ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Անդրադարձ Նոյի տապանի վերաբերյալ անցյալի գիտունների դատողություններին (2)
12:09, 22.12.2020
4239 | 0

Ըստ Մովսեսի` այս նավն ունեցել է 300 կանգուն (1 կանգունը մոտավորապես հավասար է 65 – 75 սանտիմետրի) երկարություն, 50 կանգուն լայնություն և 30 կանգուն բարձրություն, որը խիստ անբավարար է բոլոր կենդանիներին, բոլոր իրերն ու մարդկանց տեղավորելու համար: Մ. թ. երկրորդ դարի հռոմեացի պլատոնական փիլիսոփա Ցելսիուսը և մի շարք այլ մտածողներ ծաղրել են Մովսեսին, իսկ տապանին «Անհեթեթության տապան» անունն են տվել: Այս անհերքելի հակասությունը ինչ-որ չափով մեղմելու համար միջնադարի մի շարք աստվածաբաններ փորձել են որոշել այն կանգունի չափը, որը Մովսեսն է ներկայացրել: Սուրբ Ավգուստինոսը և այլոք այն կարծիքին են եղել, թե նշյալ կանգունը պետք է լինի եգիպտացիների երկրաչափական կանգունը, որն հավասար է եղել, ըստ նրանց, վեց կանգունի: Բայց որևէ տեղ հիշատակում չկա, թե հրեաները կիրառել են եգիպտական կանգունը: Իմիջիայլոց, այս ենթադրությամբ, Տապանի երկարությունը կկազմեր մոտ 750 մետր, որը լայնության ու բարձրության համադրությամբ թեպետ կգոյացներ մի հսկայական նավ, բայց այն նույնպես չէր բավարարի կենդանիներին անհրաժեշտ խոտն անգամ կուտակելու համար: Ուրիշներն էլ ասում են, թե քանի որ այն ժամանակվա մարդիկ խոշորամարմին են եղել, նրանց կանգունը շատ ավելի մեծ է եղել: Բայց այս տեսակետը շատ թույլ է, որովհետև այդ դեպքում կենդանիներն էլ պետք է խոշոր լինեին ու ավելի մեծ տարածք զբաղեցնեին:

Այլոք էլ ենթադրում են, թե Մովսեսը խոսում է սրբազան կանգունի մասին, որը սովորական կանգունից ավելի մեծ է եղել: Բայց այս կարծիքը ամուր հիմք չունի, որովհետև այն երբևէ չի կիրառվել:

Ոմանք էլ այն համոզմանն են եղել, թե Տապանը Լոնդոնի սբ. Պետրոս եկեղեցու մեծության ու նույնիսկ այդ եկեղեցուց էլ մեծ է եղել:

Տապանում, բացի Նոյի ընտանիքի ութ անդամից, եղել է անմաքուր կենդանիների մեկական զույգ և յոթ զույգ մաքուր կենդանի՝ իրենց մեկամյա պարենով: Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ թեկուզ սբ. Պետրոս եկեղեցուց էլ մեծ տապանում այդպիսի քանակության կենդանի տեղավորելն անհնարին է: Էլ չենք խոսում բազմահազար թռչունների, մողեսների ու սողունների մասին:

Ըստ հինկտակարանային նկարագրության՝ թվում է, թե տապանը երեք հարկանի է եղել, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է տասը կանգուն երկարություն: Ամենաստորին հարկում Նոյը տեղավորել է չորքոտանիներին և սողուններին, իսկ դրա վերին հարկում պահվել են թռչունները՝ Նոյի ընտանինքի անդամների կողքին: Յույրաքանչյուր հարկը բազում օթյակների է բաժանված եղել: Բայց Փիլոնը և ուրիշ աստվածաբաններ պնդել են, թե Տապանը չորս հարկ է ունեցել: Ըստ նրանց, Տապանը, բացի երեք հարկերից, ներքնահարկ է ունեցել, որտեղ թափվել է կենդանիների ամբողջ արտաթորանքը:

Դրեքսելիուս անունով աստվածաբանն էլ եզրահանգել է, թե տապանը 300 օթյակ կամ սենյակ է ունեցել, մեկ ուրիշ աստվածաբան, ազգանունը՝ Ֆուրնիե, 333 սենյակ է հաշվել, իսկ մեկ անանուն հեղինակ էլ պնդել է, թե տապանում 400 սենյակ է եղել: Ոմանք էլ այս թվերը չափազանցություն են համարել՝ պնդելով, թե տապանը կարող էր ունենալ ամենաշատը 50 սենյակ, քանի որ ամեն օր դրանք հենց միայն մաքրելը 8 անձի համար անհնարին է:

Ոմանց համոզմամբ՝ Տապանում խմելու ջուր ամբարելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ ծովի ջրին խառնվել է անձրևաջուրը և այնքան է ծովի ջուրն աղազերծել, որ այն խմելու համար պիտանի է դարձել: Բայց այդ տեսությունը նույնիսկ այն ժամանակներում մարդկանց չի համոզել, որովհետև ծովերի և օվկիանոսների ջուրը շատ ավելի է, քան ցամաքը ծածկած անձրևաջուրը: Փորձով ապացուցվել է, որ նույնիսկ մեկ երրորդ աղի և երկու երրորդ քաղցրահամ ջրի խառնուրդը վտանգավոր է կյանքի համար:

Հասկանալով, որ կենդանիներն առնվազն 40 օր առանց լույս չեն կարող ապրել, որոշ աստվածաբաններ փորձել են պնդել, թե տապանի յուրաքանչյուր կողմում Նոյը ինչ-որ թափանցիկ քարերից լուսամուտներ է պատրաստել:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
220 | 0
դեպի վեր