ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հանրությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձը
27.11.2020

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 27-ին հանդես է եկել հեռուստաուղերձով:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Ա՛յ հողատու, հերիք է հեքիաթներ պատմես։ Պատասխանի հարցիս՝ ինչո՞ւ ես անտեսել պատերազմը շուտափույթ դադարեցնելու ՀՀ Գլխավոր շտաբի պետի առաջարկը։


Ինչո՞ւ ես հոկտեմբերի 20-ին մերժել Վ. Պուտինի առաջարկը՝ պատերազմը դադարեցնել, որի համաձայն Շուշին ու Հադրութը մեզ էր մնում։


Ինչո՞ւ ես խաբում, թե մեզ ասել ես ամեն ինչ։ Ես եմ քեզ դեռ հոկտեմբերի 12-ին էի ասել. «Խնդրի Պուտինին ու դադարեցրու պատերազմը, որպեսզի նոր մարդկային ու տարածքային կորուստներ չունենանք»։


Դու սուտասան ես ու հողատու։


Քո հրաժարականն այլընտրանք չունի։


Նիկոլն ու նիկոլիզմը պետք է հեռանան:

Էդգար Հարությունյան, լուսանկարիչ

Կարևոր հարցերը նորից մնացին անպատասխան։ Հանձնվող շրջանների բնակիչները լիակատար անտեսված են մնում պետության կողմից, գոնե կարելի է այդ մասին խոսել, մի փոքր քաջալերել այդ մարդկանց, հավաստիացնել, որ պետությունը հնարավորինս կաջակցի տարբեր հարցերում։ Չի կարելի այսպես, պարզապես չի կարելի:

Տիգրան Աբրահամյան, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար

Բանակի հրամանատարությունը պետք է պարզաբանի, թե ինչ ապօրինի միջամտություն է թույլ տվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Ջեբրայիլի ուղղությամբ՝ ինչպես Փաշինյանն է պնդում։


Զինված ուժերի հրամանատարությունը նաև պետք է մեկնաբանի՝ հասկանանք, թե ինչ բարոյահոգեբանական խնդիրներ է ունեցել ՊԲ հրամանատարությունը, որն ըստ Նիկոլի, փորձել է կարգավորել Աննա Հակոբյանը ՊԲ հրամանատարական կետում։


Ու ընդհանրապես, երկրի Պաշտպանության հին ու նոր նախարաները՝ Դավիթ Տոնոյանն ու Վաղարշակ Հարությունյանը, պարտավոր են խոսել, պարզաբանել ընդհանուր իրավիճակը, հակառակ դեպքում, Նիկոլը դաշտ է նախապատրաստում զինված ուժերում նոր ռեպրեսիաների գնալու և ձերբակալությունների շարք սկսելու համար:

Արտակ Զաքարյան, Պաշտպանության նախկին փոխնախարար

Ո՜չ, Նիկոլը երբեք թույլ չի տա, որ զոմբիներն ու անուղեղները խելքի գան։ Նրանք Նիկոլին պետք են որպես զոմբի, անուղեղ մի զանգված, ում խաբելն ու կործանելը հեշտ լինի։ Դրա համար են եղել բոլոր ուղերձները, լայվերը, միտինգները, ու մյուս մանիպուլյացիաները։


Արդեն անցել է Հայաստանի տարածքները զիջելուն, ու էլի շարունակում է հպարտ քաղաքացուն էշի տեղ դնել։


Այ եթե ՀՀ քաղաքացիներն իրոք հպարտ ու արժանապատիվ լինեին, Նիկոլն իր խունտայով նոյեմբերի 9-ից սկսած պետք է պատասխանատվության կանչված լիներ, ոչ թե շարունակեր եթերում օյինբազություն անելը։


Բերձորի ու Սյունիքի մասին մտածիր, պարո՛ն Դավաճան։ Շուտով Բերձորի տարածքը, և քո թողած նեղլիկ ճանապարհը դառնալու է ազերի ավազակախմբերի ճանապարհային ահաբեկչության թիրախ։


Նիկո՛լ, Սոթքի հանքը տալը գցեցիր ԶՈւ ԳՇ գրպանը, իսկ Սյունիքի սահմանամերձ գյուղերի հայաթափման և հետագա բախումների վերաբերյալ, կաշիդ փրկելու բացատրություններ գտե՞լ ես արդեն, թե՞ դեռ ոչ։


Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր Նիկելից որևէ լավ բան են սպասում, կամ շարունակում են հանդուրժել ու ճանաչել որպես վարչապետի:

Համլետ Կիրակոսյան, մեկնաբան

Երկրի ալան-թալանի մասին Նիկոլ Փաշինյանի ասածներն արդեն վաղուց լուրջ չեն ընդունվում։ Լուրջ չեն ընդունվում ոչ թե այն պատճառով, որ դրանք չեն եղել, այլ դրանց անլրջություն է հաղորդում հենց Նիկոլի ու իր իշխանության հայտարարություններն ու գործողությունները դրանց վերբերյալ, ավելի ճիշտ՝ հայտարարությունների ու գործողությունների անհամապատասխանությունը։ Այսօրվա ելույթում Նիկոլն ասաց․ «Այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունն այդ ձախողման համար (նկատի ունի Ջաբրայիլի անկումը), հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում»:


Խոսքը գեներալ Մովսես Հակոբյանի մասին է, մի գեներալի, որին այսօր Նիկոլը մեղադրում է հանցագործության, կոռուպցիայի, թալանի մեջ և որին հենց ինքը 2018-ի մայիսին բարձր պաշտոն է տվել՝ ռազմական տեսուչ, ու այդ մարդը մինչև վերջերս զբաղեցնում էր այդ պատասխանատու պաշտոնը։


Եթե նա մասնակցել է թալանին, կասկածվում է դրա մեջ, ապա ինչու պատասխանատվության չի ենթարկվել, ոչ միայն չի ենթարկվել, դեռ ավելին՝ նշանակվել է բարձր պաշտոնի, իսկ կոռուպցիայի մասին վարչապետը հիշում է միայն իրեն քննադատելուց հետո։


Անմեղսունակ անսկզբունքայնություն ու թուլամորթ անբաշարություն։ Եվ անեզր ու ջրալի պոպուլիզմ, պոպուլիզմ, պոպուլիզմ․․․

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Ինչ էլ որ խաբի, ինչ էլ որ ասի, Սոթքը հայկական էր և պետք է հայկական մնար:


Ասեմ, թե ինչ պետք է աներ իրեն հարգող հրամանատարն ու քաղաքական առաջնորդը. զորքով և զենքով դիմավորեր ասպատակողին և հետ մղեր: Թեկուզ՝ տեղային մարտով: Այո՛, թեկուզ մարտերով: Եթե գալիս են քո երկրի տարածքից են գրավում ու գրավում, ի՞նչ պետք է անես: Տա՞ս ամեն բան ինչ ուզում են:


Հենց դա է թուլամորթության և ավելին տալու ապացույցը: Մարտերով կարելի էր պահել հանքն ու դարպասները, և թող խաղաղապահները հետո գային և խաղաղություն հաստատեին, ինչպես որ կարգն է: Եվ զիջել չպետք է լիներ: Ոչ մի թիզ զիջել այլևս չէր կարելի և չի կարելի:


Երկրի վերջին պատառիկի ամեն թիզ հողը պահել է պետք:
Իսկ ումից լսում եք հեգնական տոնով արտաբերվող «ոչմիթիզհողական» բառը, ապա իմացեք՝ թշնամի է, տականք է և վիժվածք է այն արտասանողը: Հակաոչմիթիզհողականներն էին, որ արեցին ամեն բան, որպեսզի երկիրը հանձնվի թշնամուն:


Թշնամին նրանք են: Թշնամին՝ գոնե առայժմ ներքին թշնամին, պետք է ջախջախվի:

Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արդեն նշել եմ՝ Աննա Հակոբյանը մասնավոր, պետական լիազորություններով չօժտված անձ է: Ոչ ոք իրավունք չունի նրան որևէ տեղ ուղարկել՝ ինչ-որ պետական, առավել ևս՝ ռազմական խնդիրներ կարգավորելու: Մեղավոր է նա, ով ուղարկել է, և նրանք, ովքեր ընդունել են նրան որպես պետական լիազորություններով օժտված անձ:

Էդուարդ Աղաջանյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Բազմաթիվ հարցերի պատասխաններ են հնչում ՀՀ վարչապետի տեսաուղերձում։

Վահագն Ալեքսանյան, ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող

9-րդ պաշտպանական շրջանը Ջաբրաիլի շրջանն է, որի մասին խոսեց վարչապետը։ Ջաբրաիլից է տեղի ունեցել պատերազմի ելքը որոշած ճեղքումը։ «Եվ այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունն այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում»։

Մովսես Հակոբյան, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ

Ինձ համար մտահոգիչ չէ, թե իրավապահներին ինչ պիտի ասի, որ անեն, ինձ համար մտահոգիչ է հայրենիք կորուստը, ինչը արդեն փաստ է: Թող հարցնի Անդրանիկ Քոչարյանին, իր հետ խոսել է այդ մասին, որոշակի տեղեկություններ ունի և հարցրեք քննչական մարմիներին, թե իմ դերակատարությունը որն է եղել: Այդ մարդը հիվանդ է, հիվանդ: Հոգիս հանգիստ է, ես հայրենիք չեմ տվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր