ Կոնֆուցիոսի տիպի մտքի նոր գիգանտ՝ բժիշկ միստեր Տաունսենդը։ Միտքը, որ ծագել է բժշկականության հարգարժան գործչի բազմախոհ գլխում, եվրոպական որևէ փոքրիկ երկրում կարող էր ծնվել միայն հոգեբուժական հիվանդանոցում՝ մեղմաբարո, քաղաքավարի և միանգամայն անհուսալի հիվանդների սենյակում։ Բայց Ամերիկայում այն ունի ապշեցուցիչ հաջողություն։ Այստեղ նույնիսկ հարկ չկա գործ ունենալ հանումների և բազմապատկումների հետ։ Սա բոլորովին հասարակ բան է։ Միացյալ Նահանգներում վաթսուն տարեկան դառած յուրաքանչյուր ծերունի և յուրաքանչյուր պառավ կստանան ամսական երկուհարյուրական դոլար՝, պարտավորվելով ծախսել այդ դոլարները։ Այդ դեպքում մեխանիկորեն կավելանա առևտուրը և մեխանիկորեն կվերանա գործազրկությունը։ Ամեն ինչ տեղի կունենա մեխանիկորեն։
Մենք տեսանք տաունսենդյան կոմիտեի ժողովի հնչյունային կինոխրոնիկան․ ժողովը վարում էր հենց ինքը՝ մտածողը։ Սկսվեց նրանով, որ միստեր Տաունսենդը, պեպենոտ դեմքով, ակնոցով և հնատարազ սերթուկով վտիտ ծերուկը, մի փոքրիկ հաղորդում արեց իր պլանի մասին։
― Լեդինե՜ր և ջենտլմեննե՜ր, ― սկսեց նա հազալուց հետո, ― ես չեմ քնել բազում գիշերներ, մինչև որ մտածել ու գտել եմ իմ պլանը։
Եթե Մարկ Տվենը կարողանար տեսնել այդ պեպենոտ ծերուկին՝ մեթոդիկ, ճշտապահ և, հավանորեն, աստվածավախ մարդուն, կարելի է չտարակուսել, որ այդ ծերուկը քույր Մակֆերսոնի եկեղեցական մյուզիկ֊հոլլից տուն գալով, կշռվում է, կշռում է իր ընտանիքին, որպեսզի հաշվի, թե կենդանի քաշից քանի՞ պեննի է վճարելու աստծուն՝ հարգարժան քրոջ միջոցով։
Միստեր Տաունսենդից հետո ելույթներ ունեցան դահլիճը լցրած ծերունիներն ու պառավները։ Նրանք գնում էին բեմ և հարցեր էին տալիս, որոնց պատասխանում էր մտածողը։
― Ուրեմն, դուրս է գալիս, որ ես ստանալու եմ երկու հարյուր դոլա՞ր, ― հարցնում էր ծերուկը։
― Այո՛, եթե իմ պլանը անցնի, ― վստահ պատասխանում էր մտածողը։
― Ամեն ամի՞ս։
― Ամեն ամիս։
― Դե, շնորհակալություն, ― ասում էր ծերուկը։
Եվ տեղն ազատում էր հաջորդ պառավի համար։
― Ասացե՛ք, միստեր Տաունսենդ, ― հարցնում է պառավը հուզվելով, ― մենք երկուսով էլ ծեր ենք՝ ես էլ, ամուսինս էլ։ Մի՞թե երկուսս էլ ստանալու ենք երկուհարյուրական դոլար։
― Այո՛, երկուսդ էլ, ― փքված պատասխանում է մտածողը։
― Նշանակում է, ընդամենը չորս հարյուր դոլա՞ր։
― Միանգամայն ճիշտ է, չորս հարյուր դոլար։
― Ես, բացի այդ, տասնյոթ դոլար թոշակ եմ ստանում։ Այդ կխլե՞ն ինձանից։
― Ոչ, դուք կստանաք նաև թոշակը։
Պառավը խոնարհ գլուխ է տալիս ու հեռանում։
Երբ մեկնում էինք Ամերիկայից, Տաունսենդի երկրպագուների թիվը աճում էր սպառնալից արագությամբ, և արդեն ոչ մի քաղաքական գործիչ չէր համարձակվում ընտրությունների նախօրյակին դեմ դուրս գալ հանճարեղ բժշկին։
