Երբ Սերը սրտում մի կի՜ն է քայլում- Դա հի՜ն տեսարան է՝ ծանոթ բոլորին, … Իր փեշից կառչած աշխարհն է տանում՝ Խելագարեցնում Բանաստեղծներին: Այդպես եղե՜լ է դարերում բոլոր, Երբ ներսում տեղավորվե՜լ է Սերը, Եվ այդ հնամայա առեղծվա՜ծը խոր Մի՛շտ էլ դրսի՛ց է այրել ներսերը… Քայլո՜ւմ ես հիմա օտար քաղաքում, Որտեղ խենթացել են բոլո՜ր պոետները, Գիտե՞ս, որ նրանց մի մի՜տք է տանջում- Թե ո՞վ է վառել հոգուդ լույսերը: Քայլո՜ւմ ես, գուցե՜ փնտրո՞ւմ ես դու ինձ, Տխո՜ւր, անծանո՜թ դեմքերում, Սակայն ինչո՞ւ ես դողում զայրույթից Պատմելո՜վ ցավերդ քամուն… Չե՜ս գտնում, չե՛ս գտնի ո՛չ մի տեղ- Ես քո մե՜ջ եմ` քո ներսում, Եվ արյո՜ւնս ինչպես խեժ Մակարդվել է քո սրտում: Քայլո՜ւմ ես հոգնա՜ծ հարբածի նման, Քայլում ես, քայլում, թախծո՜ւմ է հոգիդ, Գուցե մի ե՜րգ ես երգում քթիդ տակ- Սիրո մի տխո՜ւր մեղեդի: … Եվ օտարալեզու հեռո՜ւ քաղաքում, Քայլում է մի կի՜ն՝ վարդագույն մի մո՜ւժ, Աչքերում թախի՜ծ, հոգում տխրությո՜ւն, Սրտին պա՜հ տված Անմոռաց մի հուշ: |