ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հանրությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանի` Մել Դալուզյանին պաշտպանող ելույթը
14.11.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար պետբյուջեից 20 միլիոն դրամ հատկացնելուն:


Նա նաև ընդգծել էր, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է։

Լուսինե Հարոյան, «Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ

Երբեք չեմ ընդունել, երբ մարդու անձնական կյանքը հասարակության պարսավանքի առարկա են դարձնում ու որոճում կեղտոտ սպիտակեղենը, այս թեմային էլ չէի անդրադառնա, եթե նորից բացահայտ սուտ խոսելն ու կեղծիքը չլիներ` ո՞ւմ, երևի արդեն չենք զարմանում` երկրի ի պաշտոնե առաջին դեմքի կողմից:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մելինե Դալուզյանն իր անձնական պաշտպանության տակ է, և ինքը թույլ չի տա երկրի դրոշը երեք անգամ բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ:
Փաշինյանն ինչպես միշտ ստել է, կամ էլ բացարձակապես անտեղյակ է, որ Ծանրամարտի Միջազգային Ֆեդերացիան անժամկետ որակազրկել է Մելինե Դալուզյանին և պարտադրել նրան վերադարձնել մեդալներն ու կոչումները: Ավելին, Մելինե Դալուզյանի հերթական դոպինգ-սկանդալի պատճառով Հայաստանի ծանրորդների թիվը 2020-ի Օլիմպիական խաղերին կարող է նվազել, այսինքն` դեռ պետք է հասկանալ, թե իրականում որքան վնաս է հասցրել Դալուզյանի «գործունեությունը» Հայաստանին և դեռ կհասցնի:
Մի կողմ եմ թողնում հարցը, թե ինչո՞ւ Փաշինյանն իրեն նույն կերպ «չի ճղում», երբ մոռացության են մատնվում Հայաստանի իրական չեմպիոնները, աղքատության են մատնվում երկիրը փրկած կամավորները, վարկաբեկվում Արցախյան հերոսամարտի առաջամարտիկները:

Սիմոն Մարտիրոսյան, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի Հանրապետության վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։ Էս ուր ենք հասել, ժողովուրդ: Դա նորմալ է, հա՞, ըստ իս, չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին: Ու դրա համար պետական բյուջեից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնո՞ւմ եք:

Սոս Ջանիբեկյան, դերասան

Իսկ կրոնական և համասեռամոլության թեմաներով խոցել ներկայիս կառավարությանը և դա զենք սարքել, սիրելի հակահեղափոխականներ, դա հարված է գոտկատեղից ներքև. մենք հայաթում նման կերպ կռվողներին հայհոյում էինք:


Իսկ ժողովուրդս երևի չի իմացել կամ շատ շուտ ա մոռացել, որ նախկին կոռումպացված պաշտոնյաները, թալանելուց, լափելուց, մարդ սպանելուց կամ ծեծելուց հետո, գեռայինի կամ այլ ուրիշ թմրանյութերի ազդեցության տակ, կոմայգիով էին անցում, մինչև իրենց «սուրբ», «քրիստոնեական» և ադաթական տուն վերադառնալը:


Քանի տարի նախկին կառավարության օրոք կոմայգին զբաղվեց իր գործունեությամբ և քանի տարի հովանավորվելով նախկին անհայտ պաշտոնյանների կողմից, ոստիկանների «օրինապահ» գործունեությանն արգելք ստեղծեց:


Հերոսի մասին ֆիլմ հովանավորելը ոչ մի բան չի քարոզում: Վաղը կարող է Փարաջանովի մասին ֆիլմ հովանավորելու առիթ ստեղծվի, ի՞նչ ենք անելու, փորփրելու ենք նրա անձնական նախասիրություններն անկողնում, թե՞ ստեղծագործական հանճարեղ ուղուն ենք ծանոթանալու: Դուրս եկեք ուրիշների անկողիններից, միամիտ սերմնաժայթքումը ձեզ էլ կկպնի:


Իմաստություն և համբերություն, իր հաղթանակը շուտ մոռացող ժողովրդից:

Միհրան Հակոբյան, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր

Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է. եթե ժողովրդի վարչապետն ու նրա սուպերնախարարն սպորտի մասին գոնե մի փոքր պատկերացում ունենային, ապա կիմանային, որ սպորտի հիմքը fair play-ն է (ազնիվ խաղ)` սպորտային էթիկայի և բարոյականության կանոնները: Fail play-ի հիմնական սկզբունքներից մեկը ցանկացած տեսակի խթանիչների օգտագործման բացառումն է: Եթե ժողովրդի վարչապետն ու նրա սուպերնախարարն սպորտի մասին գոնե պրիմիտիվ պատկերացում ունենային, ապա կիմանային, որ ՀՀ նախկին քաղաքացի Մելինե Դալուզյանը խթանիչներ է օգտագործել, ինչի համար որակազրկվել է` կասկածի տակ դնելով ՀՀ ծանրամարտի հավաքականի ապագա մասնակցությունը Օլիմպիական խաղերին և ահռելի հարված հասցնելով հայկական սպորտի հեղինակությանը: Նորմալ չէ, երբ պետության ղեկավարն ԱԺ ամբիոնից հպարտանում է մեկով, ով ստեռոիդների օգտագործմամբ իրեն վերածել է դեղատան ու հաղթել մրցակիցներին նման անազնիվ մեթոդներով: Սա ուղղակի խայտառակություն է, պարզ դեգեներատիզմ:


Մելինեն ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, այլ երկրում է ապրում: Այնտեղ դարձել է Մել, և իր երջանկությունն է կառուցել: Երբ ժողովրդի վարչապետի կառավարությունը մարդկային, քրիստոնեական և սպորտային բարոյականության սկզբունքների հետ լուրջ խնդիրներ ունեցող մարդու մասին ֆիլմ է ֆինանսավորում և ատամներով պաշտպանում է այդ քայլը, դրանով գրգռում է այն հանրությանը, որի պատկերացրած բարոյականության, արժեհամակարգի, բարքերի ու նիստուկացի հետ «յոլա չգնալու» հետևանքով է Մելինեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, գնացել մեկ ուրիշ երկիր, Մել դարձել ու կառուցել իր նոր կյանքը: Հայաստանի կառավարությունն իր նախկին քաղաքացի Մելին ուղղակի պետք է բարի բախտ ցանկանար և մոռանար, այլ ոչ թե դարձներ այն հասարակության քննարկման թեման, որը մերժում է նման արժեքները: Ժողովրդի վարչապետն արել է ճիշտ հակառակը: Ուստի հենց Նիկոլ Փաշինյանն անձամբ է քոռ դանակով մորթում և տառապանքներ պատճառում Դալուզյանին: Իսկ այլասերման քարոզն ատամներով պաշտպանելու պատճառը մեկն է. Դալուզյանն ու Փաշինյանը շատ նման են: Փաշինյանը Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է: Դալուզյանի հաջողություններով սկզբում ժողովուրդն ուրախացել և ցնծացել է, ի սրտե, ծափահարել է, հպարտացել է, շամպայն է պայթեցրել: Հետո պարզվել է, որ Դալուզյանն այն չի, ինչ կարծել են, որպես սպորտսմեն` որակազրկվել է, ավելին` ելինեն նույնիսկ աղջիկ չէ, տղա է` Մել անունով: Նա հրաժարվել է քաղաքացիությունից, արտագաղթել է, և ինչ-որ կասկածելի հիմնադրամների ֆինանսավորմամբ նրա մասին ֆիլմ են նկարում: Ժողովուրդը պարզել է, որ Դալուզյանն այլ բան է միշտ երազել, իսկ ժողովրդին մեկ այլ բան է թվացել: Սկզբում նրանով հիացել են, հետո ծաղրել են, վերջում, երբ իրականությունը վերջնականապես ի հայտ է եկել, նրան արհամարհել են: Այստեղ է Փաշինյանի և Դալուզյանի նմանությունը: Դալուզյանի այս ճանապարհը, հանրային ընկալումների այս տրանսֆորմացիան Փաշինյանն իր աչքի առաջ ունի: Նա իրեն գտնում է այս պատմության մեջ: Ինքն էլ գիտի` իրենով հիացել են, հիմա ծաղրում են, վաղը` արհամարհելու են:

Կարինե Փանոսյան, կենդանիների պաշտպան

Փաշինյանի ելույթի մասին էի մտածում։ Տեսնես` ինքը կուզե՞ր, որ իր սեփական դուստրը կողմնորոշումը փոխեր, որ այդպես պրոպագանդում է Մելի ֆիլմը։
Բոլորն ունեն պրոբլեմ, բայց հասարակական քարոզի չեն հասցնում։ Սա այն հարցն է, որը մի կողմից ցավալի է անհատի ճակատագրի համար, մյուս կողմից՝ հանրային սպառնալիք մեր երկրի ապագայի համար։ Ինձ թվում է` կշեռքին դնելու կարիք չկա։

Գագիկ Եղիազարյան, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ

Ասում ես` մարդը ներդրում ունի և երեք անգամ ՀՀ դրոշը ծածանել է Եվրոպայում։ Ասում ես` մարդը պրոբլեմ ունի, որի պատճառով հասել է ինքնասպանության եզրին, բլա-բլա... ուստի նա գտնվում է քո անձնական պաշտպանության ներքո, և դու շատ շնորհակալ ես ԿԳՄՍ նախարարին։


Եթե աշխարհից կտրվենք և միայն քո բացատրություններով առաջնորդվենք, ապա ամեն ինչ շատ ճիշտ կլինի, ավելին, դու կլինես հումանիզմի սիմվոլ...


Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթե Մելքոնյանի, Արմենակ Ուրֆանյանի մասին ֆիլմ չեք նկարահանել, մեր ազգային արժեքների մասին ֆիլմ չեք նկարահանել, դուք եկած-չեկած ձեր նախարարների պրոբլեմներն եք լուծում՝ նրան աշխատավարձերը բազմապատկում և ինչ-որ մեր ազգի համար անընդունելի արժեհամակարգի կրողներին եք հովանավորում, դուք մոռացել եք ձեր տված խոստումները։ Իհարկե, մենք՝ ՀՀ մի խումբ ձեզ համար ոչ այնքան հաճելի քաղաքացիներ, որովհետև մեզ չեք կարողանում պիտակավորել որպես նախկինում «լափամանից օգտվողներ», բազմիցս հիշեցնում ենք ձեր խոստումների մասին, նրա մասին, թե դուք ինչպե՞ս և ինչի՞ համար եք եկել իշխանության, բայց մեր ձայնը ձեզ լսելի չի լինում, պարոնայք, մեր ձայնը քեզ չի հասնում, պրն վարչապետ, որովհետև դու «վերևն» ես, իսկ մենք` «ներքևը»։


Էդ տարօրինակ մշակույթի և արժեհամակարգի կրողները թող առանց ավելորդ աղմուկի և առանց «բարձր» հովանավորության իրենց տանն իրենց «գործով զբաղվեն», իսկ դու և քո կառավարությունն անցեք ավելի լուրջ գործի. մնացյալ՝ մի քանի տասնյակ անգամ մեծ թվով քաղաքացիների խնդիրներով և դրանց լուծմամբ զբաղվեք և ոչ թե մանր-մունր ջուր ծեծոցիներով հանրային ուշադրությունը շեղեք...

Արմեն Դարբինյան, ՀՀ նախկին վարչապետ

Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչել: Վարչապետ Փաշինյանի հետ մեկ-երկու անգամ բարևել ենք միմյանց՝ ընդհանուր միջոցառումների ժամանակ: Նրա ելույթին ծափահարում եմ և հայտարարում` Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է: Մթագնածությանը՝ հավիտյան ՈՉ: ՄԱՐԴ եղեք, ՄԱՐԴԻԿ:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

2019թ. ապրիլի 5-ին ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ԱԺ ամբիոնից հնչեց տրանսգենդերության քարոզ:


2019թ. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի վարչապետը, ԱԺ ամբիոնից, իր պաշտպանության տակ առավ տրանսգենդերության քարոզը:


Միամիտ պողոսներն ինչ իմանային, թե հեղափոխության գլխավոր նվաճումը կլինի այլասերության տարածումն ու քարոզը:


Հ. Գ. Դըմփ-դըմփ-հուուու... գեյ ակտիվիստները բացահայտվում են: Տարոսը՝ «օտարերկրյա գործակալներին»:

Վահե Գևորգյան, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ

Ուզում եմ հենց սկզբից նշել, որ շատ կարևոր ելույթ էր, որը հազար ու մի վարիանիշի անկում արժի, ինչն այդքան էլ այդպես չէ։ Հետհեղափոխական քաղաքականությունն իրավունք չունի վախենալ ոʹչ վարկանիշից, ոʹչ պահպանողականությունից, ոʹչ էլ խավարասերներից։

Արթուր Ղազինյան, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար

Բավականին հաջողված դերասանական խաղ էր՝ համեմված մարդասիրության և հայրենասիրության կեղծ պաթոսով, հայկական դրոշի նկատմամբ խիստ հարգալից վերաբերմունքով, ուղղակի այս անգամ ճանապարհին մաքսավոր չհանդիպեց, որպեսզի նրանից սարքի քավության նոխազ։


Եթե մարդասիրության և կեղծ հայրենասիրության պաթոսը դնենք մի կողմ, ապա ակնհայտ կդառնա, որ Փաշինյանն ուղղակի վարձահատույց է լինում և իր հավատարմության երդումն է տալիս իրեն իշխանության բերած մարգինալ փոքրամասնություններին։


Լինելով փորձառու հրապարակային գործիչ և հասարակական գիտակցության պրոֆեսիոնալ մանիպուլյատոր` նա հերթական անգամ փորձեց մոլորեցնել և թակարդը գցել միամիտ և դյուրահավատ ավանդապաշտ մեծամասնությանը՝ պահպանելով իր ազդեցությունը մարգինալ, բայց խիստ մոտիվացված ու կազմակերպված փոքրամասնության վրա։


Սա կեղծ օրակարգ է և ոչ մի աղերս չունի հայկական շահի հետ, և իմ խորին համոզմամբ, նպատակ ուներ խլացել վերջին երեք օրվա ընթացքում նրա կողմից հնչեցված խիստ վտանգավոր հայտարարությունների բացասական արձագանքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր