MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Tomorrow:+11 °C
Ապրե՜լ…
15:32, 21.06.2022
967 | 0


Ապրե՜լ…


- Քեզ հարկավո՛ր է ժպտալ, հարկավո՛ր է, որ դեմքդ մի քիչ պայծառ լինի, հասկանո՞ւմ ես ինձ:

- Մա՛մ, լա՜վ էլի, ի՞նչ ես ուզում:

Մայրը զգաց աղջկա հետաքքրքրասիրությունն իր հայելու առաջ պտտվող մարմնի կազմվածքի նկատմամբ:

Ձեռքերով շփեց կոնքերը, կուրծքը, ուղղեց սանրվածքը:

- Տեսնո՞ւմ ես ինչպես եմ պահպանվել, սովորի՛ր, հասուն աղջիկ ես, իսկ հագնվում ես սարերում ման եկող երկրաբանի նման, ի՞նչ է փող չունենք, թե՞…

Աղջիկը վեր կացավ, հավաքեց սեղանին մնացած սուրճի երկու բաժակը, շրթներկով ներկված ծխախոտի մնացուկներով լի մոխրամանն ու մինչ խոհանոց գնալը ցածր ասաց:

- Ավելի լավ է քիչ ծխես, խեղդեցի՜ր:

Խոհանոցից լսեց մոր զրնգուն, կյանքից գոհ ձայնը:

- Իսկ քեզ դուր եկա՞վ իմ նոր ընկերը, իրավաբանականի ուսանող է:

Պատասխան չստանալով մայրն մատների արանքում վառած հերթական ծխախոտը բարձր բռնած ինքը գնաց խոհանոց,

- Մա՛մ, նա իմ տարիքին է, քեզ չի սազում, հարևաններն ի՞նչ կասեն:

- Թքա՛ծ, գիտես ի՞նչ խորամանկն է, երեկ հասկացրեց, որ իրեն դուր են գալիս «Wolkswagen passat» մեքենաները, կառնե՜մ, ձեռքս քարի տակ չէ, այսօր էլ ռեստորան ենք գնում:

- Մա՞մ, դու ինձ խոսք էիր տվել…

- Բավակա՞ն չէ փողերը ծախսես այդ բոմժերի, հաշմանդամների, որբանոցների, եկեղեցական այդ ձրիակերների վրա, ամուսնուս փողերը դրանց համար չեն, վայելի՛ր կյանքը, լսի՛ր մորդ, չե՛ս փոշմանի:

- Մա՛մ, ո՞ր ամուսնուդ:

- Բոլորի, հետո ի՞նչ որ հինգն են եղել, դա դեռ ոչինչ չի նշանակում:

Մայրը դերասանուհու շարժումով ոտքը դրեց խոհանոցի փոքրիկ աթոռին ու հաղթանակած հայացքով նայեց դստերը:

- Լա՜վ, կտա՜մ, բայց ճիշտ չես ապրում: Դու երբևէ ծիծաղած կա՞ս:

- Չե՛մ հիշում:

- Ի՞սկ լաց եղել ես, ես ինչ որ չեմ հիշում:

- Լա՞ց, այո մի անգամ, երբ տասներկու տարեկան էի, թաքուն լաց եմ եղել, զուգարանում:

- Ինչո՞ւ, չի կարող պատահի, որ ես քեզ նեղացրած լինեմ, դա բացառվո՛ւմ է:

- Դու ժամանակ չես ունեցել նեղացնելու, - կծու թե միամիտ ասված խոսքերը երևի տեղ չհասան:

- Ի՞սկ ով:

- Ամուսինդ, բռնաբարել էր ինձ:

- Ի՞նչ, ո՞ր մեկը, ստո՛ւմ ես, ասա՛, որ ստում ես:

Աղջիկը կռացավ գետնից վերցրեց մոր մատներից ընկած դեռ ծխող սիգարետը, օգնեց մորը նստելու աթոռին ու երկար նայեց աչքերի մեջ:

Ի՞նչ տեսավ, ի՞նչ զգաց, չհասկացավ ու գրկելով մորն ասաց:

-Ստո՛ւմ եմ, մամ ջան, ստո՜ւմ եմ, հանգստացի՛ր, աչքիդ ներկը ծորացել է այտիդ…



Մաս երկրորդ


Ապրե՜լ, միայն ապրել…


«Հաղթանակի կամուրջ» … հասկանալի է անվան ծագումը, (միգուցե կյանքին հաղթած մահվան պատվին են այդպես անվանել), իսկ այ «Կիևյան կամուրջ» -ի անունը անհասկանալի է, երևի պետք է լիներ «Հրաժեշտի կամուրջ» …իր կառուցման օրից քանի մարդ է հրաժեշտ տվել կյանքին…


Կամուրջի վրա երկուսով են:

Երկու տխուր հայացք, երկու մենակություն, դեպի ներքև նայող երկու զույգ աչքեր…

- Բա՜րձր է, գեղեցի՜կ, - ասաց աղջիկը: Վերևից էլ կարծես գետի հունը մի հարբած մարդ է գծել, համաձա՞յն ես:

- Չգիտե՜մ, - ասաց տղան:

- Այդ ո՞ւր ես նայում, ներքև նայիր, իրոք գեղեցի՜կ է:

- Մեքենային ձեռք չտան հանկարծ, կամուրջի սկզբում կանգնեցրինք, հարմար տեղ չէ:

- Մեքենա՞, մի՞թե դա մեքենա է, իր դարն ապրած, ինչո՞ւ ես անհանգստանում:

- Դե իմ ունեցածն էլ դա է, տեսել եմ մայրիկիդ մեքենան, լա՜վն է:

Տղան նայեց ժամացույցին:

- Ինչ որ տեղ ես շտապո՞ւմ: Այսօր մի տեսակ տխուր ես, բա՞ն է պատահել:

Տղան բացասական շարժեց գլուխը:

- Շտապո՞ւմ ես:

Նորից գլխով ասաց ոչ:

- Ես գիտեմ ինչպես բարձրացնեմ տրամադրությունդ, կսպասե՞ս մի քիչ, շատ քիչ համբերիր ու…

Աղջիկը վազեց դեպի կամուրջի հակառակ կողմում վաճառվող պաղպաղակի կրպակի կողմը:

«Գեղեցիկ է վազում, անհամբեր» - մտածեց տղան:


Երբ աղջիկը վերադարձավ տղան չկար:

Նայեց կամուրջից ցած, հետո վազելով հատեց կամուրջի լայնությունն ու մյուս կողմից նայեց ցած:

Զանգահարեց տղայի համարով – անջատված էր:

Վախից լայնացած աչքերով նայեց դեպի տղայի մեքենայի կողմը:

Մեքենան չկար:

Ծիծաղեց, մի-մի փոքրիկ կտոր կծեց ամեն պաղպաղակից ու երկուսն էլ գցեց կամուրջից ցած…


Վերջաբան


Ապրե՜լ… Ապրե՜լ… Ապրե՜լ…


- Քեզ հարկավո՛ր է ժպտալ, հարկավո՛ր է, որ դեմքդ մի քիչ պայծառ լինի, հասկանո՞ւմ ես ինձ:

- Մա՛մ, լա՜վ էլի, ի՞նչ ես ուզում: Երեք երեխայի հետ քեզ ինչպես թողնեմ որ գնաս:

- Ես շատ անգամ եմ եղել ծովափում, հավատա, վայելի՛ր կյանքդ, լսի՛ր մորդ, չե՛ս փոշմանի:


* * *

Սև, լայնեզր գլխարկով, գեղեցիկ կազմվածքով մի կին էր նայում ծովին:

Քիչ այն կողմ երեք երեխաներ ծովավազից մարդ էին ծեփում ու նրանց ուրախ ձայները խառնվում էին ծովից եկող, ականջ շոյող ալիքների ձայներին:

Օրն ավարտվում էր ու հոգնած արևը հորիզոնում, իր վերջին ուժերով փորձում էր հարթեցնել ծովի մակերևույթը… ստացվո՜ւմ էր:


Կինն ավելի մոտեցավ ծովին ու ջուրը գուցե հաճույքից բարձրացավ մինչև ծնկները:

Կնոջ խիստ հայացքը սաստեց ջրին ավելի վեր չբարձրանալու համար:

Ձեռքը մտցրեց ցելոֆանե տոպրակից հանեց այրված մահվան վկայակաների մոխիրը:

Ափը բացեց, պարզեց քամուն:

- Հաջողությո՜ւն, - կարծես ինքն իրեն ասաց:

- Շնորհակալությո՜ւն, - կարծես քամու ձայնը պատասխանեց:


Բարձրաձայն բղավեց.

- Երեխաներ, պաղպաղակ ուտելու ժա՛մն է, գնացի՜նք:

Երեխաները մոռացած ավազե մարդուն վազեցին դեպի տատիկը:


Ծովափը դատարկ էր կամ համարյա դատարկ՝ միայնակ կանգնած էր ավազե մարդը, որին քիչ հետո ծովի ալիքները կտապալեին ու կվերադարձնեին իր նախնական տեսքին՝ ավազահատիկների…



Ս.Ումառ-Հարությունյան

Ապրիլ 2015 թ.


The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստեփան Ումառ-Հարությունյան
14:27, 06.03.2024
198 | 0
00:16, 29.01.2024
320 | 0
22:42, 16.01.2024
257 | 0
21:28, 15.01.2024
275 | 0
13:30, 09.01.2024
378 | 0
13:16, 30.12.2023
387 | 0
12:50, 21.12.2023
355 | 0
21:14, 19.11.2023
354 | 0
23:34, 23.10.2023
385 | 0
10:18, 11.10.2023
392 | 0
21:34, 19.09.2023
744 | 0
to top