Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 518.16, EUR 628.06, RUB 6.89, GBP 711.59
-6 °C, -3 °C ... +3 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիային մեծ ծառայություններ մատուցած փառապանծ զորահրամանատարին չեն ներել 22 տարի անց Կապիտուլյացիայի ակտ ստորագրելու և երկիրը նվաստացնելու համար (7)
00:34, 14.01.2021

Ֆրանսիայի Գերագույն դատարանը նրան մահապատժի է դատապարտել: Հանցանքը՝ պետական դավաճանություն:

Զիգմարինգենում Պետենը նախապատրաստվել է դատավարության, որը նա անխուսափելի է համարել: Պետենը տեղեկացել է, որ Գերագույն դատարանը ծրագրել է իրեն պետական դավաճանության մեղադրանք ներկայացնել, թեպետ ինքը համոզված է եղել, որ ամբողջ ժամանակ գործել է հանուն Ֆրանսիայի: Զիգմարինգենում գործել է Վիշիի վտարանդի կառավարությունը, բայց Պետենը հրաժարվել է մասնակցել նրա աշխատանքներին: 1945-ի ապրիլին Պետենը Հիտլերին խնդրել է թույլ տալ Ֆրանսիա վերադառնալ և խույս չտալ դատարանից, բայց Հիտլերը չի պատասխանել: Այդժամ Պետենը դիմել է դը Գոլին, որը նրան թույլ է տվել վերադառնալ Ֆրանսիա: Ապրիլի 24-ին նա Զիգմարինգենից մեկնել է Շվեյցարիա, որտեղ կալանավորվել է, իսկ ապրիլի 26-ին հանձնվել է Ֆրանսիայի նոր իշխանություններին ու պահվել է Փարիզի մերձակա ամրոցներից մեկում:

Պետենի դատավարությունը

1945-ի ապրիլի 30-ին Գերագույն դատարանը Պետենին հարցաքննող հանձնախումբ է ստեղծում, և այդ հանձնախմբի նախագահ Պիեր Բուշարդոնը մայիսին հարցաքննում է մարշալին: Հարցաքննությանը փաստաբան չի լինում, իսկ Բուշարդոնը Պետենին չէր ասել, որ նա իրավունք ունի այդ դեպքում չպատասխանել հարցերին: Պետենի ընտրած փաստաբանը ջանացել է մարշալի գործողությունները պատճառաբանել նրա ծերությամբ ու ամբողջ մեղքը բարդել Լավալի վրա:

Հուլիսի 23-ին սկսվել է դատավարությունը: Դատական հանձնախումբը բաղկացած է եղել հանձնախմբի նախագահից, երկու պրոֆեսիոնալ դատավորից և հանձնախմբի 24 շարքային անդամից, որոնց ընտրել էին խորհրդարանի այն անդամներից, որոնք 1940 թվականին դեմ էին քվեարկել Պետենին մեծ լիազորություններ տալու որոշմանը: Հանձնախմբում եղել են նաև Դիմադրության շարժման անդամներ: Դատավարության սկզբում «Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտ» -ը տեղեկություններ է հավաքել այն մասին, թե արդյո՞ք ժողովուրդը անհրաժեշտ է համարում մարշալին պատժելը: Հարցվածների 76 տոկոսի կարծիքով պատիժը պարտադիր է, ընդ որում դրա 37 տոկոսը մահապատժի ենթարկելու կողմնակից է եղել, իսկ հարցվածների 15 տոկոսը դեմ է եղել մարշալին պատժելուն:

Պետենին ներկայացվող գլխավոր մեղադրանքը եղել է 1940 թվականի Գերմանիայի հետ նրա կնքած զինադադարն ու այդ նույն տարում գերագույն իշխանության յուրացումը: Հրեաների արտաքսումը, ֆրանսիացիներին Գերմանիա աշխատանքի ուղարկելը և ֆրանսիական միլիցիայի ստեղծումը նրան չի վերագրվել: Պետենը յոթ րոպե տևողությամբ ելույթ է ունեցել: Նա փորձել է դատարանին համոզել, թե իր կնքած զինադադարը փրկել է Ֆրանսիան, և որ այդ զինադադարի շնորհիվ դաշնակիցները պահպանել են վերահսկողությունը Միջերկրական ծովում: Ընդ որում նա չի նվազերցրել դը Գոլի ծառայությունը. Նա ինքն իրեն անվանել է «Ֆրանսիայի վահան, որը ցանկացել է երկիրը զերծ պահել ամենավատ ելքից», իսկ դը Գոլին անվանել է «Ֆրանսիայի սուր, որն իր ձեռքն է վերցրել երկրի ազատագրումը դրսից»: Նա նաև հայտարարել է, թե այդպիսի կազմ ունեցող դատարանը իրավասու չէ իրեն դատել ու պնդել է, թե իրեն պետք է դատի ամբողջ ֆրանսիական ժողովուրդը.

«Ինձ իշխանություն հանձնել էԱզգային ժողովով ներկայացված ֆրանսիացի ժողովուրդը: Գերագույն դատարանն իր ներկա կազմով չի ներկայացնում ֆրանսիացի ժողովուրդը, և հիմա միայն նրան՝ ժողովրդին է դիմում Ֆրանսիայի մարշալը՝ երկրի գլուխը…Ես ոչ մի հարցի չեմ պատասխանի, և սա միակ հայտարարությունն է, որ ցանկանում եմ անել»:

Մարշալը դատարանում այլևս չի արտահայտվել: Նրա փաստաբանները նույնպես պնդել են, թե 1940 թվականին թվացել է, թե Մեծ Բրիտանիան դատապարտված է պարտության և որ անհրաժեշտ է հաշտության պայմանագիր կնքել Գերմանիայի հետ, որը Պետենն արել է Ֆրանսիայի համար նվազագույն զոհողություններով:

Դատավարության մեկ շաբաթվա ընթացքում որպես վկա հերթով հարցաքննվել են Ռեյնոն, Դալադիեն, Լեբրենը և բազում ուրիշներ: Դատավարության ելքի վրա առանձնակի ազդեցություն է ունեցել Բլյումի մեղադրական ելույթը: Դրանից հետո ելույթ են ունեցել պաշտպանական կողմի վկաները: Դրանց մեջ աչքի են ընկել Վեյգանը և Լավալը, բայց, ընդհանուր առմամբ, Պետենի վկաների փաստարկները նվազ համոզիչ են եղել:

Դատավճիռը կայացվել է օգոստոսի 15-ին: 14 «կողմ» և 13՝ «դեմ» ձայների հարաբերակկցությամբ Պետենը «պետական դավաճան» է ճանաչվել ու դատապարտվել է մահապատժի, գույքի բռնագրավմամբ, բայց հաշվի առնելով ծեր հասակը, դատարանը հանձնարարել է հրաժարվել մահապատժի ենթարկելուց: Օգոստոսի 17-ին դատավճիտը մեղմվել է. այդ պահին դը Գոլը ժամանակավոր կառավարության ղեկավարն էր, և նա է ստորագրել պաշտոնական ներման որոշումը: Պետենին դատապարտել են ցմահ բանտարկության: Նրան հեռացրել են Ֆրանսիական ակադեմիայից, բայց պահպանել են Ֆրանսիայի մարշալի կոչումը և մարշալական մականը:

Սկզբում Պետենին տարել են Ստորին Պիրենեյում գտնվող մի ամրոց, որը Վիշիի կառավարությունն օգտագործել էր որպես բանտ, բայց 1945 թվականի նոյեմբերի 16-ի նրան տեղափոխել են Յե կղզու բանտ: 1949 թվականին արդեն 93-ամյա Պետենի առողջական վիճակը սրընթաց վատացել է, և Ֆրանսիայի կառավարությունում սկսել են քննարկել բանտարկության պայմանների մեղմացման հարցը: 1951 թվականի հունիսի 29-ին Ֆրանսիայի նախագահ Վինսեն Օրեոլը հրամանագիր է ստորագրել Պետենին նույն կղզու մասնավոր տուն տեղափոխելու մասին: Նա պիտի լիներ հսկողության տակ: Ծերունական խելապակասության վիճակի հասած Պետենին այցելում է Ժան Դոդեն անունով հոգևորականը: Հուլիսի 23-ի Պետենը մահանում է: Նրան թաղում են նույն կղզում, մարշալի համազգեստով՝ չնայած դեռևս 1938 թվականին կազմված կտակում նա խնդրել էր իրեն Վերդենում՝ Վերդենի ճակատամարտում զոհվածների կողքին թաղել:

Անձնական կյանքը

Պետենը դուր է եկել կանանց: 1900-ական թվերին, երբ նա արդեն 45-ն անց էր, համարվել է հրապուրիչ տղամարդ: Ծառայության բերմամբ նա պարբերաբար քաղաքից քաղաք է մեկնել և կարճատև ինտիմ հարաբերություններ է ունեցել բազմաթիվ կանաց հետ: Հնարավոր է, որ նա արտաամուսնական կապից ծնված մեկ կամ մի քանի երեխա է թողել, թեպետ ուղղակի հաստատումներ չկան:

Պետենը երկար ժամանակ ամուսնացած չի եղել, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ համարվել է կարողություն չստեղծած անհեռանկարային սպա: 1898-ին Պետենը ծանոթացել է 21-ամյաԱնն Արդոնի հետ, ավելի ուշ սիրահարվել է նրան և 1901-ին առաջարկել է ամուսնանալ: Նրանց ամուսնությանը դեմ է եղել աղջկա հայրը, որը դստեր համար ավելի շահեկան փեսացու է գտել: 11 տարի անց այդ ամուսնությունը փլուզվել է, և 1914-ի աշնանը Աննը նորից սկսել է շփվել արդեն գեներալ դարձած Պետենի հետ: Այդ ժամանակ Պետենը սիրուհի է ունեցել և, պատճառաբանելով ընթացող պատերազմը, խոսափլ է երբեմնի սիրեցյալի հետ ամուսնանալուց: Հետագայում Պետենը բաժանվել է սիրուհուց ու 1920-ի սեպտեմբերին կյանքը վերջնականապես կապել է Աննի հետ: Բայց նրանք պսակադրվել են 1941-ի մարտի 7-ին, երբ Աննի նախորդ ամուսնությունը եկեղեցով չեղյալ է համարվել:

Նրանք երեխաներ չեն ունեցել, թեպետ Աննը նախորդ ամուսնուց տղա է ունեցել, որին Պետենը չի սիրել: Նրանց ամուսնությունը պահպանվել է նույնիսկ Պետենի բանտարկության ժամանակ: Աննը բնակարան է վարձել այն կղզու միակ հյուրանոցում, որտեղ բանտարկված էր Պետենը, որտեղից նա ամեն օր մեկժամյա հանդիպման է եկել ամուսնուն:

Նկարում՝ Պետենն իր դատավարության ժամանակ (1945 թվականի հուլիսի 30):

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
դեպի վեր