ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հանրությունը քննարկում է արագության շեմը 60 կմ/ժ-ից 50 կմ/ժ նվազեցնելու առաջարկը
28.06.2019

Երևանի ավագանու հունիսի 26-ին տեղի ունեցած նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկել էր քննարկել Երևանում երթևեկության արագության շեմը 60 կմ ժ-ից 50 կմ/ժ սահմանելու հարցը:

Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Երթևեկության արագության սահմանափակման առաջարկի առաջացրած «ղժժիկներն» ու «բոցերը» իսկապես շատ խնդալու են: Հատկապես, երբ հիշում ես, որ հայ տղերքն ու աղջիկները Հայաստանի ճանապարհներին երեք անգամ ավելի շատ զտարյուն հայ խաղաղ բնակչություն են սպանում, քան շուն թուրքը՝ սահմանին: 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում ՃՏՊ-ների զոհ է դարձել 67 մարդ: Ոլորտի միջազգային մասնագետներն ու կառույցները հստակ վիճակագրություն ունեն՝ 60 կմ/ժ-ի համեմատ 50կմ/ ժ-ի դեպքում, առավել ևս, 40 կամ 30-կմ/ժ-ի դեպքում մահացու ելքով ավտովթարների թիվը խիստ նկատելիորեն նվազում է: Այս վիճակագրությունը փորձով ու հաշվարկներով հիմնավորված է, ինչպես ասում են, էս թվերը պատ են ծակում: Ու թվում է, թե, միայն այս մի՝ մարդկանց կյանքերը փրկելու փաստարկը պետք է հերիք լիներ, որ առաջարկը գոնե հանգիստ տոների մեջ քննարկելու դաշտ բացվեր: Բայց չէ՝ մեր ազնիվ ցեղի եղբայրներն ու քույրերն առիթ են գտել բոցվելու, մատնանշելու քաղաքի այլ խնդիրները («պարա՞պ եք մնացե, արա՛», «սաղ երգերը երգինք, մնաց սարի սմբուլը», «զիբիլի (տրանսպորտի/վերելակի/կանաչապատման/ ասֆալտապատման/Ղարաբաղի/օզոնի շերտի/նորից զիբիլի) հարցը լուծեք, հետո նոր արագությունը սահմանափակեք, արա՛, վադ ե՞ք»:


Հ.Գ. Հիշեցնեմ, որ քաղաքապետ Մարությանը, ավագանու նիստում, խոսել է ճանապարհներին անվտանգությունն ավելացնելու ուղիների մասին, այդ թվում՝ հետիոտնային կարգավորվող անցումների թիվն ավելացնելու, գիշերային լուսավորության, ՃՈ կողմից հսկողության խստացման անհրաժեշտության մասին, ինչպես նաև՝ առաջարկել է քննարկել արագության նվազեցման հարցը:

Հովսեփ Կուբատյան, Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ

Ամեն հարց անլրջացնելու հետևանքը կարելի է համեմատել սահմանին տեսահսկման համակարգը հանելու և տեղը կոնսերվի բանկա կախելու հետ։ Ճանապարհային երթևեկության կազմակերպումը մասնագիտություն է՝ բուհում 4 տարի սովորելուց հետո կարող ես դառնալ։ Բայց արի ու տես, որ մարդ, որը հայատառ գրել դեռ չի սովորել, ու իրա պայմանական Լադս Պրիոռայով սահմանին թաքնված հակառակորդի սնայպեռից հինգ անգամ ավելի վտանգավոր ա, վերլուծություններ է անում, թե բա սենց չի ճիշտը, նենց ա ճիշտը։ Մի քանի հոգի էլ կան, որոնք բոլոր քննարկումներին մասնակցում են, իսկ մամուլում ներկայացվում են հենց այդ թեմայի մասնագետ։ Սա այն հարցը չի, որտեղ հասարակության կարծիքը պետք է վճրոռոշ դեր ունենա։ Սա մասնագետների և պետության հարցն է։

Զոհրապ Եգանյան, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական

Քանի որ Երևանի քաղաքապետն առաջարկեց հանրային քննարկում անել Երևան քաղաքում ավտոմեքենաների թույլատրելի արագությունը 10կմ/ժ-ով նվազեցնելու մասին, ապա, որպես մեքենայի ղեկին շատ ժամանակ անցկացնող մարդ, ասեմ, որ դա չի աշխատելու ու մարդիկ ոչ թե 60կմ/ժ-ով են երթևեկելու, այլ երթևեկելու են ավելի արագ, իսկ եթե նվազեցում լինի ու չաշխատի, ապա իմաստ չկա անելու: Մյուս տարբերակը` արագաչափերն ավելացնելն է ու այդ դեպքում ոչ միայն հիմնավոր հասարակական դժգոհության ալիք կբարձրանա, այլև ականատես կլինենք հսկայական խցանումների, ինչը` ունքը հանելու տեղն աչքն էլ հանել է նշանակում: Իմ խորին համոզմամբ՝ այս պահին ավելի արդիական է լուծել երկրորդային փողոցների վատ վիճակի հարցը և փողոցային գծանշումները պատշաճ տեսքի բերելը. դրանք խայտառակ վիճակում են: Օրինակ` Արշակունյաց պողոտայում, երկու օր առաջ, հազիվ խուսափեցի կողքի մեքենային բախվելուց, քանի որ բաժանարար գծերն ընդհանրապես չեն երևում, մաքրվել, գնացել են: Կարծում եմ, որ այս վիճակը կարգավորելը պետք է լինի օրվա պահանջ, սրան էլ գումարենք մաքրված հետիոտնային անցումները, վերջիններս հատկապես վտանգում են մարդկանց կյանքը դպրոցների ու մանկապարտեզների մոտակայքում:

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող

Հայկ Մարությանն առաջարկում է Երևանում երթևեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ: Իհարկե, կարելի է երթևեկության առավելագույն արագությունը սահմանել 15 կմ/ժ և, հավանաբար, այլևս երբեք ճանապարհներին զոհեր չեն լինի: Բայց 21-րդ դարում հարցերը լուծվում են հետազոտություններով: Եվ դրանցով հիմնավորված է, որ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ունի 3 բաղադրիչ՝


1. Երթևեկության գիտակից և բանիմաց մասնակիցներ,
2. Անվտանգ տրանսպորտային միջոցներ,
3. Անվտանգ ենթակառուցվածքներ:


Հայաստանում մարդիկ վարում են չամրակապված ուղևորներով, առջևի կողային մգեցված ապակիներով, չափից վերև նայող լուսարձակներով, «լեվի» արգելակման կոճղակներով, չերևացող գծանշումներով ու լուսացույցերով, «գնված» վարորդականներով և այլն: Այդ հանգամանքներն են սպանում մարդկանց ճանապարհներին և ոչ արագության սահմանափակման 50 կամ 60 կմ/ժ լինելը: Առաջարկում եմ այս հարցերը թողնենք պրոֆեսիոնալներին, ի դեմս, օրինակ, Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ:

Երջանիկ Աբգարյան, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր

Սահմանվածից բարձր արագության դեպքում վարորդի գրքույկը վերցնել և 15-20 տարի ժամկետով զրկել նրան ավտոմեքենա վարելու իրավունքից: Իսկ ավտովթարի պարագայում, երբ զոհված կամ վիրավորվածներ են լինում՝ ցկյանս զրկել այդ իրավունքից և 15-ից 25 տարի ազատազրկման դատապարտել, կամ ցմահ բանտարկել՝ եթե 1-ից ավելի զոհ է եղել այդ վթարի ժամանակ:

Լուսինե Հարոյան, «Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ

Այս հարցում լիովին համաձայն եմ Ձեզ հետ, բայց նաև պետք է խստացնել սխալ կայանելու տուգանքները: Մի անգամ գնացեք Երվանդ Քոչար փողոց Տաշիրի կողմից, տեսեք` ինչ է կատարվում:

Նարեկ Մարգարյան, ArmComedy նախագծի համահեղինակ և վարող

Ցանկալի կլիներ առաջարկի հետ մեկտեղ շատ ավելի խորը վիճակագրություն: Այդ մահացու դեպքերից քանի՞սն էր 60-70 սահմանների արագության պատճառով: Ո՞ր հատվածներում: Քանի՞սը ալկոհոլի հետ ոչ մի կապ չունի: Ոչ մի ինֆո չեք տվել ու զարմանում եք քննարկումից... Իհարկե, անբովանդակա լինելու, բովանդակային բան չեք ասել:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Մարության ջան, էսօր 10 կմ/ժ-ի տակ Մասիվից իջանք կենտրոն։ Էսպես լա՞վ ա։ Բայց ասեմ` ինչքան դանդաղ են քշում, էնքան վթարի ռիսկերն ավելի շատ են...

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Երևանում որևէ ուսումնասիրություն կա՞, թե ասենք վթարների կամ վրաերթերի քանի՞ տոկոսն ա, որ տեղի ա ունեցել զուտ էն պատճառով, որ վարորդն ասենք 50-ի փոխարեն գնացել ա 60: Եթե չկա, ապա ինչի՞ վրա ա հիմնվում քաղաքապետի առաջարկը՝ այլ քաղաքներում աչքի տեսածի՞... Իսկ այլ քաղաքներում աչքը միայն դա՞ ա տեսել: Խոսքը նույն երթևեկության կազմակերպման մասին ա: Երևանի փողոցների գերակշռող մասում այսօր միջին արագությունը նույնիսկ 50-ից ցածր ա, համենայն դեպս դա կարող եմ ասել որպես վարորդ, որ մեկ-մեկ նայում եմ սպիդոմետրին: Ըստ այդմ` արագություն իջացնել-չիջացնելը հանրային քննարկման դնելու փոխարեն, պետք ա մասնագիտական քմննարկման դնել Երևանում երթևեկության կազմակերպումը համալիր կերպով: Նոր միայն հասկանալի կլինի` արագություն իջացնելու կարիք կա՞, թե՞ դրանով ընդամենն ավելորդ խնդիր ենք ստեղծելու վարորդների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր