ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Համացանցը քննարկում է դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մերժումը
21.06.2020

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանը հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։


Ըստ այդմ, դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունը, ինչն էլ այժմ դարձել է համացանցի քննարկման թեմա:

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ

Զանգվածային ընտրակաշառք բաժանողն ազատության մեջ է և կարող է ազդել վկաների վրա:


Ժողովրդի վրա տանկեր հանողն ազատության մեջ է և կարող է ազդել վկաների վրա:


Կեցցե՜ դատական համակարգը, որ այս երկու տարում չփոխվեց:

Հովսեփ Խուրշուդյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ

Դատարանը մերժեց Ծառուկյանի դեմ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուց։


Հեղաշրջման փորձի մեկնարկը տրված է. բոլոր դերակատարներն ազատության մեջ են։

Լիզա Ճաղարյան, լրագրող

Հենց իրենց հանցագործներին են բաց թողնում՝ դատարանն անկախ է, հենց իրենց հանցագործներին բռնում են՝ դատարանը կամակատար է։


Վայ տամ գլխներիդ, փողից կուրացած ոչ բարով փաստաբաններ:

Վարդան Հարությունյան, ՀԱԿ ակտիվիստ

Այն ինչ որ մտածում էի, դոդի կալանավորման միջնորդությունը մերժվեց։ Եկեք փաստենք, որ ունենք մի անողնաշար իշխանություն, որը 2 տարվա մեջ չկարողացավ դատական համակարգը փոխել։ Նիկոլ Փաշինյանը կոպտագույն սխալ գործեց՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին թողնելով պաշտոնում և դեռևս մի տարի առաջ չփոխելով Սահմանադրությունը։


Այժմ Նիկոլը մեծ վտանգի մեջ է. սկզբում Ռոբը, հիմա Դոդը. ռևանշիստական ուժերը փորձելու են հեղաշրջման փորձ իրականացնել, ուստի իշխանությունը պետք է անհապաղ դուրս գա մանկապարտեզային և ֆեսբուքյան ստատուսների մակարդակից՝ համարձակ և հստակ շատ կարճ ժամանակահատվածում փոխի դատական համակարգը և գլխավոր դատախազին, անհապաղ Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը պետք է հայտնվեն բանտում:

Համլետ Կիրակոսյան, մեկնաբան

Լրիվ բռնապետական երկիր է, իշխանությունը բռնաճնշում է ամենուր ու ամենքին, էնքան բռնապետական իշխանություն է, որ մի դատավորը Քոչարյանին ազատում է կալանքից, մյուս դատավորը մերժում է Ծառուկյանի կալանավորումը։


Ահա այսպիսի բռնապետական իշխանություն է․․․ Բա հո ռոբասերժական «ժողովրդավարական», «ազատ ու անկախ» դատարանների ժամանակները չեն, երբ աչքի մի թարթոցով բոլոր անցանակալիներին չեղած տեղը կալանավորում, դատապարտում, դատ ու դատաստան էին անում․․․

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Չգիտեմ՝ քաղաքական գործիչներն ինչ գնահատականներ կտան, ինչ կանեն, ինչ չեն անի՝ բայց իրավունքի գերակայության տեսանկյունից ես այլ տարբերակ պարզապես չէի տեսնում՝ ելնելով միայն քննչական ենթակայության իմպերատիվ կանոնն ակնհայտ խախտելու փաստից։


Մնացածի մասին անգամ չեմ էլ ասում։

Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար

Հայաստանում ոչ թե դատական համակարգն անկախ է, այլ իշխանությունը պատկանում է դատավորներին:

Ստյոպա Սաֆարյան, Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ

Կարճ կոնկրետ հայտարարեք, որ զանգվածաբար ընտրակաշառք չի բաժանվել, ընտրություններ չեն կեղծել, բոլորը բիզնեսներն արել են օրինական, հարստացել են օրինական, պետությունն ու ժողովուրդն էլ աղքատացել են համապատասխան և օրինական։ Էլ իրավաբանի դիպլոմի տակ, դատավորի ու դատախազի շորերի մեջ ինչի՞ եք սեթևեթում...


Թե բա՝ դատական համակարգն անկախ է... Անկախ է օրենքից, իրավունքից, արդարադատությունից, իշխանությունից, բայց ոչ յուր «պապաներից»...

Գոռ Աբրահամյան, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

Ստացել ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրած միջնորդության մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և ուսումնասիրել։


Ըստ այդմ՝ նախ՝ ուզում եմ նշել, որ միջնորդության մերժումը պայմանավորված չէ հիմնավոր կասկածի հետ, այսինքն՝ դատարանը համարել է, որ հիմնավոր կասկածն առկա է, այն վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերին, մասնավորապես՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հիմքին։


Դատախազության գնահատմամբ դատարանն անտեսել է և պատշաճ չի գնահատել խափանման միջոց կալանքի ընտրության հիմքերին վերաբերող՝ միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները, այն ռիսկերը, որոնք պայմանավորված են եղել ազատության մեջ գտնվելու դեպքում նախաքննության ընթացքում նրա փաստացի ղեկավարման ներքո գտնվող կուսակցական կառույցներում, նրանից ֆինանսական և անձնական այլ կախվածություն ունեցող անձանցից վերաբերելի փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտության, ենթադրյալ հանցագործության կատարմանը ներգրավված աձանց հնարավոր բազմաթիվության, ենթադրյալ հանցագործությունների լայն աշխարհագրության պայմաններում իր կապերի և ֆինանսական ռեսուրսների, հանցագործության կատարմանը ենթադրաբար ներգրավված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը գործադրելու, նրանց նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու միջոցով քննության ընթացքին խոչընդոտելու դատարանին ներկայացված իրական ռիսկերը:


Հետևաբար, քանի որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ, ՀՀ դատախազությունն այն անպայման բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր