ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ազատություն պահանջող թութակը
10:31, 18.05.2020
6365 | 0

Բազում տարիներ շարունակ մի արտասովոր թութակ ապրում էր վանդակում: Նրա տերը՝ արդեն տարիքն առած մի մարդ, մի երեկո թեյ խմելու է հրավիրում իր հին ընկերներից մեկին, որին վաղուց չէր տեսել: Ընկերն հրավերն ընդունում է, և նրանք նստում են այն սենյակում, որի պատուհանի մոտ դրված մեծ վանդակում թութակն էր ապրում: Վաղեմի բարեկամներն հենց սկսում են թեյ խմել, թութակն սկսում է անդադար ծղրտալ՝ ազատությո՛ւն, ազատությո՛ւն, ազատությո՛ւն:

Եվ ազատության պահանջը հնչում է ոչ միայն հյուրընկալության ամբողջ ընթացքում, այլև այն ժամանակ, երբ հյուրը հրաժեշտ էր տալիս իր ընկերոջը:

Անցնում է երկու օր, բայց թութակի տիրոջ ընկերը չի կարողանում մոռանալ խեղճ թռչունի աղիողորմ պահանջը: Նա այնպիսի խորը կարեկցանքով է համակվում թութակի նկատմամբ, որ որոշում է նրան ազատել: Նա գիտեր, թե իր ընկերը տնից երբ է զբոսանքի դուրս գալիս և որոշում է օգտվել այդ բացակայությունից ու ազատագրել թութակին: Հաջորդ օրը նա թաքնվում է իր ընկերոջ տան մոտ, և հենց որ ընկերը տնից դուրս է գալիս, նա կեռիկով բացում է դուռը և մտնում է այն սենյակ, որտեղ թութակն էր: Թութակը նորից սկսում է «ազատություն» վանկարկել: Մարդը բացում է վանդակի դռնակը, որ թութակը դուրս գա, բայց թռչունը ոչ թե դուրս է գալիս, այլ ծվարում է վանդակի խորքում ու ճանկերով ու կտցով ամուր կառչում է ճաղերից: Թութակը ոչ միայն դուրս չի գալիս վանդակից, այլև շարունակում է «ազատություն» վանկարկել:

Առակն ուզում է ասել, թե ինչպես այս թութակը, այնպես էլ բազում մարդիկ, որոնք իրենց հոգու խորքում ազատության են ձգտում ու ազատություն են պահանջում, այնքան են սովորած իրենց մեծ բանտին, իրենց կարգավիճակին, որ երբ ազատությունը թակում է նրանց դուռը, չեն ցանկանում հեռանալ իրենց բանտից:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
406 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր