ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Իրանին տիրել են նաև աֆղանները
21:31, 23.10.2020
1892 | 0

Եվ այս ընթացքում Իրանի գլխին մռայլ ու փոթորկալից ամպեր են խտացել: 1717 թվականին ապստամբություն է ծագել Հերաթում. ապստամբների դեմ ուղարկված պարսկական զորքը ջախջախվել է: Ուզբեկները քարուքանդ են արել Մեշեդի ամբողջ շրջակայքը: 718 թվականին քրդական ավազակախմբերը հեղեղել են Արարատյան դաշտը, Սալմաստը, Համադանը և նույնիսկ Սպահանի շրջակայքը: Բայց ամենից վտանգավորը Ղանդահարի ապստամբներն էին. երևան էր եկել մի նոր և անգութ նվաճող: Այդ նվաճողը Միր Վեյսի որդի Միր Մահմուդն էր՝ այն գեղեցիկ տղան, որին Գորգին խանը, ինչպես տեղեկացաք նախորդ նյութից, ցանկացել էր հարեմական հաճույքի առարկա դարձնել: Այս Միր Մահմուդի առաջնորդությամբ աֆղանները ներխուժել են Պարսկաստան, և սյուննի մահմեդականությունը, կարծես խոսքը մեկ արած, ամեն կողմից հարձակվել է «Պարսկաստան» անվամբ կիսամեռ դիակի վրա և սկսել է հոշոտել այն:

Երբ Միր Մահմուդն արդեն Սպահան է հասել, Սուլթան Հուսեին շահը փորձել է կանգնեցնել այդ հաղթարշավը՝ զինելով գյուղացիներին և ուղարկելով աֆղանների դեմ: 1722 թվականի փետրվարի 26-ի Գյուլնաբաթի ճակատամարտը բախտորոշ է եղել Սեֆեվի տոհմի համար: Պարսկական բանակը 50 հազար զինվոր և 24 թնդանոթ է ունեցել, երեք անգամ գերազանցել է աֆղանների բանակին, մինչդեռ աֆղանները զինված են եղել սրերով, նիզակներով և վահաններով: Բայց հենց աֆղաններն են հաղթել, և շուտով ամբողջ Իրանը ծնկել է նրանց առաջ: Միր Մահմուդը բնակություն է հաստատել Նոր Ջուղայի մոտ Սուլթան Հուսեին շահի կառուցված «Ֆահրաբատ» պալատում: Իրանի խղճուկ շահը փակվել է Սպահանում՝ հույսը դնելով իր որդի Թահմազի վրա, որը կարողացել էր փախչել Ղազվին: Նա կարողացել էր ընդամենը 400 ռազմիկ համախմբել իր շուրջը: Թահմազին փրկել է մայրաքաղաքից հեռու լինելը, որովհետև աֆղանները դեպի հյուսիս չեն գնացել և սահմանափակվել են Սպահանը պաշարելով, որտեղ սոսկալի սով է սկսվել:

Եվ Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծը, տեղեկանալով, որ Պարսկաստանը նվաճվում է, որոշում է իր բաժինը պոկել: 1721 թվականի մայիսի վերջին նա ժամանում է Աստրախան, որպեսզի գլխավորի արշավանքի պատրաստ բանակը: Նրա հետ է եղել նաև կայսրուհի Եկատերինան: Պետրոսը մեծ հույս է ներշնչել հայերին ու վրացիներին, թե նրանց ազատագրելու է իսլամի լծից ու միաժամանակ հետևյալն է հանձնարարել Պարսկաստանում Ռուսաստանի հյուպատոսին.

«Առաջարկի՛ր հին կամ նոր շահին, կամ լիազորություն ունեցող ո՛ւմ կգտնես, որ մենք գնում ենք դեպի Շամախի՝ ո՛չ թե Պարսկաստանի դեմ պատերազմելու, այլ ապստամբներին ոչնչացնելու համար, որոնք մեզ վնասներ պատճառեցին (խոսքը լեզգիների մասին է), և եթե ներկա ծայրահեղ քայքայված դրության մեջ պարսից կառավարությանն օգնություն է անհրաժեշտ, մենք պատրաստ ենք օգնել և մաքրել երկիրը բոլոր թշնամիներից, նորից հաստատել պարսից մշտական տիրապետությունը, եթե դրա փոխարեն նա մեզ կզիջի Կասպից ծովի ափերում գտնվող մի քանի նահանգները. որովհետև գիտենք, որ եթե պարսիկներն այժմյան թուլության մեջ մնան և մեր այդ առաջարկությունը չընդունեն, այդ ժամանակ թուրքերը կտիրեն ամբողջ Պարսկաստանին. մի բան, որին մենք հակառակ ենք. մենք չենք ուզում, որ թուրքերը տիրեն Պարսկաստանին, ոչ էլ ինքներս ենք ուզում տիրել»:

Բայց այս հայտարարությունն էլ անկեղծ չի եղել: Այս խոստումներից մեկ տարի առաջ ռուսների կայսրը հստակ ցույց է տվել, որ ինքը մտադիր չէ զորք հանել Սեֆեվիների գահը պաշտպանելու համար: Իսկ ասվածի ապացույցն հետևյալն է. նա հանձնարարել էր Պարսկաստանում գտնվող իր ներկայացուցչին շնորհավորել Միր Մահմուդի գահակալությունը՝ հավատացնելով, թե ռուսական ցարը ոչ միայն դեմ չէ, որ նա Պարսկաստանի տերը լինի, այլև հայտարարում է, որ դա իրեն շատ հաճելի է: Միայն մի պայման է դրվել աֆղան նվաճողի առջև՝ չհպատակվել Թուրքիային: Ասվել է, թե Պետրոսը երբեք թույլ չի տա, որ օսմանյան տիրապետությունը տարածվի Պարսկաստանի վրա, իսկ եթե սուլթանը փորձի ուժով հարկադրել Միր Մահմուդին, այդ դեպքում Պետրոսը կպաշտպանի նրան:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
224 | 0
դեպի վեր