ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Անդրադարձ Նոյի տապանի վերաբերյալ անցյալի գիտունների դատողություններին
23:16, 20.12.2020
4568 | 0

Նոյի տապանը, ըստ Աստվածաշնչի, եղել է, ինչպես գիտեք, նավի նմանվող մի ընդարձակ շինություն, որը կառուցել է Նոյը, որպեսզի, Աստծո հրամանի համաձայն, ջրհեղեղից փրկի կենդանիների տարբեր տեսակներին:

Մեր թվականության երկրորդից մինչև 18-րդ դարերի եվրոպացի, արաբ բնագետները աստվածաբաններն ու վերլուծաբանները բազում հետազոտություններ են կատարել ու երևակայել են, թե ինչպիսին կարող էր լինել Նոյի նավը, փորձել են պարզել, թե այն ինչ ձև է ունեցել, ինչ մեծության ու տարողության է եղել, ինչ նյութերից է կառուցվել և ջրերը քաշվելուց հետո որտեղ է հանգրվանել:

Ըստ հույն քրիստոնյա աստվածաբան Որոգինեսի (185 – 254 թթ.) հաշվումների՝ Նոյն իր տապանը կառուցել է 100 տարում, բաբելոնցի պատմիչ, Բել աստծո բաբելոնյան տաճարի քուրմ Բերոսոսը (մ.թ.ա. 350/340 – 280/270) պնդել է, թե Նոյը տապանը սկսել է կառուցել ջրհեղեղից 78 տարի առաջ: Եբրայերեն հին ձեռագրերի «Թանշումա» ժողովածուում ասվում է, թե Տապանը կառուցվել է 50 տարում, իսկ մահմեդական աստվածաբանների կարծիքով Նոյը տապանը կառուցել է երկու տարում: Ծննդոց գիրքն ասում է, թե ջրհեղեղն սկսվել է այն ժամանակ, երբ Նոյը 600 տարեկան է եղել, բայց մեկ այլ տեղում էլ ասվում է, թե Նոյը 500 տարեկան էր, երբ ունեցավ Սեմին, Քամին և Հաբեթին: 18-րդ դարի ֆրանսիացի լուսավորիչներն առավել հավանական են համարել Բերոսի կարծիքը: 1643 թվականին Ֆրանսիայում հրատարակված «Հիդրոգրաֆիա» աշխատության հեղինակ Գ. Ֆուրնիեն այն կարծիքին է եղել, թե, Նոյն իր տապանը կառուցել է իր երեք որդիների օգնությամբ և որ այս չորս անձը բավական էին այդպիսի մի նավ կառուցելու համար: Այս կարծիքը նա փորձել է հիմնավորել կիսաառասպելական Արքիաս Կորնթացու օրինակով, որը 300 բանվորի օգնությամբ մեկ տարում Սիրակուզա քաղաքի բռնապետ Հիերոնի համար մի մեծ նավ է կառուցել:

Եթե մենք ենթադրենք, թե նավը շատ ավելի մեծ է եղել ու կառուցվել է 78 տարում, հարկավոր կլինի նկատի առնել վաղեմի ժամանակների մարդկանց ուժը: Առ այսօր կան մարդիկ, որ այն կարծիքին են, թե հնում մարդիկ ժամանակակիցներիցս անհամեմատ ուժեղ են եղել:

Միջնադարի որոշ աստվածաբան-գիտնականներ պնդել են, թե Նոյի որդիներից ավագը ծնվել է այն ժամանակ, երբ Տապանի կառուցումը նոր է սկսվել, իսկ ամենակրտսերն աշխարհ է եկել այն ժամանակ, երբ Տապանի կառուցումը դեռ չէր ավարտվել: Ուրեմն պետք է նշանակալի ժամանակ անցներ, որպեսզի նրանք կարողանային օգնել իրենց հորը: Քարը քարի վրա չի մնում այն պնդումից, թե երեք կամ չորս մարդը կարող են կառուցել մի այնպիսի վիթխարի նավ, որի համար անհամար քանակության ծառեր ու դրանք տեղափոխող հազարավոր բանվորներ էին հարկավոր:

Տապանի կառուցմանը ծառայող փայտը Հին կտակարանում անվանվել է «խեժաբեր ծառի փայտ»: Միջնադարի աստվածաբաններ Օնքելոսնի, Ջոնաթանի, ինչպես նաև այլոց կարծիքով դա մայրին է եղել: Պելետիե դը Ռուանը ևս այս կարծիքին է եղել ու նշել է, թե Ասիայում այս ծառատեսակից շատ կա, քանի որ, ըստ Հերոդոտոսի ու Արիստոֆանեսի, Եգիպտոսի ու Ասորեստանի թագավորներն իրենց նավատորմները կառուցելիս են ոչ թե եղևնափայտով, այլ այս մայրու փայտով, և որ այս ծառի փայտով նավեր կառուցելը ավանդական է եղել արևելքում, և որ Տապանն առ այսօր ամբողջությամբ պահպանված է Արարատ լեռան վրա: Իսկ ֆրանսիացի բանասեր-գիտնական, բողոքական քարոզիչ Սամուիլ Բոշարը, ընդհակառակը, կարծում է, թե տապանը նոճու փայտով է կառուցվել, որովհետև Հայաստանում կամ Ասորեստանում, որտեղ ենթադրվում է, թե կառուցվել է Տապանը, աճում է այն նոճին, որով կարելի է Տապանի նման երկար նավ կառուցել: Սա ապացուցում են Արիանոսը (գիրք 7-րդ) և Ստրաբոնը (գիրք 16-րդ), որոնք պատմում են, որ Բաբելոնում գտնվող Ալեքսանդր Մեծը, ցանկանալով նավատորմ կառուցել, կարգադրում է Ասորեստանից նոճիներ բերել: Այս վերջին կարծիքը միջնադարյան Եվրոպայի աստվածաբան-գիտնականներին այնքան հիմնավոր է թվացել, որ նրանք շատ հավանական են համարել, որ Նոյը միայն իր երեխաների օգնությամբ ու կարճ ժամանակում բավականաչափ ընդարձակ նավ կառուցած լինի: Մահմեդականները պնդում են, թե Տապանը կառուցվել է հնդկական ծառի փայտից, որն Աստված է Նոյին ցույց տվել. նա այն իր ձեռքով է տնկել, և որը հրաշափառորեն 20 տարում աճել է:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
390 | 0
09:44, 13.04.2024
458 | 0
11:39, 08.04.2024
434 | 0
09:16, 06.04.2024
380 | 0
դեպի վեր