ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները (սկիզբը՝ նախորդում)
18:26, 05.07.2020
5075 | 0

Հաջորդ օրը նա իր առաջնորդի հետ պիտի այստեղից գնար, այդ պատճառով կանայք ստիպված էին փոխել կացարանը: Երեկոյան նրա խոսակցությունը կնոջ հետ շարունակվեց:

-Բացատրի՛ր, որտե՞ղ է այդ ոսկին, որի մասին ասացիր ինձ, - հարցրեց նա, երբ անկողին մտան:

-Տղամարդկանց հոգիները հաստատուն չեն, փոփոխական են, - պատասխանեց Գենը: Դու ինձ նոր ասացիր, թե ես ու դու ամուսնու և կնոջ նման ենք, իսկ վաղը, երբ փողերն ստանաս, ինձանից անմիջապես երես կթեքես, մեկ ուրիշին կգտնես, ու նա կդառնա հարուստի կինը: Եթե դու ինձ երդվես, որ մինչև մազերդ ճերմակելն ինձ հետ կապրես, գաղտնիքը կբացեմ՝ կասեմ, թե որտեղ են թաքնված փողերը:

Ավազակը ցատկեց անկողնուց և, ծնկի իջնելով, երեսը դեպի երկինք ուղղեց:

-Թող տասը հազար թուր ինձ կտոր-կտոր անի, եթե ես քեզ դավաճանեմ, - ոռնաց նա:

-Ա՛յ հիմա կարող եմ քեզ պատմել՝ չթաքցնելով, - խոսեց Գենը՝ օգնելով նրան, որ բարձրանա: - Իմ սկեսրայրը, որ մի քանի տարի առաջ մեռավ, մեր կողմերում հայտնի հարուստ է եղել: Ամուսինս, տեսնելով, որ խառնակ ժամանակներ են սկսվում ու կյանքը վտանգված է, հավաքեց մեր բոլոր խնայողությունները (իսկ նա կուտակել էր առնվազն հիսուն հազար ոսկեդրամ տարատեսակ զարդեղենի ու անոթների հետ միասին), խորը փոս փորեց ու այդ ողջ հարստությունը թաղեց այդտեղի թաքստոցում: Այնտեղ այնքան բարիք կա, որ մենք միասին ամբողջ կյանքում չենք կարողանա ծախսել:

-Վախենամ՝ դրանք արդեն տարած լինեն, - կասկած հայտնեց երիտասարդ պարագլուխը:

-Դրանց մասին միայն ես ու ամուսինս ենք իմացել: Ամուսնուս դուք, հաստատապես, սպանել եք (ես նրա մահը սեփական աչքերովս տեսա), կնշանակի, բացի ինձանից, ոչ ոք փողերի գոյության մասին չգիտե: Բացի այդ, դրանք ամայի վայրում են թաղված, որի մասին նույնիսկ ոգիներն են անտեղյակ, էլ ինչ մնաց մարդիկ իմանան: Չի կարելի, որ ես ինքս այնտեղ գնամ, որովհետև հարևաններն անմիջապես կկռահեն: Այդ պատճառով, երբ ես քեզ կասեմ այն տեղի անունը, որտեղ գտնվում է գաղտնարանը, դու այնտեղ մենակ կգնաս, իսկ ինձ առայժմ տեղավորիր իմ հարազատներից մեկի տանը:

-Ես տեղ չունեմ, որ քեզ այնտեղ թողնեմ, չէ՞ որ մենք ազատ մարդիկ ենք: Մենք ազգականներ չունենք, - գոռաց պարագլուխը: - Դու ասացիր թաքստոցի մասին: Ասա՛, թե որտեղ փնտրեմ. ձեր տեղանքն ինձ լրիվ անծանոթ է: Ամենաճիշտն այն է, որ մենք այնտեղ միասին գնանք:

-Թո՛ղ լինի միասին: Բայց այդ դեպքում մենք այնտեղ թաքուն պիտի գնանք: Մենք աղքատի նման կհագնվենք ու ճանապարհին կմուրանք: Այդ դեպքում մեզ ոչ մեկը չի կասկածի;

-Հնարամի՛տ է, - ուրախացավ ավազակը: - Բայց եթե մենք սկսենք ողորմություն հավաքել, ապա որտե՞ղ թաքցնենք մեր ամբողջ կահկարասին: Մենք չե՛նք կարող այն մեզ հետ քարշ տալ:

-Այդ առումով ես մի ծրագիր ունեմ: Իրերը մենք հանգույց կանենք, իսկ գիշերը, երբ բոլորը կքնեն, կտանենք գետի մոտ ու խորը տեղում ջուրը կիջեցնենք: Հասկանալի է, որ պետք է տեղը լավ մտապահել: Հենց որ գտնենք թաքստոցը, հետ կդառնանք ու կվերցնենք մեր հարստությունը:

Հուզված ավազակը պինդ գրկեց կնոջը, ու նրա շրթունքներից հավանության ու հիացմունքի խոսքեր հորդեցին: Նա անդադար բացականչում էր. «Դու այդ ինչքա՜ն խելացի ես: Ի՜նչ սիրունն ես: Որքա՜ն շատ ես ինձ սիրում»:

-Չեմ պատկերացնում, թե նախորդ կյանքում ի՜նչ բարի գործեր եմ արել, որ հիմա կողքիս ունեմ այնպիսի մի կին, ինչպիսին դու ես, ի՛մ փառահեղ տիկին, - բացականչեց նա: - Դու իմ իսկական հարստությունն ես: Ինչպես երևում է, ես հաստատ շատ լավ գործեր եմ արել:

Իրար պինդ սեղմվելով՝ նրանք գնացին օթյակ: Ավազակը մտածում էր վաղվա օրվա մասին, երբ կավարտվի կնոջ դաշտանը, և ինքը, ժողովելով իր արական ամբողջ ուժը, պատշաճ ուրախություն կպարգևի այն կնոջը, որ հետո իր՝ հարուստ տղամարդու կինն է դառնալու: Այդ գիշեր ավազակը ուրիշ կանանց մոտ չգնաց:

Երրորդ օրը երիտասարդ պարագլուխը նորից ստիպված եղավ հետևել ավագ պարագլխի ջոկատին: Ճանապարհին նրան երկու աղքատ հանդիպեցին՝ ամենայն հավանականությամբ՝ մարդ ու կին: Ավազակը, երկար չմտածելով, նրանց հագուստները խլեց ու տվեց Գենին:

-Երևում է՝ երկինքն ինքը մեզ այս ընծան մատուցեց, - ասաց նա ու հետաքրքրվեց, - դաշտանդ ինչ ընթացքում է, դադարե՞լ է, թե՝ ոչ:

-Այո՛, այո՛, դադարել է, հանգստացրեց նրան կինը: Ավազակի դեմքին գոհունակ ժպիտ շողաց:

Նա ոգևորությամբ ձեռքերը շփեց՝ կանխավ վայելելով գիշերային հաճույքը: Կեսօրից հետո կինը հանկարծ փլվեց անկողնուն և օդը լցրեց ցավագին ճիչերով: Վախեցած տղամարդը հարցրեց, թե ինչ է պատահել իրեն:

-Ինքս էլ չեմ հասկանում, - պատասխանեց Գենը: -Բայց փորիս ներքև մասում հանկարծ բաժակի մեծության ուռուցք է հայտնվել: Երևում է, վարակ է մտել մեջս, մեկ ջերմում եմ, մեկ՝ մրսում: Ցավերին չեմ դիմանում:

-Իսկ որտե՞ղ է ուռուցքը, - անհանգստացավ տղամարդը:

Գենը բարակ մատիկով փորի ամենաներքևի մասի վրա կտտացրեց:

-Ահա՛ այստեղ, գոտկատեղիցս ներքև:

-Բայց, ախըր, այդտեղ իմ երջանկության դարպասն է: - Ավազակը խիստ հիասթափվեց: - Ահա՜, թե ուր է հասել այդ գարշանքը:

Որպեսզի անձամբ համոզվի, նա վեր քշտեց մետաքսյա շրջազգեստը և տակի վարտիքի ճեղքը լայնացրեց: Այն տեղում, որին «կյանքի դարպասներ» անունն են տալիս, նա տեսավ, որ հասպիսագուն մաշկն ուռել էր ու մուգ մանուշակագույն երանգ էր ձեռք բերել:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
276 | 0
09:44, 13.04.2024
367 | 0
11:39, 08.04.2024
398 | 0
09:16, 06.04.2024
350 | 0
08:44, 03.04.2024
289 | 0
դեպի վեր