ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Համացանցը քննարկում է մարզպետերի` իրենք իրենց ու աշխատակիցներին պարգևավճարներ հատկացնելու հարցը
21.01.2019

Համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել մարզպետների՝ իրենք իրենց ու աշխատակիցներին պարգևավճարներ հատկացնելու հարցը:

Ոսկան Սարգսյան, լրագրող

Եթե հեկտարի չափերը չիմացող, ավելի քան 691 հազար դրամ աշխատավարձ ստացող Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն և մարզպետարանի 15 աշխատողների 104.5% դրույքաչափով չպարգևատրեր, երկիրս ուղեծրից դուրս կգար: Սահմանագոտում իր կյանքը վտանգող պայմանագրային զինծառայողը 170 հազար դրամ է ստանում, իսկ նմաններն իրենք իրենց ու իրենց նմաններին պետբյուջեից ճոխ պարգևատրում են: Է, գուցե հեղափոխությունը հատկապես նրանց համար է եղել...

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

Մի կերպ կարելի է ասել, որ 8 ամիս ազգին ծառյելուց հետո, Կոտայքի, Սյունիքի ու Արարատի մարզպետները քցել-բռնել, ենթադրել են, որ իրենք ժողովրդի կամքով անմնացորդ, բարեխիղճ ու գերպրոֆեսիոնալ ծառայել են իրենց ղեկավարած մարզի բնակչությանը ու կարող են իրենք իրենց ամանորյա նվեր անել՝ լավ նվեր։ Բայց չեմ հասկանում, թե ընդամենը 3 ամիս մարզպետ աշխատած Արմավիրի ու Վայոց Ձորի մարզպետներն ինչի՞ց են ենթադրել, կամ ժամանակը բավարար է եղե՞լ հետևություններ անելու, որ իրենք ահավոր նվիրված ու արդյունավետ ծառայել են ազգին ու դրա համար պետք է պարգևատրվեն։ Սկի 1 տարի մարզպետ աշխատած մարդուն մոտենաս հարցնես, թե ինչպե՞ս ես գնահատում քո աշխատանքը՝ կասի 1 տարին բավարար չէ շոշափելի արդյունքներից խոսելու։ 3 ամիսը բավարա՞ր է պարգևատրվելու համար:

Տիգրան Սարգսյան, փաստաբան

Ժողովուրդ ջան, աշխատող մարդուն աշխատավարձի չափով պարգևատրելը մեծ բան չէ։ Պարգևատրման պրակտիկան միշտ էլ եղել է։ Հատկապես տարեվերջին բոլորն են պարգևատրվում։ Եկեք ավելի լուրջ սխալներ ու բացթողումներ փնտրենք։

Արիս Վաղարշակյան, լրագրող

Ինձ համար պարգևատրումները և ինքնապարգևատրումները խնդիր չէր լինի, եթե դրա հետ մեկտեղ լիներ աշխատանքային պարտականությունների մեջ թերանալու ձևակերպումն ստացած և աշխատանքից հեռացված մարզպետներ և փոխմարզպետներ:

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Մարզպետները, այոʹ, չեն խախտել օրենքը, որը ձևավորվել է նախկին կոռուպցիոն կառավարման համակարգի տրամաբանությամբ, բայց, հանրային ռեսուրսներն անձնական նպատակով օգտագործելու տրամաբանությամբ որոշումներ ընդունելով, խախտել են կոռուպցիայի դեմ պայքարի պաշտոնական անձի վարքագծի նորմերը: Չպետք է երևույթին մոտենալ ձևական, ֆորմալ կանոնների տրամաբանությամբ, այլ պետք է բովանդակային մոտեցում ցույց տալ: Մարզպետների կողմից իրենց և մարզպետարանի աշխատակիցներին պարգևատրումների մասին որոշումներն ամենևին դրական վերաբերմունք և կերպար չեն ստեղծում իրենց և իշխանության նկատմամաբ հանրային ընկալումներում: Բայց, միաժամանակ, սա ևս մեկ ցայտուն օրինակ է, որ պետական կառավարման համակարգում անհետաձգելի փոփոխություններ պետք է կատարվեն, թեʹ գործառույթների, թեʹ կադրային, թեʹ ֆինանսավորման ուղղություններով: Իհարկե, հանրային ծառայությունների, տնտեսական զարգացման, սոցիալական ապահովության և այլ բնագավառների հետ միաժամանակ:

Արա Պապյան, դիվանագետ

Էս մարդիկ չեն հասկանում, որ պարգևավճարը պարգև է՝ այսինքն որոշակի աշխատանքային նվաճումների համար պիտի տրվի, այն էլ բացառիկ դեպքերում: Մի նվաճում թող մատնացույց անեն մարզերում:

Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս անմասն չի մնացել իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին պարգևատրելուց: Թեև պարգևատրումը օրենքով նախատեսված խրախուսման միջոց է, սակայն Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել, քան իր գործընկերները: Նա 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում իրեն, պարգատրել է 104.5% դրույքաչափով: Հավանաբար գումարի չափն աչք «չծակելու» համար չի նշվել կարգադրության մեջ:

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Բացարձակ չէի անդրադառնա այս թեմային, եթե այս օրերին ԶԼՄ-ներից չտեղեկանայի, որ պարոն Փաշինյանի թիմակից մարզպետներից ոմանք, 3-ից 8 ամիս «տիտանական» աշխատանք կատարելու համար, իրենք իրենց և իրենց «քիփիլիկ» շրջապատներին մեկ ամսվա աշխատավարձերի չափով և նույնիսկ դրանից ավել պարգևավճարներ են տվել...Պարգևավճարներ ստացողներից ոմանք էլ, առանց ամոթի, այն բացատրում են օրենքով՝ չբացատրելով, թե ինչպես կարող է պաշտոնյան կամ պետական հիմնարկի աշխատակիցը 12 ամիս չաշխատել, բայց ստանալ, այսպես կոչված 13-րդ աշխատավարձը՝ պարգևավճարը... Սա ի՞նչ է, եթե ոչ պարոն վարչապետի ասած «գյոռմամիշությունը»... Ինչպես կասեր խորհրդային ֆիլմերից մեկի հերոսը՝ «За чей счет этот банкет?»... Իրոք` ում հաշվին են այս տիպի նախաամանորյա խրախճանքներ կազմակերպում ՀՀ վարչապետի թիմակիցները... Կամ վարչապետի ոճով թանկարժեք «սպեցովկաներ» հագնվելը՝ դոշին պաշտոնը և ազգանունը գրված... Այո՛, դա արդեն «գյոռմամիշություն» չէ, այլ տարրական չտեսություն է, որն ինձ մոտ ուղղակի նողկանք առաջացրեց... 2018-ի Թավշյա հեղափոխության պատճառներից մեկը Սերժ Սարգսյանին շրջապատող «գյոռմամիշաչտեսների» և բեսպրեդելշչիկների ահռելի թվաքանակն էր, որոնց պահվածքը և գործունեությունն հասարակության մոտ տարրական ատելություն առաջացրեց ՀՀԿ-ի և նախկին նախագահի անձի նկատմամբ... Հեղափոխությունից ամիսներ անց նրա ալիքների վրայով և Փաշինյանի ուսերին բազմած իշխանության եկած վերջինիս թիմակիցները վատ բաներում կրկնօրինակում են նախորդ իշխանություններին... Հարգելիներս, մի փորք զուսպ եղեք և չմոռանաք ձեր անցյալը... Մի փոքր համեստ լինելը միայն օգուտ կտա պարոն Փաշինյանին, որպեսզի վերջինս ստիպված չարդարացնի իր թիմակիցների բացթողումները, որը նրա մոտ վերջերս այդպես էլ լավ չի ստացվում...

Արտյուշ Գրիգորյան, «Ջավախք» հիմնադրամի նախագահ

Պետական գերատեսչություններում աշխատավարձի ֆոնդից բացի նախատեսված են պարգևավճարներ և հավելավճարներ և պետական ծառայողները միշտ դեկտեմբեր ամսին ստացել են ոչ միայն պարգևավճար, նույնիսկ 13-րդ աշխատավարձ։ Առաջ էլ են ստացել։ Հետևաբար դեկտեմբերի աշխատավարձը ոչ միայն 100, այլ 150% ավել կարող էր լինել, ինչո՞ւմն է խնդիրը չեմ հասկանում։ Ասում եք` պետական թալա՞ն։ Չէ, պետական թալանը դա գնումների ու ատկատների միջոցով բյուջեն լափելն է, բենզինի չեկերը վաճառելն ու սպասարկման համար նախատեսած գումարները գռփելը, ինչը որ նախկինում եղել է։ Իրերը իրենց անուններով կոչեք։

Բաբկեն Պիպոյան, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ

Պարգևավճարները դարձան վերջին օրերի առանցքային թեման` ստանալով տարբեր գնահատականներ` շատ են ստացել, դա էլ էր քիչ, բա մենք սրա համար է՞նք հեղափոխություն անում, տո բա մենք հենց սրա համար էլ հեղափոխություն էինք անում, որ աշխատողը վարձատրվի և այլն: Ցավալի է, բայց փաստ` առանցքը կրկին մղվեց երկրորդ պլան: Պարգևավճարը խրախուսման ձև է և հետևաբար առաջնային է հասկանալ` կատարած ի՞նչ աշխատանքի դիմաց է այն վճարվել և ինչու այդ չափով: 104% պարգևավճար ստացած մարզպետն ավելի լա՞վ է աշխատել քան 58%-ի չափով ստացողը կամ ընդանրապես չստացողը, թե՞ բյուջեն է պարզապես դրա հնարավորությունը ստեղծել: Իսկ այս ամենը կարելի է պահանջել, երբ սահմանված են աշխատանքի գնահատման հստակ չափորոշիչներ և, երբ իրականացվում է կատարողականի նկատմամբ խիստ վերահսկողություն:
Ահա կառավարման համակարգի և պատասխանատվության ինստիտուտի մոդելը, որը հնարավորություն կտա արձանագրել իրական փոփոխություններ: Ի դեպ սա պետք է վերաբերի ողջ պետական ապարատին: «Բարձրաստիճան պաշտոնյան աշխատանքից ազատվել է աշխատանքային պարտականությունները ոչ բավարար կատարելու համար» արտահայտությունն էլ անակնկալ և աննախադեպ չի դառնա:

Իզաբելլա Աբգարյան, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Միանգամից ասեմ, որ խնդիրը ոչ թե զգացմունքային-մանիպուլյացիոն դաշտում եմ դիտարկում, այլ՝ իրավական կարգավորման: Տարեց-տարի պարգևավճարների պրակտիկան գոյություն է ունեցել բոլոր կառույցներում՝ քիչ թե շատ կոմպենսացնելով ցածր աշխատավարձը: Երբեք հանրային քննարկման առարկա չի դարձել, թե ի՞նչ չափորոշիչներով են առաջնորվել պարգևատրում տալուց ու որքանով են այդ չափորոշիչները անկողմնակալ և էֆեկտիվ: Նախկինում գործող արատավոր մեխանիզմների շնորհիվ աշխատավարձի հույսին չէին, այլ` «նալոգի», ատկատների, բիզնես շահերի: Նորերն աշխատավարձի հույսին են: Կարճ ասած՝ խնդիրը ավելի գլոբալ է: Եթե մենք ուզում ենք լավ ու արդար աշխատող կառույցներ, պետք է նաև լավ ու արդար վարձատրման մեխանիզմ ունենանք:

Լիլիթ Մակունց, ԱԺ «Իմ քայլը» խմբակցութան ղեկավար

Որքանով տեղյակ եմ՝ մարզպետերը գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել իրենց լիազորությունները, ու եթե խոսում ենք պարգևատրումներից, պետք է նշենք, որ դրանք տեղի չեն ունեցել միայն մարզպետարաններում, եղել է նաև նախորդ գումարման ԱԺ-ում: Մի կառույցի դեպքում ընդունելի է, մյուսի դեպքում՝ ո՞չ...

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Լիլիթ ջան, հարգելիս, Հայաստանի և ոչ մի օրենք չի արգելում, որ պետական կառավարման որևէ օղակում 1 մլրդ դրամ աշխատավարձ սահմանվի: Իհարկե, այդքան մեծ աշխատավարձերի դեպքում Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի փոփոխություն կպահանջվի: Հիմա ի՞նչ ԱԺ պատգամավորներից մինչև նախարարների ու մարզպետների համար այդքան աշխատավարձ սահմանվի՞: Ի դեպ, օրենքը չէ սահմանում մարզպետի, տեղակալների, օգնական-խորհրդականների մի ողջ գնդի աշխատավարձերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր