ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Թուրք» անվան ծագման վարկածներից մեկը
23:41, 23.02.2020
5445 | 0

Թեպետ Չինաստանն առաջին երկիրն էր, որ մեծ վնասներ է կրում Թուրքեստանի թափառականներից ու երկար ժամանակ ենթարկվում է նրանց տիրապետությանը, բայց և այնպես չի կործանվում և պահպանում է իր ազգային ինքնուրույն ամբողջականությունը, նվաճողներին հպատակեցնում է իր մշակույթին և, ի վերջո, կարողանում է թափառական ցեղերին ու ժողովուրդներին մղել դեպի արևմուտք:

Արևմտյան Թուրքեստան ներթափանցող այդ քոչվորները, մահ ու ավեր սփռելով հանդերձ, նաև միջնորդ եղան չինական քաղաքակրթության ու արևմտյան ազգերի միջև:

Այս տարածքների բնակիչների մասին առաջին տեղեկությունները չինացիներն են գրի առել: Մ.թ.ա. 6-րդ դարում բուն Չինաստանի հյուսիսային և մասամբ հյուսիսարևելյան մասում եղել է մի պետություն, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 12-րդ դարից ի վեր: Այս պետության դեմ չինացիները մշտական պատերազմներ են մղել: Այս պետության ազգություններին չինացիները «հիունգ նու» հավաքական անունն են տվել: Իսկ մեր թվականությունից մեկ դար առաջ չինացիները կարողանում են նրանց քշել դեպի արևմուտք: «Հիունգ նու» հավաքականության մի մասն անցնում է Տյան Շանը և զբաղեցնում է Արևմտյան Թուրքեստանի հյուսիսարևելյան մասը՝ մինչև Օքսուս (Ամու Դարիա) գետը, իսկ մյուս, որին չինացիները «Արևմտյան Հիունգ նու» են անվանում, մնում է Արևելյան Թուրքեստանում: Մեր թվականության 5-րդ դարի վերջերին այս ազգություններն ու ցեղերը, վերստին համախմբվելով, ստեղծել են մի պետություն, որը տարածվել է մինչև Ալթայ: Այս նոր հավաքականությանը չինացիները «թու քիու» անունն են տվել, որը հնչյունափոխվելով, դարձել է «թուրք»: Սրանց որպես վարձկան զորք օգտագործել են Սասանյան Իրանը և մանավանդ Աբբասյան խալիֆայությունը: Եթե խազարները Կասպից ծովի հյուսիսային մասերով մտել են Հյուսիսային Կովկաս, ապա օղուզները 11-րդ դարում Կասպից ծովի հարավից հասել են մինչև Փոքր Ասիա: Թեև Աբբասյան խալիֆայության զորքերում կային թուրք վաձկանների խմբեր, որոնք կռվում էին Բյուզանդիայի դեմ, այնուամենայնիվ նրանց հաստատվելը Փոքր Ասիայում սկսվում է միայն սելջուկյան արշավանքներից հետո:

Այժմ Արևմտյան Թուրքեստանի՝ վերն հիշատակված հիունգ նուերի մասին: Պարսիկները Թուրան են անվանել այն բոլոր երկրները, որոնք Օքսուս գետից դեպի հյուսիս էին գտնվում: Այդ կողմերում ապրող բոլոր ազգությունները, նստակյաց, թե վաչկատուն, նրանց համար թուրանցիներ են համարվել: Քանի դեռ իսլամը չէր ներթափանցել Իրան, թուրանցիների դեմ այս երկիրն ամուր պատվար էր: Բայց քանի որ Արևմտյան Թուրքեստանի ազգությունների մղումը դեպի արևմտյան երկրներ անկասելի էր, ուստի նրանք արևմուտք ներթափանցելու այլ ճանապարհ բռնեցին: Այդ ճանապարը նրանց տանում էր Կասպից ծովի հյուսիսային ափեր և այնտեղից՝ Եվրոպայի արևելյան մեծ հարթավայր, որը սփռված էր Վոլգա և Դանուբ գետերի միջև:

Ովքեր ընթերցել են սույնին նախորդած հոդվածները, արդեն գիտեն, թե հույները, ըստ առասպելաբանության, ինչու են այս թուրքական ժողովուրդներին «սկյութ» անվանել: Եվ ահա, երբ Արևմտյան Թուրքեստանի ազգություններն սկսում են ներթափանցել Եվրոպա, եվրոպացիներն այդ «սկյութ» անունը տարածում են նաև Թուրքեստանում մնացածների վրա: Բայց որոշ ժամանակ անց այդ անունն անհետանում է՝ փոխարինվելով «հոն» անվամբ, որը համապատասխանում է չինական «հիունգ նու» -ին: Հայերին «հոն» անունը 5-րդ դարում արդեն հայտնի էր: Այդ ժամանակներում հոների բնակեցրած հիմնական տարածքը եղել է Կովկասյան լեռները, որտեղից նրանք հաճախ հարձակվել են Հայաստանի վրա, բայց հաճախ էլ, դաշնակցել են հայերի հետ: Հոները, հռչակավոր Աթիլլայի առաջնորդությամբ, Կովկասից արշավում են Արևմտյան Եվրոպա ու մեծ նվաճումներ է կատարում:

Իսկ հոների մի այլ ցեղախումբ էլ, որ հաստատվել էր Կասպից ծովի հյուսիսային և հյուսիսարևմտյան ափերին, հայտնի էր «խազար» անվամբ:

Վեցերորդ դարից հետո, սակայն, Արևելյան Թուրքեստանում ձևավորված պետությունը, որին չինացիները «Թու Քյու» անունն էին տվել, սկսում է դեպի արևմուտք ընդարձակվել, և այդ ժամանակից է, որ «թուրք» անունը ոչ միայն սկսում է դուրս մղել «հոն» և «թուրանցի» հավաքական անունները, այլև ինքն է դառնում հավաքական անուն ավելի ընդարձակ առումով, այնքան ընդարձակ, որ այլևս «թուրք» են անվանվում Խաղաղ օվկիանոսից մինչև Բալթիկ ծով սփռված թուրքալեզու ազգությունները:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
275 | 0
09:44, 13.04.2024
367 | 0
11:39, 08.04.2024
398 | 0
09:16, 06.04.2024
349 | 0
08:44, 03.04.2024
289 | 0
դեպի վեր