ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման ու դեռ մի բան էլ ավելի
22:15, 19.12.2020
3574 | 0

693-ից 698 թվականը Բյուզանդական կայսրության գահակալը եղել է Լեոնտիոսը՝ կայսրության անատոլիական զորքերի հրամանատարը: 685 թվականին Հուստինիանոս 2-րդ կայսրը նրան ուղարկել է Հայաստան, որտեղ վերջինս հաջողությամբ կռվել է արաբների դեմ, ապա նորից կայսրությանն է հնազանդեցրել Իբերիան, Աղվանքը և Մարաստանը: Բայց հետո ինչ-որ մի զանցանքի համար Հուստինիանոսը նրան զնդան է նետել ու երեք տարի բանտարկված է պահել: 695 թվականին կայսրն անսպասելիորեն ազատ է արձակել Լեոնտիոսին ու նշանակել է Հելլադայի ստրատեգոս՝ հրամայելով նույն օրն իսկ մեկնել Կոստանդնուպոլսից: Կեսգիշերին բանտից նոր դուրս եկած, բայց, ըստ էության, վտարանդիության դատապարտված Լեոնտիոսին եկել են ճանապարհելու նրա վանական բարեկամները: Տեսնելով նրանց՝ Լեոնտիոսը, ըստ պատմիչի, ասել է. «Դուք իզուր եք ինձ թագավորել կանխատեսում, որովհետև ես հիմա այստեղից մեկնում եմ և կյանքս դռնությամբ լի ավարտ է ունենալու»: Նա արդեն պատրաստվել է գնալ, որ նավ նստի, բայց հոգևորականները փակել են նրա ճանապարհը և բազում ապացույցներով համոզել են, թե իրենց մարգարեությունն անմիջապես տեղի է ունենալու, եթե նա չհապաղի ու ու անմիջապես տիրի գերագույն իշխանությանը: Ի վերջո համոզվելով՝ Լեոնտոսն իր մի քանի զինակիրների հետ գնացել է կայսեր անվտանգությունն ապահովող զորագնդի պահակակետ ու հայտարարել է, թե կայսրն է եկել: Պահակախմբի հրամանատարը հենց բացել է դարպասը, անմիջապես կապկպվել է, իսկ Լեոնտոսն ազատել է բոլոր բանտարկյալներին ու զինել է նրանց: Այնուհետև նա իր կողմնակիցներին հանձնարարել է վազ տալ քաղաքով մեկ ու բոլոր քրիստոնյաներին սբ. Սոֆիայի տաճարի մոտ կանչել: Շատ չանցած մեծ քանակությամբ ժողովուրդ է հավաքվում: Լեոնտիոսի կողմնակիցները պատրիարք Կալինիկոսին ստիպել են տնից դուրս գալ ու մարդկանց խրախուսական խոսք ասել: Դրանից հետո ամբոխն սկսել է հայհոյել Հուստինիանոսին ու Լեոնտիոսին կայսր է հռչակել: Լույսը բացվելուն պես բոլորը շտապել են ձիարշավարան, որտեղ բերել էին կապկպված Հուստինիանոսին: Ամբոխը պահանջել է մահապատժի ենթարկել նրան, բայց Լեոնտիոսը, խնայելով Հուստինիանոսին ՝ նրա հոր՝ Կոստանդինոս կայսեր նկատմամբ սիրուց մղված, սահմանափակվել է նրանով, որ կարգադրել է կտրել գահընկեց արված կայսրի քիթն ու լեզուն ու աքսորել Ղրիմ:

Այս նոր կայսրը շուտով մեծ վտանգի հետ է ստիված եղել բախվել: 697 թվականին արաբները գրավել են կայսրության մաս կազմող Կարթագենն ու ամբողջ Հյուսիսային Աֆրիկան: Լեոնտիոսն արաբների դեմ է ուղարկել կայսերական նավատորմը: Սկզբում հաջողությունն ուղեկցել է բյուզանդացիներին, բայց հետո նրանք պարտվել են ու վերադարձել են Կրետե կղզի: Այստեղ նրանք ապստամբություն են սկսել և կայսր են հռչակել բանակի հրամանատար Ապսիմարոսին, որը նավատորմը մոտեցրել է Կոստանդնուպոլսին և որոշ ժամանակ անց, կաշառելով քաղաքի պարիսպներն հսկող պահակախմբին, գրավել է քաղաքը: Ասպիմարոսը կարգադրել է կտրել Լեոնտիոսի քիթն ու բանտարկել վանքում, իսկ իրեն հռչակել է կայսր՝ Տիբերիոս 3-րդ անունով:

Լեոնտիոսը յոթ տարի բանտարկված է մնացել: 705 թվականին տեղի է ունեցել նրա կյանքի վերջին իրադարձությունը: Վրիժառությամբ լեցուն Հուստինիանոս 2-րդը նորից գահ է բարձրացել ու կարգադրել է Լեոնտիոսին ու գահընկեց արված Տիբերիոս 3-րդին ման ածել քաղաքում: Այնուհետև նա ձիարշավարանում, մրցումներին հետևելու ամբողջ ընթացքում, ոտքերով տրորել է նրանց պարանոց: Ի վերջո, հագուրդ տալով իր ատելությանը, նա հրամայել է երկուսին էլ գլխատել Շների շուկայում:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
388 | 0
09:44, 13.04.2024
450 | 0
11:39, 08.04.2024
428 | 0
09:16, 06.04.2024
377 | 0
դեպի վեր