Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես էր եկել ելույթով։
Եթե Հայաստանը լիներ քաղաքական անցում կատարած միջին վիճակագրական արևելաեվրոպական պետություն, որը չունի տարածքային կոնֆլիկտ, էթնոքաղաքական գոյաբանական հակամարտություն և իր գերխնդիրը ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն է կամ՝ դեմոկրատական կոնսոլիդացիան, տնտեսական զարգացումը, կլիմայական ֆինտերը, ապա ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովում Հայաստանի ներկայացուցչի երեկվա ելույթը կդիտարկվեր որպես մասնագիտական SWAT անալիզի կամ Case Study-ի լավ ու հաջողված հումք: Բայց քանի որ դա ընդամենը պատրանք է, նրանք վաղուց չեն տիրապետում իրավիճակին և իրենց քաղաքական ճակատագիրը պայմանավորված է բացառապես իշխանությունն ամեն գնով պահելով, 5 կետով շատ հակիրճ արձանագրեմ նիկոլ փաշինյանի երեկվա ելույթի խոցելի, Հայաստանի շահերին հակասող թեզերը.
1- պետության ներկայացուցիչն իրավունք չունի վիճարկել սեփական տարածքի թվերը, կամ թեկուզև մանիպուլյատիվ առաջարկի տեսքով, ցանկացած բնույթի առաջարկ անել՝ քարտեզ ներկայացնելու վերաբերյալ: Դա գավառական/գեղչկական հնարք է, որով չես համոզի միջազգային հանրությանը՝ ադրբեջանին ճանաչել ագրեսոր: Դո՛ւ պիտի ներկայացնես քո քարտեզը, ոչ թե հակառակը,
2- Հայաստանը դելիմիտացիա չի արել և իր տարածքի մետրաժը 29.800 քկմ չէ, ուստիև ցանկացած թիվ հրապարակելը չհաշվարկված քայլ է, պարունակում է հանրային ու ռազմաքաղաքական մեծ ռիսկեր, Օվերտոնի պատուհան է, կամ՝ ասպարեզ նետված խոսույթի մանիպուլյացիա,
3- հաստատեց և ընդունեց, որ ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը միֆ էր, ընդունեց, որ տապալել է Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական, դիվանագիտական անվտանգությունը,
4- առանց անվանարկելու բողոքեց (նվնվաց) ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից՝ ադրբեջանին հավելյալ հնարավորություն տալով մերձենալ Մոսկվայի հետ,
5- ոչ մի անդրադարձ թուրքիայի թշնամական քաղաքականությանը, որի նախագահ էրդողանը Նյու Յորքում Հայաստանից ունեցած «պահանջների» մասին խոսեց ֆաշիստական, ագրեսիվ ու ոչ պատշաճ բառամթերքով ու տոնայնությամբ:
Լսեցի՞ք ՄԱԿ-ում էդ արարածի էլույթը. ո՛չ մի խոսք Արցախի անկախության և նրա ինքնորոշման իրավունքի ու հիմնարար սկզբունքների մասին, ո՛չ մի խոսք Արցախի մեծ մասի օկուպցիայի մասին: Այդ ամենի փոխարեն շեշտը դրեց նորից Հայաստանի չափերի վրա ասելով, թե Հաաստանի սուվերեն տարածքը կազմում է 29.8 հազար քառ.կմ։ Ի՞նչ է սա նշնակում, որ այս սուբյեկտն ամբողջությամբ համաձայն է հանձնել Արցախը և Հայաստանից ինչ-որ մի մաս՝ ստորագրելով իրա համար այդ «բաղձալի» խաղաղության պայմանագիրը: Անկեղծ ասած, ես իրա էլույթից հասկացա, որ նա ձեռքերը լվացել և քաշվել է մի կողմ, ով ինչ ուզում է կտամ մենակ թողեք մնամ իշխեմ:
Հիշեք, իմ Հայ ժողովուրդ՝ մեր պատմությունը ցույց է տվել, որ միշտ մեր ամրոցի դռները ներսից են բացել և Հայ Ազգի բոլոր աղետներն ու կոտորածները տեղի են ունեցել դավաճա՛ն, ստո՛ր, կեղտարյո՛ւն, ծախո՛ւ, վախկո՛տ ու գարշելի՛ ՀԱՅԵՐԻ պատճառով... Եվ հիմա Հայոց պատմությունը կրկնվում է. կա՛մ մենք ձեռք ձեռքի, ուս ուսի տված միասնական դիմադրում ենք ներքին ու արտաքին թշնամիներին, կա՛մ...
Հերթական իջեցված-տապալված նշաձողերն ամենաբարձր միջազգային ատյանում՝ ՄԱԿ-ում.
Ա. ոչ մի հիշատակում, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ անդամ է դարձել միջազգայնորեն ճանաչված սահմաններում, փոխարենը հռետորական լալահառաչ աղերս Ալիևից, թե «կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն»։ Պարզվում է՝ ՔՊ վարչապետը պատրա՞ստ է Ալիևից ստացած քարտեզով առաջնորդվել ՀՀ գոյության առումով, սպառվա՞ծ են հայկական քաղաքական, պետական, պատմական, քարտեզագիտական և մշակութային փաստարկները,
Բ. Արցախի կարգավիճակի մասին արդեն ո՛չ մի խոսք, ո՛չ մի հիշատակում ՄԱԿ-ի ատյանում, որ արցախահայությունը ՄԱԿ-ի միջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքներից մեկի՝ ազգերի ինքնորոշման կիրառմամբ դուրս է եկել ցեղասպան Ադրբեջանի կազմից, ապա «անջատում հանուն փրկության» բանաձևով փորձում է պահպանել իր գոյության իրավունքը շարունակական էթնիկ զտումների, մշակությային ջարդի և զավթողական պատերազմների ընթացքում: ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը միայն պետք է ապահովե՞ն Արցախահայության անվտանգությունը և իրավունքները, 0 կետին ենք վերադառնում, ո՞ւմ ենք խաբում:
Հ. Գ. Փաշինյանի ճառագրին՝ խորհրդային շրջանի հանճարեղ գրոտեսկային վեպերի հեղինակ Իլֆի և Պետրովի «Ոսկե հորթը» վեպից աղվաղված մեջբերումը՝ «Ինչո՞ւ են սպանել արքայազն Համլետին» բացարձակ անհասկանալի ու անհաջող էր ձևակերպված՝ մեծ կոմբինատոր Օստապ Բենդերը՝ Քաջ Նազարի կերպարի արդիականցված տեսակը, որն այդպես հրատապ է, Ալիևին այնքան էլ չի թիրախավորում, նա ծրագրային համակարգ է, ոչ թյուրիմացություն, համաթուրանականության իրագործող: Իսկ Օստապ Իբրահիմովիչ Բենդերը վեպի «Բաղդադ» գլխում հեգնում էր՝ ասելով. անկապ ջիհադ հայտարարենք, օրինակ, Դանիային «ինչո՞ւ դանիացիները տանջահար արեցին իրենց արքայազն Համլետին» պատրվակով, ապա նշում Ազգերի լիգան ներկա քաղաքական դասավորության մեջ կբավարարվի պատերազմի այս պատրվակին, Անգլիան միլիոն ինքնաձիգ կվաճառի ցեղերին, Գերմանիան ռեպարացիաների հաշվին սահմանը կբացի և՝ մարշ, մարշ: Հիմա Փաշինյանը ևս վստա՞հ է, որ ՄԱԿ-ը, Գերմանիան, Անգլիան Դանիայի, իմա՝ Հայաստանի դեմ պատերազմի ազեր-թրքական պատճառաբանությանը կհավատան-կաջակցեն, դե՛հ, թող ասեր պարզ: Թե չէ, միայն տարածաշրջանային անվտանգության պատասխանատուները:
Նողկալի է նիկոլը։ Այն, ինչ երեկ ներկայացրեց ՄԱԿ-ի ամբիոնից, ոչ այլ ինչ էր, քան հայության և Հայաստանի նվաստացում։ Ես ամաչում եմ, որ նման ղեկավար ունեմ։ Նողկալի՛ է․․․ առավել նողկալի է նրա հետևորդների մտավոր ու բարոյահոգեբանական վիճակը։ Այն ողորմելի, խղճուկ կերպարը, որ խոսում է թշնամու հետ, օտարի հետ, մեկեն կերպարանափոխվում է, երբ իր հայրենակցի դեմ է կանգնած․․․ մեկ ասֆալտին է փռում, մեկ չագուչով է գլխին զարկում, իր հավատարիմ ասկյարներին է քսի տալիս ժողովրդի դեմ, որդեկորուստ մայրերի դեմ․․․ Նողկալի է նիկոլը, առավել նողկալի՝ նրա հետևորդները․․․
Դեռ 19-րդ դարի վերջին մեր մեծերից Ղազարոս Աղայանը ճիշտ բնութագրել է հային․ հային, որը 130 տարվա մեջ հետևություն չարեց և չփոխվեց․․․ չշտկեց մեջքը․․․ և գնաց նիկոլի հետևից․․․
«Մեր ժողովրդի գլուխը որ հաստ է, իրան իրավունքն ու պարտականությունը չի ճանաչում, լավն ու վատը չի հասկանում, սուտը ճշմարտի տեղ է ընդունում, ճշմարիտը՝ սուտի տեղ, էլ ի՞նչ ասես, էլ ո՞ւմ խոսք հասկացնես... Գլուխ գովալով ապրում են ներքուստ վախկոտ ու ստրուկ խղճուկ հոգիները, անցնում մութ ճամփեն՝ հասկացողին արհամարհելով ու ոտնատակ տալով, անհասկացողին՝ քծնելով, գովաբանելով, շվաքի առաջը խոնարհվելով ու նրանից փրկություն աղերսելով»:
Ղազարոս Աղայան, 1890թ.
ՄԱԿ-ում Փաշինյանն իր ելույթով երեք կարևոր իրողություն արձանագրեց.
1. Իշխանության «Խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր,
2. Իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը,
3. Իշխանությունը տապալել է դիվանագիտությունն ու բանակցային ողջ գործընթացը:
Մնացյալն ամբողջապես վերոշարադրյալ 3 արձանագրումների հետևանք էր:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հնչեցրած իր ելույթում, ի թիվս մեծ թվով խնդիրների, ՀՀ իշխող քաղաքական ուժի ղեկավարը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը՝ առաջարկելով Ալիևին, ամբողջական ցանկով ներկայացնելու իր տարածքային պահանջները։
Այս ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանն ընդլայնել է իր տարածքային և այլ պահանջները, ու խնդիրը միայն միջանցքով, այսպես կոչված, անկլավներով, դեռ չեմ խոսում՝ Արցախով, չի սահմանափակվում։
Այս իշխանությունն իր պատերազմի դարաշրջանով երկիրը բերել հասցրել է մի կետի, երբ հայ ժողովուրդը պարզապես ընտրության հնարավորություն չունի, իսկ գոյաբանական պայքարը Հայաստանի կենսունակությանն անվերականգնելի հարված հասցնող զիջումների ու նոր ավերիչ պատերազմի միջև է:
Այնպես չի, որ Նիկոլը որևէ կարևոր բան է խոսել ՄԱԿ-ի ամբիոնից: Ու, որ ճիշտն եք ուզում իմանալ, ես շատ ուրախ եմ, որ ինքը թիրախավորել էր ռուսներին: Ուրախ եմ, որովհետև ես տևական ժամանակ է ասում եմ, որ Նիկոլն արտաքին խաղացողներից մեկին գցելու ա, իսկ էդ պարագայում նրանք էլ իրեն որևէ «խողովակով» չեն օգնելու ու մեր պայքարին էլ չեն խանգարի: Գուցե չմիանան, բայց չեն էլ խանգարի: Դեպքերը շատ արագ են զարգանում ու առաջիկայում մենք կտեսնենք դրանց արդյունքը: Մնում է, որ Հայաստանը քիչ ցնցվի, որովհետև իսկապես ամեն ինչ շատ օրհասական ու ճակատագրական է:
Ես միայն մեկ մտքի կանդրադառնամ: Ուրեմն՝ Նիկոլը կրկնում է Ալիևի խոսքերը` «Լեռնային Ղարաբաղում ապրող հայեր»: Բա, դու ո՞վ ես, արա՛, ո՞վ ես դու այ անլվա խեղկատակ, կառավարական առանձնատանն ապրող թուրքական փալա՞ս:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ գագաթնաժողովին ՀՀ դե-ֆակտո վարչապետի ելույթի հետքերով․
1. Մի քանի անգամ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կոչվեց «ագրեսիա», բայց ոչ երբեք «պատերազմ», որը ոչ թե բառախաղ է, այլ ենթադրում է միջազգային իրավական համապատասխան համաշար։
1.1. Նշվեց, որ սա «սահմանային կոնֆլիկտ» չէ, այն դեպքում, երբ պատերազմի առաջին իսկ օրը դե ֆակտո իշխող կուսակցության կողմից եղել են նման հայտարարություններ։ Նման ոչ կոհերենտ և անլուրջ խմբակի ոչ մեկը միջազգային ասպարեզում բանի տեղ չի դնելու։
2. Ներքին տեղահանված անձանց (internally displaced persons) մասին չօգտագործվեց հենց այդ միջազգային իրավական տերմինը, փոխարենը կիրառվեց «տեղահանված»՝ իրավական ծանրաբեռնում չունեցող բառը։
3. Միջազգային իրավաղաքական աճուրդի դրվեց Հայաստանի տարածքը՝ այն սահմանելով «29800 կմ²»՝ այսինքն՝ թշնամուն լռելյայն հանձնելով Տիգրանաշենը, հյուսիս-հարավ ճանապարհը, տավուշյան գյուղերն ու Ռուսաստան տանող մայրուղին՝ դրանով է՛լ ավելի մեծացնելով վերջինիս ախորժակը։ Խեղկատակության աստիճանի անպատասխանատվությամբ թշնամական երկրի նախագահից խնդրվեց մի քարտեզ, որտեղ Հայաստանը կա, այն դեպքում, երբ թշնամու քարտեզներում Հայաստան չկա։
4. ՀՀ դե յուրե դաշնակցի հանդեպ հեռակա թունոտ ակնարկների ֆոնին՝ անհասցե կոչ արվեց վերացական միջազգային հանրությանը՝ դիտորդական առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման։
5. Խղճուկ խոստովանություն արվեց, որ թշնամին բանակցություններին միակողմանիորեն պարտադրում է իր օրակարգը, չի ձգտում որևէ խաղաղության, պահանջում է միջանցք՝ ինքը հրաժարվելով ճանապարհներ տրամադրել Հայաստանին։
6. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» պետականաստեղծ իմաստ պարունակող արտահայտության փոխարեն կիրառվեց թշնամական օրակարգն սպասարկող «Լեռնային Ղարաբաղում ապրող հայեր» արտահայտությունը՝ դրանից բխող ամենաթշնամական հետևանքով՝ Արցախը հանձնվում է Ադրբեջանին։ Բնականաբար, ոչ մի խոսք չասվեց Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի մասին, որ ներկայացվել է ընտրողներին դե ֆակտո իշխող կուսակցության՝ 2021թ․ նախընտրական ծրագրում։
7. Մանիպուլյատիվ սուտ հնչեցվեց, թե 2021-ին ժողովուրդն աջակցել է «խաղաղության օրակարգին»։ Նախ՝ դա խաղաղության օրակարգ չէ, այլ նոր կապիտուլյացիայի, այդ թվում՝ Արցախի ու ՀՀ նորանոր տարածքների՝ թշնամուն հանձնելու օրակարգ, որին, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, Հայաստանի բնակչության մեծ մասը դեմ է։ Թարմ օրինակ՝ հունիսին հարցվածների 85.4% ասել է, որ Ադրբեջանը նպատակ ունի նոր տարածքներ զավթել Հայաստանից, իսկ 83.3% դեմ է Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանին հանձնելուն:
Բաժանորդագրվել լրահոսին