ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ջրհեղեղի մասին հինկտակարանային առասպելը (4)
18:08, 26.12.2020
4332 | 0

Ջրհեղեղի ավարտման մասին աստվածաշնչական պատումն ընդգրկում է նաև աղավնու մասին պարզունակ զրույցը, բայց այն ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում: Նոյն սկզբում արձակում է «ագռավին», որը «գնում և գալիս էր մինչև երկրի վրայից ջրերի ցամաքելը։ Հետո նա աղավնուն ուղարկեց՝ տեսնելու, թե ջրերը քաշվե՞լ են երկրի երեսից։ Աղավնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով՝ վերադարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը։ Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան և բերեց իր մոտ՝ տապան։ Նա սպասեց ևս յոթը օր ու տապանից դարձյալ արձակեց աղավնուն։ Աղավնին նրա մոտ վերադարձավ երեկոյան։ Նրա կտուցին ձիթենու մի շյուղ կար։ Նոյը դրանից հասկացավ, որ ջրերը քաշվել են երկրի վրայից։ Նոյն սպասեց ևս յոթը օր ու նորից արձակեց աղավնուն, որն այլևս նրա մոտ չվերադարձավ։ 13Նոյի կյանքի վեցհարյուրմեկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշուեցին երկրի վրայից (Ծննդոց 8, 7-13):

Աստված Նոյին ասում է, թե տապանից դուրս գալու ժամանակն է: Հավանաբար, կենդանիների բեռնաթափումը հավուր պատշաճի է կատարվել, և գիշատիչները խոտակերներին չեն նեղացրել, այլապես, օրինակ, եթե թեկուզ մեկ ոչխար կամ մեկ այծ հոշոտվեր, մարդկությունն այդ կենդանիներից զրկված էր լինելու: Բացի այդ, պետք է կարծել, որ աղի ջուրը հենց տեղում անմիջապես առանձնացել է խմելի ջրից, որը նույնպես հրաշք պետք է համարել: Այդ հրաշքը կատարվել է, որպեսզի գետերն իրենց նախկին հունը մտնեն, լճերը՝ իրենց երբեմնի ափերը: Ձկները նորից վերադարձել են իրենց ծովերը, օվկիանոսները կամ լճերը՝ ամեն տեսակն իր բնույթին համապատասխան:

Երբ բոլոր արարածները դուրս են եկել տապանից, այն լքել են նաև Նոյն ու իր ընտանիքի անդամները, և Նոյը զոհասեղան է շինել Աստծու համար:

«Նա առավ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից և ողջակիզեց զոհասեղանի վրա։ Եվ Տեր Աստված հոտոտեց անուշ բույրը։ Տեր Աստված իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլևս չեմ անիծի, որովհետև մարդկանց միջի չարությունը նրանց մանկամտությունից է։ Ես այլևս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպես արեցի» (Ծննդոց 8, 20-21):

Բացի այս խոստումը, Աստված Նոյին ու նրա զավակներին ոչ միայն օրհնում է, այլև թույլ է տալիս սնվել բոլոր կենդանի արարածներով ու բոլոր բույսերով.

«Աստված օրհնելով Նոյին ու նրա որդիներին՝ ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան։ Ձեր ահն ու երկյուղը թող լինի երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների, երկրի բոլոր զեռունների և ծովի բոլոր ձկների վրա, որ ենթարկել եմ ձեզ։ Ամեն մի կենդանի զեռուն թող կերակուր լինի ձեզ, ինչպես խոտն ու բանջարն եմ տվել։ Միայն թե միսը հոգով՝ նրա արյամբ, չուտեք, քանզի ես էլ ձեր կենսատու արյունը կպահանջեմ, բոլոր գազանների, ինչպես նաև մարդու միջոցով կպահանջեմ այն։ Մարդու միջոցով պիտի պահանջեմ իր եղբոր հոգին։ Ով թափի մարդու արյունը, նրա արյան փոխարեն թող թափվի իր արյունը, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել ես մարդուն (Ծննդոց 9, 1-6):

Շարադրվածից բխում է, որ կենդանիներն հոգի ունեն, և որ հոգին արյան մեջ է ապրում:

Աստված կարծես թե չի սիրում նաև մարդասպանությունը, բայց երբ ընթերցում ես Հին կտակարանը, բազմիցս նկատում ես, որ նա մարդասպանության կողմնակից է ու հրեաներին հաճախ մղում է զանգվածային սպանության: Ընդ որում, այնուամենայնիվ, կարող է թվալ, թե նրա ընտրյալ ժողովուրդն ամենևին էլ մարդու արյուն չի հեղել:

Բայց քանի որ բարձրյալը պարտավորվել է մարդկանց այլևս ջրահեղձ չանել, ապա այդ պարտավորությունը պետք էր ստորագրությամբ հաստատել: Աստվածային ստորագություն է հանդսացել ծիածանը, որն առաջին անգամ է գործածվել այդ նշանավոր օրվա առթիվ:

«Տեր Աստված, դիմելով Նոյին ու նրա որդիներին, որոնք նրա հետ էին, ասաց. «Ահա ես ուխտ եմ դնում ձեզ հետ, ձեզնից հետո եկող ձեր սերունդների հետ, ձեզ հետ եղող բոլոր կենդանի էակների հետ՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, այդ տապանից դուրս եկած բոլորի և երկրի բոլոր կենդանիների հետ։ Ես ուխտ եմ դնում ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, ողջ երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս» ։ Տեր Աստված ասաց Նոյին. «Իմ ու ձեր միջև, ձեզ հետ եղող ամեն կենդանի էակի միջև գալիք բոլոր սերունդների համար իմ հաստատած ուխտի նշանն այս է. իմ ծիածանը կկապեմ ամպերի մեջ։ Եվ դա թող լինի իմ ու ողջ երկրի միջև հավիտենական ուխտի նշանը։ Երբ երկրի վրա ամպեր կուտակեմ, իմ ծիածանը թող երևա ամպերի մեջ։ Այնժամ ես կհիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջև և շնչավոր բոլոր էակների միջև։ Այլևս ջրհեղեղ չի լինի, որպեսզի բոլոր էակները չոչնչանան (Ծննդոց 9, 8-15) ։

Զգուշավորությունն ավելորդ չի եղել, քանի որ նույնիսկ Աստված չպիտի հույսն իր հիշողության վրա դնի: Ի դեպ, նկատի առնենք, որ «սուրբ գիր» -ն ասում է՝ «իմ ծիածան», «իմ ծիածանը կկապեմ»: Դա հստակորեն ցույց է տալիս, որ մինչ այդ ոչ մի ծիածան էլ չի եղել: Իսկ քանի որ ծիածանը գոյանում է ջրի կաթիլների մեջ արևի ճառագայթների բեկման արդյունքում, ապա պարզ է, որ աշխարհի արարչագործության ու Համաշխարհային ջրհեղեղի միջև ընկած դարերի ընթացքում անձրևային ոռոգում ընդհանրապես չի եղել. ծառերն ու բույսերը կա՛մ ինքնաբերաբար են աճել, կա՛մ դրանց ներսում բավարար քանակությամբ մարդկային քրտինք է եղել, կա՛մ էլ այդ խաշնարած Կայենը, որ քաղաքներ է կառուցել, ամբողջ երկրագնդով մեկ արհեստական ոռոգման համակարգ է անցկացրել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
365 | 0
09:44, 13.04.2024
441 | 0
11:39, 08.04.2024
421 | 0
09:16, 06.04.2024
371 | 0
08:44, 03.04.2024
301 | 0
դեպի վեր