ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հանրությունը քննարկում է Ամուլսարի հանքի շահագործման թեման
20.08.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 19-ին քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի շահագործման թեմայով, իսկ նույն օրը երեկոյան ուղիղ եթերում հանդես եկել հայտարարությամբ՝ հանքի շահագործումը համարելով նպատակահարմար:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Իմ՝ վարչապետ ընտվելուց հետո Ամուլսարի հանքի շահագործման հարցը դարձավ ամենաքննարկվողը: Մի փուլ կար, հեղափոխությունից անմիջապես հետո, որ բազմաթիվ հանրային քննարկումներ, բաց նամակներ եղան: Հսկայական քանակությամբ նյութեր եմ կարդացել, անգամ գիշերները չէի կարողանում քնել: Այնտեղ պնդումներն այն էին, որ մենք բնապահպանական առումով կորցնում ենք Սևանն ու Ջերմուկը, մի այլ շրջանակ էլ պնդում էր, որ նման բան չկա: Ու մի պարզ հարց առաջացավ՝ լավ, հիմա ես ոնց վարվեմ, ինչո՞վ առաջնորդվեմ: Չէ՞ որ չի կարելի շարժվել էմոցիաներով: Ես հասկացա, որ պետք է ինստիտուցիոնալ լուծում գտնել: Ինձ ուղղված նամակներից մեկն այնպիսին էր, որ ես այն մակագրեցի Քննչական կոմիտեին, ինչի հիման վրա հարուցվեց քրեական գործ: Բոլոր նյութերը Քննչական կոմիտեն քննել ու դարձրել է իր համար հիմք: Գործը հարուցվել է 2018 թվականի հուլիսի 20-ին: Քննության արդյունքում Քննչական կոմիտեն պետք է պատասխան տա՝ որն է այդ պնդումներից հիմնավոր: Հաջորդ քայլով նա ներգրավում է մասնագետ գիտնականների: Մենք խնդիր ենք դնում, որ այս պրոցեսը տեղի ունենա միջազգային փորձագետների ընդգրկմամբ: Եվ ահա այս քաղաքական որոշումը, որ պետք է միջազգային փորձագետներ մասնակցեն, դրա համար հայտարարվում է մրցույթ, որի համար ՀՀ կառավարությունը բավականին խոշոր միջոցներ է ներդնում՝ շուրջ 400 հազար դոլար: Մրցույթին մասնակցել է 2 ընկերություն, հաղթել է Earth link & Advanced Resources Development (ELARD)-ը: Հաղթել է ոչ թե նվազագույն գին առաջարկած ընկերությունը, այլ առավելագույն գին առաջարկածը: Կա միջազգային բնապահպանական ընկերությունների թիմ, որը հաստատել է, որ ELARD-ը վստահելի փորձագիտական թիմ է: ELARD-ն էլ իր հերթին ներգրավել է ամերիկյան բարձրակարգ TRC ընկերությանը:


Եվ ահա ELARD-ը և TRC-ն այդ փորձաքննությունն իրականացրել են և դրանց արդյունքներն արդեն պաշոնապես պատրաստ են: Դրանց արդյունքներով արդեն կառավարության նախորդ նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը հայտարարեց, որ այո, փորձաքննությունն ավարտվել է և եզրակացությունը հետևյալն է.


1. Ամուլսարի հանքի շահագործումը չի պարունակում վտանգ Սևանա լճի համար: Եթե առաջնորդվենք անգամ ամենահոռետեսական վարկածով, որ եթե հանկարծ երկրաշարժի արդյունքում կուտակված թափոնները հայտնվեն Կեչուտում, ապա դրա ազդեցությունը Սևանի վրա այնքան փոքր կլինեն, որ դրանք հնարավոր չի լինի չափել: Ասենք, այնքան, որքան Սևանին կարող է վնասել նրա ափին մեքենա լվացող վարորդը:


2. Ջերմուկի հանքային ջրերի և Ջերմուկի ջրերի համար Ամուլսարը որևէ վտանգ չի պարունակում: Սա իմ նախադրած պայմաններից մեկն էր, որ չի կարող որևէ վտանգ սպառնալ Ջերմուկին:


3. Դարբ, Որոտան, Արփա գետերի համար հնարավոր վտանգները գտնվում են կառավարելիության շրջանակներում: Ասենք, 10 միավոր աղտոտված ջրի փոխարեն այդ գետեր կմտնեն 1-2 միավոր աղտոտված ջրեր: Բայց ՀՀ կառավարութունը հարցը դրել է այնպես, որ նույնիսկ մեկ լիտր աղտոտված ջուր չպետք է մտնի շրջակա միջավայր: Դրա համար ELARD-ն առաջարկել է մեղմման 16 միջոց, որից 10-ը Lidiann Արդեն նախատեսած է եղել:


Մենք հասկացանք, որ ELARD-ի եզրակացության մեջ բազմաթիվ պրետենզիաներ կան Լիդիանի նկատմամբ տարածքի վրա ազդեցության վերաբերյալ նկարագրությունները թերի են, վստահելի չեն անորոշ են և այլն: Բայց, ըստ ELARD-ի, եթե Լիդիանը կիրառի 16 կանխարգելից միջոցները, ապա ոչ մի լիտր թունավոր ջուր չի թափվելու շրջակա միջավայր: Լիդիանը հայտարարել է որ դրանցից 10-ը ինքն արդեն կիրառել է, ևս 5-ը պատրաստ է կիրառել:

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ուղիղ եթերում, չներկայացրեց գեթ մեկ տնտեսական փաստարկ, թե ինչու պետք է շահագործել Ամուլսարի հանքը։ Ենթադրենք` որևէ վնաս չի տալու հանքի շահագործումը բնությանը, որը, իհարկե, աբսուրդ է, բայց որն է պետության և քաղաքացիների շահը, որոնք որևէ կերպ առանձնացված չեն կարող դիտարկվել։ Այնպիսի տպավորություն է, թե ՀՀԿ իշխանության որոշումը, հանքի շահագործման վերաբերյալ, իդեալական և հիմնավոր է համարվում։ Չեմ ասում, թե հենց այդպես է մտածում նոր իշխանությունը (որպես վկա՝ հայտնի գաղտնի զեկույցի հնչեցված գնահատականը), բայց երկու քայլանի կոմբինացիան հանքը շահագործելու իրավունք ստացած ձեռնարկությունների փոփոխության, արդեն իսկ լուրջ ուսումնասիրության հարց պետք է լիներ։ Ինչևէ, հանքի շահագործման որոշմանը հակված լինելու Ն. Փաշինյանի շարժառիթը մնաց անհայտ։ Բայց, այն, որ փակվում է ԱԺ այգին ցուցարարների առջև, ու ոստիկանները ոչ իրավաչափ գործողություններ են կիրառում ցուցարարների նկատմամբ, ավելի շուտ վկայում է բուն շարժառիթի թեմայից խուսափելու կամ քողարկելու մասին։


Քրեական գործ պետք է հարուցել ոչ թե «Լիդիանի» դեմ կամ ցուցարարների դեմ, այլ հանքի շահագործման` ի սկզբանե ողջ կասկածելի գործընթացի հիմքով. ում մտքով անցավ շահագործել հանքը, ինչու նման ծրագիր կամ գաղափար ծնվեց, ինչպես են իրականացվել հետազոտման թույլտվության ողջ գործընթացը։


Ոչ թե պետք է ելնել «Լիդիանի»` արդեն շահագործողի դե յուրե փաստից, այլ այդ կարգավիճակը ձեռք բերելու ողջ նախորդած գործընթացը։


Բոլոր հարցերին պետք է տրվեն պատասխաններ, ոչ թե միայն նրանց մի մասին:

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող

Ես շրջակա միջավայրի մասնագետ կամ երկրաբան չեմ, բայց ինձ համար ամբողջությամբ ընդունելի է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը: Էդ մարդն Ամուլսարի մասով ինչ խոստացել էր, արել է ու մանրամասն հիմնավորում է իր մոտեցումը: Իշխանություն-քաղաքացիներ հարաբերությունների ազնիվ ձևաչափ է: Բայց ինձ համար իրապես մտահոգիչ էր խաղաղ ցույցի նկատմամբ այսօր արձանագրված վերաբերմունքը: Բաղրամյան 26-ին մոտիկ չթողնելն ու ԱԺ-ի բակը փակելը մի տեսակ` «Սերժիկ հեռացիր» վանկարկումների հետ էր ասոցացվում:


Հ.Գ. Ինձ համար այս պատմության մեջ հանքից կարևոր է հարցի ժողովրդավարական կողմն ու իշխանությունների ազնվությունը:

Արմեն Վարդանյան, իրանագետ, քաղաքագետ

Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի վիճակն ինձ հիշեցնում ա «Տաքսի-տաքսի» ներկայացման մեջ Կնյազի՝ Փիլոյանի վիճակը բնութագրող վիճակը: Էն, որ Կնյազն ասում էր՝ «ախր հիմնարկի պետ ա. վերևից զանգում են, տակից փորում են, կողքերից մատերիալ են գրում, քննադատում են»...Հիմա մի կողմից բնապահպանները, որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դեմ են հանքավայրի շահագործմանն ու ցույցեր են անում, մյուս կողմից՝ միջազգային խոշոր հանքարդյունաբերական կազմակերպությունն ա իրա հզոր գործիքակազմով ճնշում գործադրում կառավարության վրա, վտանգ կա, որ կդիմեն արբիտրաժային դատարան ու Հայաստանն ստիպված կլինի խոշոր տուգանք վճարել, ԱՄՆ նախկին դեսպանը բաց տեքստով ասում էր` եթե Ամուլսարի հանքը չլուծեք, մոռացեք ներդրումների մասին, իսկ նախկին ռեժիմի կողմնակիցներն էլ փորձում են էս խնդրից իրենց համար օգուտներ քաղել... Վարչապետի վիճակն աննախանձելի ա, մեծ բոլոլա ա լինելու:

Նաիրի Հոխիկյան, միջէթնիկ հակամարտությունների փորձագետ

Ամուլսարի թեմայով փորձաքննության մեջ մի քանի անգամ հանդիպում են «հնարավոր է», «գուցե», «հավանաբար» տերմիններ, որոնք երկակի իմաստով կարելի է հասկանալ՝ դրական կամ բացասական հետևանք (հնարավոր է՝ թունավոր նյութերը վնասեն Կեչուտի ջրամբարի և Սևանա լճի ջրին, հնարավոր է՝ չվնասեն... նայած որ կողմից ես նայում խնդրին և ինչը տեսնելու ցանկությամբ):


Պետք էր ակնկալել «հնարավոր», «հավանաբար» և նման ձևակերպումներով անատամ եզրակացություն, իսկ թե կշեռքի որ կողմն ավելի ծանր կլինի, արդեն տեխնիկայի հարց է:

Շիրակ Բունիաթյան, բնապահպան, Ջերմուկի բնակիչ

Ներդրումների մասին իմ հարցադրումներն այդպես էլ չստացան պատշաճ պատասխաններ: Ինչպես արդեն հայտնի է, օգոստոսի 19-ին տեղի ունեցավ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչների, ավագանու, համայնքապետի և ուսուցչական կազմի, ինչպես նաև Ջերմուկում զբոսաշրջային ոլորտում բիզնեսով զբաղվող մարդկանց հետ։ Այս մարդիկ ամեն մեկը մի քանի միլիոն դոլար են ներդրել տարիների ընթացքում իրենց այդ բիզնեսների մեջ, որի արդյունքում ստեղծվել է տնտեսական կայուն ճյուղ դրանից բխող կայուն աշխատատեղերով։ Այսօր Ջերմուկ քաղաքում գործող այդ բիզնեսներն ապահովում են ինչպես Հայաստանցի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների զգալի մասի հանգիստը։ Այդ բիզնեսների արդյունքում Ջերմուկը հարակից բնակավայրերի համար դարձել է իրենց բերք ու բարիքի և գյուղմթերքների համար շահավետ իրացման շուկա։ Ես հարց տվեցի պարոն վարչապետին. «Պարոն վարչապետ դուք` որպես երկրի ղեկավար, երաշխավորում եք այս մարդկանց, որ Ամուլսարում հանք շահագործելու դեպքում իրենց բիզնեսները չեն վերանալո՞ւ:
Նա քննչական մարմնին հարցնում է, թե այդ ոլորտում փորձաքննություն արվե՞լ է։
Դե պարզվում է, որ չի արել, դա վկայում են նաև առողջարանի տերերը։ Փաստորեն չկա երաշխիք և ՎԵՐՋ։ Այսպիսով, միակ երաշխիքն այն պիտի լինի, որ Սևանի պես պատգամավորները կգան էստեղից «լայվեր» կանեն, կերդվեն, որ ամեն ինչ մաքուր ա օկեյա դե հետո էլ վարչապետ ՓԱՇԻՆՅԱՆԸ երևի ուղիղ միացումով կոչ կանի, որ մարդիկ գան Ջերմուկ բուժվելու և հանգստանալու։ Բայց իրականում սա շատ լուրջ խնդիր է։ Այն տնտեսագետները պիտի առաջ քաշեն և քննարկեն վարչապետի հետ։ Պիտի նժարին դրվի տնտեսական այս երկու ճյուղերը (ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ կամ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ) Ջերմուկի պարագայում և ընտրվի երկարաժամկետ կայուն և որ ամենակարևորն է անվնաս ոլորտը։ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ:

Արման Բաբաջանյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ըստ justiceandenvironment.org-ի` Չեխիան, Հունաստանը, Թուրքիան, Գերմանիան, Հունգարիան, Կոստա Րիկան, Արգենտինան, Էկվադորը և ԱՄՆ-ի որոշ նահանգներ արգելել են ցիանիդով կույտային տարրալվացման եղանակով ոսկու և արծաթի կորզման գործընթացը։


Նատրիումի ցիանիդը (NaCN) չափազանց ուժեղ և արագ գործող թունավոր նյութ է, որը մարդու օրգանիզմ ներթափանցելու դեպքում 2-4 ժամվա ընթացքում առաջացնում է տանջալից մահ: Չափահաս մարդու համար մահացու է ցիանիդի ընդամենը 0,3 գրամ չափաքանակը: Թոքերի մեջ շնչառական ճանապարհով անցնելու դեպքում առաջացնում է գրեթե վայրկենական մահ՝ մեկ րոպեի ընթացքում:


Ամուլսարում «Լիդիան» ընկերությունը ցիանիդի օգնությամբ է նախատեսում իրականացնել ոսկու կորզումը, ամբողջ Վայոց ձորի մարզը սնուցող Արփա գետից ընդամենը 1 կմ հեռավորության վրա, իսկ մոտակա բնակավայրեր Գնդեվազ գյուղից` 1,2 կմ և Ջերմուկ առողջարանային քաղաքից 7,6 կմ հեռավորությունների վրա: Ընկերությունը տարեկան օգտագործվելու է 2000 տոննա նատրիումի ցիանիդ և 1000 տոննա աղաթթու (HCl), իսկ հանքավայրի շահագործման ինը տարիների ընթացքում՝ 18 000 տոննա ցիանիդ, կամ 60 մլրդ մահացու չափաքանակ:

Ռուբեն Ռուբինյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Վարչապետի ու կառավարության հետ ամբողջությամբ կիսում եմ քաղաքական պատասխանատվությունն Ամուլսարի հարցով։ Նույնն անելու եմ ցանկացած ոչ համընդհանուր պոպուլյար որոշման կայացման դեպքում, եթե վերջինս համարեմ ճիշտ։ Ամենայն անկեղծությամբ, ցավում եմ նաև բոլոր այն քաղաքացիների համար, որոնք դժգոհ են մեր դիրքորոշումից։ Սակայն, քաղաքականությունը՝ բաց ու ազատ քաղաքականությունը վիճելու, համաձայն չլինելու, հակադիր կարծիքներ ունենալու, սիրելու ու, այոʹ, նաև չսիրվելու մասին է։ Ու հենց այս համատեքստում Թավշյա հեղափոխությունը համարում եմ անբեկանելիորեն դրական ձեռքբերում, անկախ նրանից, թե ինչպես կընթանան հաջորդ տարիների իրադարձությունները

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Ես ինքս լուրջ կասկածներ ունեի ողջ ընթացքում, որ պարզ, խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել: Հիմա այլևս այդ կասկածները չկան: Որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի: Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող: Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից: Այլընտրանք չկա: Այս երկիրը մենք չենք վաճառելու խոսքեր ու խոստումներ միայն շաղ տվող շաղակրատ իշխանությանը: Անհրաժեշտ է բոլոր կառուցողական քաղաքական և անհատ ուժերի միավորում` հանուն Ամուլսարում Հայաստանի փրկության: Անհրաժեշտ է մեծացնել ճնշումն այս կոռումպացված, նախկին ռեժիմի շարունակություն դարձած իշխանության վրա` Հայաստանը փրկելու համար: Ողջ հասարակությունը պետք է ոտքի կանգնիʹ:

Արթուր Գրիգորյան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար

Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ Բնապահպանական տեսչության ղեկավարն էի: Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացնում էի փաստեր ու բացատրում, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկանաբանությունն այն է, որ նրանք պահում են կոռումպացված համակարգը՝ իր բոլոր ստվերային մեխանիզմներով: Ինչո՞ւ, որովհետև այսօրվա իշխանությունն իր էության մեջ նույնն է՝ իր գործելաոճով ու պատասխանատվությամբ, այլապես ինչո՞ւ պետք է նորերն իրենց վրա վերցնեն հների արածների պատասխանատվությունը: Դա հնարավոր է այն դեպքում միայն, երբ դու նույն մարդն ես՝ նույն սուբյեկտի այլափոխությունը: Ներկայացրեք խնդրեմ այլ տրամաբանություն: Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչո՞ւ չեք պայքարում: Ուզում եք ասել՝ մյուսնե՞րն էլ են անօրինական աշխատում, բա դուք ինչո՞ւ եք անգործություն ցուցաբերում: Քաջարանի ստուգման արդյունքների մասին սկսե՞մ խոսել...


Մինչև հիմա կոռեկտ չեմ համարել կառավարության աշխատելաոճի վերաբերյալ նուրբ մանրամասներ ներկայացնել՝ ի վերջո միասին ճամփա անցած մարդկանցից շատ-շատերն իշխանական ճամբարում էին, բայց այսօր կառուցված բարիկադից ու այս օրերի ցածրաճաշակ ստախոսություններից հետո էլ իմաստ չունի նրբանկատություն անել, պետք է իշխանության ճամբարում գտնվող մարդկանց առջև հստակ ընտրություն կատարելու եզրագիծը քաշել, քանի որ նրանց գործոնն օգտագործվում է իշխանության ներսում բանավեճի իմիտացիա ստեղծելու համար, այն դեպքում, երբ վաղուց արդեն անելիքը որոշված է:


Նշանակմանս օրվանից սկսած՝ Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը: Չգիտեմ՝ վարչապետ Փաշինյանի հետ ո՞ր մասն էր համաձայնեցված, բայց կատարողն է Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով: Անգամ «Լիդիանի» ղեկավարության հետ մի հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչներն ինձ ուղիղ տեքստով ասացին.
- Մեզ ասել էին, որ Դուք գնալու եք Ամուլսար տանող ճանապարհները բացեք:
-Ո՞վ էր ձեզ այդպիսի բան ասել:


-Կառավարությունից...


Հիմա երկու բովանդակային դիտարկում անեմ՝ գործընթացի տրամաբանությունը հասկանալու համար: Որպեսզի պարզ դառնա, թե ի՞նչ հրեշավոր ստի հետ գործ ունենք, ասեմ, որ այս լիբանանյան փորձաքննություն կոչվածը բացարձակ ֆիկցիա էր: Նույնպիսի ֆիկցիա է նաև արբիտրաժային վախերը որպես փաստ ներկայացնելը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր