ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Քաղկեդոնի եկեղեցական ժողովը հայության համար իսկական աղետ է դարձել (4)
19:17, 02.05.2020
3629 | 0

Քաղկեդոնի ժողովի բացասական ազդեցությունն առավել մեծ է եղել Արևելքի քրիստոնյա ժողովուրդների վրա: Ժողովի ընդունած քրիստոսագիտական նոր «հավատո հանգանակ» -ը մեծ խառնակություններ է առաջացրել Երուսաղեմում, Ալեքսանդրիայում և Անտիոքում: Միաբնյա վարդապետությունն առավել համահունչ է եղել արևելյան ազգերի աշխարհայացքին ու հոգեբանությանը: Ահա թե ինչու, Քաղկեդոնի ժողովին ի պատասխան, Երուսաղեմում ապստամբություն է սկսվել, որը ղեկավարել են 1000 վանականներ: Այս վանականներն ամեն տեղ ասել են, թե Քաղկեդոնի ժողովը նեստորականություն է ընդունել, թե որոշել է, որ Քրիստոսի մեջ երկու Որդի, երկու Քրիստոս և երկու անձ կա: «Քրիստոսասեր» ապստամբները բռնություններ են գործել և արյուն են հեղել նույնիսկ Քրիստոսի գերեզմանին: Անկարգություններն առավել մեծ մասշտաբի են եղել Ալեքսանդրիայում: Կայսերական կառավարությունը մեծ դժվարությամբ է կարողացել ճնշել անկարգությունները, բայց այդ արմատական գործողությունների արդյունքում Արևելքը կորսվել է քրիստոնեության համար: Քաղկեդոնի հարուցած դժգոհությունը շարունակվել է շուրջ 200 տարի, և այդ ընթացքում աֆրիկյան և սիրիական բազում ցեղեր օտարացել են Բյուզանդիայից, և այդ օտարացումն անդրադարձել է Բյուզանդիայի ճակատագրի վրա:

Լևոն պապը, Պուղքերիա կայսրուհին և Մարկիանոս կայսրը (այս երեքն էլ սրբադասվել են) այս ժողովով, ըստ էության, հող են նախապատրաստել իսլամի հաղթական արշավանքների համար. բյուզանդականությունն այնքան էր զզվեցրել Աֆրիկայի հյուսիսի և Արաբական թերակղզու ցեղերին, որ նրանք հոժարությամբ իսլամ են ընդունել:

Մնում էր հայ եկեղեցին արտահայտեր իր վերաբերմունքը Քաղկեդոնի ժողովի նկատմամբ, որին նա չէր մասնակցել: Քաղաքական հանգամանքների պատճառով դա տեղի է ունեցել ավելի քան հիսուն տարի անց: Հայոց եկեղեցու այս կատարյալ անտարբերությունը, այս առանձնացումը պայմանավորված է եղել նրանով, որ հայոց եկեղեցու կենտրոնական իշխանությունը, ինչպես նաև հայ հոգևորականության մեծամասնությունը գտնվել է պարսից իշխանության ներքո, և պարսից իշխանությունը թուլ չի տվել, որ բյուզանդական եկեղեցական ու քաղաքական իշխանությունները միջամտեն իր տարածքում գտնվող հայ հոգևորականության ներքին կյանքին, ճնշում գործադրեն նրա վրա: Միայն 506 թվականին, երբ պարսկական Հայաստանը Բյուզանդիայի տիրապետության տակ է հայտնվել, Դվին մայրաքաղաքում, Բաբգեն կաթողիկոսի հրավերով և ղեկավարությամբ, գումարվել է եկեղեցական ժողով՝ զանազան հարցեր քննելու և կարգավորելու համար: Այդ հարցերից մեկն էլ եղել այն, թե ինչ վերաբերմունք պետք է ունենալ Քաղկեդոնի ժողովի նկատմամբ: Բյուզանդիայի Անաստաս կայսրը՝ համոզմունքով միաբնյա, հովանավորել ու խրախուսել է հակաքաղկեդոնական շարժումը թե՛ կայսրությունում, թե՛ նրա սահմաններից դուրս: Նա հասկացել է, որ տարբեր պատմական անցյալ, մշակույթ ու լեզու ունեցող ազգերին թեկուզ բռնությամբ անհնար է մեկ աշխարհայացքի ներքո միավորել: Ուստի թույլ է տվել, որ քաղկեդոնականությանը հակառակ վարդապետությունն էլ ազատորեն պաշտպանի իր սկզբունքները:

Դվինի ժողովը, միգուցե պայմանավորված բյուզանդական իշխանությունների թելադրանքով, կամ էլ իր հին դավանանքին հավատարմության մղումով, հակաքաղկեդոնական որոշում է ընդունել: Բայց հենց այդ որոշմամբ էլ սկիզբ է դրվել հայության համար մի ճակատագրական վեճի, որն իր մեջ պիտի ներառներ նաև ազգային ինքնորոշումը:

Դվինի ժողովին մասնակցել են նաև Վրաց և Աղվանից կաթողիկոսները: Այդ ժամանակներում Վիրքի և Աղվանքի եկեղեցիները կախում են ունեցել հայոց եկեղեցուց: Վկայություններ կան, որ 6-րդ դարում վրաց կաթողիկոսներին հայոց կաթողիկոսներն են ձեռնադրել: Հայերը, վրացիները և աղվաններն այն ժամանակներում մեկ ընդհանուր եկեղեցական կյանքով են ապրել, և այդ կյանքի մեջ Հայաստանը կատարել է քրիստոնեական քաղաքակրթության միջնորդի դեր՝ Արևմուտքից յուրացրածը հաղորդելով իր հարևան և եղբայր ժողովուրդներին: Նրանք երեքն էլ մեկ ընդհանուր կրանական աշխարհայացք, մեկ ընդհանուր պաշտամունք են ունեցել: Հայ ուխտավորները հասել են մինչև Մցխեթ՝ այնտեղի ազգային մեծ սրբությանը՝ Սուրբ խաչին երկրպագելու: Վրացիներն էլ եկել են Վաղարշապատի կաթողիկեին ուխտ անելու: Ծեսերն ու սովորություններն էլ միատեսակ են եղել: Այն ժամանակ վրաց եկեղեցին ընդունել է մատաղի սովորությունը, «Առաջավորաց» պաս է պահել, ընդունել է հայ եկեղեցում առ այսօր պահպանվող կարգերը:

Այդպես էլ պետք է լիներ, որովհետև Մաշտոցը գրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար: Բայց վրացիներն աղվաններից անհամեմատ ընդունակ են եղել ազգային գրականություն ու մշակույթ ստեղծելու ասպարեզում: Կան բազմաթիվ փաստեր, որ վրաց հնագույն գրականության շատ հիշատակարաններ թարգմանված են հայերենից: Հայաստանն այն ժամանակ այն միջավայրն է եղել, որ ընդունել է արևմտյան հարևանների, մասնավորապես հույների, գրական գործերը և տվել է հյուսիսային հարևաններին:

Սակայն հայ-վրացական հարաբերությունների մեջ սուր հակասություններ են սկսվել: Ազգայնական ձգտումները միշտ էլ դրան են հանգեցնում: Վրաստանի մի շարք մարզերում գերիշխանության հավակնող հայերենի տարածմանն աջակցել է հայ եկեղեցին: Բայց վրաց ազգայնականությունը հակադրվել է այդ ձգտմանը, առաջ է մղել իր իրավունքները: Այդ իրավունքները ձուլվել են վրացական եկեղեցին ազգայնացնելու գաղափարի մեջ, որն իրագործվում է 7-րդ դարի սկզբում՝ վրացիներին անջատելով հայերից և կրոնական օտարացման պարիսպը կառուցելով իրար այնքան մոտ երկու ազգերի միջև:

(շարունակելի)

Նկարում՝ Անաստաս կայսրի դրամը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
169 | 0
դեպի վեր