ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Առողջապահության նախարարությունը զգուշացնում է...
18:17, 18.12.2019
3245 | 0

Աստիճանավանդակը լիքն էր մարդկանցով:

Համարյա բոլորը ծխում էին:

- Հետաքրքիր, շա՜տ հետաքրքիր մարդ էր Ասքանազը, օղորմի իրեն:

- Այ մարդ, չթաղած մարդուն օղորմի չեն ասում:

Ներսից լսվում էր Ասքանազի կնոջ՝ Արեգնազի երգի նման լացի ձայնը.

- Վա՜յ Ասկո ջան, էս ի՞նչ արիր, անխիղճ, հինգ բնավորություն ունեիր է, հի՜նգ:

Լավ հիշում եմ, որ ամուսնալուց ասացիր պետք է դրախտում ապրենք, վա՜յ Ասկո ջան ի՞նչ խելացի էիր, ես հիմա եմ հասկանում, որ այդպես էլ ապրեցինք դրախտում՝ անշո՜ր, անկոշի՜կ ու միայն խնձոր ուտելով:

Աստիճանավանդակն ավելացավ մեկով՝ կողքի մուտքում ապրող փոստատար Սողոն էր, Չոլախ Սողոն:

- Ի՞նչ եք թթվել ժողովուրդ, տղամարդ էր, բա ի՞նչ:

Բոլորի հայացքներն ուղղվեցին նրա կողմը:

Սողոն հազար ու մի մարդու հանդիպած, հազար ու ընտանիք մտած մարդ էր, շենքի ամենաբանիմացը, այնպես որ բոլորը սպասում էին բացատրության:

- Տղամարդուն այնպես ինչպես կա, ընդունում է միայն հողը, բա՞:

- Խելոք ասացիր Սողո ջան, բա հիմա ի՞նչ անենք, - լվացքի մեքենաներ վերանորոգող Վարուժն էր:

Ներսից, հարևանուհիների գլխների դրական շարժումներից ոգևորված Արեգնազը շարունակում էր:

- Ես քո ներաշխարհին մեռնեմ Ասկո ջա՜ն, վիրահատող բժշկին խնդրեցի ներկա գտնվեմ վիրահատությանը, ուզում եմ ամուսնուս ներաշխարհը իմ աչքերով տեսնել, ասաց հարկավոր չէ, մենք մենք կտեսնենք քեզ ամեն բան կպատմենք: Աստիճանավանդակում լուռ էր:

- Վա՜յ Ասկո, Ասկո, կնիկդ ճիշտ ա ասում էլի, անխղճի մեկն ես:

- Քեզ ի՞նչ եղավ Գառնիկ ջան:

- Ոնց թե ի՞նչ եղավ, բա խիղճ ունեցողը ուրբաթ օրով կմեռնի՞, շաբաթ, կիրակի կորավ, այ մարդ:

Ներսում նորից սկսվեց լաց-մեկնաբանությունները, այս անգամ Ասքանազի կնոջը միացավ նաև զոքանչը:

- Վա՜յ Ասկո ջան, սաղ կյանքումդ եղել ես ուրիշի սեղանների զարդը, հիմա քո տան մեջ ես, քո սեղանի զարդը, մեռնեմ զարդիդ սիրելի փեսա:

Աստիճանավանդակում բազմաթիվ հարցական հայացքներ էին:

- Տեսնես Ասկոյի ջերաստիճանն ի՞նչքան է, սիրում էր հաճախ չափել:

- Մեսրոպ ջան մեկ մեկ այնպիսի հիմար հարցեր կտաս, դու չգիտե՞ս որ մահացածի ջերմասիճանը սենյակային է լինում, դա ի՞նչ հարց է, որ:

- Լավ մի կռվեք այ մարդ, Տեր Հակոբն է գալիս:

Քահանան կանգ առավ աստիճանավանդակում, հայացքով շոշափեց բոլորին:

Աջ ձեռքը բարձրացավ, խաչակնքեց օդում, ցածրաձայն շշնջաց.

- Աստված մեզ բարեկամներ է տվել: Փառք Աստծուն որ ընկերներին մենք ենք ընտրում:

Իր դերն իմացողի ծանրությամբ մտավ ներս:

- Խելոք մարդը հեռվից է երևում, էլի:

Ներսից, քահանակի ներկայությունից ոգևորված Արեգնազը բարձրացրեց ձայնը:

- Բախտիդ մեռնե՜մ, անբախտ մարդ ջան, ես քո անհաջողակ ջանին ղուրբան:

Վերջին փողերդ տվեցիր Նուբարաշենում հազար երկու հարյուր մետր գերեզման արենդա արեցիր, էս ի՞նչ բախտ էր Ասկո ջան, չորս ամիս մարդ չմեռավ այդ տարածքից, հարկայինը տվեցի՜ր, մնացիր անփող, բա հիմա ո՞ւր ես գնում… Աստիճանավանդակում հայտնվեց աղբար Գոքորի թոռը՝ Վարդանը:

- Պապի ջան տուն չես գալի՞ս, մաման կանչում է:

Ներկաներից մեկը դիմեց նրան:

- Վարդան ջան դու ինտերնետից հասկանում ես չէ՞, կարո՞ղ ես մի բան գրել, էնպիսի մի բան որ աշխարհն իմանա ինչ մարդ ենք կորցրել, կարո՞ղ ես:

- Լուրջ ես ասո՞ւմ, Երվանդ քեռի:

- Այ տղա հանաքի ժա՞մ ա:

- Չէ, ավելի լավ է ստատուս գրեք, պլակատի վրա, կամ էլ դագաղին, հիմա դա մոդա է:

- Իմ արև ճիշտ է ասում, ես էլ եմ լսել:

- Հա բա ինչ, իսկ ի՞նչ գրենք, Վարդան ջան…


Մահվան թափորը շատվոր էր ու փակել էր ամբողջ փողոցը:

Առջևից գնում էին երկու չսափրված երիտասարդներ մի երկար պաստառ բռնած: «Առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

Ծնվելը վտանգավոր է կյանքի համար»




Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
252 | 0
14:27, 06.03.2024
242 | 0
00:16, 29.01.2024
362 | 0
22:42, 16.01.2024
302 | 0
21:28, 15.01.2024
323 | 0
13:30, 09.01.2024
421 | 0
13:16, 30.12.2023
432 | 0
12:50, 21.12.2023
400 | 0
21:14, 19.11.2023
390 | 0
23:34, 23.10.2023
430 | 0
10:18, 11.10.2023
429 | 0
21:34, 19.09.2023
784 | 0
դեպի վեր