ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Անդրադարձ արարչագործության մասին ծիծաղելի պատումին
16:24, 10.10.2020
2847 | 0

Ասվում է, թե Աստված եղել է միշտ, բայց ժամանակների սկզբում նա, փաստորեն, մենակ է եղել, բացի նրանից ոչինչ, նույնիսկ՝ լույսը, չի եղել: Անհամար միլիարդավոր տարիներ մենակ ապրելուց հավանաբար ձանձրանալով՝ Աստված որոշում է արարչագործությամբ զբաղվել: Ինչ խոսք, նա կարող էր արարչագործությունը թեկուզ մի քանի ժամում գլուխ բերել, բայց որոշում է չշտապել, որովհետև, ինչպես Ժողովողի գրքում է ասվում՝ «Ամեն բանի ժամանակը կա»:

Սկզբում նա միայն երկինքն ու երկիրն է արարում: Ավելի ճիշտ կլինի ասել, որ համապատասխան նյութերն իսկույն հայտնվում են, երբ նա արտահայտում է երկինքն ու երկիրն արարելու իր կամքը:

Բայց… «երկիրն անձև ու դատարկ էր. և խավար կար անդունդի վրա, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա», - ասվում է Ծննդոց գրքի առաջին գլխի երկրորդ համարում: Կարիք չկա, որ այս գրքի ընթերցողներս փորձենք հասկանալ Աստծո ներշնչմամբ շարադրվածը, քանզի, միևնույն է, չենք կարողանա նույնիսկ գուշակել, թե դա ինչ է նշանակում:

Որպեսզի արարչագործության ընթացքում հանկարծ սխալ թույլ չտրվի, Աստված լույսի ներքո պիտի իր գործն աներ: Հետագա ընթերցումից պարզվում է, որ նախորդած անհաշվելի դարերի ընթացքում Աստված լիակատար խավարի մեջ է ապրել: Դե, այդ ժամանակ լույսի կարիք առանձնապես չի էլ զգացվել, որովհետև բացարձակապես ոչինչ չի եղել ու անզգուշորեն որևէ բանի բախվելուց զգուշանալու մտավախությունն Աստծուն երբեք «չի այցելել»:

«Լինի՛ լույս», - հրամայել է Աստված, ու լույս է եղել:

Թե դա ինչ լույս է, Գիրքը չի ասում. պարզապես հետևյալն է արձանագրում. «Եվ Աստված տեսավ լույսը, որ բարի է: Եվ Աստված բաժանեց լույսը խավարից: Եվ Աստված լույսը կոչեց Ցերեկ, և խավարը կոչեց Գիշեր. և իրիկուն և առավոտ եղավ՝ առաջին օրը» (Ծննդոց 1, 5):

Հետո Աստված նորից ձեռնամուխ է լինում, չզարմանք, երկինքի արարմանը: Սուրբ գիրքն ահա՛ թե ինչ է ասում այդ կրկնակի արարման մասին.

«Աստված ասաց. «Ջրերի մեջտեղը հաստատություն (ռուսերեն տեքստում «հաստատություն» -ը անվանված է «твердь») լինի, որ ջրերը ջրերից բաժանե: Եվ Աստված շինեց հաստատությունը, և բաժանեց հաստատության տակի ջրերը հաստատության վրա եղող ջրերից: Եվ այդպես եղավ: Եվ Աստված հաստատությունը կոչեց երկինք: Աստված տեսավ, որ լավ է: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր երկրորդ» (Ծննդոց 1, 7 - 8):

«Հաստատության» կամ «твердь» -ի մասին այս պատմությունն արտացոլում է հին դարերի բոլոր ժողովուրդների մոլորությունները: Ըստ հին պատկերացումների՝ երկինքն ինչ-որ մի զանգվածեղ, կոշտ, ամուր բան է: Գոյություն է ունեցել համոզմունք, որ այդ կարծր բանի («հաստատություն») մյուս կողմում գոյություն ունի վիթխարի ջրամբար, որի հատակը երկինքն է: Հնում կարծել են, թե անձրևը վերին ամբարտակի անցքերի միջով թափվում է երկրի վրա: Այս կարծիքը տիրապետող է եղել դարեր շարունակ, և այս կարծիքին են եղել նաև վաղ քրիստոնեության գիտուն աստվածաբանները:

Հիմա անդրադառնանք արարչագործության երրորդ օրվան: Այս օրվա ընթացքում Աստված կատարում է աշխատանքներ, որոնց պտուղներն առավել արժեքավոր էին, քան նախորդ օրերի կատարած աշխատանքի արգասիքները: Նա հայացք է գցում ստորին ջրերին ու ինքն իրեն ասում է, թե օգտավետ կլիներ, եթե այդ ջրերը հավաքվեին ու դրանով իսկ տեղ ազատեին ցամաքին: Ջրերը հնազանդորեն միավորվում են իրենց տեղավորելու համար վայրկենապես գոյացած խորխորատներում: Ճիշտ նույն կերպ ակնթարթորեն գոյանում են ցամաքի տարածությունները, բարձունքները, որոնցից ջրերը, որպես գետակներ ու գետեր հոսում են դեպի լճեր ու ծովեր: «Եվ Աստված ասաց. Երկնքի տակի ջրերը մեկ տեղ հավաքվեն, և ցամաքը երևա: Եվ այդպես եղավ: Եվ Աստված ցամաքը կոչեց երկիր, և ջրերի հավաքը կոչեց ծով: Եվ Աստված տեսավ, որ բարի է» (Ծննդոց 1, 9-10):

Աստծուն գոհացնում է իր կատարած «տքնաջան» աշխատանքի արգասիքները, այնքան է գոհացնում, որ որոշում է մինչև մութն ընկնելն էլի ինչ-որ մի լավ բան անել: Եվ նա հրամայում է. «Երկիրը կանաչ խոտ՝ սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ բուսցնե, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմն իր մեջ լինի՝ երկրի վրա: Եվ այդպես եղավ» (Ծննդոց 1, 11):

Աստծու շրջահայեցությունն ուղղակի հիացմունք է հարուցում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ մեր երկրում, եթե Աստված տնկեր իր տեսակի պես պտուղ չտվող ծառեր: Ուրեմն, հարկ է, որ երախտագիտություն հայտնենք հոգատար Աստծուն, որ նա մեզ խաղող պտղաբերող խնձորենի կամ դեղձ պտղաբերող մասրենի չի տվել:
Երբ հողը նրան հնազանդվում է ու խնձորենիները հենց խնձոր են պտղաբերում, Աստված ևս մեկ անգամ համոզվում է, որ իր արածը բարի է: Դրանից հետո նոր երեկո ու նոր առավոտ է լինում, և ավարտվում է երրորդ օրը:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
213 | 0
դեպի վեր