ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ոսկե Հորդայի ու հատկապես Ղրիմ թերակղզու ծաղկմանը մեծապես նպաստել են հայ վաճառականներն ու արհեստավորները
18:16, 20.05.2020
3882 | 0

14-րդ դարում ամբողջ Մերձավոր Արևելքն ու նաև Հայաստանը մոնղոլական Չոբանյան տոհմի տիրապետության ներքո են եղել: 1338 թվականին Չոբանի թոռ Հասան-Քուչուկը, դաշնակցելով իր հանգուցյալ հոր անվամբ գործող Կեղծ Թամուրտաշի հետ, պատերազմել է Ջելաիրյանների դեմ: Ռազմական գործողությունները հիմնականում Հայաստանում են ընթացել և մեծ վնաս են պատճառել հայ բնակչությանը: Այնուամենայնիվ, այս Հասան-Քուչուկը փոքր-ինչ մեղմել է հպատակ ժողովուրդների ծանր վիճակը և գահակալական բազմամյա պատերազմներից հետո պայմաններ է ստեղծել պետության քայքայված տնտեսության վերականգնման համար: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մի շարք հայ հիշատակագիրներ դրվատանքով են խոսել նրա մասին:

Բայց 1344 թվականի դեկտեմբերի 15-ին Հասան Քուչուկին խեղդամահ է անում իր իսկ կինը:

Սկսվում է գահակալական կռիվ, և վճռական մարտից հետո իշխանությանը տիրանում է Հասանի եղբայրը՝ Մելիք-Աշրաֆը: Սա գահակալ է հռչակում մի խամաճիկ խանի ու նրա անունից միանձնյա թագավորում է 13 տարի՝ անասելի բռնությունների ու ահաբեկումների քաղաքականությամբ գերազանցելով իր բոլոր նախորդներին:

Բոլոր ժամանակագիրներն անխտիր այս Աշրաֆին բնորոշում են որպես նենգ ու արյունարբու կեղեքիչ, որն ունեզրկել ու հարստահարել է ոչ միայն հասարակ ժողովրդին, այլև առանց դատի բանտերն է նետում տիրող դասակարգի շատ ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների՝ վերնախավին պատկանող անձանց ունեցվածքը հափշտակելու համար: Նա ծանր հարված է հասցնում նաև երբեմնի հզոր հայ ավատատիրական գերդաստանների՝ արդեն տկար և ուժասպառ պայազատներին: Տուժում են հատկապես Զաքարյանները, որոնք դեռ շարունակում էին իշխել Անիի և Բջնիի շրջակայքում: 1350-ականներին Աթաբեկ Շահնշահ 3-րդ իշխանը զրկվում է իր բոլոր տիրույթներից: Ներսես գրիչն Անիի գրավման ու ավերման մասին հետևյալն է պատմում. «Եվ ամենայն աղետ սփռեցին բոլոր գյուղերում և ամբողջ գավառում...ծնողների աչքի առաջ սպանեցին տղաներին և տղաների աչքի առաջ՝ ծնողներին: Ում որ բռնում էին՝ գերեվարում էին ու տանջանքների մատնում, որոնց մեջ էր նաև մեծ սպասալար Շահնշահը, որը հազիվ կարողացավ ազատվել թշնամիների ձեռքից»:

Բջնի քաղաքը բռնագրավված ու հանձնված է եղել Հաճիբեկ անունով մեկին, որը, ժամանակակցի վկայությամբ, «քաղաքը հիմնահատակ քանդեց, շատ անվանի մարդկանց սրի քաշեց, եկեղեցին տապալեց, երկիրն ամայացրեց ու բոլոր քրիստոնյաներին կոտորեց»:

Այս դժնդակ պայմաններից փրկվելու ոչ մի հեռանկար չունենալով՝ երկրից արտագաղթում են հայ ավատատիրական վերնախավին պատկանող անձինք, քայքայվող քաղաքների բնակչությունը՝ հիմնականում առևտրականներ ու արհեստավորներ:

Ոսկե Հորդայի հռչակավոր խան Ջանիբեկի իշխանության տարիներին (1342 - 1357) նրա երկիրը, ինչպես վկայում է «Շեյխ Ուվեյսի պատմությունը» գրվածքի անհայտ հեղինակը, «ծաղկում ապրեց, որովհետև Մելիք –Աշրաֆի ճնշումների հետևանքով եկան այնտեղ հաստատվեցին Թավրիզի Սերահի, Արդեբիլի, Բայլականի, Պարտավի և Նախիջևանի խոջաներից շատերը»: Արտագաղթողների մեծագույն մասը հայ վաճառականներ ու արհեստավորներ են եղել, որոնք դուրս գալով ինչպես վերոհիշյալ քաղաքներից, այնպես էլ Անիից, Բաբերդից, Բերկրիից, Արճեշից և այլ վայրերից, հաստատվել են Ոսկե Հորդայում, մասնավորապես Ղրիմ թերակղզում:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
295 | 0
09:44, 13.04.2024
403 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
352 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր