ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հանրությունը քննարկում է Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումը
08.01.2020

Ինչպես արդեն հայտնել էինք, Պենտագոնը հայտարարել էր, որ Իրանը մեկ տասնյակից ավելի հրթիռ է արձակել Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ:


Ամերիկյան ռազմաբազային հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհվել էր 80 մարդ:


Twitter-ի իր էջում գրառում էր կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` նշելով` «ամեն ինչ կարգին է», իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ «Իրանն օգտվել է ՄԱԿ-ի 51-րդ հոդվածի համաձայն սահմանված ինքնապաշտպանության իրավունքից։ Իրանը չի փնտրում պատերազմ և չի ցանկանում, որ լինի վիճակի լարում, սակայն պաշտպանվելու է ցանկացած ագրեսիայի դեպքում»:

Ռուբիկ Ղահրաման Մոնասյան, «Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիր

Լայնածավալ պատերազմի գնալու նշաններ այս պահի դրությամբ չկան։ Կասկածից վեր էր, որ Իրանը պատասխան հարված էր հասցնելու ԱՄՆ-ին և Զարիֆի գրառման տողատակում կարդացվում է, թե բավարարվելու են այս հարվածով, սակայն պարզ չէ, թե ինչքանով է Զարիֆի տեսակետը հաշվի առնվելու ներկա իրավիճակում։
Այն, որ Իրանի պահապանների կորպուսին (առաջնորդին) ձեռնտու է իրավիճակի թեժացումը, կասկածից վեր է:

Սուրեն Սարգսյան, միջազգայնագետ

Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսել էի...


Ասել էի, որ գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանն Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:


Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ, բնականաբար, չեն լինի:


Իրանը պատասխան հարված կհասցնի: Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:


Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են: Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:


Լավ կանխատեսում չունեմ...

Ահարոն Վարդանյան, իրանագետ

Այս ամենը հաշվի առնելով՝ հայկական կողմը պետք է շատ զգույշ լինի, զգույշ լինելով հանդերձ՝ վարի նախաձեռնողական քաղաքականություն, խորհրդակցություններ ունենա տարածաշրջանային երկրների հետ տարբեր մակարդակներով, տարբեր ձևաչափերով և կարողանա ստեղծված իրավիճակից ելք գտնել:

Արեն Ափիկյան, բիզնես-խորհրդատու

ԱՄՆ-Իրան կոնֆլիկտում մեր համար ամենակարևոր խնդիրը չեզոքություն պահպանելն է, սեփական սահմաններն առավելապես անվտանգ պահելը և հնարավորինս «դռբի տակ» չընկնելը:


Բոլոր գործողություններն ու հայտարարությունները պետք է լինեն հենց այս տրամաբանության մեջ: Մենք շատ խոցելի իրավիճակում կարող ենք հայտնվել ամեն պահի և անկախ մեր ցանկությունից: Իսկ ռեալ որևէ կերպ ազդել զարգացումների վրա չենք կարող, ինչքան էլ սարերից խաղաղության կոչեր չհնչեցնենք:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Չի ստացվելու, ապոկալիպսիսը չի ստացվելու, տղերք, իզուր կանխատեսումներով մի զբաղվեք: Երկու կողմում էլ իրականում շատ լուրջ մարդիկ են, սեփական ուժերն ու հնարավորությունները, քաշային կատեգորիան ու հետևանքները գնահատելու ունակ, միաժամանակ ամենածայրահեղ հակադրության և մրցակցության պարագայում անգամ դիմացինի, այսպես ասած, դեմքը պահելու կարևորությունը հասկացող: Տեղի ունեցածը պարունակում ա շատ ավելի խորը շերտեր, քան կարող ա թվալ առաջին հայացքից ու առաջացնել կռիվ-կռիվ բալետ անելու խանդավառություն:

Կարեն Վերանյան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբան, քաղաքագետ

Այն ինչ տեղի է ունենում հիմա Վաշինգտոն-Թեհրան հակամարտությունում, դասական պրոքսի պատերազմ է, այն է՝ հակամարտող կողմերը բախվում են երրորդ երկրների տարածքում կամ չեզոք գոտիներում։ ԱՄՆ-Թեհրան պրոքսի պատերազմն ակտիվ փուլ մտավ արաբական գարնան և սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից։ Այդ տարիների համեմատ, վերջին օրերի զարգացումները խոսում են ուղիղ պրոքսի գործողությունների մասին, այսինքն՝ կողմերն ուղղակիորեն, առանց պրոքսի միջնորդավորված ուժերի կամ խմբավորումների (օրինակ՝ Հեզբոլլահ, քրդեր և այլն), խոցում են միմյանց թիրախները։ Հիշեցնեմ, սակայն, սա նման ուղիղ պրոքսի գործողությունների առաջին դեպքը չէ. դեռ 2019-ի հուլիսին Թեհրանը Պարսից ծոցում ամերիկյան ԱԹՍ խոցեց. եղել են նաև այլ միջադեպեր։


Հ. Գ. Միգուցե սխալվեմ, մնում եմ այն տեսակետին, որ կողմերի միջև լայնածավալ գործողությունների նախաձեռնման հավանականությունը ցածր է, կողմերը թերևս կսահմանափակվեն մի քանի ուղիղ պրոքսի գործողություններով երրորդ երկրների տարածքում կամ չեզոք գոտիներում (պաղեստինա-իսրայելական ճակատ, Սաուդյան Արաբիա-հութիներ, քրդեր, Սիրիա, Լիբանան, Իրաք, Պարսից ծոց), որոնց կհաջորդեն բանակցությունները... Հուսանք` պրոքսի գործողությունները չեն տարածվի հարավկովկասյան ուղղությամբ... Շատ բան կախված է նաև միջազգային հանրության միջնորդական հնարավորություններից...

Նորայր Նորիկյան, փաստաբան

Մերձավոր Արևելքում բռնկված կրակը կարող է այրել ամբողջ տարածաշրջանը՝ երկար տարիներ պահելով այն ցնցումների մեջ:
Ինձ համար արդեն իսկ պարզ է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը միտված է գլոբալ առումով «լուծել» Իրանի հարցը, և նրանք տևական ժամանակ է, ինչ պատրաստվում են դրան:
Անկախ նրանից, թե ում տարածքում կպատերազմեն կամ կհարվածեն միմյանց, ակնհայտ է, որ ԱՄՆ-ի վերջնական նպատակն է ծնկի բերել Իրանին, և այս հակամարտությունը վաղ թե ուշ հանգուցալուծվելու է:
Ի՞նչ վերջաբան կունենա այս դիմակայությունը, դժվար է ասել, մանավանդ, որ Իրանը մինչև վերջ ատամ է ցույց տալու և պաշտպանելու է իր ռազմավարական շահերը:
Մենք ենք հայտնվել բավականին լուրջ իրադրության մեջ: Ստեղծված իրավիճակն ուղղակի ռազմական անվտանգության արտաքին սպառնալիք է:
ՀՀ ռազմական դոկտրինով սահմանվել է, որ Հայաստանին սահմանակից պետություններում ներքաղաքական միջավայրի ապակայունացումը, ներքին բախումներն ու ռազմական գործողությունները, ինչպես նաև էթնիկական հակամարտությունները կարող են սպառնալ ՀՀ ռազմական անվտանգությանը:
Քիչ առաջ ուսումնասիրում էի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պայմանագիրը, որի դրույթներից պարզ է դառնում, որ այն, այնուամենայինիվ, չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչ քայլերի կդիմի, եթե իր անդամ հանդիսացող պետությունը որևէ ձևով դառնա այլ երկրների միջև ընթացող ռազմական բախման թիրախ և որին հասցվի նյութական կամ այլ վնաս: Իսկ որ ռազմական էսկալացիայի արդյունքում Հայաստանը կարող է թեկուզ անուղղակիորեն դառնալ այդ բախման թիրախ, կասկածից վեր է:
ՀԱՊԿ պայմանագրում էական նշանակություն ունի 4-րդ հոդվածը, համաձայն որի` «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ, և մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
Սրանից բխում է, որ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում միայն ՀԱՊԿ նորմերը կիրառելի կլինեն:


Հ. Գ. Հայաստանի հարավն ու Արցախը կարող են դառնալ թիրախ: Այս իրավիճակում մենք պարտավոր ենք չափից դուրս զգոն լինել՝ հույսներս դնելով մեր վրա և պատրաստ լինենք ցանկացած զարգացման:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար:

Արման Մելիքյան, Արցախի նախկին արտգործնախարար

Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները շատ ավելի ընդգրկուն գործընթացի մասն են: Առանց այդ իրողությունը հասկանալու և գնահատելու, հնարավոր չի լինի հասանելի հեռահար նպատակներ ձևակերպել, ինչպես նաև ընտրել այն մարտավարությունը, որը թույլ կտա առաջիկայում լավագույնս ապահովելու մեր անվտանգությունն ու ազգային շահերի արդյունավետ, անկորուստ առաջմղումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր