ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Վարդինե Իսահակյան. Նարեկը
00:48, 04.08.2020
4359 | 0

Վարդինե Իսահակյան. պատմվածքներ


Նարեկը



Ինքնաթիռի պատուհանի մոտ նստած թխամորթ երիտասարդի աչքերը
խունացած էին։ Մյուս ուղևորները երկարատև թռիչքի ընթացքում քնել էին, իսկ Նարեկն անքթիթ դեպի երկինք էր նայում։ Հեռվում թողնելով շուրջ երկու տասնամյակ ապրած իր կյանքի մանր մունր չարաճճի հիշողությունները, մեծ ու փառավոր ակնթարթները, սիրո տխուր պատմությունը, Նարեկը մեկնում էր միացյալ նահանգներ մորեղբոր մոտ լավ աշխատանք ու բարեկեցիկ կյանք ունենալու երազանքով։ Թռիչքի անվերջանալի թվացող ժամերը նրա համար մտորելու, ամեն բան ծանրութեթև անելու հնարավորություն էին։ Վերջին օրերին մարդկանց հոսքը չէր դադարում իրենց տանը, բոլորը գալիս էին հրաժեշտ տալու, բոլորի հայացքում տխրություն կար։ Նարեկը նայում էր հյուրերին ու իրեն բնորոշ հմայիչ ժպիտով, տխրության դրդապատճառները խնամքով թաքցնելով՝ ասում.
-Ամեն ինչ լավ կլինի, ոչ մի արցունք։ Ժպիտով հրաժեշտ տվեք ինձ,
հաջորդ տարի գալու եմ...
Ասում էր ու ինքն իր ասածին չէր հավատում։ Գիտեր, որ էլ չի գա, ոչ մյուս տարի, ոչ էլ դրան հաջորդող տարիներին։ Հայրենիքում որքան փառքի ու ճանաչման արժանացավ, նույնքան էլ արդիական խնդիրների բախվեց։ Տեսավ սոսկալին, հանդիպեց մահվան հետ դեմ հանդիման և գերբնական բնազդով սեղմեց ձգանը։ Սեղմեց ու հաջորդ պահին սարսափեց. «Բա որ մեր ուղղաթիռը խփած լինեմ» ։ Օդում սոսկալի շաչյուն լսվեց, ռազմական հարվածային ուղղաթիռը հռնդյունով ընկավ դաշտում։ Պայթյունի ուժգին ալիքից Նարեկն ու ծառայակից ընկերը շպրտվեցին մի քանի մետր հեռու... Աչքերը բացեց դիրքի ավագի ձայնից. «Նարեկ, Նարեկ, ո՞ղջ ես» ։ Աչքերը բացեց ու կապույտ երկնքի խաղաղ լազուրին նայելով՝ չուզեց հավատալ, որ այն ամենը ինչ կատարվեց, երազ չէր, իրականություն էր, որի արարողն ինքն էր։ Հազիվ լսելի ձայնով Արմանին հարցրեց. «Արման, ինձ կդատե՞ն։ Մե՞ր ուղղաթիռն եմ խփել» ։
Լսվեց դիրքապահ դասակի տղաների գոռոցը։ «Փախչում են, տղերք, կրակեք» ։
Արայիկը նշան բռնեց հակառակորդի ուղղությամբ ու կրակեց։ Մայորն ընկավ գետնին։ Նարեկը սթափվեց կրակոցի ձայնից և հասցրեց վերցնել կողքին ընկած նռնականետը և մնացած երկրորդ փամփուշտով նշան բռնել դեպի իրենց ուղղությամբ կրակող թշնամուն։ Հակառակորդը խոցվեց։ Դիրքի տղաները վազեցին դեպի ածխացած ուղղաթիռը։ Ուղղաթիռում գտան մոխրացած դիակ, մետաղական չհրկիզվող տուփի մեջ խնամքով թաքցրած քարտեզների մի մեծ փաթեթ։
«Դուք գիտե՞ք, զինվո՛ր, որ փրկել եք մի ողջ ճակատ, մի քանի դիրքերի տասնյակ զինվորների կյանքեր ու մեր դիրքերը, գրողը տանի։ Ըստ ուղղաթիռում եղած քարտեզների վրա կատարված գծանշումների, հակառակորդը պատրաստվում էր ևս երկու ուղղաթիռով գրոհել, այնուհետ տանկերով գրավել մեր դիրքերը», - զինվորական խստագույն տոնով ասաց պատերազմի փառավոր ուղի անցած գեներալը։ Նարեկը շիկնեց և շփոթված նայեց ներկաների դեմքերին։ «Այո, Նարեկ, դուք այս պատերազմի ընթացքը մի ճակատում կարողացանք մեր օգտին փոխել։ Հակառակորդը թերևս նախապես իրականացրած գաղտնի հետախուզության միջոցով համոզվել էր, որ այդ դիրքերում հակաօդային պաշտպանության կայաններ չունենք տեղադրած, բայց ձեր հարվածից հետո սարսափել էր հաջորդ ուղղաթիռներն ուղարկել։ Կեցցես, զինվո՛ր։ Լավ, ինչպե՞ս է մտքովդ անցել տանկ խոցելու համար նախատեսված նռնականետով ուղղաթիռ խոցել», - կատակեց գեներալն ու հայրաբար թփթփացրեց ամրակազմ զինվորի ուսին։
Պատկառազդու գեներալի խոսքերը դեռ հնչում էին Նարեկի ականջներում, կարծես երեկ լիներ։ Տարիներ են անցել, բայց ամեն անգամ խոնավ եղանակը զգացնել է տալիս ոտնաթաթին ստացած բեկորային վիրավորման ցավը, և նա վերստին վերապրում է ճակատագրական այդ օրը, ակնթարթը, որը փոխեց իր ողջ կյանքը։ Աշխույժ տղան դպրոցում վատ էր սովորում և ամեն անգամ ուսուցչուհի մայրը շիկնում էր, երբ դասղեկը պատմում էր որդու հերթական չարաճճիության մասին։
-Դե բավական է էլի Նարեկ, նստիր դասերդ սովորիր, որտեղի՞ց ես գալիս։
-Ռազմագիտության դասին տարել էին կրակելու, մամ։
-Քանի՞ ժամ ես կրակում Նարեկ, դասի ժամը վաղուց է ավարտվել...
-Մամ, դե ինձ համար նախատեսված փամփուշտները ընդամենը երկուսն էին, ես էլ ուզում էի էլի փորձել ու միացա բարձր դասարանցիներին, որ նրանց հետ էլ կրակեմ...
Մայրը խորը հոգոց էր հանում, մոտենում համբուրում արևից սևացած որդու ճակատը ու գիրկն առնում անհնազանդ պատանուն։
-Նրա դեմն առնել չի լինի, շուտով բանակ գնալու տարիքն է, բա որ առաջնագիծ տանեն, -երեկոյան մայրը մտահոգ ասում էր ամուսնուն, - զգուշությունը չգիտի ինչ բան է, մինչև ծառայի գա, կես մարդ կդառնանք...
Գարնանային զորակոչի օրը չուշացավ։ Նարեկն առաջին անգամ էր լսում այն տեղանունը, որը գրված էր վիճակահանությամբ իրեն բաժին հասած թղթի վրա։
-էդ որտե՞ղ է, - հարցրեց կողքին կանգնած նորակոչիկին։
- Երեք երկրների սահմանին, նորակոչի՛կ, - պատասխանեց հեռվում կանգնած մայորը։ Նարեկը հետաքրքրությամբ սպասում էր դիրքեր գնալու օրերին։
-Նռնականետ եմ կրակելու, -ամիսներ անց հեռազանգելով՝ ուրախ տրամադրությամբ ասաց հորը, -դա ընտրեցի, մի քիչ ծանր զենք է, բայց տանկ խփել կսովորեմ։
-Զգույշ կլինես տղա ջան, -հուզմունքից արտասվելով ասաց մայրը։
Սահմանային դիրքերը հրաշալի բնապատկեր ունեին, Արաքսի ափով մեկ ձգվող կանաչ դաշտերը Նարեկը շատ սիրեց։ Ծառայակից տղաների հետ արագ ընկերացավ և հակառակորդի դիտակետից բխող վտանգը չհաշված, դիրքապահի օրերն անցնում էին ուրախ, հումորով լի պատմություններով։ Նարեկը հաճախ էր նայում ցասումով շառաչող գետին և մտածում. «Ինչո՞ւ է Արաքսը միշտ պղտոր» ։ Արայիկը, որ դպրոցում ավելի լավ էր սովորել, պատասխանում էր. «Քանի որ յուր զավակները անվերջ կմնան պանդուխտ, Արաքսը չի հանդարտվի, մռնչալու է, սևափրփուր ջրերով փախչի իր ափերից...» ։
Ծառայության քսան ամիսների ընթացքում հակառակորդի որևէ հարձակում կամ դիվերսիոն ներթափանցման փորձ չեղավ։ Վերջին ամիսներին աննախադեպ լռություն էր, կրակոցները հազվադեպ էին դարձել։ Մոտենում էր Նարեկի ծննդյան օրը, որոշեցին դիրքեր բարձրանալուն պես սեղան գցել և ծառայակիցների հետ վերջին տարեդարձը նշել, երկու ամսից զորացրվում էին...
-Նարե՛կ, տորթ ունես, արի վերցրու, - ձայնեց պահակակետի հերթապահը։
-Մամ ջան, խի՞ ես նեղություն քաշել ախր, - ասաց մորը հեռազանգելով։
-Ի՞նչ նեղություն, Նարեկ ջան, բա ծնունդդ է, մի տորթ չուղարկե՞ի։
-Հենց ծննդյանս օրը բարձրանում ենք դիրքեր, մամ, տղերքի հետ կուտենք, ծնունդս կնշենք, ապրես մամ ջան։ Դեռ չէին ավարտել ծննդյան օրվա շնորհավորանքները, կապ տվեցին.
-Շնորհավոր տարեդարձդ, զինվո՛ր, քեզ բարի վերադարձ հայրենի օջախ:
-Համեցեք պարոն հրամանատար, անգամ տորթ ունենք դիրքերում՝ ծննդյան օրվա իսկական տորթ, մայրս է թխել:
-Դրա ժամանակը չի, անուշ արեք, դիրքի ավագ, ուշադիր ինձ լսեք... Զգոն եղեք, հակառակորդի տանկեր են նկատվել մոտակայքում, հնարավոր է դեպի ձեր դիրք գան: Նարեկը սթափվեց, զգաց՝ ինչպես արյունը տաք շիթով հոսեց երակներում։ Առաջին անգամ պետք է իրեն կցագրված զենքով կրակեր։ Նա նռնականետը հավաքեց և պատրաստ պահեց: ժամերն անցան, տանկեր չհայտնվեցին։ Նարեկը հերթափոխը հանձնեց և իջավ գետնատնակ հանգստանալու։ Դեռ չէր հասցրել պառկել, երբ ինչ որ հուժկու ձայն լսեց, զենքը վերցրեց և դուրս թռավ գետնափոր տնակից։ Չհասցրեց կոշիկ հագնել, էլ ուր մնաց զրահաբաճկոն։ Տանկ չտեսավ, գլխավերևում հարվածային ուղղաթիռն էր և հարևան դիրքի վրա նետած արկի պայթյունից երկինք բարձրացող ծուխը։ Նարեկը նայեց օդային մետաղե հսկային դեպի իրենց դիրք շարժվելիս և բնազդով զենքն ուղղեց դեպի վերև... Ձգանը քաշեց, մեծ ճնշումը թափահարեց նրան, ապա լսվեց հուժկու պայթյուն։ Ուղղաթիռը պտույտ գործեց օդում ու վայր ընկավ...
«Զինվոր, դուք կողմնորոշվել եք արագ, գործել եք անվարան, կրակել անվրեպ», - լսեց հրամանատարի ձայնը։
«Այո՛, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել, եթե գեթ մեկ ակնթարթ երկմտեիք, հապաղեիք կամ վախենայիք, մենք կկորցնեինք այս ուղղության դիրքերը ևս»:
«Բա չեք խոսում զենքի մասին, պարոն գնդապետ… Զենքն էլ ոչ այլ ինչ էր, քան հակատանկային նռնականետ՝ նախատեսված տանկերի համար:
Դրանով ուղղաթիռ խոցե՞լ… Դա չլսված բան էր», - սպայակազմը շարունակում էր քննարկումները, իսկ Նարեկին տեղափոխեցին հոսպիտալ։ Նա գնալով վատանում էր, դեմքն առավել գունատ էր, ուղղաթիռի բեկորից ոտնաթաթի վիրավորում էր ստացել։ Տեղի հոսպիտալում նրա հետ պառկած էին նաև մարտական գործողությունների մասնակից սպաներ, զինվորներ։ Քննարկումները պարզորոշ պատկերացում տվեցին՝ ինչ էր կատարվել հարևան դիրքերում։ Լայնածավալ հարձակում հակառակորդն իրականացրել էր ճակատի ողջ երկայնքով, իրենց դիրքերը մնացել էին անձեռնմխելի։
-Որոշ դիրքեր թշնամին գրավեց, տասնութ զինվոր ու սպա գերեվարված են, թե զոհված, դեռևս հայտնի չէ, -պատմում էր հրամանատարական դիտակետի վիրավոր զինվորը, ում կարողացել էին հասցնել բլրի հետևում սպասող շտապ օգնության մեքենա։
-Մի քանի դիրքերում սպաներն ու զինվորները ուղղակի մոխրացել են հարվածային անօդաչուի պայթյունից... Նարեկը տեղեկացավ, որ պաշտպանական գծի մյուս հատվածում ևս զինվորը հրթիռ է արձակել և խոցել մարտական դիրքերի ուղղությամբ հրթիռներ արձակողհակառակորդի ուղղաթիռը։ Հպարտության անթաքույց զգացումը կրծքի տակ փոթորկում էր։
Երկու ամիս անց զորացրվեց և վերադարձավ տուն։ Գրեթե ամեն օր հարցազրույցների էր մասնակցում, նկարահանումների։ «Գիտեի, որ նռնականետը նախատեսված չէ օդային նշանակետ վերացնելու համար, բայց այդ պահին, եթե ձեռքիս ինքնաձիգ էլ լիներ՝ կրակելու էի, մտածելու ժամանակ չկար, վախենալու ժամանակ չկար: Գործելու ժամանակն էր», - ամոթխած ժպիտով պատասխանում էր նա։ Նրանց տունը միշտ բազմամարդ էր, ծնողները հաճախ էին հյուրընկալում լրագրողների, ծանոթ անծանոթ մարդկանց, պատմում որդու սխրանքի մասին, ցույց տալիս նրա մանկության, պատանեկության լուսանկարները, Նարեկի՝ հինգերորդ դասարանում նկարած նկարը՝ տանկեր և ուղղաթիռ, և գրած շարադրությունը. «Ես ատում եմ պատերազմը, քանի որ պատերազմի ընթացքում շատ անմեղ զինվորներ են զոհվում, ես ուզում եմ միշտ խաղաղություն լինի»: Պապը հպարտությամբ էր պատմում թոռան սխրանքի մասին և շեշտում, որ Նարեկն իր դաստիարակության արժանի կրողն է։ Օրերը գլխապտույտ առաջացնող իրադարձություններով էին լի, մինչդեռ որոշ ժամանակ անց Նարեկը բախվեց աշխատանք չգտնելու խնդրին։ Բարձրագույն կրթություն չուներ, մասնագիտացում ևս, միակ հստակ նպատակը բանակում ծառայությունը շարունակելու մղումն էր։ Դյուրին չէր այդ ճանապարհը ևս, մասնագիտացավ, սպայական կոչում ստացավ, անցավ ծառայության հետախուզության խմբում։ Ծառայակիցներից ամենաերիտասարդն էր, շատերը սրտաբաց ընդունեցին նրան, հարցեր էին տալիս մարտական գործողությունների մասնակցին, հետաքրքրությամբ ունկնդրում նրա պատմությունը։ Որոշ ծառայակիցներ այդպես էլ չընդունեցին քսան տարեկանում ճանաչում ձեռք բերած երիտասարդին իրենց շարքերում։ Կյանքն ամենևին էլ այն մեծարանքի ու փառքի ակնթարթները չէին, որ ցուցաբերում էին մարտական գործողությունների մասնակիցների հանդեպ տոնական օրերին։ Իրական կյանքն այստեղ էր՝ սպայական ուսադիրներով շարահրապարակում կանգնած՝ ենթակա անձնակազմի համար պատասխանատվութուն կրելիս, դիրքերում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, որպես հետախույզ բարդ առաջադրանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից մի քանի մետր հեռավորությամբ մահվան հետ հանդիպելիս։ Նարեկը դիրքերից իջնում էր հոգնած, մաքուր անկողնու ու տաք լոգանքի կարոտած։ Մայրը նայում էր որդու հոգնատանջ տեսքին, աչքերը լցվում էին։ Նարեկը բավարար վաստակում էր, օգնում ընտանիքին, երեկոյան զվարճանում աղջիկների հետ։ Ազատ կենսակերպը զերծ էր պահում նրան պարտավորություններից մինչ այն օրը, երբ սիրահարվեց։ Փոքր էր Լենան, խոշոր աչքերով, երկար խոպոպներով։ Նա կուչ էր գալիս Նարեկիթևերի տակ ու տղան ակամա պատասխանատվություն էր կրում նրա համար։ Նարեկին դուր չէին գալիս առաջնորդ կանայք, նա քնքշություն ու սեր էր փնտրում։ Այժմ նրա երազանքներն այլ երանգներ ունեին։ Փոքրիկ Լենան հնազանդ էր, մինչդեռ Լենայի մայրը փորձում էր դստեր կյանքը վերահսկել...
«Բոլոր ժամանակների ղեկավարները անհնազանդներին դժկամությամբ են հանդուրժում յուր հրամանատարության ներքո, հատկապես եթե կրտսեր սպան ավելի հարուստ մարտական ուղի ունի անցած», - մտահոգ ասաց գեներալը՝ կարդալով Նարեկի՝ զորացրելու վերաբերյալ հրամանը։ «Ամբողջ կյանքդ վայրկյանների ընթացքում անցնում է աչքիդ դեմով մահվան աչքերին դեմ առ դեմ նայելով ու սկսում ես արժևորել ամեն ինչ, որովհետև եթե ես չխփեի, մեզ էին խփելու, բոլորս մեռնելու էինք...
Կյանքն ինձ համար հիմա այլ քաղցրություն ունի», -պատմում էր Նարեկը հարևանությամբ նստած ուղևորին։ Սրտի խորքում հիասթափությունն էր թևածում, սերը, որին հավատում էր ու որը այլևս չկար։ Սև սաթի նման խիտ հոնքերը խոժոռել էին հայացքը, բայց ժպտացող աչքերի խորքում հրաշքով փրկված ու ապրելու մի ողջ կյանք կար։ Աղոտ լույսերը փարատում էին ինքնաթիռի սրահում թևածող մթությունը։ Նարեկը, փակ աչքերով հատելով երազների սահմանը, ցատկեց մեքենայի թափքից, ուսապարկը վերցրեց, դարուփոս ճանապարհով քայլերն ուղղեց դեպի հեռավոր սարերը, հասավ անծայրածիր, արևոտ դաշտերը, տեսավ հայրենի եզերքի անդորրը հսկող դիրքապահներին։ Հեռվից նրան են ժպտում դիրքի ավագը, Արայիկը, Արմանը ու կանչում իրենց մոտ...
Ինքնաթիռի անիվները մեծ թափով հպվեցին գետնին, Նարեկը վեր թռավ քնից։ Նա վերցրեց արտագաղթի ծանր ճամպրուկն ու քայլեց նոր ու անհայտ երկրի ասֆալտ ճանապարհով։ Հեռվից ժպտալով նրան էր նայում ամերիկաբնակ մորեղբայրը ...



https://nidoragir-grakan.webnode.ru/news/%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab%d5%b6%d5%a5-%d5%ab%d5%bd%d5%a1%d5%b0%d5%a1%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%be%d5%a1%d5%ae%d6%84%d5%b6%d5%a5%d6%80/




Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր «Գրական չորեքշաբթի»
01:13, 02.11.2015
3853 | 0
13:40, 19.06.2015
10299 | 1
դեպի վեր