ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի այցը Հայաստան
17:07, 31.01.2020
1638 | 0

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի այցը Հայաստան



Հունվարի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ: Հանդիպման սկզբում Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին փոխանցեց Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի՝ Հայաստանում ներկայացուցչություն հիմնելու որոշման համար:
Ողջունելով իր գործընկերոջը՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան: Մենք ականատեսն ենք մեր երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Ունենք շատ լավ երկկողմ օրակարգ, որը ներառում է տարբեր ոլորտներ, մենք առևտրի ու տնտեսական ոլորտներում, քաղաքական երկխոսության առումով արձանագրել ենք լավ ցուցանիշներ: Այս այցը կոչված է ակտիվացնելու մեր երկխոսությունը. ակնկալվում է բարձր մակարդակի այցերի շարունակականություն:

Մենք պատրաստակամ ենք ձևավորելու հարթակ մեր հասարակությունների, ժողովուրդների միջև տարբեր բնագավառներում սերտ համագործակցության համար, ինչպիսիք են՝ առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության ոլորտները:
Լինելով գրեթե երկու տարվա կառավարություն՝ մենք խիստ հետևողական ենք՝ շարունակելու բարեփոխումների գործընթացն ընտրությունների ընթացքում մեր հասարակությունից ստացած լայն մանդատի հիման վրա: Մեր ջանքերը ստանում են նաև միջազգային աջակցություն, ունենք ուժեղ հանձնառություն, լուրջ տրամադրվածություն՝ շարունակելու այս ուղղությամբ համագործակցությունը նաև մեր գործընկերների հետ:
Ձեր այցը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ ականատես ենք հետաքրքիր զարգացումների տարածաշրջանում և աշխարհում, ինչը նույնպես հանդիսանալու է մեր այսօրվա օրակարգի մաս: Ջերմորեն ողջունում եմ Ձեզ և ակնկալում եմ արդյունավետ քննարկում»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկն ընդգծեց. «Ինձ համար սա մեծ պատիվ է, և ուրախ եմ լինել Նիդերլանդների առաջին ԱԳ նախարարը, ով այցելում է Հայաստան: Մենք խիստ հետաքրքրված ենք այստեղ տեղի ունեցող զարգացումներով և շատ ենք կարևորում այն առաջընթացը, որին ականատես ենք եղել այս տարիներ ընթացքում»:


Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս հետագա ամրապնդման ուղղությամբ քայլերի կարևորությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման միջոցով:
Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում արտգործնախարարներն ուղենշեցին առկա մեծ ներուժի լիարժեք կիրառման համար ձեռնարկվելիք քայլերը՝ որպես հեռանկարային ուղղություններ, ի թիվս այլոց, առանձնացնելով խելացի կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, բանկային ոլորտները:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ երկուստեք արժևորվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի համար՝ ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնային նշանակությունը:
Իր նիդերլանդացի գործընկերոջը ներկայացնելով ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործընթացը՝ նախարար Մնացականյանը կարևորեց այդ օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային և տարածաշրջանային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը և առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը Ստեֆ Բլոկին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։
Հանդիպման ավարտին Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:


Այցի օրն առավոտյան Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բլոկի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը դիմավորողների և ուղեկցողների թվում էր Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
579 | 0
դեպի վեր