Բայց ամերիկյան կապիտալիստները հասկանում են, որ կինոնկարները, ռադիոհաղորդումները, շաբաթաթերթերում տպված պատմվածքները, հեղափոխության մասին պլակատները, «որպիսին Ամերիկայում չի կարող լինել», եկեղեցիները և թվաբանական պլանները բավարար լինել չեն կարող։ Եվ արդեն աճում են «ամերիկյան լեգեոնները» և «ազատության լիգաները», հետզհետե աճեցնում են ֆաշիստական կադրեր, որպեսզի հարկ եղած րոպեին վերածվեն ամենաիսկական գրոհայինների, որոնց հրաման կտրվի ուժի միջոցով խեղդել հեղափոխական շարժումը։
Ամերիկան հարուստ է։ Եվ ոչ միայն հարուստ։ Նա հարուստ է ֆենոմենալ կերպով։ Նա ունի ամեն ինչ․ նավթ, հաց, ածուխ, ոսկի, բամբակ, այն ամենը, ինչ կարող է գտնվել երկրի ընդերքում և աճել երկրի երեսին։ Նա ունի մարդիկ, հիանալի աշխատող մարդիկ, ընդունակ, ճշտապահ, պատրաստակամ, ազնիվ ու պահանջկոտ մարդիկ։ Ամերիկան դեպի հարստացում է գնացել արագ քայլերով։ Երկիրն հիշեցնում է մի մարդու, որը սրընթաց կարիերա է անում սկզբում որպես փերեզակ, շալվարակալների առևտուր է անում Իստ֊Սայդում, հետո բացում է պատրաստի հագուստների խանութ և տեղափոխվում է Բրուկլին։ Հետո բաց է անում հանրախանութ, սկսում է խաղալ բորսայում և տեղափոխվում է Բրոնքս։ Եվ, վերջապես, գնում է երկաթուղի, հարյուր շոգենավ, երկու կինոֆաբրիկա, կառուցում է երկնաքերծ, բացում է բանկ, մտնում է գոլֆակումբ և տեղափոխվում է Պարկ֊ավենյու։ Նա միլիարդատեր է։ Ամբողջ կյանքում ձգտում էր այդ նպատակին։ Նա ծախում էր ինչ ձեռքն ընկնում էր, և ինչպես հնարավոր էր։ Նա քայքայում էր մարդկանց, չարաշահում, առավոտից մինչև իրիկուն նստում բորսայում, օրական աշխատում տասնվեց ժամ․ նա փող էր շինում։ Արթնանում էր փողի մասին մտորելով։ Նույն մտորումներով էլ պառկում էր քնելու։ Եվ ահա նա հրեշավոր չափի հարուստ է։ Այժմ նա կարող է հանգստանալ։ Օվկիանոսի ափին ունի վիլլաներ, ունի զբոսանավեր և ամրոցներ։ Բայց նա հիվանդանում է անբուժելի հիվանդությամբ։ Նա կործանվում է, և ոչ մի միլիարդ նրան փրկել չի կարող։ Ամերիկյան կյանքի խթանը եղել է և մնում է փողը։ Ժամանակակից ամերիկյան տեխնիկան աճել ու զարգացել է նրա համար, որպեսզի հնարավոր լինի արագ փող շինել։ Այն ամենը ինչ փող է բերում, զարգանում է, իսկ ինչ փող չի բերում՝ այլասերվում ու հյուծվում։ Գազային, էլեկտրական, շինարարական և ավտոմոբիլային ընկերությունները փողի հետևից ընկած ստեղծել են կյանքի բարձր մակարդակ։ Ամերիկան բարձրացել է բարեկեցության ամենավերին աստիճանը, թողնելով Եվրոպային հետևում։ Եվ այստեղ պարզվում է, որ նա լուրջ ու ծանր հիվանդ է։ Եվ երկիրը հասել է լիակատար անհեթեթության։ Հիմա, այսօր, նա ի վիճակի է կերակրելու միլիարդ մարդու, մինչդեռ չի կարողանում կերակրել իր հարյուր քսան միլիոնին։ Նա ամեն ինչ ունի մարդկանց համար հանգիստ կյանք ստեղծելու, բայց ստացվել է այնպես, որ ամբողջ բնակչությունը գտնվում է անհանգիստ վիճակում, գործազուրկը վախենում է, որ այլևս երբեք աշխատանք չի գտնի, աշխատողը վախենում է կորցնել աշխատանքը, ֆերմերը վախենում է անբերրիությունից, որովհետև գները կբարձրանան, և նա ստիպված կլինի հաց գնել թանկ գնով, նույն ինքը վախենում է առատ բերքից, որովհետև գները կընկնեն, և ստիպված կլինի հացը վաճառել գրոշներով, հարուստները վախենում են, որ բանդիտները կգողանան իրենց երեխաներին, բանդիտները վախենում են, որ իրենց կնստեցնեն էլեկտրական աթոռին, նեգրերը վախենում են լինչի դատաստանից, քաղաքական գործիչները վախենում են ընտրություններից, միջին կարողության տեր մարդը վախենում է հիվանդանալուց, որովհետև բժիշկները կխլեն իր ամբողջ կարողությունը, վաճառականը վախենում է, որ կգան ռակետիրները և գնդացրով կկրակեն դեպի վաճառասեղանը։
Սովետական Միության կյանքի հիմքում ընկած է կոմունիստական գաղափարը։ Մենք ունենք ճիշտ նպատակ, դեպի որը գնում է երկիրը։ Ահա թե ինչու մենք՝ Ամերիկայի հետ համեմատած, դեռևս միջին կարողության մարդիկս այսօր արդեն շատ ավելի հանգիստ ու երջանիկ ենք, քան Մորգանի ու Ֆորդի երկիրը, քսանհինգ միլիոն ավտոմոբիլների, մեկուկես միլիոն կիլոմետր իդեալական ճանապարհների երկիրը, տաք ու պաղ ջրերի, լոգարանների և սերվիսի երկիրը։ Ամեն բան վճռող տեխնիկայի վերաբերյալ լոզունգը մեզանում տրվեց այն բանից հետո, երբ հաղթանակեց այդ գաղափարը։ Ահա թե ինչու տեխնիկան մեզ չի թվում շշից դուրս պրծած մի չար ոգի, որին ոչ մի կերպ հնարավոր չէ նորից խցկել շշի մեջ։ Ընդհակառակն, մենք ուզում ենք հասնել տեխնիկական Ամերիկային և անցնել նրանից։
Ամերիկան չգիտի, թե վաղը ինչ կպատահի իր հետ։ Մենք գիտենք և կարող ենք որոշակի ճշտությամբ ասել, թե ինչ կլինի մեզ մոտ հիսուն տարի հետո։
Բայց և այնպես, մենք շատ բան կարող ենք սովորել Ամերիկայից։ Մենք այդ անում ենք, բայց Ամերիկայից վերցրած դասերը մասնակի բնույթ են կրում և չափից դուրս մասնագիտական են։
Մենք առաջին հերթին պետք է ուսումնասիրենք Ամերիկան, ուսումնասիրենք ոչ միայն նրա ավտոմոբիլները, տուրբոգեներատորները (այդ մենք անում ենք), այլև ամերիկյան բանվորների, ինժեներների, գործարար մարդկանց աշխատանքի բուն եղանակները, մանավանդ գործարար մարդկանց, որովհետև եթե մեր ստախանովականները տալիս անցնում են ամերիկյան բանվորների նորմաներին, իսկ ինժեներները հաճախ չեն զիջում ամերիկյան ինժեներներին (այդ մասին մենք լսել ենք հենց իրենցից՝ ամերիկացիներից), ապա մեր գործարար մարդիկ կամ տնտեսվարները զգալի չափով դեռ ետ են մնում ամերիկյան գործարար մարդկանցից՝ ճշգրտության և ճշտապահության մեջ։
Այժմ մենք չենք խոսելու մեր տնտեսվարների արժանիքների մասին, նրանց գաղափարականության, աշխատունակության մասին։ Դրանք նրանց դաստիարակող կոմունիստական կուսակցության արժանիքներն են։ Չենք խոսելու նաև ամերիկյան գործարար մարդկանց թերությունների, նրանց գաղափարազրկության, անհագության, անսկզբունքայնության մասին։ Դրանք նրանց դաստիարակող կապիտալիզմի թերություններն են։ Մեզ համար հիմա անհամեմատ կարևորը նրանց արժանիքների և մեր թերությունների ուսումնասիրությունն է, որովհետև հարկ է, որ մենք նրանցից սովորենք։ Նրանցից պետք է սովորեն ոչ միայն ինժեներները, այլև տնտեսվարները, մեր գործարար մարդիկ։
Ամերիկյան գործարար մարդը ժամանակ ունի գործարար խոսակցության համար։ Ամերիկացին պիջակը հանած նստում է իր գրասենյակում և աշխատում է։ Աշխատում է սուսուփուս, աննկատ, անաղմուկ։ Ոչ մի տեղից չի ուշանում, ոչ մի տեղ չի շտապում։ Մի հեռախոս ունի։ Ոչ ոք նրան չի սպասում ընդունարանում, որովհետև «ապոյտմենտը» (տեսակցությունը) սովորաբար նշանակվում է բացարձակ ճշտությամբ և խոսակցության վրա ոչ մի ավելորդ րոպե չի ծախսվում։ Նա զբաղված է միայն գործով, բացառապես գործով։ Երբ է նիստեր գումարում ― հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ՝ շատ հազվադեպ։
Եթե ամերիկացին խոսակցության մեջ, թեկուզ հարևանցիորեն, ասաց՝ «ես այդ կանեմ», նրան կրկին հիշեցնելու ո՛չ մի հարկ չկա։ Ամեն ինչ կարվի։ Ասած խոսքը պահելու, պինդ, ճշտորեն, թեկուզ տրաքվելու, բայց խոսքդ անպայման կատարելու կարողություն ― ահա այն գլխավորը, ինչ պետք է սովորել ամերիկյան գործարար մարդկանցից։
Մենք գրել ենք ամերիկյան դեմոկրատիայի մասին, որն իրականում ոչ մի ազատություն չի տալիս մարդուն և միայն քողարկում է մարդու շահագործումը մարդու կողմից։ Բայց ամերիկյան կյանքում կա մի երևույթ, որ մեզ պետք է հետաքրքրի ոչ պակաս, քան որևէ մեքենայի նոր մոդելը։ Այդ երևույթը դեմոկրատիզմն է մարդկային հարաբերությունների մեջ։ Թեև այս դեմոկրատիզմն էլ կոծկում է սոցիալական անհավասարությունը և զուտ արտաքին ձև է հանդիսանում, բայց մեզ համար, մարդկանց միջև սոցիալական հավասարություն ձեռք բերած մարդկանց համար, դեմոկրատիզմի այդպիսի արտաքին ձևերը միայն կօգնեն ընդգծելու մեր սոցիալիստական սիստեմի արդարացիությունը։ Նման դեմոկրատիզմի արտաքին ձևերը հայակապ են։ Նրանք շատ են օգնում աշխատանքի մեջ, հարված են հասցնում բյուրոկրատիզմին և բարձրացնում մարդու արժանապատվությունը։
Սովետական Միություն և Միացյալ Նահանգներ ― այս թեման անընդգրկելի է։ Մեր նոթերը ճամբորդական դիտողությունների արդյունք են միայն։ Մենք պարզապես ցանկանում էինք սովետական հասարակության մեջ ուժեղացնել հետաքրքրությունը Ամերիկայի նկատմամբ, այդ մեծ երկիրն ուսումնասիրելու նկատմամբ։
Մենք Վաշինգտոնից մեկնեցինք Նյու֊Յորք։ Եվս մի քանի ժամ, և կավարտվի մեր ուղևորությունը ամերիկյան հողում։ Այս վերջին ժամերին մենք մտածում ենք Ամերիկայի մասին։ Թվում է, թե մենք մեր գրքում պատմեցինք այն ամենը, ինչ մտածում ենք։
Ամերիկացիները շատ են զայրանում եվրոպացիների վրա, որոնք գալիս են Ամերիկա, վայելում են նրա հյուրընկալությունը, իսկ հետո հայհոյում նրան։ Ամերիկացիները մեզ հաճախ էին ջղայնացած ասում այդ մասին։ Բայց մեզ համար անհասկանալի է հարցի նման դրվածքը՝ հայհոյել կամ գովաբանել։ Ամերիկան նոր պիեսի պրեմիերա չէ և մենք էլ թատերական քննադատներ չենք։ Մենք թղթին ենք հանձնել մեր տպավորությունները և մեր մտքերը այդ երկրի մասին։
Ի՞նչ կարելի է ասել Ամերիկայի մասին, որը միաժամանակ սարսափեցնում է, հիացնում, կարեկցանք է առաջացնում և ընդօրինակելու արժանի փաստեր տալիս՝ հարուստ, աղքատ, տաղանդավոր և ապաշնորհ երկրի մասին։
Մենք կարող ենք ասել ազնվորեն, ձեռքներս խղճի վրա դնելով․ այդ երկիրը հետաքրքիր է դիտել, բայց այնտեղ ապրելու ցանկություն չունենք։
Գլուխ քառասունյոթերորդ — Մնաս բարո՜վ, Ամերիկա
Նյու֊Յորքում զով էր, քամի էր փչում, արևը շողում էր։
Զարմանալի գեղեցիկ է Նյու֊Յորքը։ Բայց ինչու՞ ես թաղծել սկսում այդ մեծ քաղաքում։ Տներն այնքան բարձր են, որ արևի լույսն ընկնում է միայն վերին հարկերի վրա։ Եվ ամբողջ օրը քեզ չի թողնում այն տպավորությունը, որ արևը մայր է մտնում։ Հենց առավոտվանից մայրամուտ է։ Երևի հենց դրանից էլ այդպես թաղծալի է Նյու֊Յորքում։
Մենք կրկին վերադարձանք այն քաղաքը, ուր ապրում են երկու միլիոն ավտոմոբիլներ և յոթ միլիոն մարդ, որոնք սպասարկում են դրանց։ Օ՛, դա հիանալի տեսարան է, երբ ավտոմոբիլները զբոսանքի են դուրս գալիս Սենտրալ֊պարկ։ Անհնար է կտրվել այն մտքից, որ Նյու֊Յորքի մեջտեղում տեղավորված այդ հսկայական պարկը կառուցված է նրա համար, որպեսզի ավտոմոբիլները կարողանան այնտեղ թարմ օդ շնչել։ Պարկում կան միայն ավտոմոբիլային ճանապարհներ, հետիոտներին շատ քիչ տեղ են թողել։ Նյու֊Յորքը գերի է վերցված ավտոմոբիլների կողմից, և ավտոմոբիլները քաղաքում իրենց պահում են իսկական օկուպանտների պես․ սպանում ու հաշմում են բնիկ բնակիչներին, խիստ են վարվում նրանց հետ, թույլ չեն տալիս ծպտուն հանել։ Մարդիկ հրաժարվում են շատ բաներից, միայն թե իրենց ճնշողներին խմեցնեն բենզին, հագեցնեն յուղի ու ջրի նրանց հավիտենական ծարավը։
Բացի ավտոմոբիլներից, Նյու֊Յորքում կա նաև մեկ ուրիշ ահավոր տիրակալ։ Դա դղրդյունն է։ Այտեղ հսկայական քանակությամբ դղրդյուն է արտադրվում։ Գետնի տակ ոռնում է սովբեյը, գլխավերևում որոտում է վերերկրյա երկաթուղին, հարյուր հազարավոր մոտորներ միաժամանակ դռռում են փողոցներում, իսկ գիշերվա կողմը, երբ աղմուկը փոքր֊ինչ մեղմանում է, պարզորոշ լսվում են ոստիկանական, հրշեջ և գանգստերային ավտոմոբիլների տագնապալից և երկարականչ շչակները։ Ոռնոցը մոտենում է, անցնում է կողքով և կորչում հեռուներում՝ ինչ֊որ տեղ։ Մեկին գնդակահարեցին խանդից, մեկին՝ ատելությունից, մեկին պարզապես նրա համար, որ կողոպուտը չէին կարողացել բաժանել։ Կամ միգուցե որևէ մեկը կախվեց, թունավորվեց, կրակեց սրտին՝ չկարողանալով տանել գլխացավի և ավտոմոբիլային դղրդյունի այդ քաղաքի կյանքը։
«Բրոմո֊զելցերը» ՝ գլխացավի դեմ գործածվող խմիչքը, վաճառվում է ամենուրեք, նարնջահյութի, սուրճի և լիմոնադի հետ հավասար։ Շուտով «Բրոմո֊զելցերը» կմտցվի ճաշացանկի մեջ։ Ճաշն այսպիսին է լինելու․ առաջինը՝ «բրոմո֊զելցեր», երկրորդը՝ «չիլի» ― մեքսիկական սուպ, երրորդը՝ «սոլ» ձուկ, իսկ անուշեղեն՝ դարձյալ «բրոմո֊զելցեր» ։ Եվ եթե միայն Նյու֊Յորքում շատ ավելի հեռախոսներ կան, քան բովանդակ Անգլիայում, ապա, անտարակույս, հենց նույն Նյու֊Յորքում, օրվա ընթացքում շատ ավելի գլխացավի դեղորայք են գործածում, քան Անգլիան՝ կես տարում։ Նյու֊Յորքի ավելի խաղաղ շրջաններում, բնակարաններն ավելի թանկ արժեն, նրա համար, որ այստեղ աղմուկ քիչ կա։ Նյու֊Յորքում լռություն են վաճառում, և այդ ապրանքը թանկ արժե։ Դա անգլիական կոստյումի պես մի բան է։ Թանկ արժե, բայց լավն է։
Նյու֊Յորքում հնարավոր չէ բաժանվել տագնապի զգացումից։ Ամենաբանուկ փողոցով հանկարծ անցնում է ալ կարմիր գույնով ներկված բանկային զրահապատը։ Զրահապատի գնդացիրներն ուղղված են ուղիղ բաց գույնի շլյապաներով երիտասարդների բազմության վրա, որոնք զբոսնում են՝ սիգարներն ատամների մեջ սեղմած։ Նյու֊Յորքում փողն այդպես են փոխադրում։ Տանել կարելի է միայն զրահապատով, այլապես բաց գույնի շլյապաներով հենց այդ երիտասարդները կխլխլեն։ Ինչ֊որ շատ կասկածելի և սպառնալից քմծիծաղ են տալիս նրանք՝ ձեռքերն իրենց նեղլիկ վերարկուների գրպանները դրած։
Մի քանի օր մենք հրաժեշտ էինք տալիս Նյու֊Յորքի մեր բարեկամներին, փողոցներին և երկնաքերծերին։
Մեկնելու օրը գնացինք Սենտրալ֊պարկ֊վեստ և բարձրացանք միստեր Ադամսի բնակարանը։ Դուռը բացեց նեգրուհի, ցույց տալով աֆրիկյան այնպիսի շողշողուն ատամներ, որ նախասրահը լուսավորվեց։
Ճաշասենյակում տեսանք միստեր Ադամսին, որը կրծքին էր սեղմել փոքրիկ բեբիին։ Կողքին կանգնել էր միսիս Ադամսը և ասում էր․
― Դու արդեն հինգ րոպե գրկել ես բեբիին։ Հիմա իմն է հերթը։
― Նո՛, նո՛, Բեկկի, ― պատասխանում էր միստեր Ադամսը, ― այդպես մի ասա։ Ինձ համար ցավալի է լսել, երբ այդպես ես ասում։
Սեղանին և հատակին թափթփված էին բաց արած ծանրոցներ։ Պարանների և փաթաթաթղթերի արանքում ընկած էին բազմազան իրեր․ հին պլեդ, հեռադիտակ, օձիք, մի քանի բանալի՝ հյուրանոցային թիթեղիկներով և էլի ամեն տեսակ բաներ։
― Ահա՛, ահա՛, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը՝ մեր ձեռքերը ջերմորեն սեղմելով, ― իմ իրերը հոսելով կամաց֊կամաց գալիս են ինձ մոտ։ Մնում է ուղարկել հյուրանոցների բանալիները, և ամեն ինչ կարգին կլինի։ Միայն գլխարկը չկա։
― Այնուամենայնիվ լավ կլիներ, որ գլխարկը ստանայինք Վաշինգտոնում, ― խրատական տոնով ասաց միսիս Ադամսը, աղջկան ամուսնու ձեռքից ճարպկորեն խլելով։
― Նո՛, նո՛, Բեկկի, ― հառաչեց Ադամսը, ― դու այդպես չպետք է վարվես։ Չէ՞ որ մենք Վաշինգտոնի փոստատանը կարգադերցինք գլխարկն այստեղ ուղարկել։ Բա՛ց թող բեբիին, արդեն չափից դուրս երկար ես գրկումդ պահում։ Դա երեխային վնաս է։ Թույլ տուր, որ վազվզի սենյակում։
Բայց հազիվ էր Բեկկին աղջկան իջեցրել հատակին, երբ միստեր Ադամսը «չէ՛, չէ, լուրջ եմ ասում» բղավելով, ճանկեց բեբիին և սեղմեց կրծքին։
Զանգը հնչեց և սենյակ մտավ փոստատարը՝ ծանրոցով։
― Այս անգամ գլխա՜րկն է, ― բացականչեց Ադամսը։
Այո՛, գլխարկն էր։ Միստեր Ադամսը հանդիսավոր կերպով արկղից հանեց իր հին, սիրելի շլյապան և անմիջապես դրեց գլխին։
― Գնա՜նք, ― բղավեց նա հնչեղ ձայնով։ ― Դուք այսօր մեկնում եք, պարոնայք, այնինչ դեռ մինչև օրս չեք բարձրացել «Իմպայր Սթեյթ Բիլդինգ» ֊ի կատարը։ Հիմարություն կլինի, եթե այդ չանենք։ Այո՛, այո՛, պարոնայք, եթե ուզում եք իմանալ, թե ինչ բան է Ամերիկան, պետք է բարձրանաք «Իմպայր» ։
Երբ բեբին տեսավ, որ իր ծնողներին դարձյալ տանում են անծանոթ ջենտլմենները, որոնք մի անգամ արդեն հափշտակել էին նրանց երկու ամսով, սկսեց բարձրաձայն լաց լինել։ Նա դոփում էր տոտիկներով և արտասվալից բացականչում էր «No more trips», ― «պետք չէ այլևս ճամբորդել» ։
Ծնողներրը երդվում էին բեբիին, որ գնում են միայն հինգ րոպեով, բայց նա լալով պնդում էր, թե «այն ժամանակ էլ ասացին, որ գնում են միայն հինգ րոպեով, և երկար ժամանակ չէին վերադառնում» ։
Լիֆտով իջնելիս մենք դեռ լսում էինք երեխայի լացը։ Պապա էնդ մաման շփոթված տեսք ունեին, բայց անջնջելի հետաքրքրությունը ճառագայթում էր նրանց աչքերում։
― Տասնվեցերորդ անգամ բարձրանալ «Իմպայր», ― քրթմնջում էր միստեր Ադամսը, ― դա շա՛տ շա՛տ հետաքրքիր է, պարոնայք։
Վերջին անգամ ավտոբուսի իմպերիալում նստած, անցանք հինգերորդ ավենյուով։ Ցուցափեղկերից մեզ էին նայում վարդագույն ականջներով մանեկենները։ Ավտոմոբիլների արանքով անցնում էին կրկեսի երեք փղեր, հրավիրելով նյույորկցիներին այցելել երեկոյան ներկայացումը։
Կյանքն իր կարգով առաջ էր ընթանում։
Մենք բարձրացանք «Իմպայր Սթեյթ Բիլդինգի» տանիքը։
Քանի՜֊քանի անգամ նրա մոտով անցնելով, չէինք կարողանում զսպել մեր քրթմնջոցներն ու հառաչանքները․ «Ահ, գրողը տանի։ Պա՛հ, պա՛հ, ի՜նչ լավն է» կամ սրա նման մի բան։ Եվ այնտեղ բարձրացանք Ամերիկայից մեկնելուց երկու ժամ առաջ։
Առաջին լիֆտը մեկից բարձրացրեց մեզ ութսունվեցերորդ հարկը։
Վերելքը տևում էր ընդամենը մեկ րոպե։ Հասկանալի է, որ այստեղ ոչ հարկեր էին երևում, ոչ հարթակներ։ Մենք սլանում էինք պողպատե խողովակով, և միայն ականջները, որոնք ասես ջրով էին լցված, և ինչ֊որ տարօրինակ սարսուռ՝ փորի մոտերքում զգացնել էին տալիս, որ մենք բարձրանում ենք արտասովոր արագությամբ։ Լիֆտը չէր կճրտում և չէր չխկչխկում։ Այն շարժվում էր սրընթաց, սահուն և անաղմուկ։ Միայն պստլիկ լամպիկներն էին բռնկվում դռների մոտ, հաշվելով տասնյակ հարկեր։ ՈՒթսունվեցերորդ հարկի հարթակը դուրս եկանք փոքր֊ինչ թուլացած ոտքերով։
Երկրորդ լիֆտը ուղևորներին բարձրացրեց շենքի կտուրը, և վերնասրահի մեծ ապակիների միջով տեսանք Նյու֊Յորքը։ Երեկ ձյուն էր եկել։ Փողոցներում ձյունն արդեն հալվել էր, բայց երկնաքերծերի տափակ կտուրների վրա դեռ մաքուր, քնքուշ, սպիտակ քառակուսիներով ձյուն կար։ Լեռնային օդը թույլ չեր տալիս, որ ձյունը հալչեր երկնաքերծերի կատարներին։
Ներքևում փռված էր ծովապատնեշների կատարներով փետրավորված աներևակայելի քաղաքը։ Ձմեռվա գորշ օդը թեթևակի ոսկեզօծվել էր արևից։ Նեղլիկ սև փողոցներով սուրում էին պստլիկ ավտոմոբիլները և վերերկրյա երկաթուղիների գնացքները։ Քաղաքի աղմուկը այստեղ թույլ էր հասնում, նույնիսկ չէին լսվում ոստիկանական շչակների ոռնոցները։ Շուրջ բոլորը, նյույորքյան փողոցների միջօրեի աղջամուղջից հպարտորեն բարձրանում էին անթիվ ու անհամար ապակիներով շողացող երկնաքերծերը։ Նրանք կանգնած էին ինչպես քաղաքի պահապաններ՝ փայլատակող պողպատով սպառազինված։ «Կյունարդ Ուայտ Սթար» ծովապատնեշի մոտ երևում էր շոգենավ՝ երեք ծխնելույզով։ Ծխնելույզները դեղին էին, սև օղակներով։ Դա «Մաջեստիկ» շոգենավն էր, հիսունվեց հազար տոննա պողպատ, փայտ, գորգեր և հայելիներ ― անգլիական մի շոգենավ, որով մենք այսօր մեկնելու էինք։ Բայց որքան փոքրիկ և անօգնական էր թվում այն «Իմպայրի» կտուրից։
Երկու ժամ անց մենք արդեն շոգենավումն էինք։ «Մաջեստիկն» իր վերջին ռեյսն էր կատարում։ Դրանից հետո այդ դեռ բոլորովին ջահել շոգենավը գնալու էր ջարդվելու։ «Նորմանդիա» և «Կուին Մերի» վիթխարի ատլանտիկ շոգենավերի երևան գալուց հետո պարզվեց, որ «Մաջեստիկը» շատ համեստ ու դանդաղագնաց է, թեև սքանչելի մի ժամանակամիջողում՝ վեց օրում կտրում անցնում էր օվկիանոսը։
Վիթխարի «Մաջեստիկը» արդեն հեռացել էր ծովապատնեշից, երբ մենք մի վերջին անգամ լսեցինք․
― Գուդ բա՜յ, պարոնայք։ Այո՛, այո՛, այո՛։ Օ՜, նո։ Չէ, լուրջ։ Հուսով եմ, որ դուք հասկացաք, թե ինչ բան է Ամերիկան։
Եվ ուղեկցողների գլխավերևում կատաղիորեն դեսուդեն էին նետվում Միստեր Ադամսի հին ու հավատարիմ գլխարկը և նրա կնոջ թաշկինակը, քաջարի այն վարորդի, որը երկու անգամ մեզ տարավ բովանդակ մայր ցամաքով, երբեք չհոգնող, համբերատար, ճանապարհի իդեալական ուղեկցուհու թաշկինակը։
Երբ «Մաջեստիկը» անցնում էր Ուոլ֊Սթրիթի կողքով, արդեն մթնում էր, և երկնաքերծերում լույսեր վառվեցին։ Պատուհաններում փայլատակեց էլեկտրականության ոսկին, գուցե և իսկական ոսկին։ Ամերիկայի այդ վերջին ոսկե տեսիլքը ուղեկցեց մեզ մինչև բաց օվկիանոս դուրս գալը։
«Մաջեստիկը» թափ առավ, փայլատակեց փարոսի հրաժեշտի կրակը և, մի քանի ժամ անց, ոչ մի հետք չմնաց Ամերիկայից։
Հունվարյան սառը քամին հալածում էր օվկիանոսի խոշոր ալիքը։
ՎԵՐՋԸ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13065 | 0
01:01, 08.12.2017
29949 | 0
23:45, 27.08.2017
21692 | 0
դեպի վեր