ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հանրությունը քննարկում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշումը
21.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մայիսի 29-ին «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ» - «Չելսի» հանդիպմանը մասնակցելու։ Մխիթարյանը և ակումբը՝ «Արսենալ»-ը, հայտնել են որոշման մասին՝ նշելով, որ այն ընդունվել է ակումբի, ֆուտբոլիստի և վերջինիս ընտանիքի կողմից։ Ֆուտբոլային հանրությունը և համացանցը քննարկում է Մխիթարյանի որոշումը։

Ունաի Էմերի, «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ

Վատ նորություն է, բայց ոչինչ չենք կարող անել: Սա շատ անձնական որոշում է, և մենք պետք է հարգենք այն: Ես նրանց խնդիրները չեմ հասկանում, բայց պետք է հարգեմ այդ որոշումը:


Այսօր առավոտյան խոսել եմ Մխիթարյանի հետ. դա անձնական որոշում է: Ես հարգում եմ Հենրիխին: Նա ցանկանում է խաղալ՝ օգնելով թիմին, բայց նրանք խոսեցին ընտանիքի հետ ու որոշեցին չգալ: Հասկանում եմ, որ սա շատ անձնական որոշում է իր ընտանիքի համար՝ մտածելով նաև իր երկրի մասին:


Չեմ կարող նրան համոզել գալ մեզ հետ, քանի որ ես հարգում եմ նրան: Ինձ համար շատ կարևոր էր, որ նա մեզ հետ լիներ խաղին, բայց ոչինչ իմ ձեռքերում չէ: Ամեն դեպքում, ես հարգում եմ Հենրիխի որոշումը։

Էլհան Մամեդով, Ադրբեջանի ՖՖԱ-ի գլխավոր քարտուղար

Մեզ հիասթափեցրել է «Արսենալի» հայտարարությունը, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի ժամանելու Բաքու՝ Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու։ Շատ ենք ցավում այս որոշման համար, որը, ինչպես հասկանում ենք, կայացվել է ակումբի, անձամբ ֆուտբոլիստի և նրա ընտանիքի քննարկման արդյունքում։


Ցանկանում էինք ընդգծել, որ որպես եզրափակիչն ընդունող երկիր՝ Ադրբեջանը հավուր պատշաճի ներկայացրել է պարոն Մխիթարյանի անվտանգության համար անհրաժեշտ այն բոլոր երաշխիքները, որոնք պահանջել է ՈւԵՖԱ-ն։ Վերջին տասը տարիների ընթացքում մեծաթիվ հայ մարզիկներ առանց միջադեպերի մասնակցել են Ադրբեջանում անցկացված տարբեր միջազգային մրցումների։ Հույս ունենք, որ այս հիասթափություն առաջացնող որոշումը որևէ կերպ չի ազդի մեծ խաղի դիտարժանության վրա։ Երկու թիմին անհամբերությամբ սպասում ենք Բաքվում:

ՈՒԵՖԱ

ՈՒԵՖԱ-ն, համագործակցելով «Արսենալ»-ի հետ, աշխատանքներ է տարել, ինչի արդյունքում Ադրբեջանի իշխանությունների կողմից երաշխիքներ էինք ստացել՝ այդ երկրի տարածքում Մխիթարյանի անվտանգության ապահովման վերաբերյալ:


Այդ երաշխիքների շնորհիվ՝ մենք կարող էինք ապահովել նրա՝ Բաքու անվտանգ ուղևորությունը:


Ակումբը տեղյակ էր այն ջանքերից, որ գործադրել էին ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի իշխանությունները, բայց որոշեց ֆուտբոլիստին չտանել եզրափակիչ խաղին: Մենք պետք է հարգենք ակումբի և ֆուտբոլիստի անձնական որոշումը:

Վահե Սարուխանյան, լրագրող

Մխիթարյանը Բաքու չի մեկնի. ստեղծվել է մի իրավիճակ, երբ շատ մեծ անելիք ունեն թե՛ ՈՒԵՖԱ-ն, թե՛ ՖԻՖԱ-ն: Ադրբեջանի հավաստիացումները Հենոյի անվտանգության մասին փաստորեն ո՛չ նրան, ո՛չ նրա ընտանիքին, ո՛չ «Արսենալ»-ին չեն բավարարել: Ըստ էության, վերջնական որոշումը եղել է հենց Հենոյինն ու ընտանիքինը: Չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե նա գնար Բաքու, իսկապես դժվար է դատել կամ արդարացնել նման որոշման համար, որովհետև ամեն ինչ մանրուքների մեջ է, ոչ մեկ ապահովագրված չէ հազար ու մի սադրանքներից հարևան երկրում: Ցավալի է։

Յան Ռայթ, «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ

Կատարյալ խայտառակություն ՈՒԵՖԱ-ի կողմից: Ինչպես կարելի է նման բան թույլ տալ: Դատարկ խոսքեր են: Դուք իսկապե՞ս չեք անհանգստանում երկրպագուների ու ֆուտբոլիստների անվտանգության համար։

Ոսկան Սարգսյան, լրագրող

Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ» - «Չելսի» հանդիպմանը չի մասնակցելու, Բաքու չի մեկնելու։ Անձամբ ես կուզեի, որ նա Բաքու գնար և գոլ խփեր, սակայն դա իր որոշումն է, և դա պետք է հարգել, ընդունել։ Եթե հայ ֆուտբոլիստը չի զգում, որ իր անվտանգությունն ապահովել են, եթե նա ազերիների վայնասունների ներքո չի կարողանալու իր խաղը լիարժեք խաղալ, չգնալը ճիշտ է:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Տեսնես «Չելսի»-ն որ Աբրամովիչի թիմը չլիներ, Մխիթարյանի խնդրի առկայության պարագայում «Արսենալ»-ի հետ կարող ա՞ քննարկեին ՈՒԵՖԱ-ին փաստի առաջ կանգնացնելու և Բաքվի Եվրոպայի լիգայի եզրափակիչը համատեղ բոյկոտելու հարցը։

Վասիլի Ուտկին, ֆուտբոլային մեկնաբան

Խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Վերադարձրել եմ ինքնաթիռի տոմսս, իսկ խաղի տոմսը կպահեմ որպես հիշատակ՝ կիսով չափ ստորության, կիսով չափ հիմարության՝ ուղեկցված ագահությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր