ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հանրությունը քննարկում է «Արարատցեմենտ» գործարանում սպասվող կրճատումները
16.04.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, «Արարատցեմենտ»-ի մոտ 1200 աշխատակից աշխատանքից ազատման ծանուցագիր է ստացել և ի նշան բողոքի՝ փակել գործարան տանող ճանապարհը։


Հիշեցնենք՝ Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը պաշտպանելու համար կառավարությունը որոշել էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք, բայց ոչ՝ կլինկերի համար (ցեմենտի կիսաֆաբրիկատ): Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ եթե կլինկերը դրսից գալիս է ցածր գնով, ապա տնտեսապես նպատակահարմար չի այլևս արտադրել ցեմենտ:

Հայկ Սարգսյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Ցեմենտի գնի շուրջ քննարկումներ սկսելուց առաջ պետք է արձանագրել՝ ովքե՞ր են շուկայում, ի՞նչ որակ և գին են առաջարկում: Այս պահին Հայաստանում գործում է 3 ցեմենտի գործարան, որոնք առաջարկում են հետևյալ գները՝ 1 տոննաի դիմաց՝
1. Արարատի ցեմենտի գործարան՝ 40.000 դրամ
2. Երևանի ցեմենտի գործարան՝ 41.000 դրամ
3. Հրազդանի ցեմենտի գործարան՝ 48.000 դրամ։
Հայաստան է ներմուծվում նաև իրանական արտադրության ցեմենտ՝ սահմանին այն արժե 10.000 դրամ, եթե այն Հայաստան մտնելուց հարկվի իր արժեքով, ապա կգումարվի 32% և ներառյալ հարկերը կարժենա 13.200 դրամ Մեղրիում: Սակայն այժմ այն սահմանին հարկվում է հիմք ընդունելով 100.000 դրամ հսկիչ գինը, արդյունքում ստացվելով 42.000 դրամ, որի 22.000 դրամն ԱԱՀ-ն է և հետագայում կարելի է այն հաշվանցել: Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներմուծման վրա սահմանել 22.000 դրամ պետական տուրք, որը նպատակ ունի զսպել Իրանից Հայաստան ներմուծվող ցեմենտի ծավալը և խթանել տեղական արտադրությունը: Այս առաջարկին տարբեր գնահատականներ են տալիս ցեմենտ ներկրողները, արտադրողները և սպառողները: Վերլուծելով պետք է հասկանալ մեր երկրի համար ամենաշահադիտական տարբերակը ո՞րն է՝
ա. ունենալ մատչելի ցեմենտ, այս դեպքում՝ իրանական,
բ. մեծ տուրք սահմանելով իրանական ցեմենտի վրա ունենալ հայկական, բայց թանկ ցեմենտ։

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

«Էսօր, որ մենք կանգնել ենք, էս ժողովրդովս, ու կարողանում ենք խոսալ, այ էդ մեր վարչապետի շնորհքն է» նախադասությունը հազար արժե: Մարդկանց քաղաքական, քաղաքացիական ու բոլոր տեսակի իրավունքների ապահովումն ու հարգումը միլիոն արժե: Ինձ համար կապ չունի, թե որ քաղաքական ուժին համակրող հատվածն է ցույց ու բողոք անում: Կարևոր է, որ այդ բողոքի ու ցույցի պահանջն իրավաչափ, սահմանադրական ու օրինական լինի: Ամենաթանկը նա է, որ մարդը, անգամ օլիգարխների հիմնարկներում աշխատողները, այլևս կարողանում են փողոց դուրս գալ ու ասել՝ ես/մենք բողոք ունենք, ես/մենք խնդիր ունենք: Ու սա էր մեր փափագած Հայաստանը: Բա դե շատ էիք ուզում նախկին իշխանություններին գովայինք, անեիք էլի... Կպատկերացնեի՞նք, որ որևէ օլիգարխի աշխատողները ռիսկ անեին դուրս գային բողոքի... Թերևս՝ ոչ... Որովհետև ով դուրս գար, տեղում աշխատանքից ազատվելու էր նվազագույնը... Նախկինում քանի անգամ հայտնի գործարարի աշխատողներ են զանգել՝ թե, Սաֆարյան ջան, մեզ շաբաթ-կիրակի արտաժամյա աշխատացնում են, բայց դրա համար չեն վարձատրում, բարձրաձայնի, բայց չասես մեր անունները, որովհետև կազատեն մեզ աշխատանքից: Նույնը՝ Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումներում աշխատողները... Հիմա, իրոք, իրավիճակ է փոխվել։

Արման Աբովյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

«Արարատցեմենտ»-ի շուրջ իրադարձությունները բացեցին փակագծերն այն ամենի մասին, ինչ ասվում էր մի քանի ամիս շարունակ. ավելի հստակ` հանգեցրին մի պարզ մտքի` երկրի տնտեսական իրավիճակի «բուժումը» չի կարող իրականացվել, եթե տեղի արտադրողների շահերը չեն պաշտպանվում։ Հիմա նախաբանը. հիշենք, թե ինչ հարայ հուրույով մամուլում տարածվեց տեղեկություն` իբր «տեսեք-տեսեք ԱԺ-ի տնտեսական հանձնաժողով ներկայացվեց մի օրենքի նախագիծ, որով Իրանից ներմուծվող ցեմենտը կհարկվի այնպես, որ տեղի արտադրողները կլինեն պաշտպանված»։ Իհարկե, դա միանգամից մատուցվեց որպես մի մե՜ծ «լավություն» հայկական ցեմենտ արտադրող ընկերություններին (մասնավորապես` Գագիկ Ծառուկյանին)։ Բայց արի ու տես, որ, ըստ էության, բան չփոխվեց, քանզի ցեմենտի արտադրման համար գլխավոր բաղադրիչը՝ կլինկերը (մինչև եռակալումը թրծված հումքային խառնուրդ, օգտագործվում է ցեմենտի պատրաստման համար) շարունակելու է գալ Հայաստան ցածր գներով։

«Արարատցեմենտ»-ի աշխատակից

Մենք մեր ղեկավարության, վարչապետի դեմ դուրս գալու հարց չունենք, իրանք գնային ինչ-ինչ խնդիրներով չեն հարմարվում կառավարության հետ, դրա համար փակում են, գործարանը գցում «Նաիրիտ»-ի օրը: Պարոն Ծառուկյանն ասում ա՝ աշխատատեղեր բացեք, էս արեք, բա դու՝ ինչ ձևով ըլնի, պտի մտածեք ժողովրդի մասին, ոչ թե քեն քշեք: Էլ խեղճ չենք ըլնելու, իրանք քնած արջ են հանել, հիմա էն կարգի ենք դուրս եկել, որ չեն էլ պատկերացնում։

«Արարատցեմենտ»-ի աշխատակից

Տնօրենն ասում ա՝ սեփական ա, ես ի՞նչ կարամ անեմ, ես ընդամենը տնօրեն եմ: Ուրբաթ, երբ որոշում ընդունվեց, ներկրված ցեմենտը թանկացնելու, կլինկերի՝ կիսաֆաբրիկատի վերաբերյալ ոչինչ չասվեց, կլինկերն ու սպիտակ ցեմենտը չի թանկացել, ու հիմա խնդիրն էդ ա, որոշել են էժան կլինկեր բերեն, աղան ու ցեխն աշխատի 200-300 հոգով, բա մնացա՞ծը․․․

Հայկ Հայկյան, Արարատի քաղաքապետ

Արարատ քաղաքը հիմնվել է ցեմենտի գործարանի հենքի վրա, 1933-ին է բացումը կատարվել, ժողովուրդն ապրում է միայն այս գործարանով: Եթե 1100 բանվոր ազատվի, ժողովրդին պետք է ցրել քաղաքից, իսկ մենք դա թույլ չենք ա, կխնդրենք կառավարությանը՝ միջոցներ ձեռնարկել։

Գագիկ Ծառուկյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Արարատցեմենտ»-ի սեփականատեր

ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովը որոշում է կայացրել, որ ներմուծված կլինկերը չհարկվի, տուրք չվճարի: Մենք էլ ցեմենտ չենք արտադրի, կլինկեր կբերենք: Կլինկերը ցեմենտի կարևոր մասն է, ծախսերի 90 տոկոսը... Եթե որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել՝ ոլորտն իրենց անձնական շահերի, ծանոթ-բարեկամով խնդիր լուծել ու պրովակատորների ուղարկել ցեմենտի գործարան, թող ժողովուրդն իմանա՝ իրենց թշնամին ով ա․․․

Հասմիկ Դիլանյան, լրագրող

Արարատում կրքերը չեն հանդարտվում, «Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը փակ է. աշխատակիցները գիշերն այստեղ են անցկացրել: Հիշեցնեմ՝ երեկ երեկոյան նրանց առաջարկել են պատռել ու չեղարկել ծանուցագրերը, աշխատակցները, սակայն, վստահ չեն, որ մի քանի օր հետո նորից նույն խնդրի առաջ չեն կանգնի։ Նրանք հանդիպում են պահանջում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ․ հենց նա է այս գործարանի սեփականատերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր