ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Համացանցը քննարկում է Էրդողանի նվերը Փաշինյանին
25.09.2024

Ինչպես հայտնել էինք, Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է նվիրել իր հեղինակած «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» գիրքը։ Փաշինյանի՝ գիրքը կրծքին սեղմած, լայն ժպիտով լուսանկարը քննարկումների թեմա է դարձել համացանցում:

Անդրանիկ Թևանյան, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ

Նիկոլ Փաշինյանին բերել էին «Թուրքական տուն» և ձեռքը տվել Էրդողանի նկարով գիրքը, որն իր գրկում պահած Փաշինյանը լայն բացած բերանով ժպտում էր:
Էրդողանն այդպիսով բաց ուղերձ էր հղում այն մասին, որ Փաշինյանի միջոցով ինքը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա:
Դե իսկ Էրդողանի նկարով գիրքը ցույց էր տալիս, թե ով է Փաշինյանի իշխանության իրական հովանավորը և ում է վերջինս պարտական իր աթոռով:

Սարգիս Տեր-Եսայան, «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ

Ու դուք ուզում եք այս մարդը պահանջատեր լինի՞ այսօրվա Մեծ Հայոց Եղեռնի իրավահաջորդ Էրդողանից, իհարկե չի լինելու, մի բան էլ ջնջելու է ամեն ինչ, ինչը կարող է վնասել Թուրքիայի հեղինակությանը։ Ես զարմանում եմ, որ սփյուռքում կան մարդիկ, ովքեր դեռ ընդունում իրեն։ Լավ, Հայաստանում փառամոլներ, շահամոլներ, պաշտոնամոլներ շատ կան, ովքեր Հայոց Եղեռնը կուրանան հանուն պաշտոն ստանալու, բայց ախր Սփյուռքում Արևմտյան Հայաստանում իրագործված դարի մեծ Եղեռնի մազապուրծ եղածների թոռները ինչպե՞ս են ընդունում այսօրվա իշխանություններին, ես զարմանում եմ:

Նաիրա Կարապետյան, ԱԺ նախկին պատգամավոր

Այս նկարում ամեն բան ներդաշնակ է:
Դրոշը, անթաքույց երջանկությունը դեմքին, կողքին իր կուռքն է, տարածքը՝ Նյու Յորքում թուրքական ներկայացուցչությունն է, Էրդողանի ձեռքին հավանաբար քարտեզ է, սեղանին՝ հյուրասիրություն…
Ես չեմ ուզում այսպիսի ապագա, իսկ դո՞ւ:
Հ.Գ. Միայն ես ե՞մ նկատում, որ անտրոպոլոգիայի տեսանկյունից միայն Էրդողանի գլխի ձևն է արմենոիդի:

Հենրիխ Դանիելյան, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար

Նկարում պատկերված անձանց գործողությունների հետևանքով հազարավոր հայորդիներ ընկան՝ իրենց հայրենիքի պաշտպանության համար։ Այդ անդառնալի կորուստները հավերժ կմնան նրանց խղճի վրա և երբեք չեն մոռացվի մեր ժողովրդի կողմից։
Հ.Գ Պարտված կողմի վարչապետը՝ գոհունակ ժպիտով և ինքնագոհ դեմքովն է:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Որևէ տեղեկություն չկա, որ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է որևէ բան փոխանցել Էրդողանին: Դիվանագիտական հանդիպումների կազմակերպման ընթացքում այդօրինակ նվերների հանգամանքը ևս քննարկվում ու համաձայնեցվում է: Համենայնդեպս դա է պահանջում արարողակարգային և էթիկական պատշաճությունը: Կողմերը պետք է համաձայնեցնեն բոլոր դետալները, կոպիտ ասած՝ անգամ աթոռների տեղադրման անկյունն են համաձայնեցնում, ուր մնաց չհամաձայնեցնել հնարավոր նվերների հանգամանքը:


Գիրք նվիրելու հանգամանքը համաձայնեցվա՞ծ էր, թե՞ դա թուրքական կողմի նախաձեռնոււթյուն-անակնկալն էր: Եթե համաձայնեցված էր, ապա ինչո՞ւ իր հերթին որևէ բան էլ չի նվիրել Փաշինյանը, այսպես ասած՝ հավասարության համար: Ընդ որում, հասկանալի է, որ այդ պարագայում յուրաքանչյուր կողմ նվիրում է իր համար քաղաքական կամ պատմական իմաստով որևէ խորհրդանշական բան:


Մենք տեսնում ենք, որ Էրդողանը նվիրում է, իսկ Փաշինյանը՝ ոչ: Հետևաբար, կամ Թուրքիան արել է այդ քայլը չհամաձայնեցված՝ Երևանին դնելով փաստի, ընդ որում Թուրքիայի այսպես ասած վերադասությունն ընդգծող փաստի առաջ, հաշվի առնելով նաև գրքի վերնագրային տողատակը: Կամ, եթե դա համաձայնեցված էր, ապա կնշանակի, որ թուրքական կողմը չի ցանկացել նվերների «փոխանակում», այլ կերպ ասած՝ հավասարազորության արձանագրում, և պնդել է Էրդողանի տարբերակի վրա:

Արամ Մանուկյան, ակտիվիստ

Զակաշչիկը ու պռառաբը։ Էս հանդիպման համար զոհաբերվեցին Արցախն ու հազարավոր Հայեր:

Արթուր Խաչատրյան, ընդդիմադիր պատգամավոր

Բա ինքն Էրդողանին ինչո՞ւ իր գիրքը չի նվիրել... Մի թվին պետական փողերով իր գիրքն ալբաներեն թարգմանեցին: Հիմա առիթ է, թող թուրքերեն էլ թարգմանեն:
Իսկ իրականում սա խայտառակություն է: Ղարաբաղ «մտնելու» մասին Էրդողանի հայտարարությունից հետո, 30 տարի շարունակվող շրջափակման պայմաններում գնալ Նյու Յորքի «Թուրքական տուն ու սենց հրճվե՞լ: Ինչի՞ վրա: Դե հպարտ, անկախ ու ինքնիշխան լինելն ուրիշ է էլի...

Մանուկ Սուքիասյան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար

Էս նկարը շատերի մոտ է ցասում առաջացրել։ Ուզում եմ բոլորիս հիշեցնել 2021թ. փետրվարը։ Երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ վերնախավը պահանջեց Փաշինյանի հրաժարականը՝ Թուրքիան Հայաստան ռազմական ներխուժման բացահայտ սպառնալիքով սատար կանգնեց նրան։ Հայաստանը ցայսօր ունի թուրքի պահած իշխանություն, ինչի՞ վրա եք հիմա զայրանում։ Բա հո ՀՀ Անկախության հռչակագի՞րը չէր սեղմելու կրծքին:

Գեղամ Մանուկյան, ընդդիմադիր պատգամավոր

Ավանդաբար, պաշտոնական հաղորդագրությունները երկու կողմերը համաձայնեցնում են, այնինչ Էրդողանի գրասենյակը քչախոս է եղել՝ հատուկ շեշտել է, որ հանդիպումը կայացել է Թուրքական տանը և Էրդողանը իր գիրքն է նվիրել Նիկոլին։ Դե այդ փաստով երջանկացած նրա դեմքը հատուկ չեմ տեղադրում:

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ

1920թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։


«Կովկասյան պատ» ասելով նա նկատի ուներ Հայաստանը, որը ոչ միայն խոչընդոտ էր դեպի Արևելք ծավալման համար, այլև անվտանգության սպառնալիք էր Թուրքիայի արևելյան ճակատում։


Աթաթյուրքն ու իր զինակիցները չհասան լիարժեք հաջողության։ Սակայն այդ ժամանակ առկա քաղաքական նպատակները որևէ տեղ չանհետացան՝ սպասելով գործարկվելու հարմար առիթի։


Տարիներ անց առիթը եղավ։


2024թ. սեպտեմբերին «Կովկասյան պատի» բանալիները այդ պատի անվտանգության պատասխանատուները փաթեթավորված ու ժպիտով հանձնում են Թուրքիային, որպեսզի վերջինս կարողանա ծավալվի թե՛ դեպի Արևելք, թե՛ ընդհանրապես դառնա գերակա ուժ տարածաշրջանում։


Վերջին ցանկության մասին է գրում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը նույնիսկ խոսուն վերնագրով գիրք է հրատարակել՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։ Թուրքիայի՝ տարածաշրջանում ու աշխարհում գերակայություն հաստատելու մանիֆեստ հանդիսացող այդ գիրքը երեկվանից Հայաստանի դե-ֆակտո կառավարության սեղանին է։


Իսկ տեղը, որում «հանձնվում էին» բանալիները, կոչվում է «Թուրքական տուն» (Türkevi) և ծառայում է որպես Թուրքիայի արևմտյան քարոզչության (այդ թվում՝ հակահայկական քարոզչության) գլխավոր շտաբերից մեկը։ Հենց այդ տեղից են աշխատում են թուրքերը հայկական համայնքների դեմ, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, Արցախի հարցի դեմ, մեր դեմ։


Ահա այսպիսի պատմական ու դառը իրադարձություններ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին