
Թե ինչե՞ր տեսա մարդկային հոգում թվաց կլռեմ երկա՜ր ժամանակ, սակայն լուռ սիրո՜ւմ են, իսկ բարձր ատո՛ւմ, լուռ տառապո՜ւմ են – բարձր անիծո՛ւմ, Ես ո՛չ լռում եմ ու ո՛չ էլ գոչում- Լո՜ւռ մտորում եմ, թե այս ո՞նց եղավ, որ մարդ արարածի հոգին անապակ դարձավ անապատ… * «Նարեկ» կարդացի բորենիներին, երբ բորենիները մագիլներն էին սրում ժայռերիս վրա, Բուսակերության դասեր տվեցի սոված առյուծին, երբ առյուծն իր ագահ սոված աչքերով եղնիկ էր փնտրում քերծերիս վրա: Շրթունքս հպա՜ծ օձի շւրթերին կյա՛նքս պատմեցի իմ հազարամյա անաղարտ լեզվով, երբ օձը սողո՜ւմ էր դեպի տունը իմ ուր զավակնե՜րս էին քնած անվրդով: Այս վերջի՜ն տարում այնքա՜ն բան տեսա մարդկային հոգում, որ … արտասուք դարձա երկնքի կրծքին՝ վերից նայելով թվաբանական պրոգրեսիայի խղճուկ օրենքով աճող փոսերին: Ու մեկը չկա՜ր ողջ մոլորակում, որ ձե՛ռքս բռներ կամ էլ սո՛ւր դներ՝ ձեռքս զբաղեցներ, որ չթերթեի իմ Սուրբ էջերը մարդկային թերմացք թշնամու առաջ… Ո՜ւ … Չկա՜ր բանաստեղծը, որ պիտի գրեր, թե համայն աշխարհի ամբիոնին թառա՜ծ - լեզվով հայերեն Բլբուլն էր երգում, …ու երգերում մա՜հ, …ու երգերում ցա՜վ …ու երգերում դա՜վ, երբ հազարավոր չղջիկներ սոված վրա տվեցին ու Բլբուլն ընկա՜վ… * Ես սո՛ւր ստեղծեցի- Սուրն ինձ կործանեց, Ես բա՛ր ստեղծեցի՝ Բարը ինձ խեղդեց, Օ՜ձ տաքացրեցի գրկումս սեղմած ու հենց ինձ խայթեց Օ՜ձը… իր կապույտ աչքերով անթարթ: Վե՛ր կկենամ ընկած տեղից, Ոտքի՛ վրա կկանգնեմ, Արյան ծարավ ծե՜ր, անհեռատե՜ս վայրագներին Դեռ բլբուլի իմ երգե՜րը կերգեմ: Ուժ տվողն ինձ իմ վերքե՜րն են՝ թա՜րմ, սպիացա՜ծ, դարավո՜ր, Հույսս հմուտ իմ ձեռքե՜րն են, Աստվածային իմ մտքե՜րն են՝ Աստղերից պայծառ, Արևից հզոր… |