Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ուրիշի միտքը
09:25, 10.05.2020


Այսօր մենք ուշ վերադարձանք տուն:

Մենք, այսինքն ես և իմ մտքերից մեկը, որը միշտ ինձ աշխատանքի է ուղեկցում, իսկ աշխատանքից վերադառնալիս շքամուտքում անհայտանում:

Ուր է գնում չգիտեմ, չեմ հետքրքրվել, բայց մեկ օր անպայման կհարցնեմ, իսկ հիմա հոգնած եմ ու չեմ կարողանում հասկանալ թե ինչու այսօր բարձրացավ իմ բնակարան ու հիմա էլ կծկվել է դռան մոտ ու տարօրինակ հայացքով նայում է թե ինչպես եմ առանց հանվելու մեկնվել մահճակալին:

- Դու սուրճ կարո՞ղ ես պատրաստել:

Ուսերն է բարձրացնում- այսինքն ոչ:

- Դու չես էլ կարո՞ղ ինձ խնամել կերակրել կամ նման մի բան:

Ուսերն է բարձրացնում- այսինքն ոչ:

Շատ տարօրինակն է, այսինքն ինչու զարմանալ իմ մտքերից է, բայց այս մեկը շատ համառն է:

Ես նրա մասին ոչինչ չգիտեմ, դե ավելորդ բաներ չեմ էլ ուզում իմանալ, չնայած զգում եմ որ նա հիվանդ երևակայություն ունի:

Լավ, վաղը նրան ամեն ինչ կասեմ, թող այդպես կծկված մնա դռան մոտ:

Թե չէ ինչ է ստացվում առանց իմ թույլտվության, ծամոնի նման կպած գալիս է ու կարծես ստվերս լինի:

Մեկն ասող լինի որտեղի՞ց հայտնվեց այդ հիմարը…


Հագնված չհասկացա ինչպես քնեցի:

Տեսա՝ կարծես հիվանդանոցի սենյակ էր, սպիտակ պատերով, թե սպիտակ ավազով մի լողափ, ինչ որ սպիտակ խալաթով բուժքույր էր, որ համբուրում էր ձեռքերս, թե լողափին թափառող մի անխնամ շունիկ, որ լիզում էր ձեռքս…

Տեսարանը տհաճ էր ու անմիջապես բացեցի աչքերս:

- Դու դեռ այստե՞ղ ես, մի՛տք…

- Այո, դեռ այստեղ եմ, բայց երևի հեռանամ, ես երևի սխալ հասցեով

եմ եկել, այսքան ժամանակ կորցրեցի…

- Այսի՞նք, չեմ հասկանում:

- Ես ուրիշի միտքն եմ, նա ինձ կանչում է, դե լավ, գնացի:

- Սպասի՛ր, իսկ ե՞ս, ես ի՞նչ եմ անելու:

- Չգիտեմ, քո մտքերից մեկին կանչիր, ես օտար եմ, դու ինձ չես սիրում:

Հեռացավ:

Հիմա ում եմ հարցնելու.

- Դու սուրճ կարո՞ղ ես պատրաստել:

Կանչում եմ իմ պատահական մտքերից մեկին՞


- Դու սուրճ կարո՞ղ ես պատրաստել:

- Վերջացել է…շաքարավազ էլ չկա…

- Ի՞նչպես, երեկ եմ գնել:

- Չգիտե՜մ:

Ստիպված ինքս եմ բարձրանում բազմոցից, գնում խոհանոց, պատրաստում սուրճ ու վերադառնում:

- Ասում էիր վերջացե՜լ է:

- Համբերությունս է վերջացել, մի՞թե չհասկացար… եթե ինձ՝ քո անձնական մտքին չես հասկանում, ուրեմն կորած ես:


Սրա հետ դժվար կլինի, ուրիշի միտքն ավելի լավն էր…չնայած սուրճ պատրաստել չգիտեր:


- Արի՜, - կանչում եմ, համոզված որ միևնույն է մենակ եմ մնալու…

Մենա՜կ…


Ս.Ումառ-Հարությունյան

Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
10:43, 21.05.2020
13:20, 13.05.2020
09:25, 10.05.2020
09:42, 19.04.2020
11:55, 02.03.2020
15:50, 25.02.2020
դեպի վեր