ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հանրությունը քննարկում է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը
19.04.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019-ի ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։

Դավիթ Սանասարյան, Պետական վերահսկողական ծառայության պետ

Սիրելիներ ջան, հանուն նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերն առ հայրենիք։ Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։ Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։ Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում։ Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է։ Սիրելիներ ջան, գոտեպնդված ու միևնույն ժամանակ համեստացած եմ ձեր մեծ վստահության մթնոլորտում։


Հ.Գ. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը։

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Տհաճ միջադեպ է, տհաճ իրողություն է և ուզում եմ ֆիքսենք, որ արդեն այն ինչ տեղի է ունենում մինչև հիմա, խոսում է անձամբ Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյի և ձախողման մասին։ Հնարավոր է ընդամենը երկու տարբերակ և երկու զարգացում։ Երկու զարգացման դեպքում էլ Նիկոլը և իրա իշխանությունը պարտված են։ Ասեմ՝ ինչու․ երեկ, ինչքան ես տեղյակ եմ, Սանասարյան Դավիթն ասել է, որ սա շինծու գործ է․․․ Հիմա, եթե սա շինծու գործ է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում չկա արդարադատություն, և եթե Նիկոլ Փաշինյանի նշանակած մարդը, դըմբ-դըմբ-հու-ի հեղաշրջման արդյունքում բարձր պետական պաշտոն ստանձնած, նրա քայլող եղբայրն ասում է, որ շինծու գործ է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում բոլոր մնացած գործերը՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև Մանվել Գրիգորյան, շինծու են։

Լենա Նազարյան, ԱԺ փոխնախագահ

Բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին որևէ մեկը կարող է «գործ սարքել», նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինի և մնա անպատիժ։ Մենք ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում չենք բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների, ինչպես եղել է նախկինում։

Կարինե Հարությունյան, լրագրող

Հեղափոխության տղաներից մեկի նկատմամբ մեղադրանք կա: Դավիթին չեմ ճանաչում, չեմ կարող անգամ բան ասել իր ազնվության կամ անազնվության մասին, բայց գիտեմ, որ ոչ մեկին բացի քո անձից չես կարող երաշխավորել: Աղասի Այվազյանը մի օր լավ ասաց իր հարցազրույցում՝ մարդ եմ, ձեռքեր ունեմ... Բայց Դավիթը հեղափոխության տղերքից է ինձ համար, ու դա հերիք է, որ ցավամ իր համար էլ, հեղափոխության, վարչապետի և երկրի համար էլ: Մեզ համար: ԱԱԾ-ի նմատմամբ երբեք վստահություն չեմ ունեցել: Սա մի համակարգ է, որը, իր սկզբնավորումից մինչև հիմա, տոննաներով աղբ է կուտակել իր տակ: 1988-ին՝ այն ժամանակվա ԿԳԲ-ում, հարցաքննվել եմ մեկ ժամից ավելի՝ հայ և ռուս քննիչների կողմից: Մաշկիս վրա զգացել եմ, թե ինչ և ինչպիսին է այդ համակարգը: Վստահ եմ՝ չի փոխվել: Դա հստակ ծրագրով ժամացույցի պես աշխատող կառույց է՝ իր ներքին կանոններով ու տրամաբանությամբ: Նոր Հայաստանի ԱԱԾ-ն արդյո՞ք ուրիշ է, չգիտեմ: Ավելորդ է ասել, որ ակնկալում եմ արդար քննություն: Ակնկալում եմ արդար քննություն: Եվ ակնկալում եմ, որ նոր Հայաստանի պաշտոնյաները, նրանց հարազատները որևէ կերպ չառնչվեն, էլ չասեմ՝ թաթախված չլինեն կոռուպցիոն գործարքների մեջ։

Արթուր Հայրապետյան, լրագրող

Ու ես ուզում եմ հասկանալ մի պարզ բան՝ ինչո՞ւ եք էդպես ուրախացել ու ամեն մեկդ դարձել դատավոր, պաշտպանյալ ու չգիտեմ՝ ինչ: Ձեր սերժիկների օրոք, անգամ շարքային խուժանը, որ ձեր մարդն էլ պատասխանատվության չէր ենթարկվում, համա մի տուփ պեչենի գողացողին, էն էլ ինչպես էիք դատում ու լավ գիտենք, որ դատավորից սկսած ու չգիտեմ՝ էլ ինչ օղակ ու համակարգ, ինչպես էր խոնարհաբար մուծվում սերժիկներիդ, որ հարցը փակվի: Հիմա, նայում եմ, թե ինչպես են մարդիկ Դավիթ Սանասարանի մասին արտահայտվում` հավատում կամ չհավատալու համար դոշ ծեծում ու չգիտեմ՝ առիթ կա ուրախանալու, թե տխրելու: Լավ, ժողովուրդ, Դավիթը ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդդիմություն, էդ մի մոռացեք, ու մի բան էլ` չեմ կարծում, որ Դավիթը ձեր աջակցության կարիքն ունի: Եթե նկատել եք, ես նման հարցերում չեմ խառնվում, որովհետև ո՛չ դատավոր եմ, ո՛չ էլ մարդու դժբախտության վրա ուրախացող, բայց ես գոնե հիմա լավ գիտեմ, որ մարդու գլխին դժվար գործ սարքեն..․ Այնպես որ հուսամ, որ Դավիթի անմեղությունը կապացուցվի։

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

ԱԱԾ-ն առերևույթ քրեական հետապնդում է իրականացնում Դավիթ Սանասարյանի նկատմամբ. Ինչո՞ւ... Այն, որ ամեն մեկի օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքը պետք է գործի՝ ոչ մի կասկածի ենթակա չէ։ Եվ կապ չունի, թե ով է անձը, ինչ պաշտոն կամ զբաղմունք ունի։ Բայց նաև կա անմեղության կանխավարկածը։ Հիմա վերլուծենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը։ Ինչ է գրված հաղորդագրության մեջ. «...խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները»։ Ուրեմն մեկ առ մեկ անցնենք ձևակերպման հանգուցային կետերով։


1.Պետք է լինեն խմբային շահեր, այսինքն պետք է երկու և ավելի մարդիկ նախ որպես խումբ ձևավորված եղած լինեն, և այն էլ կոնկրետ շահերի, կամ ավելի ճիշտ ընդհանուր շահերի հիման վրա։ Այսինքն, պետք է հիմնավորվի թե՛ խմբի ձևավորվսծ լինելու փաստը, թե՛ խմբի անդամների նույն և ընդհանուր շահ ունենալու փաստը։


2. Պաշտոնեական դիրքը «առերևույթ» օգտագործել է։ Եթե առաջին կետում շարադրված փաստերը՝ խմբի ձևավորված լինելը և ընդհանուր շահ ունենալը, հիմնավոր են, ապա առերևույթ օգտագործելս ո՞րն է։ Ուրեմն հենց էլ ուղղակի պետք է օգտագործած լիներ, չէ՞, մեղադրանք առաջադրելու համար։ Բայց քանի որ ձևակերպումը ներկայացված է առերևույթ, ուրեմն թե՛ խմբի, թե՛ խմբի անդամների ընդհանուր շահերն էլ առերևույթ են, չէ՞։


3. Ծառայության շահերին հակառակ է առերևույթ օգտագործել պաշտոնեական դիրքը։


Դե պարզ է, եթե խմբի շահերի համար է օգտագործել պաշտոնեական դիրքը, ապա հետևաբար նաև ծառայության շահերին դեմ է օգտագործել. դե չի կարող բնականաբար, խմբի շահերն ու ծառայության շահերը համընկնեն։ Բայց մի նուրբ հանգամանք. քանի որ խմբի շահերն առերևույթ են, ուրեմն առերևույթ է նաև ծառայության շահերին դեմ պաշտոնեական դիրքի օգտագործումը։


4. Այս վերջինն ուղղակի «ամենահզորն է». չի կատարել իր ծառայողական պարտականությունները։


Հարց․


-Ծառայողական պարտականությունները չկատարելու համար քրեական հետապնդման են ենթարկո՞ւմ, որպես մեղադրյալ են ներգրավո՞ւմ, առերևույթ խմբի առերևույթ շահերի՞ համար, պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործելո՞ւ համար։ Առերևույթ ձևակերպումներով, մեկ հոգու ցուցմունքով քրեական հետապնդումը ոչ միայն անհիմն է, այլև ապօրինի է։

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Այլևս ժամանակ չկա․ որ ասում էինք՝ Ազգային ժողովը նախորդ, անմարդկային, հակաժողովրդական ռեժիմին պարտավոր է քաղաքական գնահատական տալ, կագեբուին իր տեղը դնել, լյուստրացիան անել ու անցումային արդարադատությունը գործարկել, էս օրվա համար էինք ասում։ Գոնե կիմանայինք, թե ով ինչ բարեխղճությամբ է գործ բացում, քննում, դատում… Նույնն է, որ, թույլ տամ ինձ իմ ավտոյով տեղ տանի մեկը, որ անթիվ անգամ ավտոյով տարել ձորն է լցրել մարդկանց, կամ՝ թողնեմ մարդկանց վիրահատի մեկը, որ մսագործի փեշակից էսկողմ չի անցել։ Ես կարծում եմ, որ Դավիթը գիտակցված կամ կանխամտածված, կամ դիտավորյալ որևէ չարաշահում չի արել, չի բացառվում, որ անցել է իր լիազորությունը և հիմա դա մեկնաբանվում է անձնական շահագրգռությամբ, և հոդված են դրել վրան։ Դավթին վաղուց գիտեմ և գիտեմ որպես ազնիվ ու սրտացավ մարդու, այնպիսին, ինչպես խոսում է։ Ես հավատում եմ, որ մարդն այն է, ինչ խոսում է, այնպիսին է, ինչպես խոսում է։ Հակառակ կողմից ես լավ գիտեմ, թե ինչ է կագեբուն․ ԱԱԾ չենք ունեցել ու չեմ կարող սովետի կագեբուին ԱԱԾ կոչել։ Թե մի քանի հոգի էլ կա հայրենանվեր, այդ սիստեմը հակամարդկային է։

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ես Դավիթին լավ եմ ճանաչում՝ հինգ մատիս նման։ Անկեղծ խոստովանեմ՝ իր ընտրած կադրերից որոշներն ամենևին դուրս չեկան։ Ձև չգտա իրեն ասելու դրա մասին, թեպետ զույգ եղբայրների մասին բավական ուշ՝ օրեր առաջ գազալցման կետում իմացա, թե ովքեր են... Արդեն ուշ էր ասելը։ Իր միամտությունն օգտագործեցին ու ահա... Ես գործի մանրամասներից տեղյակ չեմ, բայց ինտուիցիաս հուշում է, թե ինչ սխեմա է գործել։ Դավիթ ջան, պինդ կաց։ Եթե մաքուր ես, իսկ ես քեզ այդպիսին գիտեմ, ուրեմն այս մղձավանջը վերջ է ունենալու։

Էլինար Վարդանյան, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ

Իր դեմ մեղադրանքի առաջադրումից րոպեներ անց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, թե իր դեմ իրականացվողը (մեղադրանքը) շինծու է։ Սա նոր Հայաստանի քրեադատավարական գործընթացներում շրջադարձային պահ է, և մենք իրավունք չունենք սա անտեսելու, անուշադրության մատնելու։ Մինչ այս երկրի քաղաքական իշխանությունը և իրավապահ համակարգը հայտարարում էին, որ բացառվում է քրեական գործերի հանդեպ որևէ «շինծուություն», քաղաքական պատվեր կամ ճնշում։ Դրան գումարվում էր սոցցանցային մթնոլորտը, որևէ պաշտպանվող կողմի, նրա փաստաբանների համար հաճախ շատ դժվար էր դառնում ապացուցել ակնհայտը։ Ուղղորդվող զգացմունքայնությունը և «անտեսանելի ձեռքը» հաղթում էին իրավական գործընթացներին։ Իր ձևակերպմամբ Դավիթ Սանասարյանը՝ հեղափոխության առաջամարտիկներից մեկը, լեգիտիմացրեց նոր Հայաստանում շինծու քրեական հետապնդման հնարավորության վարկածը։ Սա հավասարաչափ կարող է վերաբերել մյուս հայտնի քրեական գործերին։ Իսկ ո՞րն է երաշխիքը, որ շինծու չէ սահմանադրական կարգի տապալման գործը, ՍԴ դատավորի վրա ճնշման գործը, իսկ ո՞րն է երաշխիքը, որ շինծու չէ Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործը։ Այլևս՝ ոչ մի երաշխիք։ Սա տեսական բանավեճ չէ, և խնդիրն արագ պետք է տեղափոխել շատ կոնկրետ կիրառական հարթություն։ Այլևս «շինծուության» կասկածը հնարավոր չի լինելու վերացնել իշխանության հավաստիացումներով։

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

ԱԱԾ-ն համարյա հակահեղափոխական հռչակվեց, այդ նույն ԱԱԾ-ն, որի ղեկավարն անմիջականորեն հաշվետու է վարչապետին։ Նման պնդումներով ուղղակիորեն հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ի մասով իրավիճակին չի տիրապետում։ Կամ զգուշանում են Սանասարյանի գործով ուղղակիորեն Փաշինյանին ինչ-որ բան ասեն, սահմանափակվում են Վանեցյանով։

Սերգեյ Ղահրամանյան, «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր

Դավիթից կոռուպցիոներ դուրս չի գա, ծիծաղս էլ ա գալիս, բայց էն որ Դավիթը «բոլորին սիրում ա», էս ամենը դրա հետևանքներն ա, ես միշտ զարմանում էի, թե ինչու ա վարչապետի Վերահսկողության ծառայության պետը գնում գյուղապետերի հետ «պերեգավոռներ» տանում․ իրա պաշտոնը նենց պաշտոն ա, որ կարար ամենակոռումպացված համակարգերը խարխլեր, կարար նենց աներ, որ ոչ մի պետական աշխատողի մտքով «կաշառք» բառը չանցներ․․․ Դավիթի դեպքի հետ կապված կարծում եմ՝ այս ամենն իրեն ավելի կուժեղացնի, ու հետագայում դասեր կքաղի ու որոշ պետական հիմնարկների դեմ իսկապես լայնածավալ ու բազմաբևեռ հետաքննություններ կանցկացնի՝ ի օգուտ ՀՀ գիտակից քաղաքացու, որոնք գնալով պակասում են: Չեմ ասում, որ Դավիթի արածն անլուրջ է կամ անիմաստ չէ, բայց կարծում եմ՝ ժամանակն է եկել, միգուցե, նաև անցել է, որ պետք ա լուրջ ձկներին գլխից բռնել, գլխից բռնել ու «սիրել»․․․

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Հեղափոխության թիմը երկատված է. մի մասը պահանջում է տուն ուղարկել Վանեցյանին, մյուս մասը բանտ է ուղարկում Դավիթին, բայց արդյունքում՝ բոլորը մի քիչ հիաթափվեցին Նիկոլից ու նրա թիից: Անկախ ելքից՝ այս պատմության իրական թիրախը Նիկոլն է...

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր