ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ինչ տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտից հետո
21:48, 20.01.2020
3442 | 0

Թեպետ պարսիկները հաղթել էին, բայց հայոց պայքարը չէր ավարտվել, և ապստամբությունը պարտիզանական պատերազմի կերպարանք էր ընդունել: Վարդանի զորքի մնացորդները քաշվել էին Հայաստանի լեռնային և անտառապատ ծայրագավառները (Տայք, Արցախ, Տմորիք) և պարտիզանական պայքար էին մղում: Մինչդեռ մարզպան Վասակն էլ ավելի է ուժեղացնում ապստամբների հալածանքը: Նա ձերբակալում ու Սյունիքի բերդերում բանտարկում է Վարդանանց ապստամբության ոգին հանդիսացող հոգևորականության նշանավոր ներկայացուցիչներին՝ Հովսեփ կաթողիկոսին, Ղևոնդ երեցին, Սամվել և Աբրահամ քահանաներին, Ռշտունյաց եպիսկոպոս Սահակին, Արծրունյաց Ներշապուհ իշխանի պալատական երեց Մուշեին, Բասենի եպիսկոպոս Թաթիկին, Արշեն երեցին, սարկավագ Քաջաջին: Վասակը սրանց բոլորին, որպես պետական հանցագործներ, ուղարկում է Պարսկաստան: Նա Պարսկաստան է ուղարկում նաև Մամիկոնյան, Կամսարական և այլ նախարարական տոհմերի պատանիներին: Դրանց մեջ են եղել սպարապետ Վարդանի եղբայր Հմայակի երեք զավակները՝ Վահանը, Վասակը և Արտաշեսը:

Հայաստանում ռազմական գործողություններ ծավալելու կարիք այլևս չկար, և Հազկերտը Մուշկան Նյուսալավուրտին հրամայում է զորքով վերադառնալ Պարսկաստան:

Քանի որ պարսիկները ևս կորուսներ էին կրել ու դեռ պիտի կռվեին երկրին հյուսիս-արևելքից սպառանացող քոչվորների դեմ, Միհրներսեհը ստիպված է լինում փոքր-ինչ մեղմել ճնշումն ու որոշ զիջումներ կատարել: Ամենամեծ զիջումը, որ արվում է հայերին, այն էր, Վասակ իշխանին, որն այլևս հարկավոր չէր պարսից պետությանը, հանում են մարզպանի պաշտոնից: Սյունյաց փառամոլ և դավաճան իշխանի այս անփառունակ անկումը, բնականաբար, մեծ բավականություն է պատճառում ուխտապահներին և ամբողջ հայությանը: Նոր մարզպան է նշանակվում Հայոց աշխարհում հաստատված պարսիկ նախարարներից մեկը՝ Ատրորմիզդը:

Պարսից կառավարությունը ներում չի շնորհում ապստամբության գլխավորներին, բայց չի էլ ուզում ամբողջ երկրի բնակչությանն ահաբեկել, ուստի նոր մարզպանին հանձնարարվում է շարունակել հալածանքն ապստամբների նկատմամբ, բայց սիրաշահել ազգաբնակչությանը, կրոնական պահանջներ չներկայացնել ու ամեն կերպ խրախուսել, որ ժողովուրդը խաղաղ աշխատանքի վերադառնա:

Վարդան Մամիկոնյանի զինակից նախարարներից շատերն իրենց զորագնդերի հետ Տայոց աշխարհի լեռներն էին քաշվել, որտեղ ամրացել էր նաև Հմայակ Մամիկոնյանը: Ավարայրի ճակատամարտից բավական ժամանակ առաջ նրան ուղարկել էին Կոստանդնուպոլիս, որպեսզի կայսրից օգնություն խնդրի: Բանակցությունները երկար են տևում, և երբ նա և իր ղեկավարած պատվիրակությունը վերադառնում է, պատերազմն արդեն սկսվել էր: Թեպետ Հմայակը շտապում է եղբորն օգնության հասնել, բայց ուշանում է ու ստիպված է լինում ապաստանել լեռնային մի ամրությունում: Շուտով նրա մոտ են հավաքվում Վարդանի բանակի մնացորդները: Այստեղ է գալիս նաև Վասակի կողմնակից Արտեն Գաբեղյանը և Վարազշապուհ Պալունին: Ատրորմիզդ մարզպանին հանձնարարված էր հետապնդել լեռներում ամրացած իշխաններին, որոնք մի օր իջնում են մերձակա Որջնհաղ գյուղն ու մնում են այնտեղ գիշերելու: Պարսիկներն ու նրանց միացած սյունեցիներն իմանում են այդ մասին ու վաղ առավոտյան հարձակվում են քնած գյուղի վրա: Հանկարծակիի եկած իշխանները հազիվ կարողանում են հասնել իրենց ձիերին: Նրանցից ոմանք նույնիսկ չեն հասցնում զենք վերցնել: Կռիվ է սկսվում գյուղամիջում ու այգեստաններում: Շատեը կարողանում են փախչել ու լեռները բարձրանալ, բայց Հմայակ Մամիկոնյանը և էլի մի քանիսը զոհվում են:

Պարսիկները չեն կարողանում ընկճել նաև Արցախի անտառներում ամրացած ապստամբներին: Նրանք իրենց դավանակից աղվանների միջոցով բանակցում են հոների հետ, նրանցից օգնական զորագունդ են ստանում և հարձակումներ են գործում պարսկական գավառների վրա:

Հաջող պայքար են մղում նաև Տմորիքում ամրացածները: Հինգերորդ դարում այս երկրամասի բնակչությունն արդեն հայացած ու քրիստոնեացած էր, ու այստեղ ամրացածները, տեղական բնակչության աջակցությամբ, հարձակվում էին Միջագետքի դաշտավայրի պարսկական բնակավայրերի վրա:

Պարտիզանական պատերազմի հաջողությունները ցույց են տալիս, որ Վարդան Մամիկոնյանը, թերևս, պիտի խուսափեր Ավարայրի դաշտում ճակատամարտելուց: Բայց գլխավոր ճակատամարտում պարտվելուց հետո պարտիզանական նույնիսկ հաջող գործողությունները ցանկալի արդյունք չէին կարող ապահովել: Ահա թե ինչու, երբ Ատրորմիզդ մարզպանը սկսում է խաղաղ բանակցություններ վարել, հայ նախարարները ստիպված անձնատուր են լինում: Պարսիկները հաստատ խոստացել էին, որ իշխանների կալվածքները չեն բռնագրավվի ու իրենք էլ ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվի: Նրանք լեռներից իջան, բայց պարսիկները դրժեցին իրենց խոստումը: Մարզպանը նրանց բոլորին կալանավորում և Պարսկաստան է ուղարկում: Իրենց պատիժը գոնե մեղմելու համար նախարարները ջանում են ապացուցել, որ Վասակը ոչ միայն իրենց մեղսակիցն է եղել, այլև ամբողջ շարժումը նա է հրահրել:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
406 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
352 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր