ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Հանրությունը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը
29.05.2020

Արդեն հայտնել էինք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի հարցման վերաբերյալ խորհրդատվական կարծիքը։

Նիկոլայ Բաղդասարյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր այսօրվա խորհրդատվական կարծիքով ասել է, որ խնդիրը հոդվածը չէ, խնդիրը հանցակազմն է, իսկ այդ հանցակազմը՝ սահմանադրական կարգի տապալումը, գոյություն է ունեցել մեր Քրեական օրենսգրքում։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ն ասել է այն, ինչ երկար ժամանակ ասում էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխնախագահ

ՄԻԵԴ-ն էլ քաշեց... Դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել իրեն ուղարկված 2 հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։


Մյուս 2 հարցի վերաբերյալ էլ դատարանը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում չի արձանագրել:

Արամ Վարդևանյան, ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան

Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով։


Կարճ ներկայացնեմ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի իմ գնահատմամբ որոշ ելակետեր.


1) ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Սահմանադրության նորմերը, եթե հղում են տրվում քրեական օրենսգրքի միջոցով, պետք է լինեն հստակ և կանխատեսելի, այդ թվում հանցակազմի տարրերի տեսանկյունից: Այդպիսի բլանեկտային նորմի ձևակերպումը չի կարող լինել այնպես, որ արարքի շրջանակն ընդլայնվի: Մեր դիրքորոշումը ևս մշտապես եղել է նրա մասին, որ 300.1-ը չունի այդ հստակությունը և կանխատեսելիությունը, այդ թվում արարքի շրջանակի մասով, և չի էլ կարող ունենալ:


2) 300.1-րդ հոդվածի բլանկետային նորմերը՝ Սահմանադրության հոդվածները, 2015 թվականին փոփոխության են ենթարկվել՝ հանրաքվեի միջոցով, փաստացի բացառելով դրա հստակությունը, կայունությունը և կանխատեսելիությունը 2008 թվականի ենթադրյալ արարքի մասով:


3) ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ հետադարձ ուժի միասնական կանոն առկա չէ, սակայն Դատարանը միշտ կարևորություն է տվել ներպետական դատական պրակտիկային: ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով: Բոլորս գիտենք և մենք դրա մասին հիշատակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ 7-ի գործով, երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ, ծանրացնող բնույթով և կիրառման ենթակա չի եղել: Հետևաբար այս հարցում ևս ՄԻԵԴ-ն արձանագրել է այն, ինչի մասին բազմիցս արձանագրել ենք մենք: Մեր բոլոր դիրքորոշումները ներկայացրել ենք հենց կոնկրետացման սկզբունքից ելնելով, այդ թվում ՍԴ համապատասխան դիմումը:


4) ՄԻԵԴ-ը գտել է, որ ՍԴ դիմումի 1-2 հարցերը, որոնք վերաբերում էին իրավական որոշակիության սկզբունքի ընդհանուր մեկնաբանման հարցին, ընդհանուր էին ձևակերպված և առանձին չի պատասխանել: Սակայն ՄԻԵԴ-ը փաստացի անդրադարձ կատարել է դրանց 3-րդ հարցի շրջանակներում:

Վահագն Խաչատրյան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան

Քոչարյանին, պարզվում է, ՄԻԵԴ-ն էլ մերժեց՝ թողնելով ՍԴ-ի վրա, իհարկե, մի քիչ լղոզված է, բայց դա է վկայում խորհրդատվական կարծիքը ՄԻԵԴ-ի:

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը, ըստ իս, որևէ բան չի փոխում Մարտի 1-ի դատավարության գործընթացում և Ռոբերտ Քոչարյանի այսօրվա կարգավիճակում։ Դա դրական ազդակ ունի․ մենք պետք է սովորենք սեփական ռեսուրսներով բացահայտել ոչ վաղ անցյալի հանցագործությունները, դրանց մեղավորներին ու պատասխանատուներին։ Դա ինքնիշխանության կարևոր հատկանիշ է։

Լյովա Եղիազարյան, «Հանրապետություն» կուսակցության անդամ

Քոչարյանական վարձու բանդան ՄԻԵԴ-ի պատասխանից հետո խորն ընկճախտի մեջ է: Հեշտ չէ քսանչորս ժամում երկու շառաչյուն ապտակ ստանալ, մեկը հայտնի լրատվամիջոցից՝ փողի դիմաց կեղծ տեղեկատվություն տարածելը բացահայտելու, մյուսը՝ ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ-ին անգրագետ ճանաչելու համար:


Քոչարյանը հիվանդանոցում մնա, թե բանտում՝ դատվելու է:

Գայանե Աբրահամյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

ՄԻԵԴ-ից սպասվող փրկօղակը չհասավ․․․


ՄԻԵԴ որոշմամբ հաստատվեց այն, ինչ պարբերաբար պնդել են բազմաթիվ իրավաբաններն ու ՀՔԾ ղեկավարը՝ եթե անգամ հոդվածը փոխվել է, միևնույն է հանցակազմը կար Քրեական օրենսգրքում և տվյալ հանցակազմի մեջ մեղադրվողը պետք է կանգնի դատարանի առաջ։


Դատարանը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում չի արձանագրել, փաստաբանները կարծես անցել են հերթական մանիպուլյացիաներով գրոհի։

Բորիս Մուրազի, լրագրող, արևելագետ

Հա, բայց ոնց ա ինձ դուր գալիս, որ թիմակից պատգամավորները Նիկոլին էշի տեղ են դնում։ Նիկո՛լ ջան, ՄԻԵԴ-ի կարծիքը ճիշտ հասկանալն առաջին հերթին քեզ է պետք, հավատա՛ դրանք քո իշխանության կորստից հետո շատ արագ ամեն բան քո վրա են գցելու։ Ապահովագրի քեզ, ապեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր