ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հանրությունը քննարկում է BBC-ի աղմկահարույց անդրադարձը՝ Մարտի 1-ի դեպքերին
08.08.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, BBC-ն ծավալուն հոդված էր ներկայացրել այն մասին, որ ձեռք է բերել Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի քննչական փաստաթղթերը, երբ 2008-ի մարտիմեկյան բողոքի ցույցերի ընթացքում Երևանում 10 մարդ էր սպանվել:

Գեղամ Նազարյան, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ

Ստեփանակերտում Համահայկական խաղերի տպավորիչ բացումից անմիջապես հետո BBC-ի ռուսաստանյան ծառայությունը ծավալուն հրապարակումով որոշեց անդրադառնալ Մարտի 1-ի գործին, ընդ որում, բավական վտանգավոր և նենգ շեշտադրումներով:


Լրատվամիջոցը, հղում անելով իր ձեռքն անցած ՀՀ ՀՔԾ-ի փաստաթղթերի վրա, առաջ է քաշում վարկած, թե 2008-ի մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Արցախից ժամանակ զինվորականները՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:


Ուշագրավն այն է, որ նույնիսկ ամբողջովին «կարված» քրեական գործում Արցախից ժամանած և ժողովրդի վրա կրակ բացած ստորաբաժանումների մասին խոսք անգամ չկա: Ինքը՝ Սամվել Կարապետյանը, պնդում է, որ իրենք այդ օրը եղել են Կառավարության շենքում և ոչ կրակել են, ոչ էլ մոտ եղել կրակոցներին:


Ծագում են հստակ հարցեր. ինչո՞ւ այսօր, ինչո՞ւ այդքան վտանգավոր ուղղորդմամբ։


Սա այն դեպքն է, երբ ԱԱԾ ունի հստակ անելիք, ի վերջո, խոսքը գնում է բառիս բուն իմաստով մեր պետականության հանդեպ քարոզչական դիվերսիայի մասին։ Ո՞վ է այս վտանգավոր հրապարակման պատվիրատուն, այն դրսի՞ց է, թե՞ ներսից։ Ո՞վ է օր առաջ ուզում Հայաստան-Արցախ պառակտում տեսնել, որ հետո նոր հոդված գրի՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ....»։ Այս հրապարակման վերջնակետը սա է։


Երկու դեպքում էլ ՀՀ ԱԱԾ-ն անելիք ունի բացահայտելու, թե ով է կանգնած Հայաստանի պետականության, մեր ազգային շահերի դեմ ուղղված հրապարակման հետևում: Եթե այն ներհայաստանյան պատվիրատու ունի, ապա նա կամ նրանք պետք է արագ բացահայտվեն և ներկայացվեն հանրությանը, իսկ եթե դրսի անհայտ կամ հայտնի ուժեր են, ապա մենք պետք է միավորվենք ընդդեմ արտաքին թշնամու, որն ակնհայտորեն նպատակադրված ցանկանում է մեր երկրում ներքին թշամանք ու պառակտում մտցնել: Դրանից հետո պատերազմ, պարտություն և պատմական կորուստ մեկ քայլ է։

Արմեն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

BBC ռուսական ծառայությունը «բլթցնում է» Մարտի 1-ի քրեական գործի նյութերի «էքսկլյուզիվ» հասանելիության մասով... Սա ակնհայտ «պատվեր է», քանզի իրավագիտության երկրորդ կուրսի ուսանողն անգամ գիտի, որ նախաքննական գաղտնիքը հրապարակելու փաստով կարող է հարուցվել քրեական գործ։
Հ.Գ. Վստահ եմ, որ Հատուկ քննչական ծառայությունն «էքսկլյուզիվ» մուտք կամ հասանելիություն քրեական գործերի նյութերով երբեք չի ապահովի որևէ մեկին, այդ թվում՝ BBC-ին... և ինչու հենց ռուսական և ոչ թե հայկական լրատվական որևէ ծառայության... դժվար չէ կռահելը...

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Օրն սկսվեց բրիտանական պետական BBC հեռուստառադիոընկերության ռուսական ծառայության կայքում հակահայկական պառակտիչ վերնագրով՝ «Ո՞վ է գնդակահարել ցուցարարներին Երևանում 2008-ին: Հետաքննությունը մատնանշեց ղարաբաղյան ջոկատը» մի հոդվածով, որը վերաբերում է 2008-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին... Հոդվածագիրը գրեթե կրկնում է այն բանսարկություն-վարկածներից մեկը, որը 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո բավականին ակտիվ տարածվում էր նաև Հայաստանում և այս պահին, այն հրապարակելով BBC-ի կայքում, որևէ նորություն չի «բացահայտում», իսկ այդ բանսարկություն-վարկածին լուրջ վերաբերվելու համար այն ներկայացվում է որպես հավաստի աղբյուրներից ստացված տեղեկություն... Զավեշտն այն է, որ հոդվածագիրը երևի «մոռացել» է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ի կողմից վերահսկվող քրեական գործի մանրամասները հայտնի են հանրությանը և հոդվածում մատնանշված բանսարկություն-վարկածի վերաբերյալ ապացույցներ չկան... Այս ամենում կարևոր է, թե ինչոʹւ այս հոդվածը լույս տեսավ հենց հիմա ու հենց բրիտանական պետական ԶԼՄ-ում... Բոլորին հայտնի է բրիտանական իշխանությունների և Ադրբեջանի միջև սերտ հարաբերությունների մասին և պատահական չեմ համարում այն, որ այս հոդվածը լույս է տեսել հենց բրիտանական պետական BBC-ի ռուսական ծառայությունում՝ նրա հասանելիությունը հայ հասարակության համար ավելի լայն դարձնելու համար (ռուսախոսների թիվը Հայաստանում բավականին մեծ է)... Պատահական չէ նաև այն, որ հոդվածի լույս տեսնելուց րոպեներ անց այն հայտնվեց ադրբեջանական գրեթե բոլոր ԶԼՄ-ների էջերում՝ համապատասխան մեկնաբանություններով...
Հ.Գ. Հիշեցնեմ, որ ՀՔԾ-ն ժամանակին մեկնաբանել է հոդվածում բարձրաձայնած մտքերը և չի հաստատել դրանք...

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` երկիրը խառնելու մեջ:
Կարճ ասեմ` սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ես ինքս չեմ կարդացել Մարտի 1-ի գործը, որը ՀՔԾ-ն ուղարկել է դատարան, սակայն գիտեմ, որ Օգանովսկին հարցաքննվել է, առերես հարցաքննություն է եղել, կան ցուցմունքներ։ Այդ մասին Օգանովսկին էլ հայտարարել է։ Ու այսօր, երբ BBC-ն հրապարակել է քննված գործից որոշ ցուցմունքներ, բուռն բանավեճ է սկսվել սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում՝ արդյոք իրականություն է այն, ինչ գրել է BBC-ն, ի՞նչ միտումով է գրել, այն կապ ունի՞ այլ՝ երրրոդ երկրների հետ և այլն։ Այս ամենը չէր լինի ու հայ հասարակությունը օրեցօր չէր ընկղմվի այս անպտուղ բանավեճ-մեղադրանքների մեջ, եթե թույլ տային, որ դատաքննությունն սկսվի, որ հրապարակվեն բոլոր ցուցմունքները, ու եթե Օգանովսկին իրապես կապ չունի նրա հետ, ինչում մեղադրվում է, կարողանար իր պաշտպանությամբ հերքել բոլոր մեղադրանքները, եթե առնչություն չի ունեցել։ Բայց թույլ չտվեցին, ու ցավոք Արցախի ներկա ու նախկին նախագահներն էլ իրենց երաշխավորագրերով մաս կազմեցին Մարտի 1-ի դատաքննության սկսվելը թույլ չտալու Քոչարյանի ստարտեգիային․․․

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Ռուսական ԲիԲիՍի-ն ծավալուն նյութ ա հրապարակում Մարտի 1-ի մասին, էն մասին, որ գնդակահարությունները ղեկավարել ա Արցախի ՊԲ փոխնախարար Սամվել Կարապետյանը, արցախյան հատուկ ջոկատով: Սա քննությանը հայտնի, հայկական մամուլում շրջանառված դրվագներ են, որ Կարապետյանին հարցաքննել են էդ դրվագով, որ եղել են տարբեր ցուցմունքներ և այլն: Ու հիմա էս ամեն ինչը «կոնսպեկտավորվում» ա ռուսական ԲիԲիՍի-ով, «նոր սենսացիայի» տոնայնությամբ: Հարց ա առաջանում, թե ինչո՞ւ, և ինչո՞ւ հենց հիմա՝ օգոստոսի 5-ին, Փաշինյանի արցախյան ելույթից հետո: Ո՞ւմ էր պետք էս պահին էդ «սենսացիան», որն իմ կարծիքով հեչ հայաստանյան ներքին իրավիճակի շահից չի բխում: Որովհետև, եթե կա հանցագործություն, ապա դրա պատասխանները պետք ա տրվեն հայկական դատարանում, ոչ թե տարաբնույթ «սենսացիաներ» ծնեն օտար մամուլում:

Արայիկ Հարությունյան, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Հարգելի՛ հայրենակիցներ, ծանոթանալով BBC-ի ռուսական ծառայության Մարտի 1-ի գործով գեներալ Սամվել Կարապետյանի մասին հրապարկմանը՝ կարող եմ պնդել, որ այն չի կարող հավաստի լինել, քանի որ գաղտնիք չէ, որ օտարերկրյա լրատվամիջոցները մշտապես սպասարկում են այլ, հաճախ նաև թշնամի երկրների հետաքրքրություններ (հաշվի առնելով Ադրբեջանում բրիտանական շահերը՝ BBC ի դեպքում չի բացառավում նաև ադրբեջանականը), և այս դեպքում խիստ կասկածելի է, որ քրեական գործի իրական շահերից ելնելով հոդված հրապարակեն: Համարում եմ, որ սա հերթական սադրանքն է՝ ուղղված մեր երկրի ներքին անվտանգությանը, ուստի հորդորում եմ հայկական լրատվամիջոցների պատասխանատուներին «խայծը կուլ չտալ»: Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն այս գործով հստակ քննություն են տանում, և իրավական բոլոր գնահատականները պետք է վստահենք միայն նրանց: Բոլոր մեղավորները միանշանակ պետք է պատասխան տան օրենքի առաջ, և, անկախ ունեցած վաստակից ու զբաղեցրած պաշտոնից, ոչ ոք չպետք է ներվի: Բայց մամուլը պարտավոր է սոցիալական պատասխանատվություն կրել և օտարերկրյա գործակալների, տարբեր շահեր հետապնդող ուժային կենտրոնների կողմից ուղղորդված քարոզչական քայքայիչ գործունեությանը տեղ չտալ, հատկապես, որ թիրախավորում են մեր ազգի հերոսներին և լեգենդար հրամանատարներին:

Արթուր Ղազինյան, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար

BBC ռուսական ծառայության կողմից երեկ հրապարակված նյութին լուրջ չեմ վերաբերվում հենց միայն այն պատճառով, որ այդպիսի բան նույնիսկ տեսականորեն չէր կարող լինել, հետևաբար, հարկ չեմ համարում անդրառնալ այս հոդվածում տեղ գտած ցնորամիտ դատողություններին, առավել ևս վերլուծել դրանք: Սակայն, ինձ այս նյութի հետ կապված հետաքրքրում է մեկ այլ հանգամանք, որը հիմնված է հետևյալ նախադասության վրա, որն իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:


«Би-би-си получила эксклюзивный доступ к документам расследования одного из самых трагических событий в современной истории Армении: гибели 10 человек в Ереване во время протестов 1 марта 2008 года»:


Ի՞նչ է սա...


Ինչպե՞ս է կարողացել օտարերկրյա լրատվամիջոցն «էքսկլյուզիվ» մուտք ունենալ նախաքննության նյութերին: Ո՞վ է նրան տվել այդ հնարավորությունը: ՀՔԾ-ն պետք է անհապաղ հայտարարութուն տարածի և կաʹմ հերքի այս պնդումը և մեղադրի BBC ռուսական ծառայությանը ստի մեջ, կաʹմ էլ հաստատի, որ ինքն է տրամադրել նախաքննության նյութերը: Եթե ՀՔԾ-ն հայտարարի, որ BBC ստում է և նրանց «էքսկլյուզիվ» հասանելություն չի տրամադրվել քրեական գործի նյութերին, ապա ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի՝ նախաքննական գաղտնիքը հրապարակելու փաստով և գտնի արտահոսք իրացրած անձին: Մեղադրանքը կարող է առաջադրվել ՀՀ Քր. օր-ի 342 հոդվածով, ինչպես նաև նույն օրենսգրքի 299 հոդվածով՝ պետական դավաճանություն: Երկրորդ տարբերակի պարագայում հարցը, բացի ՀՀ Քր. օր-ի 299 հոդվածից, ի հայտ է գալիս նաև խնդրի քաղաքական բաղադրիչը, որի համար պատասխանատվության պետք է ենթարկվի իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Միանում եմ Արթուր Ղազինյանի դիրքորոշմանը՝ BBC-ի հրապարակման կապակցությամբ առանց հապաղելու քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին։ Եթե քրեական գործն այսօր չհարուցվի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր ֆորմալությունների պահպանմամբ վաղը ներկայացնելու ենք հանցագործության մասին գրավոր հաղորդում։


Բոլոր կարևոր հարցերի պատասխանները պետք է տրվեն սպառիչ ու համոզիչ ձևով՝ ով, ում հանձնարարությամբ (եթե հանձնարարությամբ), ինչ շարժառիթով, ինչ նպատակով։ «Ով»-ի շրջանակն էլ, ի դեպ, խիստ սահմանափակ է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր