Ինչպես հայտնել էինք, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին:
Այ սա արդեն ուրիշ բան։ Մնում է տեմպը չկորցնել։
Չեմ կարող չկիսել Արարատ Միրզոյանի այսօրվա ելույթում արտահայտված մտահոգությունները։ Բայց ԱԺ-ն պետք է գնահատական տա ոչ միայն ՍԴ-ի, այլ ողջ պետության զավթմանը։
ՍԴ-ի զավթումը պետության զավթման մաս է եղել և ամբողջի վրա աչք փակելով դրան առանձին գնահատական տալը կարող է ընկալվել որպես ՍԴ-ի հետապնդում:
Ուրախ եմ, որ Արարատ Միրզոյանի կողմից Սահմանադրական դատարանի գործունեությանը վերջապես տրվեց քաղաքական գնահատական և լիահույս եմ, որ հաջորդ քայլով քաղաքական գնահատական տրվի նախկին վարչակազմի կողմից պատմության զավթման փաստին։
Արարատ Միրզոյան ջան, Ազգային ժողովում քո համար հով լռված ես, էլի։ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկներն ԱԺ դահլիճ բաց թողնելը։
Տես, Ամուլսարի հարցով ճիշտ էլ մանյովրում ես, թեմայի մեջ չես մտնում, պատասխանատվություն չես վերցնում։ Հասկացանք, Ազգային ժողովը դարձրել եք դժվար երեխեքի համար նախատեսված մանկապարտեզ։ Բայց դու լուրջ մարդ, հարկատուների հաշվին արդեն աշխարհ տեսած մարդ, անդարդ գլուխդ Հայաստանում ժողովրդավարության զոհասեղանին խի՞ ես դնում։
Ո՞նց ես քաղաքակիրթ աշխարհին բացատրելու, թե ինչու է երկրի իշխանությունների օրենսդիր ճյուղը միանում գործադիրին դատականը ոչնչացնելու համար։
Էն ժողովրդավարության բաստիոնի պատերի տակից դուրս եկեք, քարերը փլուզվում են արդեն, տակը չմնաք:
Տեսնես` ում մտքով էր անցել հորդորել Արարատ Միրզոյանին ելույթ ունենալ ու ակնհայտ հակաիրավական մտքեր հայտնել հենց այն օրը, երբ այստեղ են Վենետիկի հանձնաժողովի փորձագետները։
Անկեղծ ցավում եմ, որ իրեն էլ ներքաշեցին։ Ոչ մեկին չի խնայում։
Իրականում ելույթը նախերգանքն էր Ն. Փաշինյանի առաջիկա մտքերի, որտեղ լինելու են հերթական սկանդալային հայտարարությունները:
Ազգային ժողովի նախագահը, ԱԺ ամբիոնից, հանդես է եկել արտահերթ ելույթով՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանին վերաբերող հարցերին։ Ելույթի բովանդակությունը ոչ այլ ինչ էր, քան դեռևս մայիսի 20-ին սկիզբ առած՝ Դատական իշխանությունը և մասնավորապես, Սահմանադրական դատարանը կառավարող քաղաքական ուժին ենթարկեցնելու գործընթացի հերթական դրսևորում, այդ գործընթացին օրենսդիր մարմնի պաշտոնական ներգրավում։
Առավել հետաքրքրական էր ելույթի համար ընտրված ժամանակը՝ ՍԴ որոշման հիման վրա երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտի հրապարակման նախօրեն։ Հաշվի առնելով վերջին ամիսների փորձը՝ կարելի է պնդել, որ ընտրված ժամանակն այս առումով ամենևին պատահական չէր. ՍԴ որոշումը նսեմացնելով՝ նպատակ էր հետապնդվում անուղղակիորեն ազդել առաջին ատյանի դատարանի վրա՝ ստանալու ոչ թե վերաբերելի իրավունքի ու փաստերի հիման վրա՝ դատավորի ներքին համոզմունքից բխող իրավաչափ որոշում, այլ կառավարող ուժի քաղաքական կամքն արտահայտող դատական ակտ: