ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ». հանրությունը քննարկում է ԸՕ նախագծի տապալումը
30.10.2018

Ինչպես արդեն հայտնել էինք, 62 կողմ, 2 դեմ ձայնով հոկտեմբերի 29-ին ԱԺ-ն կրկին տապալեց ԸՕ փոփոխությունների նախագծի ընդունումը: Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք: Քաղաքական ուժերն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն հին օրենսգրքով:

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում:


Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը: Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով:


Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլի մի 5 տարով ետ է ընկնելու:

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Բոլոր նրանք, ովքեր դժգոհ են հանրապետականի կրկնակի սաբոտաժից, ԸՕ ընդունման հարցում կուզեմ հարցնել.


-Ո՞ւր էիք և ի՞նչ էիք անում այն ժամանակ, երբ Սերժիկն իր հրոսակախմբով քանդակում էր իր այսպես կոչված սահմանադրությունը ու լայնամասշտաբ մոբիլիզացիայով ընդունել էր տալիս այն։


Թե՞ համարում էիք, որ դա կարևոր չէր, հանրապետական հալալ կաթնակերները գալու են, կողմ քվեարկեն նորացված ընտրական օրենսգրքին։ Իսկ ինչո՞ւ պիտի գային կողմ քվեարկեին, շատ ուրախ էին հա՞ երևի իրենց իշխանազրկումից։ Էս ի՞նչ տրամաբանություն է։ Եվ լուրջ չեմ համարում այն պնդումները, թե բա Նիկոլը թերագնահատել է ԸՕ բարեփոխման դերն ու նշանակությունը, իբր, որ ուզեր, այնպես կաներ, որ սերժահպատակները կողմ կքվեարկեին։ Զենք է՞ր դեմ տալու գլխներին, թե՞ ավետարան էր կարդալու վրեքը՝ դարձի գային։ Չէին գալու, որ հասկացած լինեին իսկության պահը, անխոս կողմ կքվեարկեին։ Իրենք սաբոտաժով սեփական եսը կշտացրին ընդամենը և հետո քթներից է գալու, կասկած չունեմ։

Լևոն Շիրինյան, քաղաքագետ

Ընտրական նոր օրենսգրքի դեմ դավադիր քվեարկությունը, ըստ էության, խորքային պետության կատաղի և կազմակերպված դիմադրության արդյունք է, որի նպատակը Թավշյա հեղափոխության բարոյազրկումն է և Հայաստանի Հանրապետությունը նախկին վարչակարգի ժամանակաշրջան հետքաշելը։ Սա կատարյալ քաղաքական հետընթաց է և կյանքի տնտեսական բարելավման հույսի անհետացում։ Քրեաօլիգարխիկ համակարգը վերադառնում է այս անգամ օսլայած շապիկներով` եվրոպականության դիմակով, սակայն գիտակցել է պետք` հեղափոխությունը գրոշ չարժե, եթե չի կարողանում իրեն պաշտպանել, ուստի ոչ լեգիտիմ պետք է ճանաչել ոչ լեգիտիմ ԱԺ-ի ընդունած ցանկացած օրենք, որը չի արտացոլում ժողովրդի ազատությունը սահմանափակող նախաձեռնություն։ Դա նշանակում է, որ հեղափոխության իդեալների հույսով ապրող ժողովուրդը պետք է կազմակերպվի և մերժի ցանկացած նման նախաձեռնություն:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի ձախողումը ճակատագրական նշանակություն է ունենալու բոլորիս ու երկրի համար: Բացատրեմ, թե ինչո՞ւ: Կա պարզունակ պատկերացում, թե գործող ռեյտինգային ընտրակարգն իշխանության ձևավորման օրինականության ու լեգիտիմության վրա ազդում էր միայն այն առումով, որ ռեյտինգայինների տակ առաջադրվում էին քրեական-օլիգարխիկ դեմքեր, որոնք համատարած ընտրակաշառք էին բաժանում ու գաղափարական-քաղաքական պայքարի տեղ չէին թողնում մաքուր քաղաքականության համար: Դա ճիշտ էր, բայց ամբողջը չէր: Ու թող ոչ մեկին չթվա, թե այս վտանգները վերանում են այնքանով, որ վարչապետը և նրա թիմն արգելում են ընտրակաշառքի բաժանումը, ինչպես դա արեցին Երևանի ընտրությունների դեպքում, ու դա կանեն նաև այժմ:

Հայկ Խանումյան, Արցախի ԱԺ պատգամավոր

Չեմ կարծում, թե ՀՀ գործող ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալը խորհրդարան կբերի թաղային հեղինակությունների: Դա հնարավոր էր մինչհեղափոխական Հայաստանում: Թաղային հեղինակությունների գործիքակազմն այժմ խիստ սահմանափակ է: Ճիշտ է` նոր օրենսգիրքն ավելի մեծ հնարավորություններ էր բացում քաղաքական ուժերի ու ընդհանրապես քաղաքական համակարգի համար: Բայց ունենք այն, ինչ ունենք: Կուսակցություններին մնում է այնպիսի թեկնածուներ դնել, որոնք կվերականգնեն հեղինակություն տերմինի խեղաթյուրված իմաստը:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Ընտրական օրենսգիրքը չընդունվեց: Խուճապի մատնվել պետք չի: Դա «վերջին վատություն» չի, դա հերթական լավությունն ա: Ինչքան կարելի ա վախենալ կամ վախեցնել հանրությանը համակարգով, որին հաղթել են արդեն մի քանի ամիս ա: Եթե արտահերթ խորհրդարանի ընտրության ճակատագիրը և որակը պետք ա էդ օրենսգրքի ընդունվել-չընդունվելուց կախված լիներ, ուրեմն վայ էդ ընտրությանն ու ընդհանրապես թավշյա հեղափոխությանը:

Ստեփան Գրիգորյան, քաղաքագետ

Անթույլատրելի է անցկանցնել ընտրությունները ընտրական հին օրենսգրքով: Սա լուրջ նահանջ է հեղափոխության համար:

Երջանիկ Աբգարյան, ԳԽ նախկին պատգամավոր

Հեղափոխությունը վտանգված է: Եթե այն տապալվի, ամբողջ պատասխանատվությունը կկրի Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր