ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Օգտատերերը քննարկում են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը
14.03.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Օպերայի շրջակայքում գտնվող սրճարաններն ապամոնտաժվում են Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչը լարված իրավիճակ է ստեղծել: Սրճարանների սեփականատերերը բողոքում են, որ այդպիսով գործազուրկ են դառնում շուրջ 300 քաղաքացիներ։ Ապամոնտաժման աշխատանքների վերսկսումը բողոքի ծայրահեղ ալիք բարձրացրեց ակցիա իրականացնող քաղաքացիների մոտ:

Գևորգ Պետրոսյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ցանկանում եմ արթնանալ և առավոտյան լրահոսից տեղեկանալ, որ մեր երկրում ինչ-որ բան «կառուցվում է», «նորոգվում է», «տեղադրվում է», «վերականգնվում է» և այդպես շարունակ... Թե չէ, լույսը դեռ չբացված, կարդում ես՝ «ապամոնտաժվում է», «քանդվում է», «լուծարվում է», «փակվում է»... Վերջապես ե՞րբ է ժողովուրդը ճաշակելու հեղափոխության պտուղները... Չէ՞ որ ամեն փակելով ու քանդելով՝ առնվազն մի քանի ընտանիք հուսաբեկվում ու փնտրում է արտագաղթի ճանապարհը...

Լիզա Ճաղարյան, լրագրող

Ի դեպ, սրճարանների համար այսօր հերոսաբար պայքարող ցուցարարների աչքի առաջ էին տարիներ շարունակ ռոբասեռժիկի ենիչերիները ծեծում, հայհոյում, քաշքշում, ոստիկանատներ քարշ տալիս մեզ, սպանում, և այս նույն հերոսները երբևէ ի պաշտպանություն մեզ թույլ շարժում անգամ չեն արել։ Ասի՝ ասեմ. մեկ էլ տեսար՝ մոռացողներ կան։

Պետրոս Ղազարյան, հաղորդավար

Գրեթե բոլոր ոլորտներում փոփոխությունները հանդիպում են նույն դիմադրության, ինչ Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը։ Իմ կարծիքով թե՛ Օպերայի տարածքը, թե՛ Օղակաձև զբոսայգին, թե՛ Հրազդանի ձորը պետք է ապառեստորանացվեն։ Միայն՝ անցնցում և քաղաքացիների ֆինանսական կորուստները հնարավորինս մեղմելով։

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

Խնդիրն արդարացի մոտեցումն է... Եթե ապամոնտաժվում են Օպերային հարակից սրճարանները, պետք է ապամոնտաժվեն այդ տարածքի բոլոր սրճարաններն ու պետք է ապամոնտաժվեն կանաչ տարածքներում օրենքի խախտումով կառուցված բոլոր սրճարաններն ու հատկապես բետոնյա կառույցները։ Օղակաձև այգին վառ օրինակ։

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Օպերայի հարակից սրճարանատերերը պետք է հասկանան ու անգիր հիշեն, որ այդ տարածքը հանրային սեփականություն է, որ այն նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոններով ձեռք են բերել մի բան, որի հետ հանրությունը համաձայն չի եղել ու որը պետք է ավարտ ունենար: Ահա և ավարտը եկել է: Հեղափոխությունը կամ դրանց իրենց մասնակցությունը (եթե անգամ դա եղել է) նրա համար չէր, որ հավերժացնեն այդ ապօրինությունը: Հետևապես, Երևանի քաղաքապետարանի գործողություններն ու պահանջն իրավաչափ են ու լավագույնը, ինչ կարող են անել, բանակցելն է, թե ուրիշ որ տարածք գնան, եթե ցանկանում են բիզնեսը շարունակել:

Գևորգ Աճեմյան, վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ

Ես սպասում եմ, տեսնեմ` քանդելուց զատ ի՞նչ եք կառուցելու։ Ես կողմ չեմ անօրինական կառույցներին և Երևանի բետոնացմանը, բայց վստահ եմ` սա ամենից առաջնային խնդիրը չէր կանաչապատման հիմնախնդրում։ Ինչ վերաբերում է նրան, թե 12 հոգի են գրանցել 300 հոգու տեղը, ասեմ` այս հարցն այլ հարթությունում է և քանդելու հիմք չի կարող հանդիսանալ։ Տուգանեք և թող այսուհետ չթաքցնեն հարկերը, ոչ թե 300 չարքաշ աշխատանք կատարող քաղաքացու առանց աշխատանք թողեք:

Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ

Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը:

Հովսեփ Կուբատյան, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ

Հիմա մենք քանդում ենք բետոնը, որ այս տեղում կանաչ տարածք լինի։ Քանի որ նախկինում ամեն հնարավոր տեղ ամեն ինչ սարքվել է, որ սպասարկվեն որոշ անձանց շահերը, հիմա պետք է դա քանդել, որ այս տարածքները վերադարձնենք հանրությանը։ Մեզ այլ ելք չեն թողել։ Պետք է քանդենք անօրինականը, վերականգնենք օրինականությունը և հանրային շահը։

Սերոբ Անտինյան, կառավարման մասնագետ

Փոփոխությունները «կացնային» լուծելու հարկ չկա: Հստակ ձևակերպեք խնդիրը, մարդկանց տվեք ժամանակ, առաջարկեք այլընտրանքներ, մշակեք մեխանիզմներ անցնցում, պետության համար տնտեսապես ձեռնտու եղանակով իրակացնել այդ անցումը:

Կարեն Անդրեասյան, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան

Հետևում եմ, թե ինչ գրագետ, օրինապահ ձևով ու ժողովրդավարական բոլոր պահանջներին համապատասխան են գործում Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը՝ օպերայի շուրջն այլանդակող սրճարաններն ապամոնտաժելիս: Կարևորը, թե որքան ճիշտ գործ են անում՝ քաղաքին վերադարձնելով կանաչ տարածքներն ու գեղեցկությունը: Երանի մարդու իրավունքների ներկայիս պաշպանին, որ այսօր անելիք գրեթե չունի:

Վիկտոր Մնացականյան, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Այստեղի սրճարանները գերշահույթներ են ստանում և որևէ սեփականատեր խնդիր չունի ընտանիք պահելու: Մենք թույլ ենք տվել, որպեսզի իրենք շարունակեն իրենց գործունեությունը տարածքի աղեղնաձև հատվածի աջ կողմում: Հաստատակամ ենք և ցանկանում ենք վերականգնել կանաչապատ տարածքները: Մենք պետք է հասկանանք, որ փորձում ենք ստեղծել իրավական երկիր, շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը: Մենք բոլորին ծանուցել ենք՝ մեկ ամիս առաջ, զրուցել ենք տարբեր բիզնեսի ներկայացուցիչների հետ, բոլորը պատշաճ ծանուցված են:

Ցուցարար

Եթե կարա ուսմանս վարձը տա, հաշմանդամ ծնողներիս պահի, տանս վարձը տա, ապա թող քանդի։ Այս իշխանությունները շատ են ասում, որ ՀՀԿ-ն վատն էր. հա, ՀՀԿ-ն վատն էր, բայց ՀՀԿ-ն չէր քանդում։ Անձամբ հայտարարում եմ, որ եթե Հայկ Մարությանը չգա, բեզնին եմ լցնելու վրես ու վառեմ:

Ոսկան Սարգսյան, լրագրող

Երևանի սրտում, Օպերայի կանաչ տարածքների հաշվին պատահական մարդկանց սրճարանի տեղ չեն հատկացրել: Ամեն մի սրճարանի հետևում մեծ պաշտոնյա կամ մեծ փողեր են: Քաղաքապետարանը հիմա արդարությունը վերականգնում է, հանրային տարածքները հանրությանն է վերադարձնում: Կարևոր է, որ սրճարաններն ապամոնտաժելիս դրանց միջև խտրականություն չդրվի, ամեն ինչ արվի օրենքի սահմաններում, անօրինականության դեմ անօրինական մեթոդներով չի կարելի պայքարել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր