ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Հանրությունը քննարկում է նախարարությունների օպտիմալացումը
22.12.2018

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որի համաձայն նախատեսվում է 17 նախարարություններից թողնել 12-ը։ Լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը:

Լուսինե Իգիթյան, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակցուհի

ՀՀ մշակույթի նախարարությունը լինելու է. այն ՀՀ պաշտպանության նախարարության նման ռազմավարական նշանակություն ունի: Ոʹչ միացմանը...

Երանուհի Մարգարյան, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Մշակույթի նախարարություն, այն էլ հզոր նախարարություն՝ ոլորտին տիրապետող, ուժեղ, կառավարչական հմտություններով անձի գլխավությամբ: Պետք զերծ լինի քաղաքական փոփոխություններից, որովհետև տարիներ շարունակ քաղաքական տարբեր իշխանություններ միանգամայն նպաստել են հայոց մշակույթի ոչ բավարար պահպանմանն ու հաճախ իրենց քաղաքական սխալ մոտեցումներով վնաս պատճառել մշակույթին: Մշակույթի նախարարությանը պետք է տրվի լայն լիազորություններ և միջոցներ՝ մշակույթը պահպանելու և ազգային արժեհամակարգի վրա ձևավորված հասարակություն ստեղծելու համար: Մշակույթի նախարարության ներսում մասնագետների տարիներով պայքարի ձայնը պետք է լսելի լինի իշխանությունների համար և ոչ թե մասնագետներին ճնշելով՝ առաջ տանեն քաղաքական սխալ որոշումներ:

Սերոբ Անտինյան, կառավարման փորձագետ

Պետական կառավարման ապարատի փոփոխություններին պետք է նախորդեն մասնագիտական խորքային քննարկումները: Դեռ նախկին իշխանություններից մնացել է արատավոր գործառույթ՝ իրավիճակային լուծում: Եթե պետք էր մարդուն պաշտոն տալ, նախարարություն էին ստեղծում, և հակառակը: Հիմա նույն իրավիճակն է՝ նախարարներ չունեն, դրա համար միավորում են նախարարությունները: Նախարարությունները լուծարելն անթույլատրելի է, փոխարենը պետք է ուսումնասիրություններ իրականացնել:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Չխաբենք ինքներս մեզ ու իրար. մշակույթն ու Մշակույթի նախարարությունը նույնը չեն և ամենևին փոխպայմանավորված չեն: Հետևաբար պետք ա խոստովանել, որ բուն խնդիրը, իհարկե, մարդկային ա՝ բոլորի համար էլ ցավալի ա աշխատատեղ կորցնելու հեռանկարը, հատկապես մի երկրում, որտեղ կա նորը գտնելու ահավոր մեծ խնդիր: Եվ էստեղ, իհարկե, կարճաժամկետ կետում բախվում են պետական ու մարդկային ճակատագրերը, ու սա բավականին բարդ դիլեմա ա և կապ չունի կրճատվող կառույցի ոլորտային բնույթի հետ: Սա մի ցավալի գործընթաց ա, առանց որի անհնար ա պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը:

Լիզա Ճաղարյան, լրագրող

Հայաստանի անկախացումից ի վեր՝ սկսած մշակույթի նախարար Հակոբ Մովսեսից, ասում էին, որ այդ նախարարությունը մի օր պետք է փակել։ Բազմաթիվ հիմնավորումներ էին հնչում։ Քանի որ օդում էին հնչում այդ կարծիքները, ես չեմ տեսել որևէ մեկի բուռն հակադարձումը, ըստ որի, եթե այդ նախարարությունը փակվի, Հայաստանում մշակույթը մեռնելու է։ Եվ հիմա էլ բողոքի ցույցը մշակույթի կործանմանը դիմակայելու համար չէ, գործազրկության հեռանկարն է մարդկանց մտահոգում։ Խնդրում եմ, այդպես էլ ասեք, հասկանում եմ ձեր մտահոգությունը։ Բայց... Բարձրագոչ ճառեր մի ասեք մշակույթի մասին։ Մշակույթը երբևէ չի զարգացել նախարարության շնորհիվ։ Ու ոչ էլ կործանվելու է նախարարության փակումից հետո:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել: Այսօրվա իշխանությունների կողմից աջուձախ իրականացվող, կասկածելի հիմնավորմամբ և արդյունավետությամբ ճոխ ծախսերի ֆոնի վրա հազարավոր մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ:

Համլետ Պետրոսյան, պատմաբան, հնագետ

Մշակույթի նախարարությունը ցանկացած այլ նախարարության կարող է զիջել իր աշխատակազմով կամ ֆինանսներով, բայց այն չի կարող լինել որևէ նախարարության կամ կառույցի կցորդ: Մշակույթի նախարարության և մշակույթի՝ որպես քաղաքականության վճռորոշ ոլորտի առանձնացումը 20-րդ դարի քաղաքակրթական ամենամեծ նվաճումն է: Չկա մի ցիվիլ ազգ, որ չունենա Մշակույթի նախարարություն: Խելքի եկեք:

Կարեն Հովհաննիսյան, ռազմական վերլուծաբան

Սփյուռքի նախարարությունը շատ կարևոր նախարարություն է, այն հավասարազոր է Ադրբեջանի նավթի նախարարությանը, դեռ մի բան էլ ավելին, բա՜յց... Բայց այս նախարարությունն իր գործառույթներով կարվել է Հրանուշ Հակոբյանի համար և այն պարզապես տաքուկ անկյուն է և վերջ: Դիմում ես իրենց սփյուռքի դասագրքրի համար, պատասխանում են՝ դիմեք ԿԳՆ, դիմում ես հայ համայնքում երգի-պարի դասերի համար՝ դիմեք Մշակույթի նախարարություն, դիմում ես որևէ փաստաթղթի համար՝ դիմեք ԱԳՆ, դիմում ես դրսում որևէ ընտանիքի վերադարձը կազմակերպելու համար՝ դիմեք տեղի դեսպանատուն, դիմում ես որևէ համայնքում լեզվի ուսուցիչ գործուղելու համար՝ դիմեք Սուրբ Էջմիածին: Եթե այդ նախարարությունը միայն ուղղորդելու համար է, ապա այն միանշանակ մեզ պետք չէ, և իզուր տեղը նեղացնում է թեʹ սփյուռքին, թեʹ այստեղ գործ անողին...

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Կրկին Մշակույթի նախարարության լուծարման մասին: Սա ՀՀ-ի սովորական նախարարություն էր՝ սովորական, անկիրք, համաձայնողական, երևակայություն և հոգի չունեցող շարքային նախարարներով: Դրանով ինքնին շատ չէր տարբերվում մյուս նախարարություններից: Սուս ու փուս գլուխը կախ մեդալներ բաժանելով գորշ գոյություն էր ձգում՝ միշտ հանդուրժելով Հայաստանի մշակութային արժեքների ոտնահարումները, երբեմն-երբեմն փայ մտնելով սեփականացումներին և թունդ ակտիվանում իր ոլորտների պաշտոնների վերաբաշխումներին, թուք ու մուր ուտելով հասարակությունից և հոգնած արդարացումներով անդրադառնալով հասարակության ձանձրացնող որոշ հարցերի: Ինչպես մյուս նախարարությունները: Ինչո՞ւ, ինչո՞ւ չփորձենք հեղափոխական լուրջ փոփոխություն անել մեր ժողովրդի համար այս իրականում խիստ կարևոր նախարարությունում: Լուծարումը հեշտ է, եթե մոռանանք դրա բերած ավերները, աշխատեցնելն է դժվարը, բայց պատվաբերը: Եթե նոր կառավարությունը հարմար նախարար չի գտնում, գուցե առայժմ մշակույթի քաղաքականությունը մշակող մի հանձնաժողո՞վ ստեղծի, ասենք՝ երկու ամսվա ժամկետ սահմանելով: Եթե նորմալ հայեցակարգ մշակվի՝ արդեն իսկ շահած կլինենք: Եթե չմշակվի՝ լուծարելը կա ու կա...

Զոհրապ Եգանյան, ֆեյսբուքյան օգտատեր

Սկսվեցին բողոքի ակցիաներ, գործադուլներ պետական ապարատում, կարծում եմ` սա կունենա շղթայական ռեակցիա։ Մի կողմից հասկանալի է` մարդիկ աշխատանք են կորցնելու, մյուս կողմից էլ գաղտնիք չէր` Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է լինեն կրճատումներ ու դա արել էր ընտրություններից առաջ։ Բացարձակ մեծամասնությունը նրան քվե է տվել, կարող է հանգիստ կրճատումներն անել:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Մշակույթի, Սփյուռքի ու օպտիմալացվող այլ նախարարությունների աշխատակցներն իրականում պետք է գործադուլ ու բողոքի ցույցեր անեն այդ կառույցները գլխավորած բոլոր նախարարների տների դեմ, որոնք իրենց ոչ կոմպետենտությամբ բարեհաջող ցույց տվեցին, որ նման կառույցներ պետք չեն: Իրականում, աշխատակիցների առնվազն մի հատվածն իրենց գործին նվիրված ու տիրապետող են եղել: Այդ մարդիկ մեղք չունեն, որ իրենց վերևից հանձնարարություն տվող չի եղել: Հայաստանում բոլոր նշանակվող ղեկավարերին թվացել է, թե եթե իրենք նստեն աթոռին ու «լավ թիմ հավաքեն, լավ պրոֆեսիոնալ խորհրդականներ ու տեղակալներ հավաքեն», համակարգը աշխատելու է: Բայց չեն հասկացել, թե այդ ինչ մոտիվացիա պետք է իրենցից արժանավոր գերպրոֆեսիոնալներին դրդի, որ նրանք էլ կայացնեն-կայացնեն իրենցից վերև գտնվող ոչ կոմպետենտին, ում արժանիքներով, փորձով իրենցից պակաս են համարում:

Վահագ Ռաշ, ռոք երգիչ, կիթառահար

Չեք համաձայնի՞, որ Մշակույթի նախարարությունը չէ, որ պետք է մշակույթ ձևավորի երկրում, մշակույթը ձևավորվում է մանկուց, որը կարող է անել հենց կրթության նախարարությունը՝ ճիշտ նախագծերով: Ասենք` համապատասխանաբար 30 տարի ունենք նախարարություն, ու ի՞նչ է մեր մշակույթի վիճակը, այստեղ խնդիրն այլ է ու Մակունցի ասած մշակույթը պետք է իրականում մեր մեջ լինի, սխալ ձևակերպում չէ, յուրաքանչյուր հայ պետք է կրի իր երկրի մշակույթը: Մշակույթը միայն երաժշտական ու արվեստի նկատմամբ ձևավորված ճաշակը չէ, այլ հոգատարությունը երկրի ու ազգի արժեքների նկատմամբ:

Սիրվարդ Համբարյան, Սփյուռքի նախարարության աշխատակից

2008թ. այս նախարարությունն ստեղծվեց Սփյուռքի պահանջով և տասը տարում իրականացնում է ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացման ռազմավարությունը: Այդ տարիները ցույց են տվել, որ «օդից ստեղծված» նախարարությունն օրուգիշեր աշխատել է: Նոր կառավարության երիտասարդ անդամները տեղյա՞կ են՝ ինչ գործ է կատարվել այս ընթացքում: Սփյուռքի խոշոր կառույցների և գործիչների կարծիքն ինչո՞ւ չեն հարցրել...

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար

Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա` նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի և, ըստ էության, ժողովրդից մենք ստացել ենք մանդատ՝ այդ պրոցեսն իրականացնելու համար: Ինձ անհանգստացրեց Մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը, երբ նրանք ահազանգում էին՝ նշելով, թե մի կրճատեք նախարարությունը, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա արդեն շատ վատ ազդակ է, մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է մշակույթի հետ: Ուզո՞ւմ եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞: Մեկ տարվա մեջ մշակույթի ոլորտի ֆինանսավորումն ավելացրել ենք 400 մլն դրամով, 350 հազարով ավելացրել ենք մշակութային օջախներ այցելուների թիվը: Մշակութային քաղաքականությունն էլ ինչպե՞ս է լինում, իսկ ինչո՞ւ մինչև այժմ դա արված չէր: Երկրորդը՝ մշակույթի նախարարությունը չի լուծարվելու, այլ կազմակերպչական այլ կառուցվածքով կաշխատի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր