ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ». համացանցը քննարկում է Կառավարության ծրագրի նախագիծը
07.02.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, Կառավարությունը հրապարակել է իր ծրագրի նախագիծը, որտեղ Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերն են՝


.Արտաքին և ներքին անվտանգության ապահովում


.Կոռուպցիայի դեմ պայքար


.Ազատ, արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի


.Մրցունակ, մասնակցային ու ներառական տնտեսություն


.Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում ու ենթակառուցվածքներ


.Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում, ռազմարդյունաբերություն


.Պետական ֆինանսների կառավարում:

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

ՀՀ կառավարության ծրագրի նախագծում գրեթե թիվ չկա. արագ նայեցի, ապագայում քիչ թե շատ չափելի երկու բան աչքովս ընկավ`
- Մինչև 2023թ․ էականորեն կրճատել աղքատությունն ու գործազրկությունը,
- Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45%-ի։

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող

Կառավարության ծրագրում չկա ժողովրդավարական բարեփոխումների հիմքում ընկած կուսակցությունների և ընտրությունների բարեփոխման մասին որևէ խոսք: Եթե ծրագիրը գրողները մոռացել են հիշատակել այս կետերը, լավ չէ, իսկ եթե համարում են, որ դա էական հարց չէ, ապա թող նայեն Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխության ժամանակվա ելույթները:

Նորայր Նորիկյան, փաստաբան

Որոշակիորեն ծանոթացա Կառավարության ծրագրին, որը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել Ազգային ժողովի հաստատմանը: Դեռևս ժամանակ կունենանք առավել մանրակրկիտ անդրադառնալու այդ կարևորագույն փաստաթղթին, ավելին, այդ նպատակով առաջիկայում ԶԼՄ-ների միջոցով հանրությանը կներկայացնենք մեր տեսակետները, այդուհանդերձ, ցանկանում եմ այժմ արձանագրել ընդամենը հետևյալը` շուրջ 8 ամիս է, ինչ խոսվում է «անցումային արդարադատության մասին»: Կառավարության ծրագրում որևէ տող կամ ակնարկ այդ ծրագրի մեկնարկի, ռազմավարական հայեցակարգի, գործողության ժամկետի մասին, առկա չէ: Տվյալ դեպքում առնվազն պարզաբանման անհրաժեշտություն է զգացվում, թե արդյո՞ք փոխվել են Կառավարության մոտեցումներն ու պատկերացումները «անցումային արդարադատության» մասին, թե՞ ոչ, եթե այո՛, ինչո՞ւ, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ այդ գաղափարի մասին որևէ հիշատակում կամ որևէ ծրագրային դրույթ գոյություն չունի:

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

Կառավարության ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանոթացա։ Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ և Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները ներկայացնել։ Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ, անգամ կարելի է ասել հակահեղափոխական կառավարության ծրագիր է:

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Բա մենք անտեղի գրեցի՞նք մեր Հայաստանի վերականգնման ճանապարհային քարտեզը. Կառավարության ծրագրի նախագծում չկա ոʹչ անցումային արդարադատություն, ոʹչ սահմանադրության փոփոխություններ, ոʹչ կուսակցությունների մասին օրենքի փոփոխության գաղափար, ոʹչ ընտրական օրենսգրքի փոփոխության գաղափար, ոʹչ դատախազության, ոʹչ ՀՔԾ, ոʹչ ոստիկանության, ոʹչ ԱԱԾ, ոʹչ ՔԿ բարեփոխման գաղափարներ: Եթե կա էլ, շատ մակերեսային, հպանցիկ: Կա տեսական տարբերակ, որ այդ և այլ բաները փոխվելու է ԱԺ ձեռով՝ օրենքներով, բայց այս նախագծում եղած բազմաթիվ բաներ նույնպես օրենքներով են փոխվելու: Հիմա, վերոհիշյալ և այլ մարտահրավերները կարգավորելու համար, ԱԺ-ն ծրագիր է ունենալո՞ւ, թե՞ ինչպես: Ես հիմա չեմ ուզում մատնանշել բոլոր բանավոր խոստումները, որ տվել է նոր իշխանությունը վերոհիշյալ ոլորտների բարեփոխումների մասին, բայց հիմա ճիշտ ժամանակն է բացատրելու, թե ինչու չկան այդ մարտահրավերները Կառավարության ծրագրի նախագծում, որն ի դեպ շատ թույլ է հենանշային ցուցիչներից, դրանք գրեթե չկան՝ որտեղ ենք և ուր ենք հասնելու, կոնկրետ թվեր են հարկավոր, թեկուզ մոտավոր և այլն և, եթե սա այսպես ընդունվի ԱԺ-ում, արդյո՞ք հետո չի բացատրվելու, թե նման պարտավորություն չենք ունեցել Կառավարության ծրագրով: Խնդրում եմ ինձ չխեթել, թե սերժաբարո ժամանակների ծրագրերում էլ որոշակիություն ու, մանավանդ, իրական բարեփոխումներ չկային, կամ՝ Կառավարության ծրագրերի ձևաչափն է այսպիսին:

Սուրեն Սուրենյան, քաղաքագետ

Կառավարության ծրագրի նախագիծը կարդացի ու համոզվեցի՝ հեղափոխությունն ու իշխանությունը չունեն քաղաքական օրակարգ։

Ոսկան Սարգսյան, լրագրող

Հետաքրքիր է՝ նոր կառավարության հնգամյա ծրագիրը քննարկվե՞լ է Հայաստանում հայտնի տնտեսագետների, այլ մասնագետների հետ, փորձագիտական եզրակացություն անցե՞լ է: Այն, որ Աժ-ում այն անցկացնելու են, անկասկած է: Հայաստանի հպարտ քաղաքացիները, ում կյանքին է վերաբերում կարևոր այդ ծրագիրը, անտեղյակ են դրանից: Բա ասում էիք՝ թափանցիկություն, իշխանությունը ժողովրդին է պատկանում և նման լավ բաներ:

Սուրեն Սահակյան, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ

Կառավարության ծրագրից․ «Օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու առանցքային գործոնը Կառավարության քաղաքական կամքն է»։ Ճիշտ ա ասում։ Բա որ զսպումների ու հակակշիռների սահմանադրական մեխանիզմներ չկան, ինստիտուտներ չկան, մենակ կամքի վրա էլ պետք ա հույսներս դնենք, էլի։ Մի տեղ թաքուն մոմ վառեք, որ հանկարծ կամքը չփոխվի, որովհետև եթե փոխվեց, պահող բան չի լինելու։

Արեն Ափիկյան, բիզնես-խորհրդատու

Կառավարության ծրագիրը հերթական կենացների հավաքածու է։ Ոʹչ մի ներկայիս տնտեսական վիճակի վերլուծություն, ոʹչ մի թիվ, ոʹչ մի շոշափելի KPI։ Ամեն ինչ այնպես է գրված, որ հնարավոր չլինի հետո գնահատականներ տալ կառավարության աշխատանքին: Թռիչքաձև աճի մասին մոռացեք։ Թե բա տնտեսական հեղափոխություն... Քաղաքականը հորով-մորով արեք, գոնե։ Տնտեսությունը ձեր խելքի բանը չի, արդեն պարզ ա։

Վարդան Ոսկանյան, իրանագետ

Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության հատվածում շատ կուզենայի տեսնել ստեղծագործ մոտեցումներ, թե չէ կաղապարված միջակությամբ և արդի աշխարհաբարով ասած, «շառից հեռու» աշխատելու տրամաբանությամբ հեռուն չենք գնա։ Հաշվի առնելով մեր աշխարհագրական և մշակութային առանձնահատկությունները, ըստ իս, անպայման պետք է շեշտված լինեին, դիցուք, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ու Ռուսաստանի միջև Հայաստանը կապող օղակ դարձնելու, Հայաստանի համար միջազգային ասպարեզում դաշնակից պետությունների համակարգի ստեղծման և Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի պետականազուրկ ժողովուրդների հետ աշխատելու հավակնություննները։ Դժվար կլինե՞ր։ Իհարկե։ Իսկ որևէ մեկն ասե՞լ էր, թե մեզ նման սահմանափակ հնարավորություններով պետությունը կառավարելը և զարգացնելը հեշտ գործ է։

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր

Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառեր չեն, սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է։ Ծանոթացա «դուխով» Կառավարության ծրագրի նախգծին։ Տխուր, անորոշ, առաջընթացի որևէ կոնկրետ քայլ չնշմարող բառերի կույտ էր։


Ո՞ւր է թռիչքային զարգացումը։
Ո՞ւր է ներդրումային բումը։
Ու՞ր է «կախարդական փայտիկը»։
Ո՞ւր է աղքատության կտրուկ նվազումը։
Ո՞ւր է աշխատատեղերի ստեղծումը։
Ո՞ւր է տնտեսական աճի բարձր տեմպերը։
Ո՞ւր են աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ ավելացումը։


Չկա... Բայց չէ՞ որ Նիկոլն էր այս ամենը խոստացել քաղաքացիներին։ Խոստացավ, բայց արեց ճիշտ հակառակը։

Ատոմ Ջանջուղազյան, ՀՀ ֆինանսների նախարար

Օրինաչափ է որևէ ծրագրի քննադատությունը և համոզմունք կա նաև, որ կարծիքների բախումը բարելավմանն է ողղված: Տեսակետը, որ պետք է միայն թիվ լինի ծրագրում կամ դրանք պետք է շատ լինեն կամ առավելևս տեսակետը, որ եթե կոնկրետ այս թիվը չկա, ուրեմն ծրագիրը կիսատ կամ թերի է, գոյություն ունենալու իրավունք ունի, բայց չի կարող որպես բացարձակ ճշմարտություն օգտագործվել, որովհետև չկան սահմանված պահանջներ ներկայացվող ծրագրին, հետևաբար որևէ Կառավարություն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչը պետք է շեշտադրված լինի և ինչ չափով: Որևէ մեկի ճաշակով որևէ թվի բացակայությամբ պայմանավորված ծրագրին այդպիսի գնահատական տալն առնվազն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր