ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Տիգրան 2-րդի կնքած ամոթալի պայմանագրի հետևանքով Հայաստանն այլևս երբեք չկարողացավ ինքնուրույն լինել
18:00, 30.11.2019
4781 | 0

«… Լուկուլլոսից ջախջախված Տիգրան թագավորը, իմանալով Պոմպեոսի փափուկ ու բարի բնավորության մասին, հռոմեական պահակախմբին թույլ տվեց մտնել իր պալատ, իսկ ինքը՝ ընկերների ու ազգականների ուղեկցությամբ, մեկնեց Պոմպեոսի մոտ, որպեսզի նրա ձեռքն հանձնվի:

Երբ թագավորը ձի հեծած մոտեցավ ճամբարին, Պոմպեոսի երկու լեկտորները, մոտենալով նրան, պահանջեցին իջնել ձիուց և ոտքով գնալ, քանի որ հռոմեական ճամբարում երբեք հեծյալի չէին տեսել: Տիգրանը հնազանդվեց և նույնիսկ, արձակելով իր սուրը, հանձնեց նրանց: Ի վերջո, երբ թագավորը կանգնեց Պոմպեոսի առջև, հանեց իր խույրը՝ ցանկանալով այն դնել զորահրամանատարի ոտքերի մոտ և, ամենաամոթալին, ծնկի իջնել նրա առջև: Պոմպեոսը, սակայն, հասցրեց բռնել թագավորի աջ ձեռքը և դեպի իրեն քաշել: Հետո նա նրան իր կողքին նստեցրեց, իսկ Տիգրանի որդուն՝ մյուս կողքին: Նա թագավորին հայտարարեց, թե նրա նախորդ բոլոր դժբախտությունների պատճառը Լուկուլլոսն է, որը նրանից խլել է Սիրիան, Փյունիկիան, Կիլիկիան, Գաղաթիան և Ծոփքը: Այն հողերը, որոնք դեռ նրան են մնացել, թող ինքը տիրի՝ հասցրած վիրավորանքի համար հռոմեացիներին վճարելով յոթ հազար տաղանդ, իսկ Ծոփքի թագավոր նրա որդին կլինի: Այս պայմանները Տիգրանը հաճույքով ընդունեց, և այդժամ հռոմեացիները նրան թագավորավայել ողջունեցին, իսկ Տիգրանը, չափազանց ոգևորված, խոստացավ յուրաքանչյուր զինվորին կեսական մին արծաթ, ցենտուրիոններին տասնական մին, իսկ տրիբունին՝ մեկ տաղանդ արծաթ տալ»:

Պլուտարքոս, «Զուգահեռ կենսագրություններ. Պոմպեոս»


Իր թագը պահպանելու համար (սուտ հայրենասերները, անշուշտ, կասեն՝ հանուն հայրենիքի, հանուն պետականության) անասելի նվաստանալով՝ արքայից արքա տիտղոսը կրող Տիգրան 2-րդը հռոմեացի զորավար Պոմպեոսից ընդամենը կարողացավ մի այնպիսի ամոթալի համաձայնություն կորզել, որի հետևանքով Հայաստանն այլևս երբեք չկարողացավ ինքնուրույն լինել ու ստիպված եղավ մշտապես խուսանավել երկու կրակի արանքում: Տիգրանը հրաժարվել էր աշխարհակալական ձգտումներից և դարձել մի երկիր, որի հետագա խնդիրը պետք է լիներ պաշտպանել իր կիսանկախ կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունը: Թեպետ այս խնդիրները շատ համեստ էին, այնուամենայնիվ չէին համընկնում ու նույնիսկ վնասում էին հարևան երկու պետությունների շահերին: Հռոմն արդեն կլանել էր Փոքր Ասիայի մեծ մասը և Սելևկյանների ժառանգության արևմտյան բաժինը: Հռոմը դաշնագրեր էր կնքել իր արևելյան սահմաններին հարող մի շարք երկրների հետ, որոնց թվում էր նաև Հայաստանը: Հռոմի հաջորդ քայլը պետք է լիներ բախումը պարթևների հետ:

Պարթևական պետությունն էլ դուրս էր եկել ճնշված վիճակից ու մտադիր չէր հանդուրժել Հռոմի նվաճողական քաղաքականությունն ու նահանջել նրա առջև: Ավելին՝ Պարսկաստանն ուներ իր նվաճողական ծրագրերը: Այս իրավիճակում Հայաստանի չեզոքությունը երկու հզորներին չէր բավարարելու: Նրանք Հայաստանից պահանջելու էին ակտիվորեն մասնակցել իրենց ռազմական ձեռնարկումներին:

Տիգրանին հաջորդած նրա գրող որդին՝ Արտավազդ 2-րդը, որքան էլ ջանաց մի հնար գտնել՝ չբարկացնելու երկու հզոր հարևաններին՝ Հռոմին և Պարսկաստանին և երկիրը գոնե զերծ պահել ոտքի կոխան լինելուց, չկարողացավ, որովհետև Տիգրանը նրան այնպիսի ժառանգություն էր թողել, որն ինքնիշխան լինելու հնարավորություն չէր ընձեռում:

Կար նաև այլ հանգամանք: Հայ ժողովուրդն իր մշակույթով, ազգային շահերով պիտի լիներ ասիական աշխարհի, հատկապես Պարսկաստանի հետ. հայերի և պարսիկների միջև շատ սերտ էին զուտ ներքին, ընկերային, մտավոր և նույնիսկ ընտանեկան հարաբերությունները: Բայց Տիգրանի կամոք Հռոմին պաշտոնապես հնազանդվելով՝ Հայաստանը պիտի աստիճանաբար հայտնվեր բոլորովին անհարազատ միջավայրում, պիտի Հռոմի դաշնակիցը լիներ նույնիսկ ընդդեմ համեմատաբար հարազատ Պարսկաստանի: Եվ երբ Հայաստանը փորձում էր կատարել իր այդ պարտավորությունը ՝ միանալով Հռոմի գործողություններին, բարկացնում էր պարսիկներին, որոնք և հարձակվում էին մեր երկրի վրա, որպեսզի պատժեն: Այսպիսի դեպքերում հայերը պարսիկների աչքում պարզապես դավաճաններ էին, իսկ երբ հավատարիմ էին մնում պարսիկներին, հռոմեացիներն էին հայերին դավաճան համարում, քանի որ դաշնագրով կապված էին նրանց հետ: Ինչ էլ, սակայն, լիներ, հայերը հռոմեացիների հետ անկեղծորեն չէին կարող կապվել, քանի որ նրանցից վատ վերաբերմունք էին տեսնում և նրանց ավելի հոգեհարազատ էին պարսիկերը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
157 | 0
դեպի վեր