ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Անդրադարձ մի առասպելի ծննդյան պատմությանը
20:41, 27.02.2021
3826 | 0

582 – ից 602 թվականը Բյուզանդիայի կայսրը Մավրիկիոսն է եղել: Հայ մատենագրությունն ու պատմագրությունը նրան Մորիկ է անվանել: Ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ սրա հայատյաց քաղաքականությանը և դրան առնչվող մի առասպելի:

Մորիկը հայերին դիտարկել է որպես մի շատ հարմար նյութ, որով կարելի է կյանք տալ իր կայսրության անբնակ վայրերի ամայությանը, իսկ հայ զինվորականներով պետության ծայրամասային շրջաններում սահմանապահ գաղութներ հիմնել: Իր սևեռուն նպատակին հասնելու համար նա ամեն կերպ խրախուսել է հայերի գաղթը: Բայց երբ խրախուսանքը ցանկալի արդյունքի չի հանգեցրել, նա դիմել է ուժի և հարկադրանքի: Ընդ որում նա մինչև կայսր դառնալն է ուժի գործադրումն իր գործունեության պարտադիր բաղադրիչ դարձրել: 577 թվականին, երբ Մորիկը դեռ ընդամենը զորքերի հրամանատար է եղել Հայաստանում, Արզն գավառից հայերին տեղահանել է և ուղարկել Կիպրոս կղզի, որն այդ ժամանակ անմարդաբնակ է եղել: Կայսր դառնալուց հետո նա մեծ թվով հայերի տեղահանել և ուղարկել է Մակեդոնիա և Թրակիա՝ Բալկանյան թերակղզու պաշտպանական գիծն ամրացնելու և Կոստանդնուպոլիսը սլավոններից ու ավարներից պաշտպանելու համար: Հայկական գնդերը կռվել են Դանուբ գետի շրջանում և նույնիսկ անցել են այդ գետի մյուս ափը: Բայց Մորիկը հայ զինվորական ուժը կլանելու գործում անհագ է եղել ու ավելի ու ավել մեծաթիվ ռազմիկներ է տարել օտար ափեր: Ռազմիկ հայերի և իշխանների մեծ մասն այլևս հայրենիք չի վերադարձել: Հայաստանի ու հայության համար այս կործանիչ քաղաքականությունն աստիճանաբար հայ նախարարների դժգոհությունն է հարուցել: 589 թվականին հերթական անգամ Մորիկը հրամայել է 2000 հայ ռազմիկներից կազմված հեծելազոր հավաքել Թրակիա ուղարկելու համար: Կազմվել է երկու գունդ՝ յուրաքանչյուրում հազար հեծյալ: Մի գունդը հանձնվել է Սմբատ Մամիկոնյանին, և նա Սեբաստիայով գունդը հասցրել է Կոստանդնուպոլիս: Երկրորդ գնդի հրամանատարը եղել է Սմբատ Բագրատունին: Այս երկու նախարարն էլ Բյուզանդական Հայաստանում մշտապես բնակվող Մամիկոնյան և Բագրատունյաց տոհմերից էին: Սմբատ Բագրատունին իր զորքը տարել է Խաղտիք գավառ ապա շարժվել է դեպի Սև ծով: Բայց ճանապարհին գունդն ապստամբել է, հրաժարվել է գնալ օտար երկրում կռվելու և ամրացել է լեռներում: Մորիկն ամեն միջոց գործադրել է Սմբատին ու նրա զինվորներին հնազանդեցնելու համար: Խոստումներն արդյունք են տվել, և գունդն ուղարկվել է Թրակիա, իսկ հրամանատարն ազատ է արձակվել: Վերադառնալով հայրենիք՝ Սմբատը սկսել է նախապատրաստվել ապստամբության: Բյուզանդացի մատենագիր Թեոփիլակտոս Սիմոկատասը հաղորդում է, թե ապստամբները նախ սպանել են կայսրի կողմից Հայաստանի կառավարիչ նշանակված Հովհաննեսին: Մեր պատմիչը՝ Սեբեոսը, ասում է, թե հայ նախարարները միավորվել են, որպեսզի դուրս գան կայսեր իշխանության տակից և իրենց թագավորն ունենան և ոչ թե Թրակիայի կողմերում օտարի համար մեռնեն: Իսկ բյուզանդացի պատմագիրն էլ ասում է, թե ապստամբների նպատակն է եղել անցնել Մարաց (Պարսկաստան) կողմը: Բայց այս մտադրություններից ոչ մեկն էլ չի իրականացել, որովհետև նախարարների միաբանությունը, ինչպես եղել է շատ հաճախ, քայքայվել է, և ոմանք նույնիսկ մատնության են դիմել ու ցրվել են տարբեր կողմեր: Մորիկը Հայասատան է ուղարկել մի նոր պաշտոնյայի, որը վերջ է տվել խառնակությանը, իսկ Սմբատին շղթայակապ տարելէ Կոստանդնուպոլիս:

Մորիկ կայսրը որոշել է մի փոքր սիրաշահել հայերին՝ ցույց տալով նրանց, թե ինքը նրանց հանդեպ շատ գթասիրտ է ու ներողամիտ: Սմբատին դատել են: Նա խոստովանել է իր մեղքը, և դատարանը նրան մահվան է դատապարտել: Որոշվել է, որ նրա մահապատիժը պետք է գազաններն «իրականացնեն», արյունոտ ներկայացումների սիրահար մայրաքաղաքային հանդիսատեսի ներկայությամբ: Երբ հայ իշխանն ամֆիթատրոնի բազմության առջև հանվել է ասպարեզ և բացվել են այն դռները, որոնցից պիտի դուրս գային գազաններն ու հարձակվեին մահապարտի վրա, Մորիկը նշան է արել, որ դադարեցնեն ամեն ինչ և ներում է շնորհել Սմբատին:

Հույն պատմագիրն ասում է, թե կրկեսում հավաքված հասարակությունը մեծ ոգևորությամբ ողջունել է այդ աննախադեպ գթասրտությունը, բայց հայ պատմագիր Սեբեոսը, հենվելով ազգային գունազարդված, ճոխացված ավանդապատումի վրա, ցույց է տվել, թե Մորիկը Սմբատին ներում է շնորհել ոչ թե խղճահարությունից, այլ՝ նրա քաջության և ուժի նկատմամբ հիացմունքից մղված ու հայ նախարարի առասպելական ուժն ու քաջությունն «ապացուցող» մի դրամատիկ պատմություն է հորինել:

Ըստ այս հորինվածքի՝ Սմբատը խոշորամարմին, բարձրահասակ, գեղեցկատես և ուժեղ կազմված ունեցող մարդ է եղել: Մի անգամ նա իր նման պնդակազմ ձիու վրա նստած անտառով անցնելիս է եղել: Հանկարծ նա վեր է ցատկել, երկու ձեռքով բռնել է ծառերից մեկի հաստ ճյուղից և պինդ սեղմելով ծնկները՝ դրանցով ձիուն կտրել է գետնից՝ ապշեցնելով իրեն հետևող զինվորներին: Եվ ամեհի ուժի տեր, ժողովրդական առասպելների ոգուն լրիվ հարմարեցված այս հերոս հսկան մերկացված նետվել է կրկեսի հրապարակ:

Սկզբում մի ամեհի արջ են արձակել նրա վրա: Երբ գազանն ընդհուպ մոտեցել է, նա բարձր աղաղակել է նրա ականջին ու այնպես ուժգին է հարվածել գազանի ճակատին, որ այն տեղնուտեղը սատկել է: Հետո մի ցուլ են արձակել Սմբատի վրա, և մեր առասպելացված մահապարտը բռնել է նրա եղջյուրներից ու դարձյալ աղաղակել է: Տևական մարտից հետո ցուլը հոգնել է ու վիզը թուլացրել: Սմբատն օգտվել է հարմար պահից ու կոտրել է ցուլի զույգ եղջյուրները: Կենդանին այլևս չի ցանկացել պայքարել ու փախուստի է դիմել: Սմբատը վազել է նրա հետևից, բռնել է պոչից ու ոտի մի կճղակից: Երբ ցուլը փորձել է ազատել ոտը, կճղակը մնացել Սմբատի ձեռքում: Եվ մի ոտը «բոբիկ» ցուլը ճողոպրել է:

Բայց Սմբատ Բագրատունու փորձությունը դեռ չէր ավարտվել: Նա պիտի դիմակայեր նաև էգ առյուծին: Ըստ պատմագրի, երբ առյուծը հարձակվել է, Աստված անմիջապես հովանավորել է նրան, և նա իսկույն բռնել է առյուծի ականջից ու նստել է նրա մեջքին, այնուհետև բռնել է գիշատչի կոկորդից ու խեղդել է:

Հիացած հանդիսատեսը ողջունել է իր աչքի առաջ աներևակայելի սխրանքներ գործած հերոսին և կայսրին խնդրել է ներում շնորհել նրան: Իսկ կայսրուհին սովորական խնդրանքից անցել է ծնկաչոք աղաչանքի: Եվ այստեղ միայն պարզվում է, որ մեր Սմբատին, նրա գեղեցկության և ուժի համար, կայսրն ու կայսրուհին ավելի վաղ որդեգրած են եղել: Հերոսի բոլոր արժանիքները հաշվի առնելով՝ Մորիկը ներել է նրան, հանձնարարել է, որ տանեն բաղնիք, լողացնեն ու նոր շորեր հագցնեն: Բայց կայսրը նրան չի պահել արքունիքում, այլ զինծառայության է ուղարկել Աֆրիկա:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
278 | 0
09:44, 13.04.2024
374 | 0
11:39, 08.04.2024
398 | 0
09:16, 06.04.2024
350 | 0
08:44, 03.04.2024
289 | 0
դեպի վեր