ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Համացանցը քննարկում է աղմկահարույց ձայնագրությունը
20.06.2022

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասուլիսի ժամանակ ձայնագրություն է հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ «Լսեք, համոզվեք, թե ինչու եմ ես դարձել թիրախ, թե ինչու է քաղաքական որոշում կայացվել, որ ես չպետք է աշխատեմ ԲԴԽ նախագահի պաշտոնում»,- դիմելով լրագրողներին՝ ասել է Վարդազարյանը:

Սոս Հակոբյան, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար

Ռուբեն Վարդազարյանը այսօր շատ քաջ է գտնվել՝ հրապարակելով Գագիկ Ջհանգիրյանի և Ստեփան Միքայելյանի հետ 2021թ. փետրվարին իր ունեցած զրույցի ձայնագրությունը:
Նորից նշենք, Ջհանգիրյանը, ըստ էության, գործարք է առաջարկում Վարդազարյանին սուս ու փուս հեռանալու և դրա դիմաց առաջարկում է «ջրել» իր նկատմամբ հարուցված կամ հարուցվելիք քրեական գործերը: Այսինքն, Ջհանգիրյանը իշխանությունների անունից սպառնում է Վարդազարյանին քաղաքական հետապնդումով, եթե վերջինս չդադարեցնի ԲԴԽ նախագահի պաշտոնում իր կասեցված լիազորությունների համար պայքարը:
Մնացե՞լ է կասկած ինչ-որ մեկի մոտ, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է «անկախ» Բարձրագույն դատական խորհուրդը, քննչական մարմինները, Դատախազությունը իր համար անընդունելի մարդկանց հեռացնելու, նստացնելու և ոչնչացնելու համար:
Մնացե՞լ է կասկած, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ապօրինության է դիմում և դեռ կդիմի դատական համակարգից քարը քարին չթողնելու և այն վարչապետի աշխատակազմին կից ինչ-որ ՊՈԱԿ սարքելու համար:
Ռուբեն Վարդազարյանի պատժում են ոչ միայն ընդդիմադիր գործիչների՝ Վանեցյանի կամ Ղազինյանի հետ ընկերություն անելու համար: Վարդազարյանին փորձում են պատժել ուղղակի իր գործը՝ դատական համակարգի անկախությունը (քիչ թե շատ, ինքանով, որ հնարավոր է եղել նույնիսկ քպական պայմաններում) անկախ պահելու համար:
Միանաշանակ է, որ, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ջհանգիրյանը չեն մարսելու իրենց լկտիությունները, իրենց ապօրինությունները և պետությունը քանդելու հանձնառությունը անխնա առաջ տանելը: Գալու է հատուցման ժամանակը:
Միանշանակ է, որ Ռուբեն Վարդազարյանի քայլի ամենամեծ նշանակությունը կայանում է՝ մեր հանրության համար նորից ակներև դարձնելու, որ Փաշինյանա-Ջհանգիրյանական խունտան կա՛մ կհեռացվի, կա՛մ վերջնականապես կոչնչացնի պետական համակարգի էլեմենտները:
Արձանագրենք ևս մի բան, որ ներկայում քաջ որոշումների կայացման ժամանակն է.
այդ համարձակ որոշումները պետք է կայացվեն բոլոր իմաստներով. թե՛ հասարակության հետ երկխոսությունը շարունակելու, թե՛ սեփական սխալներին նորից անդրադառնալու և շտկումներ անելու համար:
Ինչո՞ւ, քանի որ կարևորը նպատակն է, եթե իհարկե մենք ազնիվ ենք մեր հայտարարած նպատակների մասով: Իսկ մեր նպատակը՝ անվտանգ և առաջադեմ Հայաստանն ու Արցախն են և այդ նպատակի կոկորդին կանգնած իշխանությունների հեռացումը:

Անդրանիկ Թևանյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ռուբեն Վարդազարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության հրապարակայնացումից հետո վերջինս առնվազն պետք է հրաժարական տա։ Պետք է քրեական գործեր գործեր հարուցվեն։ Բայց դե ումից ենք ինչ պահանջում։
Ջհանգիրյանը նոր բան չի բացահայտել։ Մենք գիտեինք, որ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգը սարքել է գրպանային, արդարադատությունը՝ զանգովի։ Ջհանգիրյանն ընդամենը դետալներն է բացահայտել։
Եթե պետության ղեկավարի հակասահմանադրական ու հանցավոր կոչով դատարաններ են շրջափակվում, ապա զարմանալի չէ, որ Նիկոլի նշանակած ԲԴԽ նախագահ Ջհանգիրյանը պետք է սեղանի շուրջ որոշումներ կայացնի դատաիրավական համակարգի վերաբերյալ ու մաֆիոզի բառապաշարով խոսի։
Սա՛ է «ժողովրդավարության բարձրագույն լիգայում» հանդես գալու իրական դեմքը։ Ջհանգիրյանն իր ողջույններն է հղել ժողովրդավարության դրոշակ ծածանող տարբեր կառույցներին, պետություններին ու ՀՀ–ում ներկայացված դեսպաններին, որոնք հանուն հակառուսական ու պրոթուրքական գծի՝ հիացած են Նիկոլ Փաշինյանով։
Հ․Գ․։ Ջհանգիրյանը սկանդալային ձայնագրության մեջ խոստովանում է, որ ինքն ապօրինություններ է անում ու արդարադատությունը սարքում «զանգովի», որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա իշխանության։ Այսինքն՝ խոստովանում է, որ իրենք ամեն ինչ սարքովի են անում՝ դա «արդարացնելով» Քոչարյանի գործոնով։
Մեկնաբանության կարիք կա՞:

Գոռ Աբրահամյան, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:
Հանձնարարվել է նաև ապահովել ստուգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն:
Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել:

«Հայաստան» դաշինք

Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից և ոչ մեկը։
Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, ՍԴ կազմի նկատմամբ ապօրինի միջամտության համեմատականներ, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։
Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։
Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են միջազգային հանրության կողմից իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։
Սույնով «Հայաստան» դաշինքն արձանագրում է․
1. խորհրդարանական վերջին ընտրությունների լեգիտիմիության բացակայությունը, որը մեր կողմից քանիցս հիմնավորվել էր, այլեւս հաստատվում է նաև դատական համակարգի հստակ կանխակալ տրամադրվածության, միջամտության անհերքելի փաստով,
2. նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել,
3. ակնհայտ է, որ Հայաստանում առկա է մեկ մարդու բռնապետություն, որով պայմանավորված է իրավապահ համակարգի համակարգային կախվածությունն ու քաղաքականացումը։
Ստեղծված իրավիճակից միակ ելքը օրվա իշխանությունների անհապաղ հեռացումն է:

Բարձրագույն դատական խորհուրդ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության:

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան

Լսեցի Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրությունը։ Բացահայտվեց այն իրողությունը, որն ի սկզբանե, գոնե ինձ համար պարզ էր։ Գագիկ Ջհանգիրյանը բացահայտ կատարում էր բռնապետիկի հրահանգը, սպառնալով ԲԴԽ նախագահին «սի․․մ» քրեական գործով, եթե նա հրաժարական չտա։ Պարզ է, չէ՞ արդեն, թե ինչպիսիք էին նույն կերպ հարուցված «սի․․մ» մեղադրանքները դատավորներ Դավիթ Գրիգորյանի, Բորիս Բախշիյանի նկատմամբ։ Եվ ոչ միայն նրանց, այլև բազմաթիվ այլ, արդեն քաղաքական գործիչների հանդեպ։ Եվ այս ամենի կամակատարներն էին և են Արթուր Վարդապետյանը, Աննա Դավթյանը և իհարկե Գագիկ Ջհանգիրյանը։ Սա է իրականում հայկական ժողովրդավարությունը։
Այս ամենն ինձ համար պարզ էր, բայց ինձ շշմեցրեց Գագիկ Ջհանգիրյանի խոսելաոճը, բառապաշարը․ «ընձի, խի, քեզի, տենում ես, խե․․ս, գյ․․թ, հմի, մերդ ք․․․, արա, գալի, ընչի, վսյո, սաղ, էտի, պտի, զապիս, կեթամ, էտի, սի․․մ և այլն»։ Եվ այս մարդը համարվում է գիտնական, ավելին՝ դասախոս, եղել է գլխավոր դատախազի տեղակալ, այժմ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար։ Նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ողջ շրջանում եղել է գլխավոր դատախազի տեղակալ, նրան համարելով․․․
Ցանկացած քաղաքակիրթ երկրում ոչ միայն անհնար էր նման դեպքերի առկայությունը, այլև հնարավոր բացահայտման դեպքում, ողջ իշխանությունը ստիպված հրաժարական կտար։
Եվ ամենացավալին այն է, որ հայկական «ժողովրդավարության» պարագայում այս ամենը որևէ հետևանք չի ունենալու և քաղհասարակություն կոչվածը չտեսնելու է տալու այս ամենը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր