ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Հանրությունը քննարկում է Հայաստան - Իտալիա հանդիպումը
06.09.2019

Երեկ «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրո-2020 ընտրական փուլի Հայաստան - Իտալիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց՝ 1։3 հաշվով։ Խաղից հետո համացանցում բազմաթիվ կարծիքներ են հնչում՝ պարտության վերաբերյալ։

Արմեն Գյուլբուդաղյանց, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Առաջին 20 րոպեն լավ սկսեցինք, պրեսինգ կիրառեցինք, հետո խաղի վերահսկումը կորցրեցինք։ Երկրորդ խաղակեսում կորցնելու բան չունեինք, փորձեցինք գրոհել, փոխանցումներով ֆուտբոլ խաղալ։ Տղաները շատ աշխատեցին, հանդերձարանում ասել եմ նրանց՝ շնորհակալ եմ աշխատանքի համար։ Փորձեցինք, բայց պարտվեցինք։ Ֆուտբոլն էմոցիոնալ խաղ է, բոլոր խաղերն էլ այդպես են լինում: Երկու թիմերն էլ ուզում էին հաղթել: Մեր դիրքից այդքան էլ լավ չերևաց կարմիր քարտի դրվագը, երբ արձանագրվեց Ալեքսանդր Կարապետյանի խախտումը: Դրանից հետո փորձեցինք Կամոյին փոխել, նույնիսկ նրան հարցրինք, հրաժարվեց, դեռ ուժ ուներ: Ճիշտ է՝ վնասվածք ստացավ, բայց շարունակեց խաղալ: Ուզում էինք առջևում ավելացնել, դրա համար Գևորգ Ղազարյանի փոխարեն Էդգար Բաբայանին դուրս բերեցինք:

Ռոբերտո Մանչինի, Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կան բարելավման ենթակա հանգամանքներ, այդ պատճառով էլ էմոցիաներս տեղի տվեցին։ Այս խաղը շատ դժվար ստացվեց և, ես երեկ էլ ասել էի, որ Հայաստանի հավաքականը, հնարավոր է, ֆիզիկապես մեզ գերազանցի։ Կարմիր քարտը, միգուցե, ազդեց խաղի ընթացքի վրա, ինչպես նաև հայերի ֆիզիկական վիճակի։ Հայաստանի հավաքականը շատ ագրեսիվ սկսեց խաղը, հասավ իր նպատակին, բայց կարողացանք հավասարեցրել հաշիվը։

Յուրա Մովսիսյան, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Ծանր պայքար մղեցինք այսօր Երևանում՝ Իտալիայի դեմ՝ մեծ մասը 10 հոգով։ Հպարտանում եմ մեր տղաներով: Կտեսնվենք կիրակի օրը:

Հենրիխ Մխիթարյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Լավ սկսեցինք, շատ ագրեսիվ էինք ու գոլ խփեցինք, դրանից հետո մի փոքր հետ քաշվեցինք՝ չգիտես ինչու: Հետո գոլ բաց թողեցինք, կարմիր քարտը խանգարեց ... Երկրորդ կեսում տղաները պայքարեցին մինչև վերջ, ցույց տվեցինք, որ նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ: Կարող էինք գոլի հեղինակ դառնալ, առաջ անցնել խաղի մեջ, բայց չհաջողվեց, ֆուտբոլ է, այդ իսկ պատճառով հետո պատժվեցինք։ Ճիշտ է Իտալիան առավելություն ուներ, բայց եթե հաշվի առնենք, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը, հնարավոր է ոչ-ոքի ավարտվեր։ Բայց Իտալիան մնում է Իտալիա։ Կարող եմ ասել, որ մինչև 78-րդ րոպեն ամեն ինչ արդարացի էր:

Վահրամ Թոքմաջյան, պատմաբան

Որ ասում եմ պատմություն սովորեք, իմ համար չեմ ասում։ Այ որ Տիգրանակերտի ճակատամարտից դասեր քաղած լինեինք, էսօր հավաքականն էս օրը չէր ընկնի։ Հռոմեացիների դեմ փաղանգն է արդյունավետ։ Գծային շարվածքը հեշտ են ճեղքում:

Գևորգ Ղազարյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Շատ դժվար խաղ էր: Կարծում եմ՝ լավ սկսեցինք, ագրեսիվ էինք, այդ պատճառով գոլ խփեցինք: Կարծում եմ՝ ավելի հաջող խաղ կունենայինք, եթե չլիներ կարմիր քարտը:


Ըստ իս՝ արդարացի չէր: Մրցավարը շատ շուտ սկսեց դեղին քարտեր տալ, հատկապես մեր թիմի ֆուտբոլիստներին: Կարծում եմ՝ ավելի շատ իրենց կողմից այսօր դատեց խաղը։ Լարվածությունը մի փոքր շատացավ հենց կարմիր քարտի պատճառով, ինչ-որ տեղ ավելի շատ մոտիվացվեցինք, որպեսզի խաղը չպարտվենք ու նույնիսկ հաղթենք:

Վարազդատ Հարոյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Իհարկե, հաշիվը մոռանալ չի լինի, բայց կարծում եմ՝ մեկ միավորի արժանի էինք: Երկու տարբեր խաղակես ստացվեց։ Չեմ կարծում, որ կարմիր քարտը փոխեց խաղը։ 10 հոգով կարող էինք հաջողության հասնել. երկրորդ գոլը խփեինք, մեկ միավոր կվաստակեինք։10 հոգով Իտալիայի նման թիմի դեմ պաշտպանվելը դժվար էր: Մեծ ճնշում էր, կարողացանք մինչև 78-րդ րոպեն պահել, բայց բարձրակարգ ֆուտբոլիստներ էին, տեսաք՝ ինչպիսի փոխանցում հետևեց ու ինչ գոլ խփեցին: Անընդհատ մեկ հոգու առավելություն ունեին տուգանայինի դիմաց, այդ իսկ պատճառով ճնշման արդյունքում երկրորդ գոլը խփեցին, իսկ երրորդը՝ պատահականության արդյունք էր:

Լորենցո Պելեգրինի, Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ

Հիանալի երեկո էր ինձ համար: Մենք հաղթանակ տոնեցինք: Միշտ էլ հաճելի է ներկայացնել Իտալիան:

Կամո Հովհաննիսյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Կարմիր քարտն ազդեց խաղի ելքի վրա, բայց պայքարեցինք մինչև վերջ: Կարմիր քարտի պատճառով երկու անգամ ավելի էներգիա ծախսեցինք: Իտալիան էլ, պարզ է, սխալները չի ներում: Մրցակիցը հզոր էր, գիտեինք ինչպես են խաղում՝ կարճ, միջին, մեջքի հետևից փոխանցումներով: Ինչ-որ սպասում էինք, այն էլ արեցինք։ Մեր սխալների պատճառով գոլեր բաց թողեցինք: Ողջ թիմը աշխատեց, ոչ մեկին չի կարելի մեղադրել պարտության համար:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Լավ, եկեք խոստովանենք, որ Իտալիան մեր դեմ խաղաց ամեևին ոչ առավելագույնով, իսկ մենք՝ ինչքան կարող էինք: Էնպես որ մեր հավաքականն ընդամենը գլխից բարձր չթռավ։ Մինչ էդ կարծիք էի հայտնել, որ գլխավորը Բոսնիային հաղթելն ա, ու էդ խաղին առավելագույն պատրաստ մոտենալը: Էն դեպքում, երբ բոսնիացիք անհամեմատ ավելի քիչ էմոցիա և ֆիզիկական ուժ են ծախսել մեր հետ խաղից առաջ: Բոսնիային հաղթելու համար էլ պետք կլինի գլխից բարձր թռնել: Երկրորդ տեղի շանսը պահելու համար դա չունի այլընտրանք: Բայց ասեմ, չպարտվելը մեր էս հավաքականի համար ես չեմ համարի տապալում: Իրականում մեր հավաքականն ուժեղ չի, տղերք: Մենք ավելի ուժեղ հավաքականներ ենք ունեցել, ավելի վատ արդյունքով: Բայց դե էս տղերքը հիմա կարողանում են էսքանը: Հայկական ֆուտբոլն ուժեղանալու համար դեռ ճանապարհ ունի անցնելու մանկապատանեական մակարդակում: Երբ մեր ցածր տարիքային հավաքականները կգան եվրոպական միջին մի մակարդակի, նոր կարող ենք լրջորեն խոսել ազգային ուժեղ հավաքական ունենալու հեռանկարի մասին: Իսկ առայժմ, ակնկալենք, որ թիմը կհասցնի էմոցիոնալ և ֆիզիկական առումով վերականգնվել Բոսնիայի խաղից առաջ ու թռնել գլխից բարձր:

Ռոման Բերեզովսկի, Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ

Շատ լավ սկսեցինք խաղը: Միջնամասում ընդհարում եղավ. երևի այդ պահից շատ բան էր կախված: Երկու դեղին քարտ ստացանք, որը հետագայում կարմիր քարտի վերածվեց ու Կարապետյանը լքեց խաղադաշտը: Կարծում եմ՝ ամենակարևոր պահը դա էր: Ըստ իս՝ պետք չէր անտեղի դեղին քարտ ստանալ: Երրորդ գոլի ժամանակ Արամ Հայրապետյանի բախտը չբերեց, փորձեց հեռացնել, բայց գնդակը հայտնվեց դարպասում։

Արամ Հայրապետյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, երկրպագուներին։ Ինքներդ էլ տեսաք՝ մենք պաշտպանվում էինք։ Ինչ կարող էինք արեցինք, բայց պարտվեցինք։ Չգիտեմ՝ ինչ ասել։ Երկար չեմ խոսի, բայց սա Իտալիան է՝ բարձրակարգ։ Միգուցե կարմիր քարտն ազդեց խաղի վրա, բայց հայտնի չէ՝ առանց դրա ինչպես կստացվեր։ Ամեն դեպքում մինչ կարմիր քարտը մենք վերահսկում էինք խաղը, բայց դրանից հետո սկսեցինք պաշտպանվել։ Տղաներն արդեն հոգնել էին։ Երկրորդ գոլի դրվագում չհասցրեցին, իսկ երրորդ գոլը զվարճալի ստացվեց:

Ժորժինյո, Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ

Գիտեինք, որ այստեղ հեշտ խաղեր չեն լինում: Հայաստանի հավաքականը մեկնարկում ցուցադրեց իր ուժեղ կողմերը: Նրանք արագաշարժ էին, իսկ մենք դանդաղ սկսեցինք ցուցադրել մեր խաղը: Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի: Շատ դժվար խաղ էր, այնուամենայնիվ, մենք 3 միավոր վաստակեցինք: Խաղի մեկնարկում զիջում էինք գնդակի համար պայքարում, բայց շատ դժվար էր, քանի որ խոտածածկն ահավոր վիճակում էր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր